Կոմունիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից


Hammer and Sickle Red Star with Glow.svg

Կոմունիզմ (ֆր.՝ communisme, լատ.՝ communis—ընդհանուր).

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1. կապիտալիզմին օրինաչափորեն փոխարինող հասարակական-տնտեսական ֆորմացիա, որը հենվում է արտադրության միջոցների հասարակական սեփականության վրա, ոչնչացնում է շահագործումը, սոցիալ-դասակարզային անհավասարությունը, ապահովում է անհատի բարձր բարեկեցությունը և կուլտուրան, իսկական ազատությունը և համակողմանի զարգացումը։ 2. Նեղ առումով՝ այդ ֆորմացիայի բարձրագույն փուլը։

Կոմունիստական գաղափարները սկզբնապես ծագել են արդար հասարակություն կառուցելու պահանջով և արտահայտել են ֆեոդալիզմի և ազնվականության դեմ մղած հեղափոխական պայքարի արմատական հոսանքների (XV դարի Հուսյան շարժումը Չեխիայում, XV դ. գյուղացիական պատերազմները Գերմանիայում, XVII դարում Անգլիայի և XVIII դարի Ֆրանսիայի բուրժուական հեղափոխությունները) ձգտումները։ Այդ շարժումների նպատակների և պահանջների տեսական արտահայտությունը Թ. Մորի, Թ. Կամպանելայի, Զ. Ուինստենլիի, ժ. Մելիեի, Դ. Մաբլիի, Գ. Բաբյոֆի ուտոպիական ուսմունքներն էին։ XIX դարի ուտոպիստ սոցիալիստներ Ա. Սեն Սիմոնը, Շ. Ֆուրյեն, Ռ. Օուենը, ռուս հեղափոխական դեմոկրատներ Ա. Դերցենը, Ն. Չեռնիշևսկին, հայ իրականության մեջ Միքայել Նալբանդյանը տեսականորեն հարստացրին և հիմնավորեցին ապագա հասարակության ստեղծման անհրաժեշտությունը։ Նրանք առաջ քաշեցին ապագա հասարակության մասին իրենց իդեալը, քննադատեցին գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները, բացահայտեցին բուրժուական հասարակության բազմաթիվ ներքին հակասությունները, սակայն չկարողացան «... պարզաբանել կապիտալիզմի օրոք գոյություն ունեցող վարձու ստրկության էությունը, ոչ նրա զարգացման օրենքները երևան հանել, ոչ էլ գտնել այն հասարակական ուժը, որն ընդունակ է նոր հասարակության ստեղծողը դառնալու» (Լենին Վլադիմիր Իլյիչ, Երկ., հ. 19, էջ 9)։ Կոմունիզմի մասին ուսմունքի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն պահանջում էր օբյեկտիվ պատմական պայմաններ՝ կապիտալիստական հարաբերությունների հասունացում ու նրա հակասությունների սրում, պրոլետարիատի վերափոխումը բուրժուազիայի դեմ պայքարող ինքնուրույն դասակարգային ուժի, պրոլետարիատի և բուրժուազիայի միջև դասակարգային պայքարի խորացում և տեսական նախադրյալներ՝ պատմության մատերիալիստական ըմբռնումը և հավելյալ արժեքի օրենքը, որ հայտնաբերեցին Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ էնգելսը։ Նրանց ստեղծած գիտական կոմունիզմը պրոլետարական հեղափոխական շարժման, պրոլետարիատի շահերի և նպատակների տեսական արտահայտությունն էր։

Կոմունիստական ֆորմացիային բնորոշ է զարգացման երեք պատմական շրջան՝ հեղափոխական անցման ժամանակաշրջան, առաջին փուլ՝ սոցիալիզմ, և բարձրագույն փուլ՝ կոմունիզմ։ Անցման ժամանակաշրջանը սկսվում է սոցիալիստական հեղափոխությամբ և պրոլետարիատի դիկտատուրայի հաստատմամբ։ Անցման շրջանի խնդիրների լուծմամբ հասարակությունը հասնում է կոմունիստական ֆորմացիայի առաջին փուլին՝ սոցիալիզմին։ Սոցիալիզմի կառուցումով սկսվում է նրա զարգացման և կատարելագործման հարաբերականորեն երկարատև պատմական մի ժամանակաշրջան, նրա շարժումը դեպի իր բարձրագույն նպատակներն ու իդեալները, կոմունիզմի նախադրյալների ստեղծումը։ Զարգացած սոցիալիզմը կոմունիզմին անցման օրինաչափ էտապն է, երբ լուծվում են կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, կոմունիստական հասարակական հարաբերությունների ձևավորման, կոմունիստական գիտակցականության ոգով աշխատավորների դաստիարակման խնդիրները։ Նշված խնդիրների լուծումը և սոցիալիզմի զարգացումը, կատարելագործումը երկմիասնական դիալեկտիկական պրոցես է, և ինչպես նշել է Լենինը, սոցիալիստական հասարակությունը ծավալուն ձևով դա հենց կոմունիզմն է, իսկ կոմունիզմը, ըստ նրա, սոցիալիզմի բարձրագույն աստիճանը։

Սահմանելով կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլը, Կառլ Մարքսը նշել է՝ «Կոմունիստական հասարակության բարձրագույն փուլում, երբ կչքանա մարդուն ստրկացնող նրա հպատակումն աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա մտավոր ու ֆիզիկական աշխատանքի հակադրությունը, երբ աշխատանքը կդադարի լոկ ապրուստի միջոց լինելուց, այլ ինքը կդառնա կյանքի առաջին պահանջը, երբ անհատների բազմակողմանի զարգացման հետ միասին կաճեն նաև արտադրողական ուժերը և լիառատ հեղեղի նման կհոսեն հասարակական հարստության բոլոր աղբյուրները, այն ժամանակ միայն կարելի կլինի բոլորովին հաղթահարել բուրժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հասարակությունը կկարողանա իր դրոշակի վրա գրել՝ «Ցուրաքանչյուրից՝ ըստ նրա ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքների» (Գոթայի ծրագրի քննադատությունը, 1955, էջ 16)։ Միայն նյութական, սոցիալ-տնտեսական և հոգևոր վերափոխումները կարող են դառնալ ավելի բարձր հասարակության իսկական բազիսը, «...որի հիմնական սկզբունքն է ամեն մի անհատի լիակատար ու ազատ զարգացումը» (Մարքս Կառլ, Կապիտալ, հ. 1, էջ 620)։ Կոմունիզմ իբրև գերագույն օրենք հաստատում է «...մարդկային ուժի զարգացումը..., սկսվում է ազատության իսկական թագավորությունը...» (նույն տեղում, հ. 3, էջ 360—61)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png