Սոցիալական ընկալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական ընկալում, մարդու կողմից մարդու ընկալում։ Ընկալման այս տեսակի միջոցով մարդիկ տպավորություն ստեղծում այլ մարդկանց մասին, եզրակացնում նրանց բնավորության, մտքերի, զգացմունքների, դիրքորոշումների, հույզերի և այլ առանձնահատկությունների մասին։

Որպես կանոն, մենք կարծում ենք, որ ընկալում ենք մարդկանց իրական կերպարներն ու առանձնահատկությունները։ Բայց իրականում այն, թե ինչպես ենք մենք ընկալում ուրիշներին, բնութագրում է հենց մեզ, այլ ոչ թե նրանց, ում մենք ընկալում ենք։ Մեր սեփական դիրքորոշումներն ու սպասելիքները, մեկնաբանությունները և ստերեոտիպերը մեզ ստիպում են եզրակացություններ անել։ Շրջապատող սոցիալակամ աշխարհում մենք հաճախ տեսնում ենք այն, ինչ ցանկանում ենք, և դրա համար էլ պատրաստ ենք տեսնելու։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ուշադրություն ենք դարձնում որոշակի փաստերի՝ չնկատելով ուրիշները, կամ էլ նրա համար, որ, ընկալելով կոնկրետ մարդու՝ մենք նրա մեջ տեսնում ենք ուրիշին, ում հետ նախկինում փոխազդեցություն ենք ունեցել։

Այս կերպ, այն ամենն, ինչ մենք ընկալում ենք շրջապատող սոցիալական աշխարհում, ոչ այնքան իրական գործընթացներ են և օբյեկտներ, որքան մեր սեփական զգացմունքների, հակումների և մտքերի արդյունքները։ Բանն այն է, որ մեր ընկալումը պասիվ չի արտացոլում շրջապատող միջավայրը, այն իրենից ներկայացնում է ակտիվ որոնման, ընտրության, կազմակերպման և տարբեր փաստերի մեկնաբանման արդյունք։ Դա նշանակում է, որ մենք ինքներս ենք ձևավորում մեր սեփական սուբյեկտիվ իրականությունը, որի հետ էլ գործ ենք ունենում։ Այլ կերպ ասած, մենք ընկալում ենք այն աշխարհը, որը մենք ենք ստեղծել։ Արդյունքում, ստացվում է այնպես, որ իրական մարդու հետ փոխազդելիս, մենք տեսնում ենք ոչ թե նրան, այլ մեր ստեղծած կերպարը։

Արտաքին տեսք և տպավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առօրյա կյանքում մարդիկ հաճախ ղեկավարվում են սկզբունքով, որ «առաջին տպավորությունը ամենաճիշտն է»։ Մարդկանց մասին մենք դատում ենք՝ ըստ նրանց արտաքին տեսքից ստացած տպավորությունների։ Ընկալելով միայն արտաքին տեսքը՝ մենք, այնուամենայնիվ, եզրակացություններ ենք անում մարդու էության վերաբերյալ։ Իմանալով, թե ինչ սեռի, տարիքի, մարմնակառուցվածքի է մարդը, ինչպիսին է նրա մազերի, աչքերի գույնը և այլն, մենք սկսում ենք դատել նրա բնավորության, ընդունակությունների մասին։

«Ինչու՞ է առաջին տպավորությունը ամենաճիշտը»։ Այս հարցի պատասխաններից մեկը տալիս է Հերման Էբբինհաուզի բացահայտած «ծայրամասերի կանոնը», ըստ որի՝ առավել լավ մտապահվում է առաջին և վերջին ինֆորմացիան։ Հետևաբար, առաջին տպավորությունը ոչ թե ամենաճիշտն է, այլ ամենավառը և մտապահվողը։

Այսպես, հանդիպելով մարդուն՝ առաջին ակհայտ ինֆորմացիան մենք ստանում ենք նրա արտաքին տեսքի մասին։ Սեռը և ռասան ամենանկատելի հատկանիշներն են, որոնք մենք ընկալում ենք առաջին հերթին։ Միանգամից մենք նկատում ենք արտաքին այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են հասակը, մարմնակառուցվածքը, դեմքի արտահայտությունը։ Ավելի արագ մենք ֆիքսում ենք ինչ-որ անսովորը, տարբերվողը, շատ բարձր կամ ցածր հասակը, գիրությունը կամ նիհարությունը։ Մենք դա անում ենք անգիտակցականորեն։ Այլ կերպ ասած, ամեն ինչ այնպես չէ, որ մենք սկզբում անսպասելիորն նկատում ենք բարձրահասակ մարդուն, այնուհետև որոշում՝ կենտրոնացնել մեր ուշադրությունը նրա վրա։ Ընդհակառակը, փաստը, որ մարդն իր հասակով առանձնանում է այլ մարդկանցին մեխանիկորեն գրավում է մեր ուշադրությունը։ Եվ միայն հետո մենք գիտակցում ենք, որ մարդը շատ բարձրահասակ է։

Այս օրինաչափությունը՝ ըստ կոնտրաստի ընկալումը, գործում է ոչ միայն սոցիալական օբյեկտների հետ ծանոթության ժամանակ, այլև ամբողջ շրջապատող միջավայրն ընկալելիս։ Մեր ուշադրությունը միանգամից ֆիքսում է ամենաանսովորը, ֆոնից առանձնացողը։

Դուր է գալիս մեզ մարդը, թե ոչ, համակրանք, թե հակակրանք ենք զգում, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի զգացմունքներ են առաջանում նրա արտաքին տեսքն ընկալելիս։ Իհարկե, զգացմունքները հուսալի ֆունդամենտ չեն հարաբերությունների հաստատման համար։ Բայց որպես կանոն, հենց այն հիմքով են ստեղծվում մարդկանց միջև առաջին հարաբերությունները։ Սա միանգամայն բացատրելի է. չէ՞ որ այլ ինֆորմացիա մենք չենք ստանում մարդու մասին, քան նրա արտաքին տեսքն է։

Այն զգացմունքները, որոնք առաջանում են մեզ մոտ մարդու արտաքին տեսքն ընկալելիս, պայմանավորված եմ մեր անգիտակցական կամ գիտակցական վստահությամբ, որ արտաքին գծերն արտահայտում են էական բնութագրեր և հնարավորություն են տալիս հասկանալու՝ ինչպիսի մարդ է մեր դիմացինը։

Արտաքին տեսք և զուգորդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու արտաքին ցանկացած գիծ կարող է զուգորդվել շրջապատողների մոտ որոշակի հոգեկանև սոցիալական բութագրերի հետ։ Ենթադրվում է, որ արտաքին առանձնահատկությունները վկայում են բնավորության հատկությունների, ընդունակությունների, հակումների և խառնվածքի մասին։ Օրինակ՝ մեծ ճակատը խելացիության մասին է վկայում, չնայած որ մեծ ճակատը կախված չէ գլխուղեղի ծավալից, որն էլ իր հերթին կախված չէ ինտելեկտի մակարդակից, մտավոր ընդունակություններից։ Բարձրահասակ մարդիկ տարբեր կերպ են ընկալվել պատմական տարբեր ժամանակաշրջաններում։ Բարձր հասակն ասոցացվում է ազնվության, մելանխոլիայի, ինտելեկտի հետ։ Նիհարներն ընկալվում են որպես երազկոտներ, ցածրահասակները՝ որպես վիճաբանողներ, խորամանկներ, մանրախնդիրներ։ Գիրությունը գնահատվում է որպես պարզության, կոպտության և մյուս կողմից բարեհոգության ցուցանիշ։

Որոշ զուգորդություններ ունեն իրական հիմնավորումներ։ Այսպես, օրինակ՝ կարծիքը, որ բարակ շրթունքները վկայում են խստության մասին, հաստատվել է դիտարկումից, որ զայրույթի ժամանակ շրթունքները սեղմվում են։ Բայց բարակ շրթունքները մարդու մոտ կարող են լինել ուղղակի բնածին գիծ։

Մարդու հագուստը, զարդերը և նույնիսկ սանրվածքը շատ բան կարող են ասել նրա մասին ուշադիր և գրագետ դիտողին։ Սանրվածքն, օրինակ, կարող է վկայել մարդու խելքի մասին, լինել ցուցանիշ նրա հակումների և հետաքրքրությունների համար։

Սոցիալական գրավչության գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական հոգեբաններն առանձնացրել են մի շարք գործոններ, որոնք մարդուն դարձնում են այլ մարդկանց համար սոցիալապես գրավիչ։

Ինֆանտիլ արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սոցիալապես գրավիչ գործոններ՝ կարող են համարվել մարդու արտաքին տեսքի այն գծերը, որոնք ընկալման ժամանակ զուգորդվում են երեխայի հետ։ Այնպիսի գծեր, ինչպիսիք են անհամաչափ ճակատը, մեծ աչքերը, փոքր քիթը, նուրբ մարմնակառուցվածքը, բարակ ձեռքերը և այլն, այսինքն՝ երեխայի արտաքին առանձնահատկությունները, որոնք կարող են պահպանվել մեծահասակի մոտ, վկայում են անպաշտպանության, թուլության, դյուրահավատության մասին։ Դրա համար էլ այսպիսի արտաքին գծերով անհատը շրջապատողների մոտ չի առաջացնում տագնապ, ընդհակառակը, մարդիկ վստահություն, հանգստություն են զգում։

Առնվազն երկու պատճառ ինֆանտիլ արտաքինով մարդկանց դարձնում է գրավիչ. առաջինը՝ նրանք վտանգավոր չեն ընկալվում, երկրորդ՝ թվում է, թե նրանց նկատմամբ հեշտ է գերակայել՝ դրանով իսկ բարձրացնելով սեփական ինքնագնահատականը։

Բնականաբար մեծահասակների արտաքին ինֆանտիլիզմի մասին կարծիքը կարող է սխալական լինել։ Այդպիսի արտաքինով մարդը կարող է բավական վճռական, ուժեղ բնավորություն ունենալ։ Մյուս կողմից, արտաքին մանկական գծերով մարդիկ սկսում են գիտակցել և ընկալել իրենք իրենց հենց այդ որակով՝ թույլ, անպաշտպան։ Այս դեպքում նրանց Ես-կոնցեպցիան ձևավորվում է «հայելու սկզբունքով». մարդն իրեն գիտակցում է այնպիսին, ինչպիսին տեսնում են ուրիշները։

