Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ
P culture.svg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս mood disorder[1]
Բուն պատճառ C34423[1], C34424[1] և C34805[1]
Հիվանդության ախտանիշ mood swing, anhedonia, Անքնություն, recurrent hypersomnia, psychomotor agitation, Զառանցանք, Աֆազիա, Զգայապատրանք, hypersexuality, mania, hypomania, mental depression և fatigue
Բժշկական մասնագիտություն հոգեբուժություն
ՀՄԴ-9 296.80[1], 296.40[1] և 296.60[1]
ՀՄԴ-10 F31[1] և F31.9[1]
OMIM 125480 և 309200
Հիվանդությունների բազա 7812
MedlinePlus 000926
eMedicine 286342
MeSHID D001714[1]
Disease Ontology DOID:3312[1]
NCI Thesaurus C34423[1], C34424[1] և C34805[1]
Bipolar disorder Վիքիպահեստում

Մանիկալ-դեպրեսիվ պսիխոզ, ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով։ Նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է.Կրեպելինը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, հիվանդի կոնստիտուցիան (առավել հաճախ տառապում են պիկնիկ և ցիկլոիդ խառնվածքի անձնավորությունները)։ Կարևոր նշանակություն ունեն նաև ներզատական գործոնը (կանանց մոտ հիվանդությունը մեծ մասամբ կապված է հղիության, ծննդաբերության, դաշտանի հետ) և տարվա եղանակը (գարուն, աշուն

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը սովորաբար առաջանում է 15-30 տարեկանում, երբեմն՝ 40-ից հետո։ Բնորոշ է պարբերականությունը և ընթանում է 1-2-ից մինչև 5-6 ամիս տևող՝ մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով, որոնց հաջորդականությունն օրինաչափ չէ։ Հետագայում փուլերն ավելի ծանր են ընթանում և դառնում երկարատև։ Երիտասարդ տարիքում գերակշռում է մանիակալ, իսկ մեծահասակների մոտ՝ դեպրեսիվ խանգարումները։ Միջփուլային (լուսավոր) շրջանում հիվանդները դառնում են հոգեպես լրիվ առողջ, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի։ Հիվանդությունն սկսվում է կարճատև նախանշաններով, որից հետո տրամադրության խանգարումները (մանիակալ կամ դեպրեսիվ) հարաճում են և ընթանում մտածողության պրոցեսների արագացմամբ ու հոգեշարժական գրգռվածությամբ։

Փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիակալ փուլը բնորոշվում է տրամադրության բարձրացմամբ, լավազգացությամբ (էյֆորիա), արտասովոր թարմության, առույգության և ուժեղ լինելու զգացումով։ Ողջ շրջապատը հիվանդն ընկալում է վառ գույներով։ Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ։ Մտածողության պրոցեսներն արագանում են. հիվանդը խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին (թեմատիկ շեղում, մտքերի թռիչք)։ Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր։ Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով։ Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են։ Մեծահասակների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը կարող է փոխվել՝ հաճախ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ (զայրույթի մանիա)։

Դեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության անկմամբ։ Հիվանդի դեմքն արտահայտում է թախիծ ու վիշտ։ Հակառակ մանիակալ փուլին, այստեղ շրջապատն ընկալվում է մռայլ գույներով։ Հաճախ նկատվում է հարազատներին սիրելու ունակության կորուստ, որը մեծ վիշտ է պատճառում հիվանդին։ Ունենում է ինքնամեղադրման, ինքնանվաստացման զառանցական մտքեր, որոնք կարող են հասցնել ինքնասպանության մտքերի ու գործողությունների։ Նկատվում է նաև ասոցիացիաների արգելակում, հիվանդը խոսում է ցածրաձայն, դանդաղ, դժվարությամբ, դառնում է ինքնամփոփ, զառանցական մտքերի մեջ խորասուզված։ Առաջանում է նաև հոգեշարժական արգելակում, որը կարող է հանգեցնել կաշկանդվածության (տես ԿատատոնիաԴեպրեսիան կարող է ուղեկցվել նաև շարժողական անհանգստությամբ, վախի և տագնապի երևույթներով (թախծի բռնկում կամ գրգռված մելանխոլիա)։ Նման վիճակներում հիվանդը կարող է կատարել ինքնավնասումներ և ինքնասպանություն։ Դեպրեսիան ավելի արտահայտված է լինում առավոտյան ժամերին։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ փուլերին բնորոշ են մարմնա-վեգետատիվ մի շարք ախտանշաններ (քաշի անկում, փորկապություն, բերանի չորություն, պուլսի հաճախացում, բբերի լայնացում, արյան ճնշման բարձրացում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ և այլն)։ Գոյություն ունեն նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի խառը և ատիպիկ ձևեր։ Խառը ձևերի դեպքում մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են, արտահայտվելով չարության մանիայի, մանիակալ ստուպորի, գրգռված մելանխոլիայի կլինիկական պատկերներով։ Ատիպիկ ձևերից է ցիկչոթիմիան։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում պայմանավորված է պսիխոտիկ նոպաների (փուլերի) բնույթով և արտահայտվածության աստիճանով, մանիակալ փուլի դեպքում նշանակվում է պսիխոտրոպ դեղամիջոցներ (ամինազին, ստելազին, հալոպերիդոլ)։ Դեպրեսիվ փուլի դեպքում լավ արդյունքներ են ստացվում անտիդեպրեսանտների (մելիպրամին, տոֆրանիլ, ամիտրիպտիլին) կիրառումից։ Գրգռված մելանխոլիայի դեպքում ամիտրիպտիլինը պետք է զուգորդել աիգերցինի (նոգինան) հետ։ Ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ վիճակների դեպքում արդյունավետ դեղամիջոց է համարվում ածխաթթվային լիթիումը։ Դեպրեսիվ վիճակների դեպքում կարևոր է ինքնասպանության փորձերի կանխումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 222 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Disease Ontology release 2017-01-27 Ստուգված է փետրվարի 19-ին 2017: