Ցիկլոթիմիա
Ցիկլոթիմիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
Ցիկլոթիմիա, մանիակալ- դեպրեսիվ պսիխոզի թեթև ձևը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, ինչպես նաև անձի կոնստիտուցիոնալ առանձնահատկությունը (պիկնիկ և ցիկլոիդ խառնվածք)։
Հիվանդության փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդությունն ընթանում է պարբերաբար կրկնվող և ոչ լրիվ արտահայտված մանիակալ (հիպոմանիակալ) և դեպրեսիվ (սուբդեպրեսիվ) փուլերով։ Միջփուլային լուսավոր շրջաններում հիվանդների աշխատունակությունը լրիվ պահպանվում է։
Հիվանդության ախտանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցիկլոթիմիայի կլինիկական պատկերը բնորոշվում է երեք հիմնական ախտանշաններով՝ տրամադրության բարձրացում կամ անկում, մտածողության արագացում կամ դանդաղեցում և հոգեշարժական գրգռվածություն կամ արգելակում։ Բնորոշ է քնի խանգարումը և ֆիզիկական, հյուծվածությունը։ Հիպոմանիակալ փուլը բնորոշվում է հուզավառության հասնող տրամադրության թեթև բարձրացմամբ, հոգեշարժական աշխուժությամբ։ Հիվանդներն անհոգ են, լավատես ու եռանդուն, շատախոսում են, ձգտում են ամեն ինչ անել, սակայն ոչինչ մինչև վերջ չեն հասցնում։ Հակումները (սննդի, սեռային և այլն) ուժեղացած են։ Երբեմն արտահայտում են անձի գերագնահատման մտքեր։ Սուբդեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության թեթևակի անկմամբ ու թորշոմածությամբ։ Հիվանդներն արգելակվում են, խոսում են դանդաղ, ցածրաձայն։ Ակտիվությունն իջած է, աշխատունակությունը՝ ընկած։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժումը. հիմնականում ախտանշանային է, կախված հերթական փուլի կլինիկական արտահայտությունից (հանգստացնող կամ հակադեպրեսիվ դեղամիջոցներ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 156)։ ![]() |