Այսպիսի առանձնահատկություն կարելի է հանդիպել նաև կենդանիների մոտ։ Կենդանիներին ուսումնասիրող էթիոլոգները գտնում են, որ նորմալ բնական պայմաններում կենդանիները հոգատար և զգուշավոր են, ոչ միայն իրենց ձագերի, այլև այլ կենդանիների ձագուկների նկատմամբ։

Գեղեցիկ արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին, ֆիզիկական գեղեցկությունը սոցիալական գրավչության գործոններից մեկն է։ Գեղեցիկ արտաքինով անհատները շրջապատողների մոտ առաջացնում են դրական զգացմունքներ, նրանց հետ հաճելի է փոխազդել։ Դրա համար էլ մարդիկ մեծ ջանքեր են գործադրում գեղեցիկ, գրավիչ արտաքին ունենալու համար։ Վերջինս նպատակը նաև այն է, որպեսզի ինչքան հնարավոր է լավ հարմարվել շրջապատի պայմաններին։ Առաջին հեթին, հավանական է, որ գեղեցիկի ընկալման ժամանակ մենք էսթետիկ հաճույք ենք զգում։ Բացի այդ գործում է զուգորդություն. «գեղեցիկ նշանակում է լավ»։

Հենց դա է պատճառը, որ գեղեցիկ մարդկանց ավելի հեշտ են աշխատանքի վերցնում։ Նրանց գործունեությունը դրական է գնահատվում, իսկ նրանք բնութագրվում են որպես ընդունակ, լավ, հեռանկարային մասնագետներ։ Ենթադրվում է, որ արտաքնապես գեղեցիկ մարդիկ բարեհոգի են, ազնիվ։ Բացառություններ կան միայն այն դեպքում, երբ գեղեցիկ մարդն ընկալվում է որպես մրցակից։ Այս դեպքում նախանձը չեզոքացնում է գեղեցկության բացատրությունը, իսկ տգեղ մարդկանցից հաճախ խուսափում են, նրանց հետ փոխազդում են միայն ըստ անհրաժեշտության։

«Լուսապսակի էֆեկտ կամ գալո-էֆեկտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս էֆեկտի էությունն այն է, որ մարդու մի գրավիչ, վառ գիծը ընդհանրացվում է նրա մասին ամբողջական կարծիքի մեջ։ Գալո-էֆեկտը գործում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, ընդ որում, տարբեր սեռերի մոտ այն էֆեկտը գործում է միայն իրեն մեկ ուղղությամբ։

Գեղեցիկ մարդիկ բավարարված են իրենց սոցիալական փոխազդեցությունների որակով, քան տգեղ մարդիկ։ Բայց կա նաև ուրիշ միտում. գրավիչ արտաքինով մարդիկ կարող են ունենալ ցածր ինքնագնահատական։ Դա կարող է լինել այն բանի գիտակցման արդյունք, որ շրջապատողները գնահատում են միայն նրանց արտաքին ֆիզիկական գրավչությունը, այլ ոչ թե սոցիալական որակներն ու արժանիքները։

Գեղեցկության ստերեոտիպային ընկալումը ընկալումը գործում է և հակառակ իմաստով. «լավն է, ուրեմն գեղեցիկ է»։

Տարածական մոտիկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասար պայմաններում մարդկանց առավել դուր են գալիս նրանք, ովքեր ապրում են ոչ շատ հեռու, իրենց տեղանքում։ Այս կերպ, տարածական մոտիկության գործոնը հանդես է գալիս որպես հարաբերությունների հաստատման գործոն։ Դրա մասին է վկայում թեկուզ այնպիսի երևույթ, ինչպիսին է հայրենակցությունը. մենք անգիտակցականորեն ենթադրում ենք, որ նույն բնակավայրում ապրող մարդիկ, ինչ-որ մենք, ավելի լավ են ծանոթ մեզ, քան ուրիշները, թեև դա այդքան էլ այդպես չէ։

Տարածական մոտիկությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ հնարավորությունը ունեն հաճախ հանդիպելու, ինչի արդյունքում ծագում է ճանաչման էֆեկտ. միևնույն ազդակի կրկնվող ազդեցությունը հանգեցնում է նրա ճանաչմանը՝ մեծացնելով գրավչությունը։ Ըստ Ռոբերտ Բորստեյնի՝ ճանաչման էֆեկտը կրում է սոցիոկենսաբանական բնույթ։ Նոր ազդակների նկատմամբ կասկածամիտ վերաբերմունքը մարդու և կենդանիների կարևորագույն հարմարվողական ձեռքբերումն է, որը նրանց թույլ է տալիս գոյատևել։ Երբ տեղի է ունենում ազդակների նկատմամբ հարմարում, կասկածն անցնում է։

Եթե մենք դրականորեն ենք արձագանքում ինչ-որ մեկի վարքին, ապա նման ռեակցիայի հավանականությունը մեծացնում է մարդու հետ հանդիպումների քանակի ավելացմանը՝ զուգահեռ նրան դարձնելով գրավիչ մեր աչքերում։

Նմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզ դուր են գալիս մարդիկ, որոնց սոցիալական արժեքներն ու դիրքորոշումներ, վարքը և սովորությունները համապատասխանում են մերին։ Եվ մենք չենք սիրում այն մարդկանց, որոնց հայացքները և վարքը հակասում են մեզ։ Եթե դրա հետ մեկտեղ մարդը նման է մեզ այլ առումներով՝ անձնային բնութագրերով, կենսակերպով, ոճով, նույնիսկ հագուստով, ապա սոցիալական գրավչությունն աճում է։ Այսպիսով, մենք սիրում ենք այն մարդկանց, ովքեր նման են մեզ և չենք սիրում նրանց, ովքեր նման չեն մեզ։

Ինչու՞ է նմանությունը համակրանք առաջացնում։ Առավել համոզիչ պատասխան է տվել Զիգմունդ Ֆրոյդը՝ ենթադրելով, որ մարդն ի սկզբանե եսասեր է իր բնույթով։ Սոցիալական որակները՝ սիրո, ընկերության, համակրանքի ընդունակությունը մարդը ձեռք է բերում այն բանի շնորհիվ, որ մանկության շրջանում նա ստիված է նույնականանալ այլ երեխաների հետ, այսինքն՝ նրանց ընդունել հասավասարը հավասարի։ Նույնականանալով՝ անհատը սովորում է պրոյեկտել, ուրիշների վրա տեղափոխել ինքն իր նկատմամբ ունեցած սերը։ Ուրիշների մոտ, ովքեր ինչ-որ բանով նման են մեզ, հայտնաբերում ենք կարծես թե մեր մասնիկը, որն էլ սիրում ենք այդ մարդկանց մեջ։ Ուրիշների մեջ մենք սիրում ենք մեզ։ Նմանությունը հեշտացնում է նույնականացման գործընթացը, դրա համար էլ ինչքան շատ է այլ մարդու հետ մեր նմանությունը, այնքան շատ ենք հավանում նրան։

Նմանության և համակրանքի միջը կապը համաչափ է։ Մեզնից տարբերվող մարդիկ սպառնում են մեր ինքնագիտակցությանը։ Այս կերպ, հնարավոր են փոխհարաբերությունների երկու տեսակներ. նմանություն-համակրանք, տարբերություն-հակակրանք։ Չնայած վերջին տարբերակը ոչ միշտ է գործում։ Մենք ոչ միշտ ենք հակակրանք զգում այն մարդկանց հանդեպ, որոնք դիրորոշումները տարբերվում են մեզնից։ Ավելին, որոշ դեպքերում, մենք նույնիսկ նախընտրում ենք, որ ուրիշի հայացքները տարբերվի մեր հայացքներից։

Քաղաքավարություն և շողոքորթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքավարի, բարեհամբույր վերաբերմունքը մեզ մոտ առաջացնում է անպայման համակրանք, չի սպառնում մեր ինքնագնահատականին։ Մարդու ցանկացած գիծ ինքն իրենով դրական կամ բացասական չէ, որոշակի գնահատական այն ստանում է մեր ընկալման մեջ։ Միևնույն գիծը տարբեր հանգամանքներում և տարբեր մարդկանց մոտ միանման չի գնահատվում։ Այլ կերպ ասած, երբ մենք ընկալում ենք այլ մարդու գծերը, ապա գնահատում ենք դրանք ոչ թե ընդհանրապես, այլ կոնկրետ հարաբերության տեսանկյունից։

Քաղաքավարի մարդիկ օգտակար են մեզ, թեկուզ նրա համար, որ հաստատում են մեր ինքնագիտակցությունը և չեն սպառնում մեր ինքնագնահատականին՝ որոշ դեպքերում նպաստելով նրա բարձրացմանը։

Մեզ դուր են գալիս նաև մարդիկ, ովքեր համակրում են մեզ, որոնց մենք դուր են գալիս։ Կապվածությունը և համակրանքը մեկ այլ մարդու նկատմամբ անշահախնդիր է՝ ի տարբերություն շողոքորթության, որը պայմանավորված է օգուտով։

Սոցիալական ճանաչողության մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկալել մարդուն, հասկանալ և կանխատեսել նրա վարքը՝ հիմնվելով միայն նրա արտաքին ինֆորմացիայի վրա, թեև նշանակություն ունի, բայց շատ հաճախ մոլորությունների է հանգեցնում։

Սոցիալական ճանաչողության մեջ սխալներն ավելի շուտ օրինաչափ են, քան բացառություն։ Դրա պատճառը հիմնականում մեր կողմից օգտագործվող ճանաչողության և մտածողության հնարներն են ու մեթոդները։ Առավել տարածված մեթոդներից է եզրակացությունների կատարման մեթոդը, որն ամերիկյան սոցիալական հոգեբանության մեջ ստացել է «էվրիստիկա» անվանումը։

Էվրիստիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոս Տվերսկին և Դանիել Կանեմանը էվրիստիկաները սահմանում են որպես եզրակացությունների ձևավորման հնարներ անբավարար կամ անորոշ ինֆորմացիայի պայմաններում։ Պետք է նշել, որ էվրիստիկաները ոչ միշտ են հանգեցնում սխալների։ Ավելի մեծ մասամբ դեպքերում մենք ուղղակի չենք կարող չօգտագործել դրանք, քանի որ պիտի եզրակացություններ կատարենք անհրաժեշտ ինֆորմացիայի և ժամանակի բացակայության դեպքում, իսկ իրավիճակը պահանջում է արագ որոշումներ։ Դրա համար էլ ինդուկտիվ կամ ինտուիտիվ ճանապարհով ստացված եզրահանգումները այսպիսի հանգամանքներում խնդրի իմաստավորման միակ հասանելի մեթոդն են։ Առանձնացվում են էվրիստիկաների երկու տեսակներ՝ հասանելիության և ներկայացվածության (ռեպրեզենտատիվության)։

  • Ներկայացվածության էվրիստիկաներ. արտացոլում են ընկալման այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են որոշակի գծերի, հատկանիշների նշանակության չափազանցում և մյուսների անտեսում։ Այսպես, օրինակ, մարդիկ հակված են չափազանցնել չափի, ծավալի, զանգվածի նշանակությունները։ Հասկանալի է սոցիալական ընկալման մեջ որպես ներկայանալի բնութագրեր հանդիսանում են կարգավիճակը, տիտղոսը, հեղինակությունը, հայտնիությունը և վերջապես հարստության մասին վկայող հագուստը և այլ իրեր։ Հենց այս բնութագրերն են հաճախ գործի դնում ներկայացվածության էվրիստիկաները։
  • Հասանելիության էվրիստիկա. կարելի է սահմանել որպես սեփական կենսափորձից կամ գիտելիքներից դուրս բերած պատրաստի հնարներ, որոնք մենք օգտագործում ենք եզրակացություններ անելիս։ Հասանելիության էվրիստիկաներն արտացոլում են այն փաստը, որ բախվելով որոշակի երևույթի կամ փորձելով այն հասկանալ՝ մենք օգտագործում ենք մեր հիշողության մեջ առկա առավել հասանելի գիտելիքները, որոնք համապատասխանում են տվյալ իրավիճակին։

Սոցիալական ճանաչողության գործընթացում միանգամայն ազատվել էվրիստիկաներից հնարավոր է, բայց շատ դժվար է։ Դրա համար անհրաժեշտ է, առաջին հերթին, գիտակցականորեն խուսափել եզրակացությունների կատարման կրճատ մեթոդներից, և երկրորդ՝ տիրապետել բավարար ինֆորմացիայի և ժամանակի։ Բնականաբար, բարենպաստ գործոնների այսպիսի համադրություն բավական հազվադեպ է պատահում։ Ուստի գործնականում դա հնարավոր չի։

Կեղծ կոնսենսուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական ճանաչողության գործընթացում սխալի պատճառներից մեկն այն է, որ մարդիկ կարծում են, որ իրենց մտքերը, դիրքորոշումները սովորությունները, վարքը ոչ միայն իրենց սեփականն են, այլև համընդհանուր են, հետևաբար նրանց կենսակերպը ընկալվում է որպես միակ ճշմարիտը, հնարավորը։ Այս էֆեկտի էությունը նրանում է, որ մարդը մնացածին ընկալում են այնպիսին, ինչպիսին ինքն է։ Այս միտումը՝ համարել, որ մարդկանց մեծամասնությունը կիսում է մեր դիրքորոշումները, համոզմունքները և պահում իրենց, ինչպես մենք, ամերիկյան սոցիալական հոգեբանության մեջ անվանում են կեղծ կոնսենսուս։ Այսպիսի դիրք գրավելով՝ մարդն իրեն համարում է աշխարհի կենտրոն և միակ տրամաբանականը համարում այն, ինչը մտածում և անում է ինքը, քանի որ կարծում է, որ այդպես մտածում և վարվում են բոլորը։ Ելնելով կեղծ կոնսենսուսից՝ մարդը կարող է հայտարարել, որ կա երկու կարծիք. իր սեփականը և սխալ կարծիք։ Հասկանալի է, որ մեկ ուրիշն էլ ճշմարիտ է համարում իր տեսակետն ու վարքը։

Կաուզալ ատրիբուցիա (պատճառների վերագրման տեսություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենք ոչ միայն ստեղծում ենք տպավորություն մարդկանց մասին, այլև ձգտում ենք բացատրել և հասկանալ նրանց վարքը։ Մենք փնտրում և գտնում ենք ոչ միայն մեր սեփական, այլև ուրիշների գործողությունների և արարքների պատճառներ։ Ընդ որում, առօրյա կյանքում մենք, որպես կանոն, հազվադեպ ենք օգտագործում գիտական մեթոդաբանություն։ Ուստի մենք չենք փնտրում իրադարձությունների պատճառներ, այլ ավելի շուտ, վերագրում ենք դրանք։ Այս գործընթացը կոչվում է կաուզալ ատրիբուցիա։

Ատրիբուցիայի առաջին պարզագույն մոդելն առաջադրել է Ֆրից Հայդերը։ Նրանում առաձնացվում են ատրիբուցիայի երկու տեսակներ. դիսպոզիցիոն, երբ իրադարձությունների պատճառները դիտարկվում են հենց մարդու մեջ, և իրավիճակային, պատճառները հայտանաբերվում են իրավիճակում։ Սակայն այսպիսի դասակարգումը, փոքր-ինչ սեղմ է։ Այն չի ընդգրկում հնարների և եղանակների այն ամբողջ բազմազանությունը, որոնց օգնությամբ մարդիկ փորձում են բացատրել իրադարձություններն ու վարքը։ Ժամանակակից տեսություններն առաջարկում են կաուզալ ատրիբուցիայի առավել բարդ, առավել մանրամասն մոդելներ։ Դրանցից առավել հայտնին Հարոլդ Կելիի՝ կաուզալ ատրիբուցիայի տեսությունն է։ Հիմնվելով Հայդերի կողմից առաջ քաշած դիսպոզիցիոն և իրավիճակային ատրիբուցիայի վրա՝ Կելլին առանձնացնում է երեք՝ ամենատարածված բացատրություններ, որոնք մարդիկ օգտագործում են ինչ-որ մեկի վարքը մեկնաբանելիս։ Առաջինը՝ վարքը բացատրվում է հենց գործող անձից բխող պատճառներով, երկրորդ՝ փոխազդեցության սուբյեկտի բխող պատճառներով, երրորդ՝ արտաքին հանգամանքներով կամ պայմաններով, որոնցում իրականանում է տվյալ վարքը։

Կովարացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդ Կելլին գտնում է, որ իրադարձությունները բացատրելիս մարդկանց կողմից արված եզրակացությունները հիմնվում են այն նույն տրամաբանության վրա, ինչ օգտագործում են գիտնականներն իրենց տեսությունները ստեղծելիս։ Գիտական պատճառա-հետևանքային տեսություններից մեր սեփական բացատրությունների միակ տարբերությունն այն է, որ մենք մեր եզրակացությունները ստուգման չենք ենթարկում։ Դրա համար էլ մեզ բավական է համափոփոխության կամ կովարացիայի պարզ փաստը, որպեսզի իրար հետ կապենք երկու իրադարձություններ։ Այս կերպ, երբ տեղի են ունենում երկու փոփոխություններ, օրինակ՝ հաջորդաբար երկու օբյեկտներում, մեր կողմից այդ համափոփոխությունը ընկալվում է որպես պատճառական կապ։ Չնայած նրան, որ յուրաքանչյուր իրադարձություն կարող է ունենալ մի քանի հնարավոր պատճառներ, մեր բացատրությունների համար մենք ընտրում ենք նրանցից մեկը։ Ընդ որում, այստեղ խոսք է գնում ոչ թե գիտակցական ընտրության, այլ անգիտակցական նախընտրության մասին՝ կախված հանգամանքներից և մեր ունեցած ինֆորմացիայից։

Կելլին պնդում է, որ բացատրություններ ընտրելիս մարդիկ հիմնվում են երեք տեսակի ինֆորմացիայի վրա. տարածվածության աստիճան, անընդհատություն և վարքի ընտրողականություն։ Եթե մենք տիրապետում ենք ինֆորմացիայի այս երեք տեսակներին, ապա կարող ենք բացատրել իրադարձությունը բավական բարձր հստակությամբ։ Հակառակ դեպքում, եթե մենք ունենք միայն ինֆորմացիայի մեկ տեսակ, ապա, կախված նրանից, թե ինչ տեսակի ինֆորմացիա մենք ունենք, մեր ատրիբուցիան կամ կհասցեագրվի գործող անձին, կամ փոխազդեցության սուբյեկտին, կամ հանգամանքներին, որոնցում ընթացել է փոխազդեցությունը։ Եթե ինֆորմացիան քիչ է կամ անհասկանալի, ապա մենք ատրիբուցիա ենք իրականացնում՝ փորձելով համադրել ինֆորմացիայի այս երեք տեսակները։

Այսպիսով, անընդհատությունը, տարածվածությունը և ընտրողականությունը, համաձայն Կելլի տեսության, հանդես են գալիս որպես հիմք կաուզալ ատրիբուցիայի գործընթացի համար կովարացիայի մոդելում։

Կաուզալ սխեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած իրադարձություն որևէ պատճառի հետևանք է, որն էլ իր հերթին, պատճառ է հանդիսանում այլ հետևանքի կամ իրադարձության համար։ Այս պատճառա-հետևանքային կապերի շղթաները պահպանվում են մեր հիշողության մեջ կաուզալ սխեմաների տեսքով։ Ըստ Կելլի՝ մենք իրադարձությունը կովարացիայի մոդելով բացատրելու համար ցանկացած ինֆորմացիայի բացակայության դեպքում օգտագործում ենք կաուզալ սխեմաներ, այսինքն՝ մեր եզրակացություններում մենք հիմնվում ենք ոչ թե կոնկրետ իրադարձության մասին կոնկրետ գիտելիքի վրա, այլ ընդհանուր պատկերացման վրա։ Ընդ որում, մենք դատում ենք մոտավորապես այսպես. «այսպիսի հանգամանքներում այս պատճառը առաջացնում է այս հետևանքը»։ Արդյունքում, չնայած մենք ոչ մի ինֆորմացիա չունենք տվյալ կոնկրետ իրավիճակի մասին, միևնույն է, բացատրում ենք այն։ Ընդ որում, մարդու համար չափազանց կարևոր է ինչ-որ բացատրություն տալ տեղի ունեցողին։ Այլապես, աշխարհը նրա համար դառնում է անհասկանալի, սպառնացող, անկանխատեսելի։

