Սովորույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Նաիրի» պարի համույթը Մանհեթենում (1976)

Սովորույթ, որոշակի հասարակության կամ հասարակական խմբի մեջ ավանդաբար փոխանցված և դրանց անդամների համար սովորություն դարձած վարքագիծ։ Սովորությունը հաճախ շփոթվում է «ավանդույթ» և «արարողություն» («ծես») հասկացությունների հետ, սակայն ավանդույթներն ընդգրկում են հասարակական կյանքի բոլոր բնագավառներին և բոլոր մշակույթներին հատուկ երևույթների առավել խոշոր շրջանակ, իսկ ծեսը սովորույթի տարատեսակ է և որոշակի հասարակական հարաբերությունների խորհրդանիշ։ Որպես մարդկանց միջև հարաբերությունների հիմնական կարգավորիչ, սովորությունը դրսևորվում է հիմնականում հին հասարակություններում, որը պայմանավորված է հասարակական կյանքի կայուն ու անշարժ բնույթով, միջմշակութային հարաբերությունների թույլ զարգացմամբ։ Սովորությունը անհատների համար որոշակի հասարակական ու մշակութային փորձին հաղորդակցվելու միջոց է, նրանց փոխանցվում է սերնդեսերունդ, ընդունված կարգով որոշում անհատների վարքը, պահպանում ներխմբային միասնությունը, սրբագործում զանազան առարկաներ ու հասարակական հարաբերություններ։ Սովորույթի դեր կարող են խաղալ արտադրական հմտությունները, կրոնը, արարողությունները, քաղաքացիական տոները և այլն։

Պետության և իրավունքի առաջացման հետ տիրող դասակարգը վավերացրել և իրավականոնների մեջ և ներառել մի շարք սովորույթներ։ Սովորույթներն առավել «մաքուր» ձևով պահպանվում են կենցաղում, բարոյականության (բարքեր) և քաղաքացիական արարողությունների մեջ։ Սովորույթի դերը որոշվում է հիմնականում այն հասարակական հարաբերությունների համակարգով, որում նրանք գործում են։ Այդ առումով սովորույթները կարող են որակվել առաջադիմական և հետադիմական կամ հնացած։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 16 CC-BY-SA-icon-80x15.png