Սերժիու Նիկոլաեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերժիու Նիկոլաեսկու
ռումիներեն՝ Sergiu Florin Nicolaescu
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1930(1930-04-13)[1][2][3]
ԾննդավայրՏիրգու Ժիու, Ռումինիա
Մահացել էհունվարի 3, 2013(2013-01-03)[1][2][3] (82 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա[2]
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրոնՌումինական ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԲուխարեստի պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, քաղաքական գործիչ, կինոդերասան, սցենարիստ և ռեժիսոր
Զբաղեցրած պաշտոններՌումինիայի Սենատի անդամ
ԿուսակցությունԱզգային փրկության ռազմաճակատ
Կայքsergiunicolaescu.ro
 Sergiu Nicolaescu Վիքիպահեստում

Սերժիու Ֆլորին Նիկոլաեսկու (ռումիներեն՝ Sergiu Florin Nicolaescu, ապրիլի 13, 1930(1930-04-13)[1][2][3], Տիրգու Ժիու, Ռումինիա - հունվարի 3, 2013(2013-01-03)[1][2][3], Բուխարեստ, Ռումինիա[2]), ռումինացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժիու Նիկոլաեսկուն ծնվել է 1930 թվականի ապրիլի 13-ին Ռումինիայի Տիրգու Ժիու քաղաքում։ Երբ հինգ տարեկան է եղել, ծնողները տեղափոխվել են Տիմիշոարա։ 1952 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի` մեխանիկայի ֆակուլտետը։ 1954 թվականին դուրս է եկել օպտիկական գործարանում ինժեների պաշտոնից։ Կինեմատոգրաֆում ստեղծագործական գորրծունեություն է ծավալել սցենարներ գրելով և գիտահանրամատչելի ֆիլմերի ռեժիսորությամբ։ Արդեն կարճամետրաժ առաջին ֆիլմը` «Սովորական գարուն» (1962) վերնագրով, արժանացել է միջազգային մրցանակի։ Նույն թվականին ստեղծել է կարճամետրաժ մեկ այլ ֆիլմ` «Վարդերի հիշողությունը», որը նույնպես աննկատ չի մնացել։ 1967 թվականին նկարահանել է «Դակեր» ֆիլմը, որում Սերժիու Նիկոլաեսկուն, հնարավոր է, հասարակությանն առաջարկել է մտածել ռումին ժողովրդի` դակերի ու նրանց ոխերիմ թշնամի հռոմեացիների ժառանգներ լինելու պարադոքսալ պատմության շուրջ։ Հետագայում նա անդրադարձել է հնդկական թեմային` էկրանավորելով Ջեյմս Ֆենիմոր Կուպերի «Հետախույզը» վեպը։ 1970 թվականին ռեժիսորը դարձյալ անդրադարձել է պատմական թեմային` նկարահանելով «Քաջ Միխայ» ֆիլմը, որը դարձել է ռումինական կինեմատոգրաֆի ամենահաջող ֆինանսական պրոեկտը։

Ավելի ուշ Նիկոլաեսկուն զբաղվել է «թեթև» ժանրով` նկարահանելով «գանգստերական ֆիլմերի» մի ամբողջ շարք կոմիսար Տուդոր Միկլովանի մասին, որտեղ գլխավոր հերոսին կերպավորել է հենց ինքը` «Մաքուր ձեռքերով» (1972), «Վերջին փամփուշտը» (1973), «Ոստիկանության կոմիսարը մեղադրում է» (1974)։ Նիկոլաեսկուն փորձում էր այլևս չնկարահանվել ու պատվով թողնել դերասանությունը, սակայն 1978 թվականին, տրվելով հանդիսատեսի ճնշմանը, ստիպված էր «հարություն առնել» նախորդ ֆիլմում մահացած կոմիսար Միկլովանի դերում, որպեսզի նա կարողանա իր գլխավոր թշնամուց վրեժ լուծել «Ռևանշ» («Revansa») մարտաֆիլմում։ Սակայն այս զիջման համար Սերժիու Նիկոլաեսկուն ստիպված էր վճարել. ֆիլմի վերջում նա սպանում է կոմիսարի տղային։ Եվ դա դեռևս սահմանագիծը չէր. մի քանի տարի անց` 1981 թվականին, էկրան է բարձրանում «Ոստիկանության կոմիսարը և մանուկը» ֆիլմը, որի գործողությունները կատարվում էին 1930-ականների կեսերին` «Ոստիկանության կոմիսարը մեղադրում է» ֆիլմում նեկայացված ժամանակից էլ առաջ։

2008 թվականին ռեժիսորը ևս մեկ անգամ հարություն է տալիս իր սիրած կերպարին «Մնալ կենդանի» ֆիլմում։