Ցանկացած նախնական ինֆորմացիայի բացակայության դեպքում, եթե իրավիճակը տարբեր մեկնաբանությունների հնարավորություն է տալիս, ընդ որում, որոնք համարժեք են, ապա այս դեպքում գործում է մի քանի բավարարող պատճառների սխեման։ Այլ կեպ ասած, եթե մենք տեսնում ենք, որ բազմակի գործոններից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես տեղի ունեցողի պատճառ, ապա մեզ համար դժվար կլինի բացատրել իրադարձությունը, քանի որ հիմք չունենք՝ նախընտրությունը տալու բացատրություններից մեկին և անտեսելու մնացածները։ Հետևաբար, մեկից ավելի բացատրությունների առկայության դեպքում, նրանցից և ոչ մեկը չի օգտագործվում, տեղի է ունենում պատճառների արժեզրկում։ Որոշ իրավիճակներ պահանջում են մեկից ավելի անհրաժեշտ պատճառների սխեմաներ։

Դիսպոզիցիոն ատրիբուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեսությունները, որոնք տեղի ունեցողը բացատրում են նախորդող պատճառներով, կոչվում են կաուզալ պատճառականության տեսություններ։ Սակայն իրադարձությունները կարող են բացատրվել ոչ միայն նախորդող պատճառներով, այլև այն նպատակներով, որոնք մարդիկ դնում են իրենց առաջ։

Եթե խոսում ենք մտադրությունների և նպատակների մասին, որոնցով կարելի է բացատրել մարդկանց վարքը, ապա գործ ունենք դիսպոզիցիոն ատրիբուցայի հետ։ Համաձայն Էդվարդ Ջոնսի տեսության՝ մարդու մտադրությունների վերաբերյալ մեր եզրակացությունները հիմնված են այն պոտենցիալ հետևանքների վրա, որոնք մենք կարող է ունենալ տվյալ վարքը։ Այլ կերպ ասած, մենք մեզ համար սահմանում ենք, թե ինչ նպատակի կարելի է հասնել՝ իրագործելով հենց այն վարքը, որը մենք դիտում ենք։ Այնուհետև, դրա հիման վրա մենք եզրակացնում ենք մարդու մտադրությունների մասին։

Վարքի դիսպոզիցիոն բացատրություն մենք տալիս ենք և այն դեպքերում, երբ այն չի համապատասխանում մեր սպասելիքներին։ Ընդհանուր առմամբ, անսովոր, անսպասելի վարքը մի կողմից մեզ մոտ առաջացնում է հետաքրքրություն և ձգտում, ցանկություն ավելին իմանալու, և մյուս կողմից, դրդում է բացատրել տեղի ունեցողն այն մարդու անձնային առանձահատկություններով, ով կատարում է այդ անսպասելի գործողությունները։ Դիսպոզիցիոն բացատրության օգտագործման հավանականությունը կախված է նաև այն հանգամանքներից, որոնցում կատարվում են դիտվող գործողությունները։

Մարդկաց վարքի վերաբերյալ մեր ունեցած սպասելիքները երկու տեսակի են.

  1. Սպասելիքներ, որոնք ձևավորվում են այն ենթադրությունների հիման վրա, թե ինչպես պետք է իրենց պահեն այս կամ այն սոցիալական խմբի ներկայացուցիչները՝ գենդերային, տարիքային, էթնիկական և այլն։
  2. Հասցեագրված սպասելիքներ, որոնք կապված են կոնկրետ անձի հետ, երբ մենք տիրապետում ենք հենց տվյալ մարդու մասին որոշակի ինֆորմացիայի։

Եվս մեկ գործոն, որը դրդում է օգտագործել դիսպոզիցիոն ատրիբուցիա ուրիշի վարքը բացատրելիս այն պատկերացումն է, որ այդ վարքը ինչ-որ ձևով վերաբերում է մեզ. կամ սպառնում է, կամ ընդհակառակը օգտակար է։ Այս կերպ, ինչ չափով այլ մարդու վարքը հարաբերվում է մեզ հետ, այն չափով էլ մենք կփնտրենք այդ վարքի բացատրությունները հենց մարդու, նրա նպատակների և մտադրությունների մեջ։ Եվ, ընդհակառակը, եթե այդ վարքը մեզ քիչ է վերաբերում, մենք ավելի շուտ կսկսենք փնտրել իրավիճակային բացատրություն։

Ֆունդամենտալ ատրիբուտիվ հակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտումը՝ բացատրելու այլ մարդկանց վարքը դիսպոզիցիոն, այլ ոչ թե իրավիճակային գործոններով, կոչվում է ֆունդամենտալ ատրիբուտիվ հակում։ Ընդ որում, անվանումը ցույց է տալիս, որ այսպիսի հակումը կրում է համընդհանուր մարդկային բնույթ, այսինքն՝ համարվում է մշակութային-ունիվերսալ հակում։

Արևմտյան հասարակությունում մարդիկ միանգամայն համոզված են, որ յուրաքանչյուրը պետք է անձնային պատասխանատգովություն կրի իր գործունեության հետևանքների համար։ Ընդ որում, այս համոզմունքը հիմնականում տարածվում է ուրիշի, այլ ոչ թե սեփական վարքի վրա։

Ըստ Դանիել Ջիլբերտի՝ ֆունդամենտալ ատրիբուտիվ հակումը կրում է ոչ կամային, մեխանիկական բնույթ։ Դրա համար էլ մենք չենք կարող խուսափել նրանից, բայց կարող ենք ուղղել, շտկել մեր բացատրությունը։ Ընդ որում վերագրողի որոշակի հոգեվիճակներ, ինչպիսիք են զայրույթը, գրգռվածությունը և այլն, նպաստում են այս հակման դրսևորմանը։ Ոչ սովորական վիճակում վերագրողը մեխանիկորեն տեղի ունեցողի պատասխանատվությունը գցում է ուրիշի վրա։ Այնուհետև, նորմալ պայմաններում նա կարող է վերադիտարկել իրավիճակն ավելի օբյեկտիվ և փոխել իր տեսակետը՝ տալով իրավիճակային բացատրություն։ Այնուամենայնիվ, դա արդեն կլինի երկրորդային ատրիբուցիա դիսպոզիցիոն ատրիբուցիայից հետո։

Ֆունդամենտալ ատրիբուտիվ հակումը մասնակիորեն այն բանի հետևանք է, որ անհատական մշակույթներում սոցիալիզացիայի ընթացքում մարդը սովորում է պատասխանատվություն կրել իր կյանքի հանգամանքների համար, ինչն էլ դրդում է նրան ուրիշի վարքը բացատրել դիսպոզիցիոն պատճառներով։ Ընդ որում, շատ հաճախ այսպես բացատրվում է ուրիշի վարքը, այլ ոչ թե սեփականը։

«Կատարող-դիտողի» էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ջոնսը և Ռիչարդ Նիսբետը սեփական և ուրիշի վարքի ատրիբուցիայի տարբերությունները բացատրում են նրանով, որ, երբ մենք ինքներս ենք ինչ-որ բան անում, հանդես ենք գալիս կատարողի դերում, այն դեպքում, երբ ուրիշի վարքը մենք ընկալում ենք որպես դիտող։ Ընդ որում, կատարողի և դիտողի ուշադրության ֆոկուսը կենտրոնանում է տարբեր իրերի վրա։

Երբ մենք հանդես ենք գալիս դիտողի դերում, մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք կատարողի գործողությունների, այլ ոչ թե արտաքին պայմանների վրա. մենք տեսնում ենք կոնկրետ մարդու, ով կատարում է որոշակի գործողություններ տվյալ պահին։ Սակայն գործող անձի դերում մենք տարբեր պատճառներով մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք արտաքին հանգամանքների վրա, քանի որ տվյալ պահին դրանք ավելի շատ են անհանգստացնում։

«Կատարող-դիտողի» էֆեկտի էությունն այնն է, որ գործող անձը, բացատրելով իր վարքը, կընդգծի իրավիճակի նշանակությունը, իսկ դիտողը նույն վարքը մեկնաբանելիս կցուցաբերի դիսպոզիցիոն ատրիբուցիայի ֆունդամենտալ ատրիբուտիվ հակում։

Շատ հաճախ մեծ նշանակություն ունի սեփական վարքը «կողքից դիտելը». դերի փոփոխությունը հանգեցնում է տեղի ունեցողի ընկալման փոփոխության։ Այսպես, երբ մարդը իրեն դիտում է կողքից, ակտիվանում է նրա ինքնագիտակցությունը, և նա արդեն քիչ է հակված գնահատելու իրավիճակին՝ ուշադրություն դարձնելով ինքն իրեն։ Դիտելով ինքներս մեզ՝ մենք ձգտում ենք մեկնաբանել մեր վարքն այնպես, որ վերջինս համապատասխանի մեր ինքնագիտակցությանն ու ինքնագնահատկանին։ Հետևաբար, կատարողը, դառնալով դիտող, ոչ թե ուղղակի կողմնակի դիտող է, այլ ինքն իրեն գիտակցող գործող անձ։ Եթե իր սեփական վարքը համապատասխանում է իր ինքնագիտակցությանը, ապա նրա բացատրությունը կլինի դիսպոզիցիոն, ինչպես կողմնակի դիտողինը։ Եթե ինքն իրեն գիտակցող մարդու վարքը չի համապատասխանում նրա ես-կոնցեպցիային, ապա նա կձգտի բացատրել այն իրավիճակային գործոններով։ Այլ կերպ ասած, նա կմեկնաբանի այդ վարքն այնպես, որ այն համապատասխանի իր ինքնագիտակցությանը, հաստատի այն։

Ասվածը հանգեցնում էնրան, որ իրադարձությունների ցանկացած բարենպաստ ելք մարդիկ, որպես կանոն, բացատրում են որպես սեփական ջանքերի արդյունք՝ կիրառելով դիսպոզիցիոն ատրիբուցիա։ Անբարենպաստ ելքը մարդկանց դրդում է տալ իրավիճակային ատրիբուցիա։ Միանգամայն հակառակ բացատրությունն է տրվում ուրիշների անհաջողություններն ու հաջողությունները բացատրելիս։ Ուրիշի հաջողությունները բացատրվում են իրավիճակային հանգամանքներով, իսկ անհաջողությունները՝ անձնային առանձնահատկություններով։

