Գանգուղեղային վնասվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանգուղեղային վնասվածք
Գլխուղեղի վնասվածքները ցնցման ժամանակ[1]
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9800.0, 801.9, 803.0, 804.9, 850.0 և 854.1
ՀՄԴ-10S06
 Traumatic brain injuries Վիքիպահեստում

Գանգուղեղային վնասվածք, գանգի և դրա պարունակության (գլխուղեղ և թաղանթներ) մեխանիկական վնասումը։ Լինում է փակ, որի դեպքում բացակայում են գլխուղեղի և դրա թաղանթների վարակման պայմանները, և բաց, որը հաճախ հանգեցնում է գլխուղեղի թաղանթների (ուղեղապատյանաբորբ) և գլխուղեղի (գլխուղեղի բորբոքում, թարախակույտ) բարդությունների առաջացմանը։ Փակ վնասվածքի շարքն են դասվում գանգուղեղային վնասվածքների բոլոր տեսակները, որոնց դեպքում չի խանգարվում գլխի մաշկածածկույթի ամբողջականությունը։ Բաց վնասվածքի հետ միաժամանակ վնասվում են գլխի մաշկածածկույթները և գանգի ոսկրերը։ Եթե այն ուղեկցվում է կարծր ուղեղապատյանի ամբողջականության խանգարմամբ, անվանում են թափանցող, որի դեպքում հատկապես մեծ է գլխուղեղի վարակման վտանգը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգի վնասվածքները կարող են լինել ճաքերի, ծակոտկեն և ներխրված կոտրվածքների, գանգի հիմի կոտրվածքների (ականջի և քթի հավելյալ ծոցերի բացումով և առանց բացման) ձևով։ Գանգի հիմի կոտրվածքի արտաքին ախտանշաններն են՝ աչքերի շուրջն ակնոցանման արյունազեղումները, քթից ու ականջներից արյունահոսությունը և ողնուղեղային հեղուկի հոսքը։ Ինչպես փակ, այնպես էլ բաց վնասվածքների ժամանակ առաջանում են գլխուղեղի 3 տեսակի վնասումներ (ցնցում, սալջարդ, ճնշում)՝ յուրաքանչյուրն առանձին կամ տարբեր զուգորդումներով։

Երկարատև (1-2 ժամից ավելի) անգիտակից վիճակը սովորաբար վկայում է սալջարդի կամ գլխուղեղի ճնշման մասին։ Սակայն նման երևույթներ կարող են լինել նաև գիտակցության ոչ երկարատև կորստի դեպքում։ Դա լինում է, երբ սալջարդի ժամանակ առաջանում է ուղեղանյութի կամ թաղանթների արյունատար անոթների պատռվածք, գոյանում է ներգանգային արյունազեղում, որն աստիճանաբար մեծանում է, և որոշ ժամանակ անց առաջանում է գլխուղեղի ճնշում։

Գլխուղեղի ցնցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբերի անհավասար չափերը լուրջ գլխուղեղի վնասվածքի ախտանիշ է[2]

Գլխուղեղի ցնցումն առաջանում է հատկապես փակ վնասվածքի ժամանակ։ Տուժում է գլխուղեղի ողջ զանգվածը, գլխուղեղի հյուսվածքների ամբողջականությունը չի խախտվում, սակայն ժամանակավորապես կորչում են գլխուղեղի բջիջների և դրա տարբեր բաժինների միջև փոխադարձ կապերը։ Այդպիսի խզումը հանգեցնում է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման։

Գլխուղեղի ցնցումը սովորաբար դրսևորվում է գիտակցության տարբեր տևողության (մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե) կորստով։ Անգիտակից վիճակից դուրս գալուց հետո նկատվում են գլխացավ, սրտխառնոց, երբեմն՝ փսխում։ Հիվանդը համարյա միշտ չի հիշում վնասվածքին նախորդող և հենց վնասվածքի պահին կատարված դեպքերը՝ հետընթաց անհիշություն (ռետրոգրադ ամնեզիա

Բնորոշ են դեմքի գունատությունը կամ կարմրությունը, անոթազարկի հաճախացումը, ընդհանուր թուլությունը, գերքրտնոտությունը։ Այդ բոլոր ախտանշաններն աստիճանաբար (1-2 շաբաթ անց) անհետանում են։ Սակայն դա չի նշանակում, որ գլխուղեղի ցնցումն անցել է անհետ։ Առանձին հիվանդների (հատկապես հանգստի խիստ ռեժիմը խախտողների) մոտ երկար ժամանակ նկատվում են ընդհանուր թուլություն, գլխացավեր, արյունատար համակարգի անկայունություն, հուզական գրգռվածություն, աշխատունակության անկում։

Գլխուղեղի սալջարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի լուսանկար, որը ցույց է տալիս գլխուղեղի վնասվածքը սալջարդի ժամանակ[1]

