Jump to content

Ռումինական հեղափոխություն (1989)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումինական հեղափոխություն (1989)
Revoluţia română din 1989
Revolutia Bucuresti 1989 000.JPG
ԵրկիրՌումինիա
Ամսաթիվդեկտեմբերի 16-25, 1989
ՊատճառԵրկրում Չաուշեսկուի դիկտատուրայի հաստատում
Հիմնական նպատակԵրկրի ժողովրդավարացում
ԱրդյունքՉաուշեսկուի ռեժիմի տապալում, Սոցիալիստական Ռումինիայի փլուզում
ԿազմակերպիչԻոն Իլիեսկու և հակակոմունիստ այլ գործիչներ
Մասնակիցների քանակ100.000
Զոհեր689-1.290
Վիրավորներ1413
Ձերբակալվածներչկան


1989 թվականի ռումինական հեղափոխություն (ռումիներեն՝ Revoluţia română din 1989), հակակոմունիստական ապստամբություն, որը հանգեցրել է Ռումինիայի սոցիալիստական հանրապետության նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի կառավարության տապալմանը։

Հատկանշական է, որ ԽՍՀՄ իշխանությունը սատարել է հեղափոխությունը[1]։

Ռումինիան Արևելյան Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ սոցիալիստական կարգերը տապալվել են ժողովրդական ընդվզման արդյունքում, իսկ նախկին ղեկավար Նիկոլաե Չաուշսկուն գնդակահարվել է։

Խռովություններ Տիմիշոարայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 16-ին հուզումներ են սկսվել Տիմիշոարայում, որոնք պայմանավորված էին ռումին քաղաքական գործիչ Լասլո Տյոկեշի` պաշտոնից ազատվելու ու արտաքսվելու հետ։ Նա ազգությամբ հունգարացի էր, բողոքական քահանա, հակակոմունիստ և անջատողական շարժման ղեկավարներից մեկը, որ կողմ էր գերակշռություն կազմող հունգարական բնակչությամբ մի քանի շրջաններում «էթնիկ լիարժեք ինքնավարությանը»։ Տյոկեշը մեղադրվում էր ազգամիջյան ատելություն սերմանելու և Ռումինիայում մարդու իրավունքների մասին տեղեկությունը արտասահման փոխանցելու համար։ Հունգարացիները սատարում են քահանային, և շուտով ցուցարարների թիվը հասնում է մի քանի հազարի։ Այս փուլում սկզբնպատճառը գրեթե մոռացվել էր. շուտով ի հայտ են գալիս հակակոմունիստական ու հակակառավարական կարգախոսներ։ Ցույցը ճնշելու գործը հանձնարարված էր պաշտպանության նախարար գեներալ Վասիլե Միլյային, սակայն նա հրաժարվում է զորքերը քաղաք մտցնելուց։ Դա նրան կյանք է արժենում[2][3][4]։ Նրա տեղը զբաղեցնում է գեներալ Վիկտոր Ստենկուլեսկուն։ Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը քաղաք են մտնում զորքերը, Սեկուրիտատեի բաժանմունքները, որոնք սկզբում կիրառում են հատուկ տեխնիկա, այդ թվում` ջրցան տեխնիկա, իսկ այնուհետև նաև կրակ են բացում։ Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ դեկտեմբերի 18-ին Ելենա Չաուշեսկուի կարգադրությամբ քաղաքային դիահերձարանից տանում են 40 դիակ և դիակիզում Բուխարեստում[5]։

Բուխարեստի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղափոխության ժամանակի նամականիշ