Օբյեկտիվ ատրիբուցիայի մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե խոսքը վերաբերում է ես-կոնցեպցիային, ապա մարդկանցից օբյեկտիվություն սպասել չի կարելի։ Սակայն, եթե ինքնագիտակցության, հատկապես ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ չկան, մարդն ընդունակ է օբյեկտիվ դատողությունների։

Բեռնարդ Վեյները, իր օբյեկտիվ ատրիբուցիայի մոդելում, դիտարկում է երեք անկախ փոփոխականներ. պատճառականության լոկուս, կայունություն, վերահսկելիություն։

  • Պատճառականության լոկուս. ցույց է տալիս, թե ինչպիսի՝ արտաքին, թե ներքին գործոններով է պատճառավորված ստացված արդյունքը՝ հաջողություն կամ անհաջողություն։
  • Կայունություն. այն բանի ցուցանիշ է, թե ինչ չափով են կայուն և անընդհատ այն պատճառները, որոնց շնորհիվ ձեռք է բերվել այդ արդյունքը։ Օրինակ՝ առողջական վիճակը կամ տրամադրությունը բավական անկայուն գործոններ են, այն դեպքում, երբ բնավորության գծերը կամ ինտելեկտուալ ընդունաությունները բավական կայուն կազմավորումներ են։
  • Վերահսկելիություն. նշանակում է, թե ինչ չափով է մարդն ընդունակ ազդելու այն պատճառների վրա, որոնք կանխորոշել են ստացված արդյունքը, այսինքն՝ ինչքանով նա կարող է վերահսկել։

Ըստ Վեյների՝ մարդիկ հաշվի են առնում այս երեք փոփոխականները ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների հաջողություններն ու անհաջողությունները բացատրելիս։ Միայն մեկ փոփոխականը բավարար չէ ստացված արդյունքների հասկացման համար։ Իմաստ ունի միայն երեք ցուցանիշների համադրությունը։ Միայն այս դեպքում կարելի է պարզել տեղի ունեցողի օբյեկտիվ պատկերը։ Բնականաբար, այսպիսի բարենպաստ համադրություն հնարավոր է միայն տեսության մեջ, իրական կյանքում հասնել բարձր օբյեկտիվության գործնականում անհնարին է։

Ատրիբուցիայի գործընթացում այս կամ այն գործոնին նախընտրությունը կախված է մի շարք պայմաններից. համակրանք և հակակրանք, նախնական սպասելիքներ, կարծրատիպեր և այլն։ Իր հերթին, նրանից, թե դիսպոզիցիոն կամ իրավիճակային գործոններով մենք կբացատրենք մարդու կողմից ստացած արդյունքը, կախված է նրա նկատմամբ հետագա վերաբերմունքը։

Սոցիալական ընկալում և ինքնագիտակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսպոզիցիոն ատրիբուցիան կարող է հաճախ օգտագործվել որպես Ես-կոնցեպցիայի հոգեբանական պաշտշանության միջոց։ Այս մեխանիզմի հատուկ տարատեսակ է հավատ նրանում, որ մեր աշխարհը հիմնված է արդար սկզբունքների վրա, և յուրաքանչյուր մարդ վերջնարդյունքում ստանում է կյանքից այն, ինչին արժանի է։ Այս հավատը կիսում է մարդկանց մեծամասնությունը, դրա համար էլ այս դեպքում կարելի է խոսել ոչ թե անհատական, այլ զանգվածային հոգեբանական պաշտպանության մասին։

«Արդար աշխարհի տեսություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արդար աշխարհի» նկատմամբ հավատի ֆենոմենը բացահայտվել է 20-րդ դարի 60-ական թվականներին կանադացի սոցիալական հոգեբան Մելվին Լերների կողմից, ով այս ֆենոմենը նկարագրել է իր արդար աշխարհի տեսության մեջ։ Ըստ Լերների՝ արդար աշխարհի նկատմամբ հավատը հասարակական, աշխարհայացքային, նույնիսկ փիլիսոփայական հայացք է աշխարհի կառուցվածքի նկատմամբ։ Բայց այս հավատը ոչ այնքան մտավոր կոնստրուկտ է, որքան հոգեբանական պահանջմունք, անհրաժեշտություն և ցանկություն հավատալու, որ աշխարհն արդար է։ Լերները ենթադրում է, որ մեծամասնության բարեկեցությունը փոքրամասնության անբարեկեցության ֆոնին պահանջում է որոշակի բացատրություն և արդարացում։ «Արդար աշխարհի» նկատմամբ հավատը հենց թույլ է տալիս որոշակի ձեռքբերումների հասած մարդուն, համարել, որ իր բարեկեցությունն ինքը վաստակել է և արժանի է։ Միևնույն ժամանակ, ուրշներն էլ ունեն այն, ինչին արժանի են։ Վերջնարդյունքում, յուրաքանչյուրն ունի այն, ինչին արժանի է, չէ՞ որ աշխարհ արդար է։

Առօրյա կյանքում արդար աշխարհի նկատմամբ հավատը հանգեցնում է նրան, որ խաբեությունների, բռնությունների զոհ դարձած մարդիկ կարեկցանք ստանալու փոխարեն՝ լսում ենք մեղադրանքներ իրենց հասցեին։ Հենց նրանց են համարում մեղավոր և պատասխանատու իրենց հետ կատարվածի համար։

Այսպիսով, մարդիկ պահանջմունք ունեն հավատալու արդարացի աշխարհին։ Այդ հավատը նրանց տալիս է հիմք, հուսալիության և կայունության զգացում։ Այդ հավատը պահպանելու համար կարելի է ուղղակի անտեսել անարդարության դեպքերը։

Իհարկե, ըստ Լերների, եթե ինչ-որ իրադարձություն չի համապատասխանում «արդար աշխարհի» մեր կոնցեպցիային և ընկալվում է որպես ակնհայտ անարդարացիություն, ապա դա կարող է դրդել մեզ իրական գործողությունների այդ անարդարացիությունը վերացնելու համար։ Ավելին, դա թույլ է տալիս ազատվելու վախից, որ ինքներս կարող ենք «անարդարության զոհ» դառնալ։

Անձի իմպլիզիտային տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզանից յուրաքանչյուրը, ձեռք բերելով սոցիալական հմտություններ և փորձ, ոչ կամային ձևով ստեղծում է որոշակի տեսություններ, այդ թվում և անձի տեսություններ, որոնցում փորձում է որսալ այն բանի տրամաբանությունը, թե ինչպես են մարդկանց մեջ փոխկապակցված այս կամ այն որակները, այս կամ այն բնութագրերը։ Երբեմն այդ տեսությունները չեն ստեղծվում անհատի կողմից, այլ ուղղակի փոխառվում են ուրիշի փորձից կամ հասարակական կարծիքից։ Այս բնութագրերն, իրենց հերթին, կապվում են որոշակի վարքի հետ։ Այսպիսի տեսությունները կոչվում է իմպլիցիտային, քանի որ մի կողմից այն, թե ինչ է նրանցում հաստատվում, մարդկանց կողմից ընկալվում է որպես ինքնին պարզ, և մյուս կողմից, դրանք կրում են չգիտակցված բնույթ, այսինքն ստեղծվում են ինքնաբերաբար։ Հասկանալի է, որ այսպիսի տեսությունները վատ են համաձայնվում տրամաբանության հետ, բայց, այնուամենայնիվ, տիրապետում են մեր պատկերացումներում։ Հենց այս տեսությունների պրիզմայով մենք ընկալում ենք մեզ շրջապատողներին։

Իմպլիցիտային տեսություններում ճշմարտացիությունը հեշտ է ստուգման ենթարկել՝ հետազոտելով, թե ինչքանով են իրականում փոխկապակցված նրանցում գուգորդված անձնային գծերը։ Բայց իմպլիցիտային տեսություները հենց դրանով էլ տարբերվում են գիտականից, որ նրանց հեղինակներն ամենևին անհանգստացած չեն դրանց ստուգմամբ։ Այս տեսություններն ինքնին ճշմարիտ են։

1946 թվականին Սողոմոն Աշը ստեղծել է «անձի կենտրոնական գծերի տեսությունը»։ Ըստ նրա՝ անձի կենտրոնական գծերը նրա այնպիսի բնութագրերն են, որոնք ամբողջությամբ կանխորոշում են նրա մասին տպավորությունը։ Իր հետազոտությունների հիման վրա Աշը եզրակացրել է, որ սրտակցությունը և սառնությունը անձի ընկալման համար կենտրոնական գծեր են, այդ նույն ժամանակ դաստիարակվածություն-չդաստիարակվածությունը ծայրամասային բնութագրեր են։

Հարոլդ Կելլին էլ իր հետազոտությունների հիման վրա եզրակացրել է, որ կենտրոնական գծերին վերաբերող բնութագրերն ունակ են ազդելու մարդու մասին ամբողջական տպավորության ձևավորման վրա՝ նախքան նրա հետ ծանոթությունը։ Երկրորդ՝ այդ տպավորությունն այնքան ուժեղ է, որ իրական ծանոթությունն ու փոխազդեցությունն այդ մարդու հետ ի վիճակի չէ փոխելու այդ տպավորությունը։

Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ կենտրոնական գծերի հիմնախնդիրն ավելի բարդ է։ Այսպես, մարդիկ այս կամ այն բնութագրին որոշիչ նշանակություն են տալիս ոչ թե ընդհանրապես, այլ կախված նրանից, թե ինչ տեսակի սոցիալական փոխազդեցության մեջ են գտնվում։ Այսպիսի փոխադեցությունների ամբողջական սպեկտրը կարելի է բաժանել երկու տեսակի. սոցիալ-միջանձնային և ինտելեկտուալ-գործնական։ Առաջին տեսակի փոխազդեցությունների համար այնպիսի բնութագեր, ինչպիսիք են սառնությունն ու սրտակցությունը, կարող են նշանակալից լինել, իսկ երկրորդ տեսակի համար՝ պակաս նշանակալից։

Ասվածի համաձայն՝ կարելի է եզրակացնել, որ բնավորության կենտրոնական գծեր գոյություն չունեն։ Ճիշտ է խոսել անձնային գծերի հավաքի մասին, որոնք պայմանավորում են մարդու մասին տպավորությունը։ Այդ բնութագրերի հավաքը կախված է նրանից, թե սոցիալական ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում մարդիկ։

Իմպլիցիտային սոցիալական տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ ոչ միայն ստեղծում են անձի իմպլիցիտային տեսություններ, որոնցում ցույց են տրվում բնութագրական անձնային գծեր, այլև իմպլիցիտային սոցիալական տեսություններ, որոնցում կապվում են միմյանց հետ որոշակի սոցիալական իրադարձություններ, այսինքն՝ դուրս են բերվում պատճառա-հետևանքային կապեր։

Իմպլիցիտ սոցիալական տեսությունները գիտական տեսություններից տարբերվում են նրանով, որ, առաջին հերթին, նրանցում բացակայում են հստակ, ճիշտ ձևակերպումները, ինչն էլ նրանց դարձնում է անորոշ։ Երկրորդ՝ ֆորմալիզացված սոցիալական տեսությունները հիմնված են խիստ տրամաբանության վրա և ստուգման են ենթարկվում հատուկ ընթացակարգերով՝ ի տարբերություն իմպլիցիտային տեսությունների, որոնք ճշմարիտ են համարվում առանց ստուգման։

Ըստ Ջորջ Կելլիի՝ մարդիկ ընկալում են աշխարհը պարզ օրինակների, սխեմաների օգնությամբ, որոնք հենց իրենք են ստեղծում։ Մեկնաբանելով իրադարձություններն ու երևույթները՝ նրանք փորձում են իրենց շրջապատող սոցիալական աշխարհը ներկայացնել ծանոթ սխեմաներով։ Այս սխեմաները Կելլին անվանել է «կոնստրուկտներ»։ Կոնստրուկտը մի կողմից աշխարհի մեկնաբանման միջոց է, նրան հասնելու փորձ, մյուս կողմից՝ այդ մեկնաբանությանը համապատասխանող վարք։ Այսպես, մեր վարքը կանխորոշվում է նրանով, թե ինչպես ենք մենք մեկնաբանում մեզ շրջապատող աշխարհը։

Ամենաշատը մարդիկ հետաքրքրված են նրանով, որ որպեսզի բացարձակ համոզված լինեն իրենց կոնստրուկտների համակարգով։ Դրա համար էլ նրանք ձգտում են ստանալ այնպիսի ինֆորմացիա, որը կհաստատի իրենց հայացքները։ Դա աշխարհը դարձնում է հասկանալի և կանխատեսելի։ Եվ քանի որ բացարձակ օբյեկտիվ ճշմարտություն գոյություն չունի, ըստ Կելլի՝ գիտական տեսությունները ոչ մի առավելություն չունեն իմպլիցիտային տեսությունների նկատմամբ։ Ըստ Կելլիի ֆենոմենոլոգիական մոտեցման՝ կարևոր է, թե ինչպես են շրջապատող օբյեկտները, երևույթները ընկալվում մարդու կողմից, ինչպես են հարմարեցվում նրա կոնստրուկտների համակարգին։

Կոգնիտիվ սխեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ սխեմաները սոցիալական փորձի կազմակերպան միջոց են։ Նրանց մասին պատկերացումն ի հատ է եկել հոգեբանության մեջ 20-րդ դարի 20-30-ական թվականներին։ Նեոբիհեյվիորիզմի հիմնադիրներից մեկի՝ Էդվարդ Թոլմերի մոտ հանդիպում ենք «կոգնիտիվ քարտեզներ» հասկացությունը։ Այսպես նա անվանել է մարդկանց և կենդանիների կենտրոնական նյարդային համակարգում նյարդային իմպուլսների ձևով առաջացած հետքը, որը ֆիքսում է որոշակի վարքային պատկեր։ Այլ կերպ ասած, ըստ Թոլմենի՝ կոգնիտիվ քարտեզները ԿՆՀ-ի նյարդային կապերի սխեմաներն են, որոնց համապատասխան իրականացվում է օրգանիզմի վարքը։

Հոգեբան կոգնիտիվիստները «սխեմա» հասկացությունը սահմանում են որպես հատուկ ձևով կազմակերպված գիտելիքների ձև՝ ստացված անցած փորձից, որոնց հիման վրա մենք մեկնաբանում ենք ընթացիկ իրադարձությունները և իրականացնում ակտուլ վարք։ Սխեմայի տարատեսակներից է Ես-կոնցեպցիան. մեր ընկալումն ու այլ մարդկանց ճանաչումը բեկվում է մեր ինքնագիտակցության պրիզմայով։ Գոյություն ունեն կոգնիտիվ սխեմաների շատ տարատեսակներ, որոնց հիման վրա մարդիկ կազմակերպում են իրենց սոցիալական փորձը։ Այդ սխեմաներն անմիջականորեն ազդում են մարդու սոցիալական վարքի վրա։ Ամենատարածված սխեմաներից են նախատիպերն ու կարծրատիպերը։

Նախատիպ (պրոտոտիպ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպիսի կոգնիտիվ սխեմա է, որի մեջ ներառված են որոշակի տեսակի մարդկանց, առարկաների, իրավիճակների և հանգամանքների հետ մեզ մոտ ասոցացվող հատկանիշները, գծերը, առանձնահատկությունները։

Կարելի է ասել, որ նախատիպը հանդես է գալիս որպես նախնական տիպային օրինակ մարդկանց, երևույթների, իրերի վերաբերյալ։ Յուրաքանչյուր մարդ ունի պրոտոտիպային պատկերացումներ որոշակի մասնագիտությամբ մարդկանց մասին, օրինակ՝ բժշկի, վարորդի, ուսուցչի և այլն, տարբեր խառնվածքով մարդկանց մասին, տարբեր արտաքինով և այլն։ Նախատիպի՝ որպես սխեմայի, տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ վերջինս ձևավորվում է մեր սեփական փորձի հիման վրա։ Մեր առաջին փոխազդեցությունը բժշկի կամ ուսուցչի հետ հանգեցնում է նրան, որ մեզ մոտ պատկերացում է ստեղծվում, թե ինչպիսին է «տիպիկ բժիշկը», «տիպիկ ուսուցիչը» և այլն։ Այս պատկերացումն այնուհետև ծառայում է որպես ստանդարտ, որի հետ մենք հարաբերում ենք յուրաքանչյուր բժշկին, ուսուցչին։ Բնականաբար, մեզ դուր է գալիս, երբ մարդը «մտնում է» մեր պրոտոտիպի մեջ։ Կարծես թե, գոյություն ունեն «տիպիկ բժիշկներ», «տիպիկ ուսուցիչներ» և այլն։

Իհարկե, նախատիպերն անփոփոխ չեն. նրանք փոփոխվում են այն չափով, որքանով փոփոխվում են նրանք, ովքեր մոդել են ծառայել նախատիպերի ստեղծման համար։ Բացի մարդկանցից, մենք կարող ենք ունենալ և առարկաների, և երևույթների, իրավիճակների պրոտոտիպեր(«տիպիկ քննություն», «տիպիկ սրճարան»), որոնք նույնպես հանդես են գալիս որպես ստանդարտներ համեմատության համար։

Սոցիալական կարծրատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կոգնիտիվ սխեմաները ձևավորվում են որոշակի սոցիալական խմբի անդամների վերաբերյալ՝ էթնիկական, գենդերային, տարիքային և այլն։ Կարծրատիպը տարբերվում է պրոտոտիպից և ձևավորման միջոցով, և գործառնման մեթոդով։ Եթե պրոտոտիպի հիմքում ընկած են անհատական փորձն ու գիտելիքները, ապա կարծրատիպերը հիմնված են սոցիալական, խմբային պատկերացումների վրա, որոնք անհատը դեռ մանուկ հասակից ստանում է շրջապատից. առաջին հերթին, ծնողներից, ապա հասակակիցներից և այլ նշանակալից մարդկանցից։ Այլ կերպ ասած, կարծրատիպերը ձևավորվում և ամրապնդվում են սոցիալական ուսուցման արդյունքում։ Որևէ սոցիալական խմբի վերաբերյալ ձևավորված սոցիալական կարծրատիպը այնուհետև տարածվում է նրա յուրաքանչյուր անդամի նկատմամբ։ Այս կերպ, կարծրատիպերը գործում են դեդուկտիվ մեթոդի կանոններով, ի տարբերությունն պրոտոտիպի, որը համապատասխանում է ինդուկտիվ մեթոդին։

Քանի որ կարծրատիպերը մեր գիտակցության մեջ ինքնաբերաբար են առաջանում, մենք ի վիճակի չենք վերահսկելու այս գործընթացը։ Մենք միայն կարող ենք գիտակցականորեն ձգտել նրան, որ թուլացնենք կարծրատիպերի ազդեցությունը մեր տպավորությունների և վարքի վրա։ Ամբողջությամբ ազատվել կարծրատիպերից անհնար է։ Մեզանից յուրաքանչյուրն ունի տղամարդու, կնոջ, երեխայի և այլնի վերաբերյալ կարծրատիպեր։

«Կարծրատիպ» (ստերեոտիպ) տերմինն առաջին անգամ օգտագործել է լրագրող Վալտեր Լիպմանը 1922 թվականին՝ այն սահմանելով որպես «պատկեր գլխում»։ Լիպմանը կարծրատիպը դիտարկել է միայն որպես մարդու մասին բացասական պատկերացում։ Ըստ նրա՝ կարծրատիպերի օգնությամբ մարդիկ ձգտում են պահպանել իրենց արտոնյալ սոցիալական դիրքը։ Կարծրատիպերի վերաբերյալ նման հայացք ունեին հոգեվերլուծության կողմնակիցները՝ այն սահմանելով որպես նևրոտիկ պաշտպանական մեխանիզմ, անգիտակցական իմպուլսների արդյունք։

Իրապես, սոցիալական կարծրատիպերը հաճախ բովանդակում են նախապաշարմունքներ, անարդարացի, վիրավորական բնութագրեր այս կամ այն սոցիալական խմբի վերաբերյալ։ Նախապաշարմունքներն, իրենց հերթին, առաջացնում են դիսկրիմինացիոն վարք։

