Իմաստային դաշտ
Իմաստային դաշտ, բառերի խումբ՝ միավորված իմաստային կապերով ըստ բառարանային նշանակության նման հատկանիշների։ Օրինակ, հայերենի գնալ բայը կարող է միավորել գնալ, մեկնել, հեռանալ և այլ բառեր։ Իմաստային դաշտ հասկացությունը թույլ է տալիս համապատասխանորեն նկարագրել լեզվական միավորների միկրոկառուցվածքային համակարգի իմաստային փոխգործողությունները։ 20-րդ դարի 20-30-ական թվականներին իմաստային դաշտ մշակել են գերմանական գիտնականներ Յո Տրիրը (ուսումնասիրել է բառերի ամբողջությունը՝ դրանց առարկայական-իմաստային կապերի մեջ), Վ. Պորցիգը (հետազոտել է մեկ բառը՝ նրա իմաստային-շարահյուսական կապերում), Ա. Ցոլլեսը (իմաստային դաշտ կապել է բառի իմաստաբանական-բառակազմական վերլուծության հետ), Գ. Իպսենը։ 20-րդ դարի 50-ական թվականներին իմաստային դաշտի տեսությունը մշակել է Լ. Վայսգերբերը (ԳՖՀ)։ Գերմանական գիտնականների այս դրույթները քննադատվում են, որովհետև նրանք իմաստային դաշտ հասկացությունն օգտագործում են «միջակա լեզվական աշխարհ»-ի իդեալիստական թեզն ապացուցելու, դաշտերի բաժանման հարցում սուբյեկտիվիզմ ցուցաբերելու, դրանցում ամբողջ բառապաշարի ընդգրկման անհնարինության, առանձին բառի ինքնուրույն դերը նվազեցնելու միտումով։ 20-րդ դարում 60-ական թվականներին ուսումնասիրվում են բառերի բառապաշարային իմաստային դաշտերը և մեկ բառի շարահյուսական իմաստային դաշտ։ Այս հասկացության ոլորտն ընդլայնվում է. տարբերակում են բառապաշարային, քերականական, ֆունկցիոնալ-իմաստային, բառակազմական և այլ տիպի դաշտեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 323)։ |