Բուխարեստի քաղաքապետ Բարբու Պետրեսկուի կարգադրությամբ դեկտեմբերի 21-ին` ժամը 12:00-ին մոտ, Կենտրոնական կոմիտեի շենքի մոտ կազմակերպվում է լայնամասշտաբ ցույց, որը նպատակ ուներ ցույց տալու ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը ռեժիմին և հրապարակայնորեն քննադատելու Տիմիշոարայում կատարված իրադարձությունները։ Մասնակիցների վկայությամբ ցուցարարների մեծ մասը լուռ կանգնած էր հրապարակում, և միայն հեռվում գտնվող մարդկանց մի խումբ էր դրոշակներ թափահարում ու կարգախոսներ վանկարկում։ Չաուշեսկուն իր ճառը սկսում է 12:30-ին, սակայն նա հասցնում է միայն մի քանի արտահայտություն ասել. նրա ձայնը խեղդվում է ժողովրդի ձայների ու բացականչությունների մեջ։ Լսվում են պայթյուններ, մարդիկ նետում են դրոշակները, գլխավոր քարտուղարի նկարներն ու լքում հրապարակը։ Չաուշեսկուի հարևանությամբ գտնվող կուսակցականները փորձում են նրան պատշգամբով հեռացնել` ենթադրելով, որ կրակահերթ է սկսվել։ Գլխավոր քարտուղարը զարմանքով մնում է կանգնած ևս մի քանի րոպե` փորձելով հանգստացնել բազմությանը ու պնդելով, որ բոլորը մնան իրենց տեղերում։ Տևական դադարից հետո, որի ընթացքում «տեխնիկական պատճառներով» դադարեցվել էր հեռարձակումը, Չաուշեսկուն դիմում է հրապարակում մնացածներին` կոչ անելով պաշտպանել «Ռումինիայի միասնությունն ու անկախությունը» ու խոստանալով բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը 100 լեյ, ինչից հետո վերադառնում է Կենտրոնական կոմիտեի շենք։

Ի հեճուկս գլխավոր քարտուղարի սպասումների, ով հավատում էր ժողովրդի` իրեն սատարելուն, ցույցը միայն նպաստում է իրավիճակի սրմանը։ «Intercontinental» հյուրանոցի մոտ, որ գտնվում էր հրապարակի մոտ, փողոցներում հավաքվում են բողոքողները, որոնք վանկարկում էին «Կորչի' բռնակալը» ու նմանատիպ արտահայտություններ։

Հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ։ Նույն օրը Տիմիշոարայում աշխատողները գրավում են քաղաքի գործարաններ, ֆաբրիկաներ։ Հակակառավարական ցույցերի ալիքը տարածվում է ողջ երկրում։ Դեկտեմբերի 22-ին ռադիոյով հատարարում են, որ պաշտպանության նախարար Վասիլե Միլյան ինքնասպանություն է գործել, սակայն միաժամանակ տարածվում էին խոսակցություններ, որ նա սպանվել է ցուցարարներին կրակելուց հրաժարվելու համար։ Դա առիթ է հանդիսանում, որ գեներալներն անցնեն Չաուշեսկուի ընդդիմադիրների կողմը։ Ցուցարարները զորքերի հետ գրավում են Բուխարեստի հեռուստակայանը և հայտարարում. «Ռումին եղբայրնե'ր, բռնակալությունը տապալված է»։

Հեղափոխության դրույթները ամենավառ կերպով շարադրել է այլախոհ դիվանագետ Մազիլու Դումիտրուն (նախկինում Սեկուրիտատեի ուսումնարանի դասախոս, ազգային անվտանգության փոխգնդապետ), ով 1986-1989 թվականներին գտնվել էր տնային կալանքում։ Նա առաջինն է շարադրել շարժման հակակոմունիստական բնույթը (և ոչ հակաչաուշեսկուական), առաջարկել երկիրն անվանել ոչ թե Ռումինիայի սոցիալիստական հանրապետություն, այլ Ռումինիա, ազգային դրոշը բարձրացբել առանց կոմունիստական գերբի։ Մազիլուն ճատն ավարտել է հետևյալ նախադասությամբ. «Աստված մեզ պահապան» (Așa să ne ajute Dumnezeu!), ինչը թույլատրված չէր Ռումինիայում վերջին 45 տարիներին։