Գլխուղեղի սալջարդ են համարում ուղեղանյութի բոլոր տեղային վնասումները՝ չնչինից (տուժած հատվածի մանր արյունազեղումներ և այտուց) մինչև ամենածանրը (գլխուղեղի հյուսվածքի պատռվածք և ջնջխվածք)։ Սալջարդը կարող է լինել գանգուղեղային փակ և բաց վնասվածքների դեպքերում։ Ցնցումի նման այն ընթանում է գիտակցության արագ կորստով, տևողությունը՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, օր և նույնիսկ շաբաթ։ Գլխուղեղի տեղային վնասման (այսպես կոչված, օջախային) ախտանշաններ են համարվում մարմնի՝ ախտահարման հատվածին հակառակ կողմի շարժողության և զգացողության խանգարումները, հաճախ՝ գլխուղեղի ձախ կիսագնդի սալջարդի դեպքում՝ խոսքի խանգարումները։ Ծանր դեպքերում կարող են խանգարվել շնչառությունը և սրտի գործունեությունը։

Գլխուղեղի թեթև սալջարդի ժամանակ շարժողության, զգացողության և այլ խանգարումները սովորաբար լրիվ վերանում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Առավել ծանր դեպքերում, որպես կանոն, մնում են կայուն հետևանքներ, լուծանքներ և կիսալուծանքներ, զգացողության, խոսքի խանգարումներ, երբեմն՝ էպիլեպսիայի նոպաներ։

Գլխուղեղի ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տալիս ենթաղանթային սալջարդը (սլաք)

Գլխուղեղի ճնշումը կարող է առաջանալ ներգանգային արյունազեղման, գանգոսկրերի կոտրվածքի, գլխուղեղի այտուցի ժամանակ։ Որպես կանոն՝ գանգոսկրերի կոտրվածքի ժամանակ գլխուղեղը միաժամանակ ենթարկվում է ճնշման և սալջարդի, իսկ այտուցն առաջանում է արագ՝ որպես գլխուղեղի հյուսվածքի տեղային ծանր վնասման հետևանք։ Այլ կերպ է ընթանում գլխուղեղի ճնշումը՝ արյունային ուռուցքի առկայության դեպքում, արյան անոթի պատռվածքը (հատկապես գլխուղեղի թաղանթներում) կարող է տեղի ունենալ առանց գլխուղեղի հյուսվածքների կոպիտ վնասումների։ Այդպիսի դեպքերում գիտակցության կարճատև կորստին հետևում է, այսպես կոչված, լուսավոր ընդմիջումը՝ գլխուղեղի թեթևակի սալջարդին բնորոշ ախտանշաններով, որոնք տևում են մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ մի քանի օր։

Գլխուղեղի սկսվող ճնշման (խորացող արյունազեղմամբ) առաջին ախտանշաններն են՝ գլխացավերի ուժեղացումը, հիվանդի անհանգիստ վիճակը կամ ընդհակառակը՝ քնկոտությունը։ Աստիճանաբար առաջանում են նաև գլխուղեղի ճնշմանը բնորոշ օջախային խանգարումներ։ Այնուհետև վրա են հասնում գիտակցության կորուստը, ինչպես նաև կյանքին վտանգ սպառնացող՝ սրտի գործունեության և շնչառության խանգարումները։

Պատռված-սալջարդված վերքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական թերապիան ներառում է մկանային վարժությունները

Գանգուղեղային բաց վնասվածքներից, գանգի հիմի կոտրվածքներից բացի, որոնք ուղեկցվում են քթային կամ ականջային արյունահոսությամբ, ողնուղեղային հեղուկի արտահոսքով, առավել հաճախ հանդիպում են գլխի պատռված-սալջարդված վերքերը՝ գանգոսկրերի կոտրվածքներով։ Հաճախակի են նաև կտրած, կտրատած, ծակած վերքերը։ Խաղաղ ժամանակ բավականին հաճախ հանդիպում են ինքնաշեն զենքից առաջացած հրազենային վերքեր։ Հատկապես վտանգավոր են գլխուղեղի կարծր թաղանթի և ուղեղանյութի վնասմամբ ընթացող վերքերը, որոնք միշտ ուղեկցվում են ներգանգային պարունակության առաջնային վարակումով։ Գանգուղեղային բաց վնասվածքների կլինիկական հիմնական դրսևորումներից է (բացի ընդհանուր ուղեղային ախտանշաններից՝ գիտակցության խանգարում, գլխացավ, սրտխառնոց, փսխում) նաև օջախային արտահայտված ախտանշանների առկայությունը, որոնց բնույթը որոշվում է գլխուղեղի վնասվածքի շրջանի ֆունկցիոնալ առանձնահատկություններով (լուծանքներ, կիսալուծանքներ, զգացողության, խոսքի խանգարումներ և այլն)։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը, որպես կանոն, անցկացվում է միայն հիվանդանոցային պայմաններում։ Գլխուղեղի ցնցման և թեթև, սալջարդի դեպքերում կիրառում են պահպանողական բուժման մեթոդներ, շատ կարևոր է խիստ անկողնային ռեժիմը, առանձին դեպքերում, հատկապես գլխուղեղի ճնշման ժամանակ, պահանջվում է անհապաղ վիրահատություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rehman T, Ali R, Tawil I, Yonas H (2008). «Rapid progression of traumatic bifrontal contusions to transtentorial herniation: A case report». Cases journal. 1 (1): 203. doi:10.1186/1757-1626-1-203. PMC 2566562. PMID 18831756.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. Ghajar J (September 2000). «Traumatic brain injury». Lancet. 356 (9233): 923–29. doi:10.1016/S0140-6736(00)02689-1. PMID 11036909.