1985 թվականին նա Մոսկվայի 14-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացրել է իր «Դաժան մրցահարթակ» («Ringul») ֆիլմը։ Այս ֆիլմում նկարահանվելու համար Նիկոլաեսկուն ակտիվ մարզվել է բռնցքամարտի` Եվրոպայի նախկին չեմպիոնի մոտ։ Նրա այդ պարապմունքները համեմատելի էր Ռումինիայի թիմի` օլիմպիադային պատրաստվելու հետ, որոնք ընթանում էին այդ ժամանակ։ Նիկոլաեսկուն այդ նկարահանումների ժամանակ 50 տարեկան էր։ «Խորհրդային էկրան» ամսագրի կազմակերպած հարցումներով ֆիլմն այդ տարի երկրորդ տեղն է զբաղեցրել Յու. Մախուլսկու «Բա'նկ» ֆիլմից հետո։

«Ոսկե դյուցազուններ» միջազգային 15-րդ կինոհամաժողովին Սերժիու Նիկոլաեսկուի «15» ֆիլմը` 1989 թվականի ռումինական հեղափոխության մասին, արժանացել է «Արծաթե դյուցազունի»[4]։

1989 թվականին Սերժիու Նիկոլաեսկուն ակտիվ մասնակցություն է ունեցել Նիկոլայ Չաուշեսկուի դիկտատուրան տապալելու գործում[5]։ 1992 թվականին ընտրվել է Ռումինիայի խորհրդարանի անդամ։ Եղել է նաև մշակույթի, արվեստի, ԶԼՄ-ների կոմիտեի փոխնախագահ։ Մինչև 2001 թվականի հունիսը եղել է Ռումինիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության, այնուհետև` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2000 թվականի նոյեմբերից եղել է սենատի` մշակույթի, ԶԼՄ-ների և ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահը։

Սերժիու Նիկոլաեսկուն 1989 թվականին Ռումինական հեղափոխության մասին մի քանի գրքերի հեղինակ է։

2008 թվականի հունվարին նա ուղեղի երկու վիրահատություն է տարել։ Արդեն 78 տարեկան գործչին բժիշկները հաջող ելքի հույս չէին տալիս. առաջին վիրահատությունից հետո նա պարալիզացվել էր։ Նիկոլաեսկուն սկսում է նորից սովորել քայլել, խոսել, գրել, և դա նրան հաջողվում է եռամսյա ծանր պարապմունքներից հետո։ Վիրահատություններից հետո նա կտրուկ փոխվել էր, իր բառերով` նա զգում էր իր տարիքը, դարձել էր անհամբեր ու շուտ վրդովվող։ Կյանքի վերջին տարիներին առողջական խնդիրները բարդացրել էին նրա կյանքը, սակայն նա դարձյալ շարունակել է նկարահանվել ու նոր ծրագրեր կազմել։ Ռեժիսուրայի հանդեպ իր մեծ ձգտումը չի փոփոխվել մինչև իր կյանքի վերջը։ Մասնագետների կարծիքով, կինոյի ասպարեզում նման երևույթը բացառիկ է նրա տարիքի մարդկանց համար։

2012 թվականի դեկտեմբերի 28-ին Նիկոլաեսկուն դարձյալ վիրահատվել է, ինչից հետո բարդություն է առաջացել։ 2013 թվականի հունվարի 3-ին նա մահացել է հիվանդանոցում։

