Տեսիլք (կրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեսիլք, տեսիլ, երևում, արթմնի երազ, աստվածային հայտնության կերպ, անդենական իրողությունների դրսևորում։ Տեսիլքն իր բնույթով հայտնութենական է։ Աստվածային նախախնամությամբ, մարդկային տեսողությանը մատչելի աննյութեղեն պատկերների միջոցով տեսիլք հաղորդում կամ ակնարկելով մատնանշում է ճշմարտություններ, որոնք վերաբերում են թե՛ անցյալին, թե՛ ներկային և թե՛ ապագային, բայց այն գլխավորաբար միտված է վերջինին։ Այս իմաստով տեսիլք ունի մարգարեական ուղղվածություն։ Տեսիլքի վաղագույն օրինակներ առկա են Եսայու (6), Եզեկիելի (1), Դանիելի (8) մարգարեություններում, ինչպես նաև՝ Գործք առաքելոցում (10.10–20 և այլն)։

Տեսիլքներից է բաղկացած Զաքարիայի մարգարեությունը (Ձիերի տեսիլքը, Եղջյուրների տեսիլքը, Չափելու լարի տեսիլքը, Մեծ քահանայի տեսիլքը և այլն)։ Նորկտակարանային տեսիլքներից ուշագրավ են Պետրոս առաքյալի տեսիլք Հոպպեում (կենդանիներով ու թռչուններով լեցուն անոթ՝ ինչպես մի մեծ սփռոց, Գործք 10.1–16), որով Պետրոսին ծանուցվում էր, թե Ավետարանը պիտի քարոզվի նաև հեթանոսներին և նրանց վրա էլ պիտի իջնի Սուրբ Հոգին, ինչպես նաև Սողոսի՝ նույն ինքը Պողոս առաքյալի տեսիլք (Գործք 9.3–9)՝ Դամասկոսի ճանապարհին (երկնքից փայլատակող լույս և ձայն, որն ասում էր. «Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու ես հալածում ինձ», Գործք 9.4)։

Հովհաննեսի Հայտնությունը ևս լեցուն է տեսիլքներով, որոնք ցույց են տալիս Քրիստոսի Երկրորդ գալուստը։ Տեսիլքներ առկա են ինչպես հինկտակարանային, այնպես էլ նորկտակարանային պարականոն գրվածքներում։ Հայրախոսական մատենագրության մեջ հայտնի են աստվածաշնչական տեսիլքների՝ Հովհան Ոսկեբերանի, Թեոդորետոս Կյուրացու (5-րդ դար, Մեկնութիւն Եզեկիէլի, 2000), Վարդան Անեցու (10-11-րդ դարեր, Անեցի Վարդան վարդապետի երգել ի կառս, 1971, էջ 276–291), Վարդան Արևելցու (Ճառք, ներբողեանք, 2000, էջ 122–134), Եսայի Նչեցու (Եզեկիելի՝ Մատենադարան, ձեռագիր 6573), Հովհաննես Երզընկացի Ծործորեցու (Դանիելի՝ Մատենադարան, ձեռագիր 1187, թվականներ 305–379) մեկնություններն ու ներբողական բացատրությունները։

Տեսիլքի դրսևորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն իր դրսևորման կերպի՝ տեսիլք անդենական բնույթի 2 կարգի իրողություն է ներկայացնում. անդրանցական-աստվածաշնչական (ա. Աստվածության՝ մարդուն մատչելի պայմանական դրսևորում կամ ակնարկ կատարվելիք որևէ իրողության մասին, բ. երբ տեսիլքում երևացողը Աստվածաշնչում հիշվող անձ կամ երևույթ է՝ Հիսուս Քրիստոս, Մարիամ Աստվածածին, մարգարեներ, Հովհաննես Մկրտիչ, խաչ և այլն) և վախճանաբան-եկեղեցաքաղ. (երբ տեսիլքում, ուղղակի թե անուղղակի ակնարկվում են ազգային պատմության մեջ բացառիկ կարևոր դեր կատարած կամ կատարող դեմքեր, դեպքեր, որոնք ունեն վախճանի երանգ)։ Առաջին կարգի իրողության ա ենթակետին են պատկանում Եզեկիելի և Դանիելի տեսիլքները, որոնցում Աստվածությունը երևում է քառակերպ Կառքի, Ծերունու, մարդու Որդու և գրող Ձեռքի (Դանիել 5) կերպարանքով։

Վախճաբանական երանգ ունեցող տեսիլքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայի Նչեցի

Առաջին կարգի իրողության «բ» ենթակետին են պատկանում Հովհաննես Գառնեցու (12-13-րդ դարեր) տեսիլք (երբ երևում են Մովսես և Եղիա մարգարեները)։

Ըստ Ներսես Ա Մեծի տեսիլքի՝ հայ Արշակունիների և հայ Պարթևների անկումից հետո պարսիկները նվաճելու են Երուսաղեմը և գերեվարելու Խաչափայտը, որը պետք է գերեդարձվի հույների միջոցով։ Սակայն հույների իշխանությունը հետագայում խորտակվելու է աղեղնավորների կամ նետողների (սելջուկներ) հարվածներից։ Շատ չանցած նետողները պարտվելու են ֆրանկների (խաչակիրների) զինական ուժի հարվածներից։ Հռոմեական իշխանության հաստատումով վերջ է դրվելու հայոց տառապանքին։ Տեսիլքում արտահայտված է ոչ միայն հայերի՝ հույների հանդեպ հուսախաբությունը, այլև ազատագրական նոր սպասումները։