Մազիլուն համարվում է նաև Ռումինական հեղափոխության տասը դրույթները հռչակողը։ Դրանք ունեին ժողովրդավարական բնույթ (քաղաքացիական ու քաղաքական ազատություն,ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխիք, շուկայական տնտեսություն, խաղաղասեր արտաքին քաղաքականություն)։ Առաջին տեղում կուսակցական դիկտատուրայի մերժումն էր։

Դեկտեմբերի 22-ի երեկոյան ռումինական հասարակության կողմից հեղափոխությոան առաջնորդներ էին ընկալվում Իոն Իլիեսկուն, Դումիտրու Մազիլուն, Պետրե Ռոմանը, Նիկոլաե Միլիտարուն, Սիլվիու Բրուկանը, Սերժիու Նիկոլաեսկուն։ Նրանք տարբեր ժամանակներում եղել էին Ռումինիայի քաղաքական, գիտատեխնիկական ու հումանիտար-ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչները։

Չաուշեսկուի փախուստը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 21-ին նախագահը հատուկ հրամանով արտակարգ դրություն է հռչակում Տիմիշում։ Նույն օրը առավոտից Բուխարեստի գլխավոր հրապարակում հավաքվում է «նախագահի կողմնակիցների» հավաքը, որոնք պաշտպանում էին «սոցիալիզմի նվաճումները»։ Աստիճանաբար հրապարակը լցվում է մարդկանցով, որոնց թիվը հասնում էր 100.000-ի[6]։ Սակայն այն բանից հետո, երբ Նիկոլաե Չաուշեսկուն պատշգամբից սկսում է ճառը, բազմությունից լսվում են սուլոցներ, վանկարկումներ` «Հեռացի'ր», «Առնետ», ինչից հետո հրապարակը միաձայն վանկարկում է «Տի-մի-շո-ա-րա»[6]։ Անսպասելիորոն հրապարակում պայթեցնում են լուսաձայնային նռնակներ, որի հետևանքով ընդհատվում է Չաուշեսկուի ճառը։ Ինչպես հետագայում պատմել է երկրի անվտանգության պատասխանատուներից մեկը` Կազիմիր Իոնեսկուն, հատուկ կազմակերպված ջոկատները պետք է խանգարեին Նիկոլաե Չաուշեսկուի ելույթը, և նրանք կատարել են իրենց խնդիրը։ Շփոթված Չաուշեսկուն ստիպված էր հեռանալ պատշգամբից։

Բուխարեստում շուտով սկսվում է հրաձգություն։ Նույն օրվա երեկոյան իրավիճակին խառնվում է բանակը։ Ցույցեր են սկսվում Բուխարեստի այլ հատվածներում ևս` Համալսարանական հրապարակում (այստեղ երիտասարդությունը բացականչում էր «Կորչի' Չաուշեսկուն», «Կորչի կոմունիզմը», «Ազատություն»), հեռուստակենտրոնի շրջակայքում, Կոմկուսի շենքի մոտ։ Ամբողջ գիշեր նախագահական պահակազորն անցկացնում է նախագահական պալատում։

Դեկտեմբերի 22-ին գտնում են Ռումինիայի պաշտպանության մահացած նախարարին` Վասիլե Միլյային (այս մասին հայտնի է դարձել Բուխարեստից Չաուշեսկու ամուսինների փախուստից հետո. պաշտոնական վարկածով նա ինքնասպանություն է գործել, սակայն իշխանություններին չեն հավատում` կարծելով, որ Միլյան սպանվել է ցուցարարների վրա կրակ բացելուց հրաժարվելու համար)։ Միլյայի մահից հետո բանակը զանգվածաբար անցնում է ցուցարարների կողմը։ Ցուցարարները զորքերի հետ գրավում են Բուխարեստի հեռուստակայանը և հայտարարում Չաուշեսկուի ռեժիմի տապալման մասին։

