Խառնվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խառնվածքը (լատ. temperamentum - չափսերի համապատասխան հարաբերություն) շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար։[1]

Խառնվածքի տիպերը ըստ Հիպոկրատի և Գալենի։ Հումորալ տեսություն[խմբագրել]

Խառնվածքի տիպերի դասակարգման պատմության մեջ առաջինը ըստ հնության հիշատակվում է հումորալ տեսությունը։ Այն հիմնված է հին հույն բժիշկ Հիպոկրատի մ.թ.ա. 5-րդ դարում առաջ քաշած հեղուկների մասին տեսության վրա։ Համաձայն այդ տեսության մարդու օրգանիզմում եղած չորս հեղուկների՝ արյան, ավշի, լեղու և սև լեղիի, օպտիմալ հարաբերության խախտումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների, իսկ պահպանումը ապահովում է առողջ վիճակ։ Ընդ որում Հիպոկրատը ոչ մի կապ չէր հաստատում այդ հեղուկների քանակի հարաբերության և մարդու հոգեկան հատկությունների մեջ։ Դա արեց հռոմեացի բժիշկ, գիտնական Կլավդիոս Գալենը, և ըստ այն բանի, թե այդ հեղուկներից որն է գերակշռում օրգանիզմում՝ արյունը, ֆլեգման, լեղին, թե սև լեղին, նա մարդկանց ըստ խառնվածքի տիպերի բաժանեց 9 խմբի, որոնցից սակայն հետագայում մնացին չորսը՝ համապատասխանաբար սանգվինիկներ, ֆլեգմատիկներ, մելանխոլիկներ և խոլերիկներ։

Սանգվինիկները, ըստ հումորալ տեսության, բնութագրվում են հեշտ գրգռողականությամբ և հետաքրքրության արագ փոփոխմամբ, հետաքրքրությունները թույլ են արտահայտվում, ի տարբերություն խոլերիների, որոնք սանգվինիկներից տարբերվում են հետաքրքրությունների խորությամբ և ուժեղությամբ։ Ֆլեգմատիկները և մելանխոլիկները ունեն կայուն, բայց ցածր գրգռողականություն, սակայն առաջինների մոտ հետաքրքրությունները թույլ են, իսկ մելանխոլիկների մոտ՝ ուժեղ։

Այս տիպերը իրենց անվանումները ստացան Հիպոկրատի առաջադրած հեղուկներից, և չնայած որ, վաղուց արդեն հումորալ տեսությունը կորցրել է իր ակտուալությունը և համարվում է թյուր, դրանք մինչև այժմ օգտագործվում են և հետագայում կատարված տիպաբանական բաժանումները որոշ գործոններով համընկնում են հումորալ տեսության հետ։ Դա բացատրվում է նրանով, որ խառնվածքին վերագրվող որոշ հատկություններ կախված են հումորալ համակարգի ֆունկցիոնալ առանձնահատկություններից, որով էլ մասամբ պայմանավորված է արյան բաղադրությունը։

Ի.Կանտը առաջինն էր, որ խառնվածքը սահմանեց հոգեբանորեն՝ որպես անձի հոգեկան հատկություն։ Նա առաջնային նշանակություն էր տալիս արյան անհատական առանձնահատկություններին և համարում էր, որ դրանք են խառնվածքի հիմք հանդիսանում։ Ռուս մանկավարժ և բժիշկ Պ.Ֆ.Լեսգաֆտը խառնվածքի տիպերը կախված են արյան հոսքի արագությունից և ուժից, հետևաբար նաև արյունատար համակարգի կազմվածքից։

Կրեչմերի և Շելդոնի խառնվածքի տիպաբանական մոդելները։ Կոնստիտուցիոնալ կամ սոմատիկ տեսություններ[խմբագրել]

18-րդ դարից սկսեցին զարգանալ խառնվածքի կոնստիտուցիոնալ տեսությունները, որոնց համաձայն, խառնվածքի հիմք է հանդիսանում անհատի մարմնի կառուցվածքը, ինչը բացատրվում է այն փաստով, որ և՛ խառնվածքը, և՛ մարմի կազմությունը ունեն մեկ ընդհանուր հիմք, այն է՝ նյարդային համակարգը և հորմոնները։

