Օմեգա 3 պոլիչհագեցած ճարպաթթուներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Օմեգա-3 գերչհագեցած ճարպաթթուները ալիֆատիկ շարքի ճարպաթթուներ են, որոնք պարունակում են չհագեցած C=C կրկնակի կապ՝ օմեգա-3 դիրքում։ Օմեգա-3 տերմինը վերաբերում է ճարպաթթվի մեթիլենային ծայրից ածխածնի 3-րդ ատոմի մոտ ածխածին-ածխածին կրկնակի կապին։ Առավել կարևոր օմեգա-3 ճարպաթթուներից են ալֆա-լինոլենաթթուն, էյկոզապենտաենաթթուն և դոկոզահեքսաենաթթուն։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորմալ աճի ապահովման գործում օմեգա ճարպաթթուների դերի մասին գիտեին դեռևս 1930-ական թթ, սակայն նրանց դերի մասին պատկերացումները կտրուկ աճեցին վերջին մի քանի տարվա ընթացքում։ Առաջին հետազոտությունները, որոնք անց են կացվել 1970-ական թվականներին, ցույց տվեցին, որ մարդիկ, ովքեր օգտագործում են մեծ քանակությամբ ճարպոտ ձուկ, գործնականում չեն հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով և չեն ունենում անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումներ, ինչպես նաև զարկերակային ճնշման, պուլսի և մի շարք այլ խնդիրներ՝ համեմատած ձուկ չօգտագործողների։ 2004 թ սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի վերահսկողության ծառայությունը հաստատեց, որ էյկոզապենտաենաթթվի և դոկոզահեքսաենաթթվի օգտագործումը կարող է կրճատել սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը։ Կանադայի կառավարությունը ևս հաստատել է դոկոզահեքսաենաթթվի կարևորությունը ուղեղի, աչքերի և նյարդերի նորմալ զարգացման ապահովման համար։
Կենսաբանական նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները հաճախ անվանում են նաև «էական» ճարպաթթուներ։ Այս անվանումը տրվել է հետազոտողների կողմից, ովքեր հայտնաբերել են նրանց նշանակությունը երեխաների նորմալ աճի համար։ Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների ոչ մեծ քանակությունը սննդակարգում (կալորիաների ընդհանուր քանակի մոտավորապես 1 տոկոսը) նպաստում է նորմալ աճին, իսկ մեծ քանակությունը չի ունենում լրացուցիչ էֆեկտ։ Կապված օմեգա-3 ճարպաթթուների մեծ կենսաբանական նշանակության հետ՝ այս ճարպաթթուները լայնորեն կիրառվում են բժկության հետևյալ ոլորտներում.
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելում,
- Զարկերակային հիպերտոնիայի և աթերոսկլերոզի կանխարգելում,
- Ուղեղի աշխատանքի կարգավորում,
- Ինֆեկցիոն հիվանդությունների, հոդերի ախտահարման կանխարգելում,
- Աուտոիմուն հիվանդությունների կանխարգելում,
- Առողջ հղիության և կրծքով կերակրման շրջանի համար,
- Հեպատոպրոտեկտոր ազդեցություն,
- Աստմայի ժամանակ շնչառական ուղիների սպազմի նվազեցում,
- Ուռուցքային հիվանդությունների կանխարգելում,
Կան տվյալներ օրգանիզմի ԴՆԹ-ի մոլեկուլում տելոմերների պահպանման և նույնիսկ վերականգնման վրա օմեգա-3 ի ազդեցության մասին, ինչը բերում է կյանքի տևողության մեծացման։ Էյկոզապենտաենաթթուն և դոկոզահեքսաենաթթուն հանդիսանում են ֆիզիոլոգիապես անհրաժեշտ նյութեր։ Դոկոզահեքսաենաթթվի բարձր կոնցենտրացիան գլխուղեղի գորշ նյութում (չոր զանգվածի շուրջ 3%-ը), ֆոտոռեցեպտոր բջիջների արտաքին սեգմենտներում, աչքի ցանցաթաղանթում ցույց է տալիս, որ դոկոզահեքսաենաթթուն հանդիսանում է կենսականորեն անհրաժեշտ ուղեղի և աչքի ֆունկցիաների համար։ Կատարված գիտական հետազոտությունները ապացուցեցին, որ օմեգա-3 պահանջվում է ուղեղի նորմալ գործունեության համար, քանի որ արագ ապահովում է էներգիայի հոսք, որն անհրաժեշտ է բջջից բջիջ ազդակները հաղորդող իմպուլսների հաղորդման համար։ Դա թույլ է տալիս բարձրացնել մտավոր ունակությունները, ինչպես նաև մտքում պահել ինֆորմացիա, առավել արագ այն դրսևորել՝ անհրաժեշտության դեպքում։ Դոկոզահեքսաենաթթուն ակտիվ տեղափոխվում է պլացենտայի միջոցով մորից պտուղ, ինչպես նաև առկա է կրծքի կաթում։ Սրանք փաստեր են, որոնք ցույց են տալիս