Դեկտեմբերի 22-ին` ժամը 12:06-ին, Չաուշեսկուն կնոջ և երկու համախոհների` Էմիլ Բոբուի և Մանյա Մենեսկուի հետ (երկուսն էլ Սեկուրիտատեի գործակալներ) ուղղաթիռով Կոմկուսի շենքի տանիքից փախչում են Բուխարեստից։ Շուտով պարզ է դառնում, որ երկրից դուրս գալ չի հաջողվել, քանի որ օդ են բարձրացել հետապնդող կործանարարները։ Ուղղաթիռի օդաչուն Չաուշեսկու ամուսիններին իջեցրել է Տիրգովիշտե քաղաքից ոչ հեռու, որտեղ նրանց այնքան էլ լավ լուր չէր սպասում. տեղի ձեռնարկության աշխատակիցները նրանց մեքենան դիմավորում են քարերի տեղատարափով, իսկ կուսակցության տեղի շենք նրանց չեն էլ թողնում։ Նույն օրը նախագահի խմբին բռնում են զինվորականները[7]։

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ամբողջ երկրում սկսվում են բանակի ու Սեկուրիտատեի աշխատակիցների բախումները, սակայն բախումների կենտրոնը դառնում է մայրաքաղաքը։ Հատուկ զորաջոկատները կատարում էին արդեն ձերբակալված բռնապետի հրամանը։ Հատկապես ուժգին բախումներ են եղել Պետական խորհրդի շենքի (այստեղ էին ամրացել Սեկուրիտատեի մարտիկները) և հեռուստակենտրոնի մոտ։ Դեկտեմբերի 24-ին Սեկուրատիտեի դիմադրությունն աստիճանաբար նվազում է։ Դեկտեմբերի 25-ին Չաուշեսկուն մեղադրվում է ռազմական հատուկ տրիբունալի կողմից և դատապարտվում մահապատժի։ Չնայած նրան, որ մեղադրյալներին տասը օր էր տրամադրվել արդարանալու համար, նույն օրը Նիկոլաե Չաուշեսկուն և նրա կինը` Ելենա Չաուշեսկուն, գնդակահարվել են։ Նրանք եղել են Ռումինիայում մահապատժի ենթարկված վերջին մարդիկ, քանի որ արդեն 1990 թվականի հունվարի 7-ին այս երկրում մահապատիժը վերացվել է։

Ռեժիմի տապալումից հետո իշխանության է եկել «Ազգային փրկության ճակատը»` Իոն Իլիեսկուի գլխավորությամբ։

«Վերակառուցման ճակատամարտեր» գրքում մեջբերվել է պնդում, որ «ԽՍՀՄ-ում լրագրող Ալեքսանդր Լյուբիմովից ամբողջ երկիրն ավելի շուտ է իմացել Ռումինիայում Չաուշեսկուի ռեժիմի տապալման մասին, քան տեղեկատվական ծառայությունների ղեկավարությունը և ԽՄԿԿ ԿԿ-ի անամները»[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Советский новостной репортаж того времени.
  2. «ЧАУШЕСКУ И "ЗОЛОТАЯ ЭРА" РУМЫНИИ:6. "Антихрист был убит в Рождество"» (ռուսերեն). [1]. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. Олег Кониченко. (17.01.2011). «Украина. Румынский вариант?» (ռուսերեն). [2]. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. Антон Суриков. (12.12.2008). «17-20 лет назад в СССР и странах соцлагеря произошла «Бархатная революция КГБ»» (ռուսերեն). [3]. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  5. FORMER ROMANIAN PROSECUTOR DENIES AUTHORIZING INCINERATING REVOLUTION VICTIMS (Ստուգված է 15 Հունիսի 2013)
  6. 6,0 6,1 «Останні дні Чаушеску. Так закінчуються диктатури». Українська правда. 25.12.2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 23 марта 2013-ին.
  7. «Исторические аналогии: крах Чаушеску». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  8. Завгородняя, Дарья. — Телевизор (2012 թ․ հունվարի 12). ««Влада Листьева убили случайно! Его хотели только припугнуть»». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինական հեղափոխություն (1989)» հոդվածին։