Կարծրատիպերն ընդգրկում են ոչ միայն բացասական պատկերացումներ, այլև չեզոք և նույնիսկ դրական բնութագրեր։ Այլ կերպ ասած, այլ կոգնիտիվ սխեմաների նման կարծրատիպերը կարող են ներառել բազմազան պատկերացումներ՝ և դրական, և բացասական։ Կարծրատիպերում ներառված բնութագրերը կարող են, արտացոլել սոցիալական խմբերին հատուկ իրական հատկանիշներ։ Բայց հաճախ նրանցում արտացոլվում է վախ, քսենոֆոբիա, մոլորություն, անտեղյակություն, պատահական դիտարկումներ և սխալ ընդհանրացումներ։

Այսպիսով, կարծրատիպերը սոցիալական ուսուցման արդյունք են, նրանց ծագումն ու պահպանումն իրագործվում է սոցիալական միջավայրի ազդեցության շնորհիվ։ Իր զարգացմանը համապատասխան՝ երեխան ընկալում և յուրացնում է կարծիքներ և համոզմունքներ։ Դրա համար էլ յուրաքանչյուր մարդու պատկերացումները ներառում են այլ հասարակության վախերը, նախապաշարմուքները, որում նա դաստիարակվում է և որին պատկանում է։ Մեր կոգնիտիվ սխեմաների կառուցվածքն ու բովանդակությունը պայմանավորված են շատ գործոններով։

Սոցիալական ճանաչողության փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած սոցիալական ճանաչողությունն առաջին հայացքից թվում է չկարգավորված և քաոսային, այնուամենայնիվ, ինչպես ցանկացած գործընթաց, ունի իր տրամաբանությունը, օրինաչափություններն ու փուլերը։ Սոցիալական ճանաչողության գործընթացը պայմանականորեն բաժանվում է երեք փուլերի. առաջնային կատեգորիզացիայի, ամրապնդման, ռեկատեգորիզացիայի՝ ճշգրտման։

Առաջնային կատեգորիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փուլը սկսվում է հենց մենք իրականում հանդիպում ենք մարդուն կամ լսում կամ կարդում նրա մասին։ Այսինքն՝ մեր ընկալման ոլորտում հայտնված մարդուն միանգամից ձգտում ենք «դասակարգել», «ներառել» որոշակի կատեգորիայի մեջ, այսինքն՝ որոշել նրա պատկանելիությունը մարդկանց այս կամ այն տեսակին։ Հասկանալի է, որ այստեղ ներառվում են կոգնիտիվ սխեմաներ, էվրիստիկաներ և այլն։ Այլ կերպ ասած, տեղի է ունենում արդեն իսկ ունեցած գիտելիքների ակտիվացում։ Հիշողության մեջ անցած փորձի ակտիվացման և գիտակցության մեջ «վերադարձի» գործընթացը կոչվում է պրայմինգ, որը նպաստում է նրան, որ որոշակի կոգնիտիվ սխեմաներ և հասկացություններ, անընդհատ ակտիվանալով հիշողության մեջ, դառնում են մեզ համար հասանելի և սովորական և հեշտ են հիշվում, քան հազվադեպ ակտիվացող և օգտագործվող սխեմաները։ Այսպես, մարդն ունի որոշակի ստանդարտ՝ «աշխատանքային» կոգնիտիվ բաղադրիչներ, որոնք նա հաճախ է օգտագործում և որոնք արտահայտում են նրա հայացքների, պատկերացումների, համոզմունքների, ինչպես նաև հակումների, սովորությունների համակարգը։

Կատեգորիզացիայի ժամանակ բացի կոգնիտիվ սխեմաներից՝ ներառված են էվրիստիկաներ, կեղծ կոնսենսուսը, սոցիալական համեմատությունը, մեր համակրանք-հակակրանքը, նախապաշարմուքները։ Իսկ դա այն պատճառով է, որ սոցիալական ընկալումը տեղի է ունենում Ես-կոնցեպցիայի պրիզմայով։ Ընդ որում, կատեգորիզացիա մենք իրականացնում ենք անգիտակցականորեն՝ առանց որոշակի նպատակի։

Կան կատեգորիզացիայի գործընթացի մի քանի պատճառներ։ Մի կողմից, նրա օգնությամբ ճանաչողության ընթացքում մենք հեշտացնում ենք ընկալման և մտածողության գործընթացը՝ հանգեցնելով նվազագույնի։ Իրապես, ավելի հեշտ է և հարմար ընկալել ինֆորմացիան և մտածել կատեգորիաներով, քան փորձել գործ ունենալ բազմանշանակ ինֆորմացիայի հետ։ Մյուս կողմից, կատեգորիզացիան միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս սկսելու ճանաչողության գործընթացը՝ ճանապարհ բացելով հետագա սոցիալական փոխազդեցության համար։ Մենք չունենք ճանաչողության այլ միջոց կամ հնար, բացի նրանից, որ տեսնելով մարդուն՝ սկզբում միանգամից սահմանել նրան լայն, սահմանային կատեգորիայով՝ Homo Sapiens։ Իսկ այնուհետև, ելնելով մարդկային բնության վերաբերյալ մեր սեփական փիլիսոփայությունից՝ շարունակել ճանաչողությունը, որի ընթացքում մենք անցում ենք կատարում «մարդ» վերացական հասկացությունից անհատի մասին առավել կոնկրետ եզրակացությունների։ Կոնկրետացնելով և մանրամասնելով նրա մասին ինֆորմացիան՝ մենք որոշում ենք նրա սեռը, ռասայական և ազգային պատկանելիությունը, սոցիալական կարգավիճակը, բնավորության գծերը և այլն։

Այս կերպ, կատեգորիզացիան այն միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս սկսելու մարդու հետ փոխազդեցությունը՝ դրա համար ունենալով որոշակի ինֆորմացիոն հիմք։ Գործոնները, որոնք կարող են ազդել մեր դիմացինի վրա ուշադրություն դարձնելուն, բազմազան են։

Առաջին հերթին, մարդու ուշադրությունը գրավում են վառ օբյեկտները, այդ թվում և վառ, արտասովոր մարդիկ։ Հետևաբար կատեգորիզացիայի գործընթացում տպավորության ձևավորման ժամանակ մեծ նշանակություն ունի մարդու հուզական վիճակը։ Ընդ որում, օբյեկտի ընկալմամբ առաջացած ուժեղ հույզերը խոչընդոտում են մեր հստակ ընկալմանը, աղավաղում այն։ Լավ կամ վատ տրամադրությունը նույնպես կարող է ազդել մեր ընկալման հստակության վրա։ Լավ տրամադրությամբ մարդիկ ստեղծում և օգտագործում են ընդհանուր կատեգորիաներ, քան վատ տրամադրությամբ մարդիկ։ Այլ կերպ ասած, բարձր տրամադրության դեպքում մարդիկ չեն նկատում մանրամասները, երանգները, մանրուքները։

Մեր ուշադրությունը գրավում են նաև անսովոր, տարբերվող ազդակները, այսինքն՝ ընդհանուր համատեքստից առանձնացող մարդիկ և իրադարձությունները. բարձրահասակը ցածրահասակների շրջանում, գեր մարդը նորմալ մարմակազմվածքով մարդկանց շրջանում և այլն։ Բոլոր այսպիսի մարդիկ հետաքրքրություն են առաջացնում միայն այն պատճառով, որ կառանձնանան ընդհանուր ֆոնից, միգուցե, այլ միջավայրում նրանք նրանք ուշադրություն չգրավեն։

Անկախ նրանից, թե քանի գործոն են ազդում տպավորության ձևավորման պահին, կատեգորիզացիան, միևնույն է, կկայանա։ Կատեգորիզացիայի մանրամասն իրականացումը պայմանավորված է այն հանգամանքով, արդյո՞ք մարդը հետաքրքիր է մեզ։ Եթե մարդը մեզ քիչ հետաքրքիր է, ապա մենք կսահմանփակվենք միայն «սովորական» մարդ մեկնաբանությամբ. դրանով իսկ կատեգորիզացիան կավարտվի։ Իսկ եթե մարդը մեզ հետաքրքիր է, ապա կատեգորիզացիայի գործընթացը շարունակվում է. մենք կփորձենք մարդու մասին ավելին իմանալ, այսինքն՝ կլցնենք առաջնային, «աղքատ» կատեգորիան ավելի հարուստ բովանդակությամբ։ Հետևաբար, կախված նրանից, թե ինչքան խորը տպավորություն է թողել մարդը մեզ վրա, կպայմանավորվի և նրա հետ մեր ծանոթության, մոտիկության աստիճանը, ինչպես նաև այն, թե ինչքանով նրա մասին ունեցած գիտելիքները կհամապատասխանեն նրա իրական բնութագրերին։

Ամրապնդում, հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մենք մարդու մասին ձևավորել ենք որոշակի տպավորություն առաջնային կատեգորիզացիայի միջոցով, ապա հետագա ինֆորմացիան նրա մասին կընկալվի այդ տպավորության և նրա հետ կապված սպասելիքների պրիզմայով։

Մարդիկ, որպես կանոն, շահագրգռված են նրանում, որ համոզվեն իրենց ճշմարտացիության մեջ, և դրա համար էլ ամեն կերպ ձգտում են հաստատել իրենց տպավորություններն ու եզրակացությունները։ Սեփական ճշմարտացիության ապացույցն ընկալվում է մարդկանց կողմից ընկալվում է որպես իրենց սոցիալական փորձառության, սոցիալական միջավայրում կողմնորոշվելու կարողության երաշխիք։ Սեփական դատողությունների անսխալության մեջ վստահությունն օգնում է վերջնարդյուքում հաղթահարել անհանգստությունը, տագնապը, անհայտն ու անհասկանալին։

Սեփական տպավորությունների և եզրակացությունների ամրապնդման համար օգտագործվող միջոցները նույնն են, ինչ ինքն իր մասին դատողությունների հաստատման համար։ Դա ընտրողական մոտեցումն է ինֆորմացիային, «սխալ», «անօգտակար», «անհարմար» ինֆորմացիայի անտեսումը, ինքնահաստատվող սպասելիքներ, ինքնաիրագործվող մարգարեություններ։