դոկոզահեքսաենաթթվի կենսաբանական կարևորությունը պտղի զարգացման, իսկ այնուհետև նորածնի աճի և զարգացման համար։ Էյկոզապենտաենաթթուն և դոկոզահեքսաենաթթուն նաև առանցքային նշանակություն ունեն բորբոքային ռեակցիաների հոմեոստազի պահպանման մեջ։ Էյկոզապենտաենաթթուն հանդիսանում է բարձր ակտիվությամբ օժտված իմունոբորբոքային կարգավորիչների՝ թրոմբոքսանների, պրոստոգլանդինների և լեյկոտրիենների նախորդը։ Բացի դրանից, էյկոզապենտաենաթթվի և դոկոզահեքսաենաթթվի վերջերս նկարագրված օքսիդացված մետաբոլիտները՝ ռեզոլվինները, դոկոզատրիենները և նեյրոպրոտեկտինները, օժտված են ինչպես հակաբորբոքիչ, այնպես էլ պաշտպանակն ֆունկցիաներով։
Օմեգա-3 ճարպաթթուների ճիշտ կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրտաբանների ամերիկյան ասոցացիան խորհուրդ է տալիս օրական 300մգ էյկոզապենտաենաթթու/դոկոզահեքսաենաթթու՝ առողջ մարդկանց համար, և մոտ 1գ՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների համար։ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս օրական 1գ ալֆա-լինոլենաթթու/էյկոզապենտաենաթթու/դոկոզահեքսաենաթթու։
Journal of the National Cancer Institute ամսագրում հրապարակված տվյալներով հայտնի դարձավ, որ օմեգա-3-ի բարձր մակարդակը ևս վնասակար է, այն կարող է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վրա ազդող վտանգի գործոն լինել։
Էյկոզապենտաենաթթվի/դոկոզահեքսաենաթթվի ադեկվատ կոնցենտրացիայի ստացման եղանակներից մեկը հանդիսանում է ճարպոտ ծովային ձկան օգտագործումը։ Օրինակ ձկան սովորական չափաբաժինը (85գ) կարող է պարունակել 0,2-ից մինչև 1,8 գ էյկոզապենտաենաթթու/դոկոզահեքսաենաթթու։
Որոշ բժշկական հետազոտություններ հաստատում են, որ օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների չափից քիչ օգտագործումը օմեգա-6-ի (կրկնակի չհագեցած C=C կապ պարունակում են օմեգա-6 դիրքում) համեմատ կարող է բարձրացնել մի շարք հիվանդությունների զարգացման վտանգը։ Ժամանակակից սննդակարգը ներառում է բավականին շատ օմեգա-6 և ոչ բավարար քանակով օմեգա-3։ Սա ակտուալ պրոբլեմ է հանդիսանում բազմաթիվ երկրներում։ Այս ճարպաթթուների օպտիմալ հարաբերակցությունը 4։1 է, իսկ ժամանակակից մարդն իր սննդակարգից ստանում է մոտավորապես 20։1, այսինքն՝ 5 անգամ քիչ օմեգա 3 ճարպաթթուներ, ինչը բերում է փոխանակային պրոցեսների դիսբալանսի և կարող է բերել մի շարք հիվանդությունների զարգացման՝ հիշողության և սովորելու ընդունակության վատացում, նյարդային ստրես, տեսողության վատացում, իմունիտետի թուլացում, արյան մեջ խոլեսթերինի մակարդակի ավելացում, մաշկի քոր և կարմրություն, սրտային առիթմիա, ճնշման բարձրացում։ Օմեգա-6 ճարպաթթուներն անմիջական մասնակցություն են ունենում աթերոսկլերոզի, ասթմայի, արտրիտների, վասկուլյար հիվանդությունների, տրոմբոզների, իմունո-բորբոքային ռեակցիաների զարգացման և քաղցկեղի պրոլիֆերացիայի (կիսման միջոցով քաղցկեղի բջիջների տարածում) մեջ։ Այս պրոբլեմի լուծման համար անհրաժեշտ է ավելացնել սննդակարգում օմեգա-3 ճարպաթթուների չափաբաժինը, ընդունել հատուկ սննդային հավելումներ։
Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների հիմնական սննդային աղբյուրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների հիմանակն սննդային աղբյուրներն են.
- Ձկան յուղ
- Կտավատի աղացած սերմեր և կտավատի յուղ
- Ագարիկոնի յուղ
- Մանանեխի յուղ
Ներկայումս լայնածավալ աշխատանքներ են կատարվում օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների այլընտրանքային աղբյուրների որոնման ուղղությամբ։ Այդպիսի աղբյուրներ են որոշ կանաչ միկրոջրիմուռներ և կապտականաչ ջրիմուռներ(ցիանոբակտերիաներ)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս միկրոօրգանիզմները բավականին հարուստն են նշված ճարպաթթուներով, սակայն դեռևս մշակված չեն այս մանրէներից արդյունաբերական մասշտաբներով ճարպաթթուների ստացման եղանակները։