2013 թվականի հունվարի 5-ին նրա մարմինը, իր իսկ պատվերի համաձայն, դիակիզել են։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք անգամ ամուսնացել է, սակայն երեխաներ չի ունեցել, ինչը համարել է իր կյանքի մեծագույն ցավը։ Սակայն նա համարել է, որ իր երեխաները իր ֆիլմերն են, և դրանց շնորհիվ իրեք կհիշեն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դեր
1959 Ոստրեները երբեք չեն խոսում Scoicile n-au vorbit niciodata ռեժիսոր
1962 Սովորական գարուն Primavara obisnuita ռեժիսոր
1962 Վարդերի հիշողություն Memoria trandafirului ռեժիսոր
1965 Անվերջության դաս Lectie in infinit ռեժիսոր
1967 Դակեր Dacii ռեժիսոր, դերասան (հռոմեացի զինվոր Մարկուս)
1968 Պատերազմ Հռոմի համար Kampf um Rom I երկրորդ ռեժիսոր
1968 Կաշվե գուլպա Ciorap de piele ռեժիսոր
1968 Վերջին մոհիկանը Ultimul mohican ռեժիսոր Ժան Դրևիլի հետ
1968 Արկած Օնտարիոյի ափերին Lacul din Ontario ռեժիսոր Ժան Դրևիլի հետ
1968 Պրերիա Preeria ռեժիսոր
1969 Պատերազմ Հռոմի համար - 2 Kampf um Rom II երկրորդ ռեժիսոր
1969 Գազանորս Vinatorul de cerbi ռեժիսոր
1971 Միխայ Քաջ Mihai Viteazul ռեժիսոր, դերասան (Սելիմ բեյ)
1972 Այն ժամանակ ես բոլորին մահվան դատապարտեցի Atunci i-am condamnat pe toţi la moarte ռեժիսոր, սցենարիստ, դերասան (գնդապետ Ֆոն Էկկ)
1972 Մաքուր ձեռքերով Cu mâinile curate ռեժիսոր, դերասան (Տուդոր Միկլովան)
1972 Ծովագայլ Lupul mărilor ռեժիսոր, դերասան (կապիտան Ռաֆի)
1972 Սերը սկսվում է ուրբաթ Dragostea incepe vineri դերասան (կապիտան Ռաֆի)
1972 Վրեժ Răzbunarea ռեժիսոր, դերասան
1973 Վերջին փամփուշտը Ultimul cartuş ռեժիսոր, դերասան (Տուդոր Միկլովան)
1973 Ֆելիքս և Օթիլյա Felix şi Otilia դերասան (Լեոնիդ Պասկոլոպոլ)
1973 Պեպենոտը Pistruiatul Un comisar acuză
1974 Ոստիկանության կոմիսարը մեղադրում է Un comisar acuză ռեժիսոր, սցենարիստ, դերասան (կոմիսար Տուդոր Միկլովան)
1974 Անմահները Nemuritorii ռեժիսոր, սցենարիստ, դերասան (կապիտան Անդրեյ)
1974 Օգոստոսը կրակի մեջ Un august in flacari
1974 Երկու տարի արձակուրդ Deux annees de vacances
1975 Գանձերի կղզի Insula comorilor ռեժիսոր
1975 Խաղաղ օվկիանոսի ծովահենները Piraţii din Pacific ռեժիսոր
1975 Տաք օրեր Zile fierbinţi ռեժիսոր, դերասան
1975 Ոսկու կանչը Chemarea aurului
1976 Միշտ մեղավոր Osânda ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1976 Դժբախտ պատահար Accident ռեժիսոր, դերասան
1975 Հայրենիքի համար Pentru patrie (Razboiul Independentei) ռեժիսոր, սցենարիստ, դերասան (իշխան Կարոլ)
1975 Ոսկե մարդ Omul de aur
1978 Ռևանշ Revanşa ռեժիսոր, սցենարիստ, դերասան (կոմիսար Միկլովան)
1978 Միշտ մեղավոր Osânda ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1978 Ո՞վ է միլիարդատերը Nea Mărin miliardar ռեժիսոր
1978 Խարտյաշ Մայքլի արկածները Mihail, câine de circ ռեժիսոր, սցենարիստ, դերասան (Հառլի Կենան)
1980 Թակարդ վարձկանների համար Capcana mercenarilor ռեժիսոր, սցենարիստ, դերասան (Մայոր Անդրեյ)
1981 Ոստիկանության կոմիսարը և մանուկը Duelul ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1982 Հանդիպում Întâlnirea ռեժիսոր, սցենարիստ, դերասան (ոստիկանության գնդապետ)
1982 Վտանգավոր շրջադարձ Viraj periculos ռեժիսոր, դերասան (գնդապետ)
1982 Դաժան մրցասպարեզ Ringul ռեժիսոր, դերասան (Անդրեյ)
1985 Ոսկի որոնողները Căutătorii de aur ռեժիսոր
1985 Օր չորրորդ Ziua Z ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1986 Մենք ճակատագծին Noi, cei din linia întâi ռեժիսոր, դերասան
1987 Ֆրանսուա Վիյոն François Villon ռեժիսոր
1989 Միրչա Mircea ռեժիսոր, դերասան
1989 Կարպատյան լեգենդ Legenda carpatina
1990 Կրակե թագ Coroana de foc ռեժիսոր, դերասան (կապիտան Գարուն)
1990 Վիլհելմ Նվաճող Cucerirea Angliei ռեժիսոր
1994 Հայելին ճշմարտության սկիզբն է Oglinda — Inceputul adevarului ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1999 Մահվան եռնկյունի Triunghiul mortii ռեժիսոր, սցենարիստ, դերասան
2004 Արևելյան էքսպրես Orient Express ռեժիսոր, սցենարիստ, դերասան (արքայազն Անդրեյ Մորուզի)
2004 Աֆղանստան Afganistan ռեժիսոր
2005 15 Cincisprezece ռեժիսոր, սցենարիստ
2008 Կենդանի մնացածները Supravieţuitorul ռեժիսոր, սցենարիստ, դերասան
2008 Դրակուլա. երաժշտական կատակերգություն Dracula — o comedie muzicala ռեժիսոր
2009 Կարոլ I Carol I ռեժիսոր, սցենարիստ, դերասան
2009 Պոկեր Poker ռեժիսոր
2013 Լուպու Lupu դերասան (իմաստուն ծերունի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժիու Նիկոլաեսկու» հոդվածին։