Պոզնանի ապստամբություն (1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պոզնանի ապստամբություն (այլ կիրառումներ)
Հունիսի 28–ի ցույցը Պոզնանում։ Պաստառին գրված է՝ «Հաց ենք ուզում»

Պոզնանի ապստամբությունը (կամ Պոզնանի 1956-ի հունիսի 28-ի ցույցը (լեհ.՝ Poznański Czerwiec) - Արևելյան Եվրոպայում 2-րդ աշխարահամարտից հետո Լեհաստանի կոմունիստական դրածո վարչախմբերի դեմ կազմակերպված ժողովրդական ապստամբություն։

Այլախոհների համախմբումը Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1953-ին Ստալինի մահից հետո Լեհաստանում հակակոմունիստական տրամադրություններ են զարգանում։ Մի խումբ ընդդիմադիրներ և մտավորականներ Վարշավայում հիմնում են «Ծուռ անիվի ակումբը» (Klub Krzywego kola)։ Ակումբում քննարկում են Լեհաստանի անկախության, տնտեսության ազատականացման, մշակութային և քաղաքակրթական հարցեր, քննադատում դրածո վարչախմբին։

Իրավիճակը ապստամբության նախաշեմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 28–ի ցույցը Պոզնանում

Պատերազմից հետո Լեհաստանում հաստատվում է դրածո կոմունիստական վարչախումբ, որը սպասարկում է ԽՍՀՄ շահերը։ 1956մարտի 12-ին Մոսկվայում անհայտ հանգամանքներում մահանում է Լեհաստանի դրածո վարչախմբի ղեկավար Բոլեսլավ Բերուտը: Նրան փոխարինում է Էդվարդ Օխաբը: Սկսվում են բռնաճշումները։ Տնտեսական պլանները տապալվում են։ Շեշտակի ընկնում է բնակչության կենսամակարդակը։

Ցույցերն ու բախումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի Պոզնան քաղաքում 1956 թ-ի հունիսի 28-ի առավոտյան կազմակերպվում է գործադուլ, որը վերաճում է ցույցի՝ աշխատանքային պայմանների բարելավման, քաղբանտարկյալներին ազատելու պահանջով։ Ցույցին մասնակցում է 10.000 մարդ, որոնք հավաքվում են Պոզնանի կենտրոնում, անվտանգության վարչության շենքի մոտ։ Անվտանգության ծառայողներն ու զինվորները կրակում են խաղաղ ցուցարարների վրա, ինչից հետո ցույցը վերածվում է զանգվածային անկարգության։ Սկսվում են բախումները։ Ցուցարարները քարուքանդ են անում քաղաքապետարանի շենքը, գրավում են բանտը և ազատում քաղբանտարկյալներին։

Ապստամբության ճնշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչախումբը տանկերով ցրում է Պոզնանի ցույցը

Վարչախումբը քաղաք է մտցնում 9․983 զինվոր, 359 տանկ, 31 զրահապատ մեքենա, 6 զենիթահրթիռային կայան, 880 ավտոմեքենա, 68 մոտոցիկլետ։ Բախումներից զոհվում է 57 մարդ, այդ թվում՝ 13-ամյա Ռոմեկ Ստշալկովսկին, վիրավորվում՝ 500-ը։ Ձերբակալվում է 323 մարդ, որից 154–ը կալանավորվում են, մյուսներն ազատ են արձակվում։

Դատավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թ-ի աշնանը 154 ցուցարարների նկատմամբ սկսվում է հետաքննությունը։ Նրանցից 37-ի գործերը ուղարկվում են դատարան։ Դատարանում 2-ն ազատ են արձակվում, 4-ը ստանում են պայմանական պատիժներ, 23-ին դատապարտում են ազատազրկման 2-ից մինչև 6 տարի ժամկետով։ Որոշ ժամանակ անց համաներմամբ բաց են թողնում դատապարտված ցուցարարներից մի քանիսին։

Արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզնանի ցույցերը ոգևորում են հունգարացի ուսանողներին, որոնք 1956 թ-ի հոկտեմբերին սկսում են Հունգարական հեղափոխությունը:

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-ին Պոզնանի ապստամբության 50-ամյակի կապակցությամբ Լեհաստանի Սեյմը հունիսի 28-ը հայտարարում է ազգային տոն՝ «Պոզնանի 1956-ի հունիսի հիշատակի օր» անվանմամբ։ 2010-ին ապստամբության 54-րդ տարեդարձի կապակցությամբ կանգնեցվում է Պոզնանի ապստամբության մասնակիցների փաստաբաններին նվիրված հուշարձան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]