Աշխատուժ
Աշխատուժ (անգլ.՝ Labor power, գերմ.՝ Arbeitskraft), մարդու ֆիզիկական, կազմակերպական ու հոգևոր ընդունակությունների, ձեռք բերած գիտելիքների ու փորձի ամբողջությունն է, որ նա գործադրում է ամեն անգամ, երբ արտադրում է ինչ-որ սպառողական բարիք։ Հանդիսանում է Կառլ Մարքսի՝ կապիտալիստական քաղաքատնտեսության քննադատության հիմնական հասկացությունը։ Աշխատուժը ցանկացած արտադրաեղանակի արտադրողական ուժերի գլխավոր տարրն է, որն ապրանք է դառնում միայն կապիտալիզմի պայմաններում։ Դա բացատրվում է նրանով, որ աշխատողը զուրկ է արտադրության միջոցներից և գոյատևելու համար իր աշխատելու ընդունակությունն է վաճառում ձեռնարկատերերին աշխատավարձ ստանալու համար։
Արտադրության գործընթացում մարդը ոչ միայն ներգործում է բնության վրա, այլև հարստացնում է իր արտադրական փորձը, աշխատանքային հմտությունը։ Որոշակի հասարակական տնտեսական պայմաններում աշխատուժը դառնում է ապրանք։ Ստրուկը չէր կարող վաճառել իր աշխատուժը, որովհետև պատկանում էր ստրկատիրոջը և իր աշխատուժի ազատ տնօրինողը չէր։ Ճորտը նույնպես ագատ չէր տնօրինելու իր աշխատուժը, որովհետև անձնական կախվածության մեջ էր կալվածատիրոջից։ Որպեսզի աշխատուժը դառնա ապրանք, աշխատողը պետք է ազատ լինի իրավական տեսակետից և զուրկ՝ արտադրության միջոցներից, հետևաբար, նաև գոյամիջոցներից։
Աշխատուժը, լինելով առանձնահատուկ ապրանք, մյուս ապրանքների նման, ունի արժեք և սպառողական արժեք։ Աշխատուժի արժեքը որոշվում է դրա վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսված միջին աշխատաժամանակով։ Այդ պահանջմունքները պայմանավորված են ֆիզիոլոգիական, պատմական և բարոյական մի շարք գործոններով։ Աշխատավարձը աշխատուժի արժեքի փողային արտահայտությունն է կամ դրա գինը։ Աշխատուժն ապրանքի սպառողական արժեքն արտահայտվում է նրանով, որ այն ստեղծում է իր արժեքից ավելի մեծ արժեք (իր արժեքը + հավելյալ արժեք)։
Աշխատանքի շուկայում աշխատուժի վարձատրման առաջին գործոնն առաջարկի ու պահաջարկի փոխգործողությունն է։ Այստեղ աշխատուժի գինը և աշխատանքի քանակը որոշվում են պահանջարկի և առաջարկի փոխհարաբերությամբ։
Աշխատուժի գնի ձևավորման շուկայական երկրորդ գործոնը մրցակցությունն է և մոնոպոլիան։ Աշխատանքի շուկայում մրցակցությունը նպաստում է աշխատավարձի մակարդակի հավասարակշռմանը։
Աշխատուժի որակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատուժի որակը դա մարդու հատկությունների համախումբն է, որն ի հայտ է գալիս աշխատանքի գործընթացում և իր մեջ ներառում է աշխատողի որակավորումը և անձնական բնութագրիչները։ Աշխատուժի որակը բնորոշող հիմնական բնութագրիչներն են՝
- Մասնագիտական գիտելիքները որոշվում են մարդու զարգացման մակարդակով, որի հիմքը նրա մտավոր ունակություններն են, կրթությունը, փորձը։
- Հմտությունը որոշվում է մարդու ֆիզիկական և մտավոր կարողություններով, որոնք անհրաժեշտ են արտադրական առաջադրանքը կատարելու համար։ Հմտությունն արդյունք է մարդու ճկունության, փորձի և հարմարվելու ընդունակության։
- Բանիմացությունը, գիտակությունը, դրանք ընդհանուր և մասնագիտական պատրաստվածության մակարդակն են, որոնք հնարավորություն են տալիս միանշանակ արձագանքելու կոնկրետ աշխատատեղին ներկայացվող պահանջների փոփոխությանը։
- Պատասխանատվությունը որոշվում է բարեխղճությամբ, հուսալիությամբ և մանրակրկիտ գործելակերպով, որոնք անհրաժեշտ են զանազան արտադրական արտադրանքների կատարման համար՝ առանց նյութական և մարդկային վնասների։
- Տարիքը հանդիսանում է աշխատուժի որակի կարևոր անձնական բնութագրիչ, քանի որ մարդու աշխատանքային ակտիվության մակարդակը, նրա աշխատունակությունն ու ճանաչողական ունակությունները պայմանավորված են նրա կյանքի փուլի աստիճաններով։
- Առողջությունը դա ֆիզիկական, մտավոր և սոցիալական ինքնազգացողության վիճակ է։
- Մտավոր ունակությունները դրանք իր խելքն արդունավետ կիրառելու, հասկանալու, խորհելու, սովորելու, հիմնախնդիրները լուծելու ընդհանուր ընդունակությունն է։
- Հետաքրքրությունները դրանք աշխատուժի որակի ամենից կարևոր տարրերից մեկն են, քանի որ դրանցում ի հայտ են գալիս անհատի իմացական պահանջմունքներն ապահովող ուղղվածությունը՝ աշխատանքային գործունեության նպատակների հիման վրա։
- Բնավորությունը հանդիսանալով անհատի հոգեբանական կարևոր գծերից մեկը, էական ազդեցություն է ունենում աշխատուժի որակի վրա, քանի որ որոշում է մարդու պահվածքի ուղղվածությունը, նրա վերաբերմունքը գործին, իրերին, այլ մարդկանց և ինքն իրեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 479)։ |