Ամենից մեծ տարածում գտավ գերմանացի հոգեբույժ Կրեմչերի տիպոլոգիան, որը կառուցվել էր հոգեկան հիվանդների երկարատև ուսումնասիրությունների հիման վրա։ Կրեմչերը, ընդհանրացնելով իր դիտումների արդյունքները, հանգեց այն եզրակացությանը, որ որոշակի մարմնի կառուցվածք ունեցող մարդիկ ունեն կոնկրետ հոգեկան առանձնահատկություններ և նախատրամադրվածություններ համապատասխան հոգեկան հիվանդությունների։ Այդ օրինաչափությունը նա տարածեց նաև հոգեպես առողջ մարդկանց վրա և առանձնացրեց խառնվածքի հետևյալ 4 կոնստիտուցիոնալ տիպերը. աստենիկներ, պիկնիկներ, ատլետիկներ և դիսպլաստիկներ։ Վերջիններս չունեն որոշակի ընդգծված մարմնակազմություն և բոլոր այն մարդիկ են, որոնք չեն մտնում առաջին երեք խմբերի մեջ։ Նրանք ունեն անձև, սխալ կառուցվածք, հաճախ բնութագրվում են տարաբնույթ դեֆորմացիաներով, օրինակ՝ սովորականից բարձր հասակ, երկար վերջույթներ և այլն։ Աստենիկ տիպի ամենաարտահայտված առանձնահատկությունը նիհարությունն է և մարմնի քաշի պակասը, այսպիսի մարդիկ հիմնականում լինում են ցածրահասակ կամ միջահասակ։ Ատլետիկ տիպը բնութագրվում է կմախքի, մկանային համակարգի, մաշկի ուժեղ զարգացմամբ, լինում են բարձրահասակ կամ միջահասակ։ Պիկնիկների մոտ նկատվում է ներքին խոռոչների ուժգին զարգացում, հակված են լինում ճարպակալման, լինում են ցածրահասակ կամ միջահասակ, քաշը գերակշռում է հասակը։

Աստենիկներին Կրեչմերը անվանեց նաև լեպտոսոմատիկներ։ Նրանք պիկնիկների հետ միասին ցուցաբերում են ամենամեծ հակվածությունը հոգեկան հիվանդությունների։ Աստենիկները հոգեկան հիվանդություն ձեռք բերելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կտառապեն շիզոֆրենիայով, իսկ պիկնիկները՝ մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Ատլետիկները հակված են էպիլեպտիկ նոպաների։ Համապատասխանաբար այդ տիպերը տարբերակվում են որպես շիզոտենիկներ, ցիկլոտոմիկներ և իքսոտոմիկներ։

Ամերիկացի հոգեբան Ուիլյամ Շելդոնը, հիմնվելով Կրեչմերի տիպաբանության վրա, 20-րդ դարի քառասունական թվանակններին զարգացնում է կոնստիտուցիոնալ տեսությունը։ Նա հիմնվում էր այն գաղափարի վրա, որ մարմնի կառուցվածքը պայմանավորում է խառնվածքը, որը հանդիսանում է դրա գործառույթը։

Շելդոնը իր հետազոտությունների ընթացքում առանձնացնում էր մարմնի կառուցվածքի ամենածայրահեղ տիպերը, որոնք ամենաշատն էին տարբերվում միմյանցից։ Եվ նա առանձնացրեց 3 տիպ, որոնք նա անվանեց սոմատոտիպեր։ Այդ երեք սոմատոտիպերն էին էնդոմորֆ, մեզոմորֆ և էկտոմորֆ։ Այս տերմինները Շելդոնը փոխառեց սաղմաբանությունից, քանի որ այդ ժամանակ տարածված կարծիք կար, որ ներքին խոռոչների օրգանները զարգանում են ներքին սաղմնային թերթիկից՝ անդոդերմից, միջին թերթիկից՝ էնդոդերմից, զարգանում են մկանները, ոսկորները, սիրտը, արյունատար անոթները, իսկ արտաքինից՝ էկտոդերմից, մազերը, ոտքերը, ռեցեպտորային համակարգը, նյարդային համակարգը և ուղեղը։

Հետագայում Շելդոնը ձեռնարկեց երկարատև ուսումասիրություններ, որոնց արդյունքում առանձնացրեց հոգեկանի գծերի 3 խումբ, որոնք, ըստ նրա, համապատասխանում են «խառնվածքի առաջնային բաղադրամսերին»։ Այդ խմբերից յուրաքանչյուրը պարունակում է 20-ական հատկանիշներ, որոնք գնահատվում են 7 բալանոց համակարգով, և այդպես որոշվում է մարդու պատկանելությունը այս կամ այն խառնվածքի տիպին։

Պավլովի բարձրագույն նյարդային համակարգի տիպերի տեսություն[խմբագրել]

Ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովը մշակեց բարձրագույն նյարդային համակրգի տիպերի մասին տեսությունը, համաձայն որի նյարդային գործունեության անհատակն տարբերությունների հիմք է հանդիսանում երկու հիմնական նյարդային գործընթացների՝ արգելակման և գրգռման, միջև հարաբերությունը և դրանց դրսևորումը։

Պավլովն առանձնացնում էր նյարդային համակարգի 3 հիմնական հատկություն, որոնց կոմբինացիայով էլ պայմանավորվում են նյարդային համակարգի տիպերը, որոնք շատ բանով համընկնում են հումորալ տեսության առանձնացրած տիպերի հետ։

Ուժը նյարդային համակարգի հատկանիշ է, որը բնութագրվում է երակարտև կամ թեկուզ կարճատևը, սակայն ուժեղ ազդակներին, մեծ ծանրաբեռնվածություններին դիմանալու հատկությամբ։ Ուժի ցուցանիշը կախված է արգելակման և գրգռման գործընթացների ուժից։ Նյարդային գործընթացների հավասարակշռությունը կախված է գրգռման և արգելակման գործընթացների հարաբերակցությունից, այսինքն՝ դրանց հավասար արտահայտվածությունից, հավասարաչափությունից։ Նյարդային գործընթացների շարժունակությունը բնութագրվում է արգելակման և գրգռման գործընթացների արագությամբ, ինչը պայամավորում է նոր պայմանական կապերի ձևավորման արագությունը, նյարդային գործընթացների տևողությունը։ Համապատասխան այս երեք հատկությունների արտահայտվածության չափին Պավլովը առանձնացնում էր նյարդային համակարգի չորս տեսակ։ Ըստ Պավլովի նշվածներից ամենակարևոր հատկությունը նյարդային գործընթացների ուժն է և ըստ այդ հատկանիշի նա առանձնացնում էր նյարդային համակարգի ուժեղ և թույլ տիպեր։ Թույլ տիպի ներկայացուցիչների մոտ և՛ արգելակումը, և՛ գրգռումը թույլ է լինում, հետևաբար այդ ընդհանուր թուլության ֆոնի վրա այլ տարբերությունները աննկատ են։ Ուժեղ տիպի ներկյայացուցիչները լինում են հավասարակշռված և անհավասարակշռված։ Ուժեղ հավասարակշռված տիպը իր հերթին բաժանվում է ուժեղ հավասարակշռված շարժուն և ուժեղ հավասարակշռված իներտ տիպերի։ Այս տիպերը համապատասխանում են. թույլ տիպ՝ մելանխոլիկ, ուժեղ անհավասարակշիռ՝ խոլերիկ, ուժեղ հավասարակշիռ շարժուն՝ սանգվինիկ, ուժեղ հավասարակշռված իներտ՝ ֆլեգմատիկ։

Պավլովի ուսումնասիրությունները շարունակեց Բ. Տեպլովը, և դրա շնորհիվ բացահայտվեցին նյարդային համակարգի այլ հատկություններ։ Դրանցից են սենզիտիվությունը՝ նյարդային համակարգի զգայունակության մակարդակը, դինամիկությունը՝ նոր ժամանակավոր կապերի ստեղծման արագության և հեշտության ցուցանիշը, լաբիլությունը, որից կախված է նյարդային գործընթացների առաջացման և դադարեցման արագությունից, ճկունությունը և անճկունությունը, հուզականությունը, հակազդման արագությունը և այլն։ Ռեակտիվությունը և ակտիվությունը նույնպես հանդիսանում են նյարդային համակարգի հատկություններ, որոնք կապված են էներգետիկ մակարդակի հետ և մած ազդեցություն ունեն գործունեության ձևի վրա։

Ռեակտիվությունը արտաքին ազդակին պատասխան ռեակցիայի ինտենսիվության աստիճանն է, որը հարաբերականորեն հաստատուն է և բնութագրական տվյալ անհատի համար։ Այս հատկությունը կապված է անհատի նյարդային համակարգի գրգռողականության՝ սենսոր և հուզական, և աշխատունակության՝ դիմացկունության, հետ։ Այս երկու հատկանիշներն էլ փոխադարձ համեմատական են միմյանց՝ ինչքան զգայունակ է նյարդային համակարգը, այնքան թույլ է դիմանում դրական կամ ուժեղ գրգռիչների և հակառակը։ Ըստ ռեակտիվության անձը կարող է լինել ցածր ռեակտիվությամբ և բարձր ռեակտիվությամբ օժտված։ Առաջին դեպքում գրգռիչը առաջ է բերում ավելի թույլ ռեակցիա, քան երկրորդ դեպքում։ Ակտիվությունը անհատական առանձնահատկություն է, որ բնութագրվում է գործողությունների կամ գործունեության ինտենսիվությամբ, տևականթյամբ և հաճախականությամբ։ Այս ակտիվության նպատակը գրգռման օպտիմալ մակարդակին հասնելն է կամ այն պահպանելը համապատասխան քանակությամբ և ինտենսիվությամբ ազդակների ստացման շնորհիվ։ Գրգռման օպտիմալ մակարդակը ֆիզիոլոգիապես ապահովում է էներգիայի ամենքիչ ծախսը տվյալ գործունեության կատարման համար, իսկ հոգեբանորեն բնութագրվում է գործողությունների կատարման ամենից բարձր արդյունավետությամբ։

