Մարշալի պլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մարշալի պլան» (անգլ.՝ Marshall Plan), պաշտոնապես՝ «Եվրոպայի վերականգնման ծրագիր» (European Recovery Program), երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո ԱՄՆ-ի տնտեսական օգնությամբ վերականգնման և զարգացման ծրագիր, որի նպատակն էր ամրապնդել պատերազմի հետևանքով Արևմտյան Եվրոպայի երկրների թուլացած տնտեսությունները, խոչընդոտել կոմունիզմի առաջխաղացմանը տվյալ երկրամասում, միասնական ճակատ ստեղծել Խորհրդային Միության և սոցիալիստական ճամբարի դեմ։ «Մարշալի պլանը» և «Թրումենի դոկտրինան» նախորդեցին և նպաստեցին ՆԱՏՕ-ի հիմնադրմանը (1949

Ծրագրի գաղափարը առաջ էր քաշել ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը՝ 1947 թվականի հունիսի 5-ին, որը սատարում ստացավ Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից։ Չորս տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԽՍՀՄ) արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունում (1947 թվականի հունիս-հուլիս) նրանք առաջարկեցին Եվրոպայում ստեղծել «ղեկավար կոմիտե»՝ եվրոպական երկրների ռեսուրսներն ու կարիքները պարզելու և արդյունաբերության գլխավոր ճյուղերի զարգացման ուղղությունը որոշելու համար։ ԽՍՀՄ-ը և սոցիալիստական ճամբարի երկրները հրաժարվեցին մասնակցել «Մարշալի պլանին»։ Հուլիսին 16-ին մի շարք արևմտյան երկրներ (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Պորտուգալիա, Ավստրիա, Շվեյցարիա, Հունաստան, Թուրքիա) կնքեցին համաձայնագիր եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպություն (նախապես՝ կոմիտե) ստեղծելու վերաբերյալ, որը պետք է մշակեր «Եվրոպայի վերականգնման ծրագիրը»։

«Մարշալի պլան»-ը ուժի մեջ մտավ 1948 թվականի ապրիլին, երբ ԱՄՆ-ում ընդունվեց «օտարերկրյա պետություններին օգնելու» քառամյա ծրագիրը, կնքվեցին երկկողմանի համաձայնագրեր, որոնցով մարշալի պլանի մասնակիցները պարտավորվում էին նպաստել «ազատ ձեռնարկությանը», խրախուսել ամերիկյան մասնավոր ներդրումները, իջեցնել մաքսատուրքերը և այլն։ Օգնությունը տրվում էր ԱՄՆ-ի դաշնային բյուջեից՝ անհատույց վարկերի և փոխառությունների ձևով, որը 1948-1951 թվականներին կազմեց 17 միլիարդ դոլլար (60%-ը ստացան Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և Արևմտյան Գերմանիան)։ 1951 թվականի դեկտեմբերի 30-ին պաշտոնապես դադարեց «Մարշալի պլան»-ի գործողությունը և այն փոխարինվեց «Անվտանգության փոխադարձ ապահովման» օրենքով (կոնգրեսն ընդունեց 1951 թվականի հոկտեմբերի 10-ին), որը նախատեսում էր ռազմական և տնտեսական օգնություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 331 CC-BY-SA-icon-80x15.png