Հանդուրժողականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանդուրժողականություն եզրի հիմնական նշանակությունն է ունակ լինել ընդունել անգամ այն, ինչի հետ համաձայն չես, չես քաջալերում, չես խրախուսում։ Սոցիալական, մշակութային և կրոնական ենթատեքստերում «Հանդուրժելը», «Հանդուրժողականությունը» եզրեր են, որոնք սովորաբար օգտագործվում են օտար վարքուբարքի, ապրելակերպի, սովորույթների նկատմամբ մեծամասնության կողմից հանդուրժողական (կամ հավասարակշռված, չափավոր հարգալից) վերաբերմունքը բնութագրելու համար։


Սոցիալ-փիլիսոփայական արդի խնդրիների շարքում առանձնակի կարևոր ու արդիական է համաշխարհայնացման գործընթացների, ինչպես նաև հանդուրժողականության՝ որպես համակեցության անհրաժեշտ հարացույցի վերլուծությունը։Չնայած քաղաքակրթական զարգացումների հետարդիականության շրջանում անհանդուրժողականությունը իր բազմաթիվ դրսևորումներով վերաճել է գլոբալ հիմնախնդրի, այնուամենայնիվ հենց հանդուրժողականությունն է արժանի բազմակողմանի ուսումնասիրության։ Բանն այն է, որ հանդուրժողականությունը ցույց է տալիս այն ուղիները, որոնք հնարավոր են դարձնում հաղթահարել հասարակության մարդկային էությանը բնորոշ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են բռնությունը, անհանդուրժողականությունը, , այսինքն՝ օգնում է լուծել հանդուրժողականության և անհանդուրժողականության դիալեկտիկայի հարցը։ Այդ տեսակետից հանդուրժողականության խնդրի տեսական իմաստավորումը և վերլուծությունը, ինչպես նաև հանդուրժողական գիտակցության ձևավորման հարցերը ձեռք են բերել տեսական և գործնական նոր հնչեղություն։

Ի թիվս այլ պատճառների՝ հանդուրժողականության հիմնահարցի արդիականացմանը նպաստեցին համաշխարհայնցաման գործընթացների շրաջանակեներում համակեցության նոր հարացույցների ձևավորման անհրաժեշտությունը, բազմաբևեռ աշխարհի առկայությունը և ազատական ժողովրդավարական արժեքների տարածումը։ Բազմաբևեռ աշխարհում, այսինքն՝ տնտեսական գործունեության համաշխարհայնացման, սոցիալականացման նոր ձևերի ստեղծման, ազգային և էթնիկ ճյուղավորումների ենթատեքստում հանդուրժողականության սկզբունքը համամարդկային շահերի և պահանջմունքների համաձայնեցումն ապահովող լուրջ գործոն է։ Քաղաքակրթության համաշխարհայնացման պայմաններում բազմակարծության , երկխոսության և հանդուրժողականության սկզբունքների վրա հիմնված նոր տեսակի սոցիալական հարաբերությունների անհրաժեշտությունը դառնում է ակնհայտ հատկապես այն պարագայում, երբ վերլուծում ենք ենթակայության և գերիշխանության սկզբունքների վրա խարսխված միջազգային հարաբերությունների համակարգի ճգնաժամային արդի դրսևորումները։ Հանդուրժողականության խնդիրը ձեռք է բերում համամարդկային նշանակություն, քանի որ ժամանակակից աշխարհում առանց հանդուրժողականության սկզբունքի, առանց երկխոսության և փոխզիջման հնարավոր չէ հասնել խաղաղ գոյակցության։

Հանդուրժողականությունը սոցիալական ներդաշնակության համար համար անհրաժեշտ և պարտադիր պայման է։ Այս առնչությամբ մասնագիտական վերլուծություններում առանձնացվում են սոցիալական ներդաշնակության համար անհրաժեշտ հանդուրժողականության չորս հիմնական տարատեսակներ, որոնք նաև չեն հակասում բազմակարծության արժեհամակարգի գործառությունը։


Այլ տեսակետների նկատմամբ համբերատար վերաբերմունք[խմբագրել]

Մի շարք մշակույթներում «հանդուրժողականություն» հասկացությունը օգտագործվում է որպես «համբերատարությում» հասկացության հոմանիշ։Լայն իմաստով հանդուրժողականությունը հանդես է գալիս որպես համբերատարություն այլ մարդկանց վարքի, սովորույթների, կենսակերպի, հավատալիքների,կարծիքների, գաղափարների, ազգության, սեռի, ռասայի նկատմամբ։

Սակայն, չնայած այն հանգամանքին, որ հանդուրժողականությունը շատ հաճախ նույնացվում է համբերատարությանը, նրանց միջև կան նաև էական տարբերություններ։ Հանդուրժողականության արժեքային ներուժը հասկանալու համար պետք է այն տարբերել համբերատարությունից։Համբերատարությունը ավանդաբար ընկալվել է որպես այլ կարծիքների նկատմամբ ներողամիտ վերաբերմունք, մինչդեռ հանդուրժողականությունը ենթադրում է ոչ թե ներողամտություն, այլ բարյացակամություն, երկխոսություն և համագործակցության պատրաստակամություն։

Բոլոր մշակույթների և ճանաչողական կողմնորոշումների իրավահավասարություն[խմբագրել]

Համաշխարհայնացման պայմաններում համդուրժողականությունը քաղաքակիրթ փոխզիջման նորմ է միմյանց հետ մրցակցող մշակույթների միջև և ապահովում է բազմազանության գոյությունը։Որպես սոցիալական արժեք՝ այն առաջանում է սոցիոմշակութային տարածությունում և իրականացնում է մշակութապահպան գործառույթ՝ պահպանելով խմբի, էթնոսի, հասարակության մշակութային արժեքներն ու փորձը։

Մետաֆիզիկական, կրոնական և գաղափարախոսական այլընտրանքների հանդուրժում[խմբագրել]

Համաշխարհայնացման արևմտյան նախագծի պարադոքսներից մեկն այն էր, որ մի կողմից Արևմուտքի երկրների ներսում ղեկավարվում են հանդուրժողականության,ժողովրդավարության և բազմակարծության սկզբունքներով, իսկ մյուս կողմից՝ ոչ արևմտյան երկրների հետ փոխհարաբերություններում գերիշխանության և անհանդուրժողականության սկզբունքներով։

Այլ տեսակետների նկատմամբ հարգանք[խմբագրել]

Հանդուրժողականությունը երկխոսության կարողություն է, որը ձեռք է բերվում աշխարհի և ինքնաճանաչողության գործընթացում և հնարավոր է միայն «Ուրիշի» առկայության դեպքում։ Այն պարագայում հանդուրժողականությունը հանդես է գալիս որպես «Ուրիշի» նկատմամբ հարգանք։ Արժեքաբանական տեսանկյունից հանդուրժողականությունը հանդես է գալիս «Ես»-ի և «Ուրիշ»-ի՝ որպես համընդհանուր արժեքների հավասարության ընդունում։