Ակտիվությանը հակադրվում է պասիվությունը, որի ցուցնաիշներից է ազդակ-գրգռիչների մեջ պահանջմունքի բացակայությամբ։ Հիմնականում բնորոշ է բարձր ռեակտիվությամբ անհատներին և նպատակ ունի պակասեցնել ազդակների քանակը և թուլացնել դրանց ինտենսիվությունը։

Ռեակտիվությունը և ակտիվությունը միմյանց հետ անմիջական կապ չունեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Դրանք իրար չեն փոխպայմանավորում, սակայն ունեն ընդհանուր պատճառ, որը ստիմուլյացիայի շատացման ու քչացման մեխանիզմն է։ Այդ իսկ պատճառով փոխկապակցված են միջնորդավորված ձևով։

Քանի որ բարձր ռեակտիվությամբ անհատը ունի բարձր գրգռողականություն, ապա նա ավելի քիչ պահանջ ունի ազդակների հոսքի, քան ցածր ռեակտիվությամբ մարդը, որը ավելի թույլ է զգում ազդակները և հետևաբար բարձրացնում է ակտիվությունը, որպեսզի ապահովի օպտիմալ ստիմուլյացիան։

Խառնվածքի կապը ընդունակությունների, բնավորության և հետաքրքրությունների հետ[խմբագրել]

Խառնվածքի հիմնական առանձնահատկությունը պայմանավորվածությունն է նյարդային համակարգի հատկություներով։ Վ. Մեռլինը իր ուսումնասիրություններով ապացուցեց, որ խառնվածքի հատկությունների պայմանավորվածությունը նյարդային համակարգի առանձնահատկություններից անմիջական է և միանշանակ, սակայն խառնվածքի հատկությունները առանձին վերցրած կախված են ոչ միայն նյարդային համակարգի մի որևէ հատկանիշից, այլ ողջ նյարդային գործունեության տիպից։

Մեռլինը խառնվածքին էր վերագրում հուզա-կամային ոլորտի առանձնահատկությունները, որոնք ազդում են հոգեկան գործունեության ողջ դինամիկայի վրա։ Սակայն ոչ բոլոր առանձնահատկություններն էր նա վերագրում խառնվածքին և նշում էր, որ ոչ միայն այդ առանձնահատկություններն են պայմանավորում խառնվածքը։ Դրանց թվին են պատկանում նաև ընդհանուր ընդունակությունները, և առհասարակ, խառնվածքի բոլոր հատկությունները իրենցից միաժամանակ ներկայացնում են նաև ընդունակություններ, քանի որ նրանցից է կախված որոշ չափով նաև գործունեության արդյունավետությունը։

Հոգեկան գործունեության դինամիկան պայամանավորում է ոչ միայն խառնվածքը, այլև դրդապատճառները, անձի վերաբերմունքը և բնավորության գծերը։ Սակայն դրանք, ի տարբերություն խառնվածքի, ապահովում են հոգեկան գործունեության դինամիկայի առանձնահատկությունները միայն որոշ իրավիճակներում, իսկ խառնվածքը՝ ամենատարբեր իրավիճակներում, որոնք ոչ մի բովանդակային կապ չունեն միմյանց հետ։

Իսկ բնավորության, դրդապատճառների ամենաէական տարբերությունը խառնվածքից այն է, որ դրանք կարող են և կարճատև լինել, հաճախ փոփոխվել։

Գրականություն[խմբագրել]

  • Мерлин В.С. Очерки теории темперамента. Москва. 1961(ռուսերեն)
  • Психология и психоанализ характера. Москва. 1997(ռուսերեն)

Հղումներ[խմբագրել]

  1. Стреляу Я. Роль темперамента в психическом развитии. Москва. 1982(ռուսերեն)