Ինչ վերաբերում է ընտրողականությանը, ապա որոշակի կարծիք ձևավորելով՝ մարդիկ ձգտում են հետագայում ընկալել միայն ինֆորմացիան այն մասին, որը համապատասխանում է նրանց պատկերացումներին։ Ընդ որում, այդ ինֆորմացիան կգնահատվի որպես եզրակացությունների հիմնավորվածության ապացույց։ Ավելին, մարդիկ կարող են նույնիսկ փնտրել վարքի այնպիսի օրինակներ, որոնք կամրապնդեն իրենց ունեցած տպավորությունը։

Այն դեպքում, երբ հետագա ինֆորմացիան հակասում է հետագա կատեգորիզացիային, մարդիկ կարող են ուղղակի անտեսել այն, ուշադրություն չդարձնել։ Ինֆորմացիայի անտեսման հատուկ տարատեսակ է փաստերի մեկնաբանումը հակադիր նշանակությամբ։ Ընդ որում, տպավորությունների ամրապնդման նկարագրված միջոցները հաճախ չեն գիտակցվոմ և անգիտակցականորեն են կիրառվում։

Ռեկատեգորիզացիա, ճշգրտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում մարդու բնութագրերը չեն մտնում ստեղծված սխեմայի մեջ։ Նման անհապատասխանության դեպքում, մարդիկ փորձում են առավել հստակ պատկերացում ստեղծել՝ հետ չկանգնելով առաջնային սխեմայից։ Նրանից չեն հրաժարվում, այլ մի փոքր պարզաբանում են, ձևափոխում։

Փաստը, որ մարդու մասին հետագա ամբողջ ինֆորմացիան չի համապատասխանում նրա մասին ունեցած տպավորությանը, պարտադիր չէ հանգեցնի նրա անտեսմանը։ Այդպիսի իրավիճակը կարող է նաև դրդել՝ պարզաբանելու առաջնային տպավորությունը։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդու մասին առաջին տպավորությունը ձևավորվել է կարծրատիպերի, ընդհանուր սոցիալական բնութագրերի հիման վրա։ Մարդու հետ հետագա ծանոթությունը բերում է կարծրատիպերի «մաքրմանը»։ Բայց սա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ հետագա ինֆորմացիան հակասում է առաջնային կատեգորիզացիային։

Բացի այդ, այն դեպքերում, երբ մարդու մասին մեր ունեցած բնութագրերը անորոշ են և պարզեցման, ճշգրտման կարիք ունեն, կարելի է դիմել ռեկատեգորիզացիայի։

Ինքնաիրականացվող մարգարեությունների էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ անգիտակցականորեն ձգտում են իրականություն դարձնել իրենց ֆանտազիաները։

Մարդն ընկալում է ուրիշներին ոչ թե պասիվ, այլ ստեղծագործականորեն՝ ունենալով իրենց սեփական տեսությունները, պատկերացումները և սպասելիքներն առանձին անհատների, սոցիալական խմբերի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, փոխազդեցության հետագա գործընթացը կարող է անսպասելիորն հաստատել այդ սկզբնական սխալ սպասելիքներն ու պատկերացումները։ Այս երևույթը կոչվում է ինքնաիրականացվող մարգարեություն։ Ինքնաիրականացվող մարգարեությունն ի սկզբանե իրավիճակի կեղծ սահմանում է, որն առաջացնում է նոր վարք՝ հանգեցնելով նրան, որ սկզբնական կեղծ պատկերացումը դառնում է ճշմարիտ։ Այս էֆեկտի հաստատումը նպաստում է սխալի պահպանմանը, քանի որ այսպիսի մարգարեության հեղինակը իրադարձությունների զարգացումը կբերի որպես ապացույց, որ ինքը սկզբից էլ ճիշտ էր։

Այս տրամաբանության էությունն նրանում է, որ ուրիշի մասին իր պատկերացումներով մարդը կարող է դրդել նրան այնպիսի վարքի, որը հաստատում է այդ սկզբնական պատկերացումները։ Մարդու մասին մեր առաջին տպավորությունը կպայմանավորի մեր վարքը նրա նկատմամբ։ Իսկ մեր վարքն իր հերթին կառաջացնի պատասխան ռեակցիա այնպես, որ մեր սկզբնական բնական տպավորություններն ու սպասելիքները կհաստատվեն։ Այստեղից էլ՝ կարելի է եզրակացնել, որ այն, ինչ մենք համարում ենք գրավիչ կամ վանող, գեղեցիկ կամ տգեղ այլ մարդու մեջ մեր սեփական որակների արտացոլումն է, որոնք մենք պրոյեկցիայի մեխանիզմով վերագրում ենք այլ մարդկանց։ Այս էֆեկտն այլ կերպ անվանում են «ինքնահաստատվող սպասելիքներ»։

Սպասելիքների հաստատման գործընթացը կրում է երկկողմանի բնույթ։ Սխալ է ենթադրելը, որ մենք միշտ կարող ենք առաջացնել սպասվող վարք այլ մարդկանց մոտ։ Մարդն իրեն պահում է իր Ես-կոնցեպցիային համապատասխան, նա ունի իր սեփական պատկերացումներն իր, իր նպատակների, խնդիրների և վարքի մասին։

Հետազոտողներն առանձնացրել են սպասելիքների իրականացման մի քանի պայմաններ.

  • Եթե այդ սպասելիքներն էապես տարբերվում են դիմացինի ես-կոնցեպցիայից, ապա ինքնահաստատվող սպասելիքների էֆեկտը չի իրականանա։
  • Եթե այդ սպասելիքները չափազանց ակնհայտ են արտահայտված, ապա մարդն ուղղակի չի ցանկանա հաստատել դրանք։
  • Մարդկանց մեծ մասը չի ցանկանա հաստատել բացասական սպասելիքները։

Շատ կարևոր է այն հանգամանքը, թե ինչպես ենք մենք մեկնաբանում այն մարդու վարքը, ում նկատմամբ ունենք որոշակի սպասելիքներ, ընդ որում, մարդու համար շատ կարևոր է իր առաջնային տպավորությունների հաստատումը։ Մենք ինքներս ենք ստեղծում մեր սոցիալական իրականությունը։ Մարդը տեսնում է միայն այն, ինչ ցանկանում է տեսնել և անտեսում է ցանկացած ինֆորմացիա, որը չի համապատասխանում իր սպասելիքներին։

«Կանխատեսումների հաստատման» գործընթացը կարող է ունենալ և հեռավոր հետևանքներ. այն պարտադիր չի ավարտվում անհատների շփումից հետո։ Եթե շրջապատողները մարդուն համարում են լավ մասնագետ, ապա նա, հավանաբար, կձգտի արդարացնել նրանց սպասելիքները։ Նա կարող է սկսել բարձրացնել իր պրոֆեսիոնալիզմի մակարդակը, մտածել հետագա աճի, իր հեռանկարների մասին։ Այս տեսանկյունից՝ կարելի է խոսել ինքնահաստատվող կանխատեսումների թերապևտիկ ազդեցության մասին։

Մեր մասին ունեցած համոզմունքներն ու ենթադրությունները նույնպես կարող են ինքնաիրականացվել։ Եթե մենք ենթադրում ենք մեզ մոտ որոշակի որակների առկայություն, ապա դրանք իրականում կարող են դրսևորվել մեր վարքում։ Այսպես, ինքնահաստատվող սպասելիքների հտևանքները ինչպես ուրիշների, այնպես էլ ինքներս մեր նկատմամբ, կարող են դրսևորվել և հեռավոր ապագայում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семечкин Н.И. Социальная психология. – М. – СПб։ Изд-во «Питер», 2004. – 376 с.
  • Крысько В.Г. Социальная психология։ Учеб. – М.։ Владос Пресс, 2002. – 448 с.
  • Андреева Г. Социальная психология, Учебник для высших учебных заведений /5-е изд., испр. и доп. — М.։ Аспект Пресс, 2007. — 363 с.
  • Андреева Г. Психология социального познания. Издательство։ Аспект Пресс, 2000. 304с.
  • Социальная психология։ Хрестоматия. – М.։ Аспект Пресс, 1999. – 475 с.
  • Гофман Э. Представление себя другим // Современная зарубежная социальная психология։ Тексты. М.։ Изд-во Моск. ун-та, 1984.
  • Джонс Э., Нисбет Р. Действующее лицо и наблюдатель։ различия в восприятии причин поведения (1971) // Пайнс Э., Маслач К. Практикум по социальной психологии. СПб.։ Питер, 2000. С. 149-167.
  • Келли Г. Процесс каузальной атрибуции // Современная зарубежная социальная психология։ Тексты. М.։ Изд-во Моск. ун-та, 1984. С. 127-138.
  • Манере Д. Социальная психология / Пер. с англ. СПб.։ Питер, 1997. 684 с.
  • Снайдер М. Когда вера создает реальность։ самоподтверждающееся влияние первых впечатлений на социальное взаимодействие // Пайнс Э., Маслач К. Практикум по социальной психологии. СПб.։ Питер, 2000. С. 140-149.
  • Тверски А., Канеман Д. О психологии прогнозирования (1973) // Пайнс Э., Маслач К. Практикум по социальной психологии. СПб.։ Питер, 2000. С. 120-139.
  • Тейлор Ш. Социальное познание и здоровье // Пайнс Э., Маслач К. Практикум по социальной психологии. СПб.։ Питер, 2000. С. 487-505.
  • Эймэбайл Т., Стейнмец Д., Росс Л. Социальные роли, социальный контроль и искажения в процессах социального восприятия (1977) // Пайнс Э., Маслач К. Практикум по социальной психологии. СПб.։ Питер, 2000. С. 107-120.
  • Уорд К, Занна М., Купер Д. Невербальные способы передачи самоисполняющихся пророчеств при межрасовом взаимодействии (1974) // Пайнс Э., Маслач К. Практикум по социальной психологии. СПб.։ Питер, 2000. С. 345-366.
  • Jettison J.M. & Green J. A self-presentation approach to the fundamental attribution error։ The norm of intemality // Journal of Personality and Social Psychology. 1981. № 40. P. 643-649.
  • Kelly, H., Michela, J. (1980). Attribution theory and research. Annual reviews inc, 31, 460.
  • McLeod, S. (2010). Attribution theory, Simply psychology, http://www.simplypsychology.org/attribution-theory.html
  • Jones E.E. & Davis K.E. From acts to dispositions։ The attribution process in person perception // Advances in Experimental Social Psychology. 1965. № 2. P. 219-266.
  • Weiner B. Achievement motivation and attribution theory. Morristown, NJ, 1974.