Սուդեթական մարզի անեքսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդեթական մարզ ռեյխսհաուն / Սուդեթենլանդ ռեյխսհաուն (1938—1945)
Գերմանիայի, Լեհաստանի և Հունգարիայի կողմից Չեխոսլովակիայի տարածքի գրավում և բաժանում
Սուդեթենլանդ ռեյխսհաուն (1938—1945) Երրորդ Ռայխի կազմում

Սուդեթական մարզի անեքսիա (գերմ.՝ Sudetenkrise), Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Երրորդ Ռայխի կողմից Չեխոսլովակիայի տարածքի բռնազավթման առաջին փուլը, որը տեղի է ունեցել է 1938 թվականի հոկտեմբերի 1-ից 10-ը։ Անեքսիան տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի համաձայնությամբ, որը ձեռք է բերվել Մյունխենի համաձայնագրի ժամանակ։ 

1938 թվականի պրոնացիստական Սուդեթա-գերմանական կուսակցությունը Չեխոսլովակիայի սահմանամերձ մարզերում կազմակերպել է լայնամասշտաբ անկարգություններ։ Կուսակցության ղեկավարությունը օգնության խնդրանքով դիմել է գերմանական իշխանությանը։ Օգտվելով մարդկային և ռազմական գերակայությունից՝ Գերմանիան անեքսիայի է ենթարկել Սուդեթական մարզը (ինչպես նաև Չեխիայի և Մորավիայի տարածքների մի մասը)։ Վերջինիս բնակչության 90 %-ը կազմել են գերմանացիները։

1938 թվականին կնքված Մյունխենի համաձայնագրով՝ Սուդեթական մարզը մտել է Նացիստական Գերմանիայի կազմի մեջ։ Մինչ 1945 թվականը մարզի տարածքի մեծ մասի վրա ձևավորվել է Սուդեթենլենդ ռեյխսհաուն (գերմ.՝ Reischsgau Sudetenland): Վերջինիս կենտրոնը եղել է Ռեյխենբերգե (Լիբերեց) քաղաքը։ Մարզի կազմի մեջ են մտել նաև Աուսիգե, Կառլսբադե և Տրոպաու շրջանները։ Որոշ շրջաններ մտել են Սիլեզիայի, Բավարիայի և Օսթմարկի կազմը (Ավստրիայի նախկին Վերին Դանուբ և Ստորին Դանուբ ռեյխսհաուներ)։

1938 թվականի սեպտեմբերի 21-ին, Սուդեթական ճգնաժամի ամենաթեժ պահին, Լեհաստանը Չեխոսլովակիայից պահանջել է «հետ վերադարձնել» Ցեշինայի մարզը, որտեղ բնակվել են 80 000 լեհեր և 120 000 չեխեր։ Սեպտեմբերի 30-ին՝ Մյունխենի համաձայնագրի կնքման օրը, Լեհաստանը իր զորքերը մտցրել է Ցեշինայի մարզը։ Հունգարիան էլ իր հերթին բռնազավթել է Սլովակիայի հարավային և արևելյան շրջանները։

Չեխոսլովակիայի տարածքը էականորեն կրճատվել է։ Պետությունը վերածվել է հեշտ խոցելի երկրի՝ փաստացի դառնալով Գերմանիայի պրոտեկտորատ։ Գերմանական զորքերը հայտնվել են Պրահայից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Բացի այդ, դեկտեմբերի 3-ին Չեխոսլովակիայի հետ կնքվել է գաղտնի համաձայնագիր, համաձայն որի վերջինս Գերմանիայի սահմանի մոտ չէր կարող ունենալ ամրություններ և արգելափակոցներ[1]։

1938 թվականի հոկտեմբերի 18-ին սկսել է թողարկվել «Ի հիշատակ 1938 թվականի հոկտեմբերի 1-ի» անունը կրող մեդալ, որը տրվում էր Չեխոսլովակիայի Սուդեթական մարզի անեքսիային մասնակցած անձանց[2]։ Մեդալի հակադիր կողմի կենտրոնում գրված էր «1. Oktober 1938», իսկ նրա շուրջը գրված էր «Մեկ ազգ, մեկ պետություն և մեկ առաջնորդ» («գերմ.՝ Ein Volk, Ein Reich, Ein Führer»):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդեթական մարզի անեքսիա» հոդվածին։