Վախճանաբան-եկեղեցաքաղ. միտումներ է բովանդակում նաև Ագաթոնի տեսիլք։ Համաձայն դրա՝ ֆրանկների Մեծն Կոստանդինոս կայսրը և Սեղբեստրոս պապը Հայաստանի Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Ա Լուսավորչի ուղեկցությամբ ուխտի են գնում Երուսաղեմ, ապա ուղևորվում Հռոմ։ Նրանց ուղեկցում է 70-հազարանոց հայոց զորքը։ Հյուրերին ճանապարհելով Հայաստան՝ կայսրն իր մոտ է պահում հայոց զորքից 200 մարդ, որոնցից սերվում է Տորմանք կամ Տարամանք (արմենք) հորջորջվող ժողովուրդը։ Հետագայում սրանց միջից դուրս է գալու մի նոր Կոստանդինոս, որը 12 խաչապաշտ թագավորների խնդրանքին անսալով, ձեռնարկելու է տիեզերքի փրկագործումը և հույներին ազատելու է նետողների (սելջուկներ) լծից։ Կոստանդինոսի ջանքերով ի մի է բերվում ցրված հայությունը, հայոց բանակի զորավար է կարգվում Արշակունի թագավորազն Վաղարշակը։ Վերջինս, պատերազմելով Բյուզանդիայի դեմ, վերականգնելու է Հայաստանի հին սահմանները։ Կոստանդինոսի մահից հետո հռոմեական գահին նստելու են Տիբերիոս և Վիզանդ կայսրերը։ Վերջինիս օրոք կրկին պիտի երևան իսմայելացիները (արաբներ՝ մուհամեդականներ) և ավերեն Կարինը։ Սրի ճարակ դարձած հայերից շատ քչերը պիտի փրկվեն։ Վիզանդը վրեժխնդիր պետք է լինի հայերի համար։ Նրան հաջորդելու է Թեոդենը, որի ժամանակ ծնվելու է Նեռը։ Սրա բռնությունը վերջ է գտնելու Քրիստոսի զորությամբ։ Այստեղ ուշագրավն այն է, որ Թեոդենի ժամանակ, 56 տարի թագավորելուց հետո, մահանալու է Վաղարշակը։ Նրան հաջորդելու է ծագումով Արշակունի խաղաղասեր ու շինարար մեկը՝ Թորգոմի ազգից և տոհմից Շիրակի որդի Արշավանի որդին¦։ Սրա օրոք վերջանալու է Արշակունյաց և Գրիգոր Լուսավորչի իշխանությունը։ Եթե Ագաթոնի տեսիլքի հին տարբերակում արտահայտված է հայերի հուն.կողմնորոշումը, ապա նորում դրսևորված է արևմտյան (ֆրանկներ կամ խաչակիրներ), այսինքն՝ հակահունական միտումը տեսիլքի նոր տարբերակում ազատարար Արշակունիները նվաճում են Յոթ բլուրների վրա հանգչող Բյուզանդիոնը։

Սահակ Ա Պարթևի տեսիլքում նմանապես արտացոլված է Արշակունիների և Պարթևների իշխանության վերականգնման գաղափարը, որը 7-8-րդ դարերում վերակենդանացել է Բյուզանդիայի քաղաքական օժանդակության հետ հույսեր կապող հայ իրականության մեջ։ Հայոց քաղաքական ակնկալությունների դրսևորումն է Հովհաննես Կոզեռնի անվան հետ կապված տեսիլք։ Ըստ տեսիլքի՝ 1023 թվականին տեղի ունեցած երկրաշարժն ու Արեգակի խավարումը, նմանությամբ Հովհաննեսի Հայտնության, նշանավորում է Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանայի ազատումը։ Հայ պատմագրության մեջ (Սամուել Անեցի) այդ տեսիլքի իրականացումն է նկատվում Քրիստոսի մկրտության հազարամյակին՝ 1030 թվականին թուրքերի գրոհը Բերկրիի վրա, ինչպես նաև 1037 թվականին Եդեսիայի գրավումը թուրքերի կողմից և նույն այդ տարում տեղի ունեցած զարհուրելի երկրաշարժն ու Արեգակի խավարումը։ Դրանք համարվում էին հազարամյակի նախանշանները, երբ կապանքներից ազատված սատանան ավերելու էր աշխարհը (ըստ Մատթեոս Ուռհայեցու

Աստվածաբանական տեսիլքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Հովհաննես Կոզեռնի տեսիլքի՝ Հայաստանում հաստատվելու էր թուրքերի 60-ամյա բռնատիրությունը։ Սրան հետևելու էր Երուսաղեմի գրավումը ֆրանկների կողմից, իսկ 50 տարի հետո քրիստոնյաների համատարած ազատագրումը։ Հովհաննես Կոզեռնի տեսիլքում արտացոլված են հայոց փրկությունը Արևմուտքի (ֆրանկներ) հետ կապող բյուզանդամետ և լատինամետ հոգևոր ու աշխարհիկ վերնախավի քաղաքական հույսերն ու ակնկալությունները։ Եկեղեցաքաղաքական բնույթի է Գրիգոր Տաթևացու տեսիլքը՝ կապված Աղթամարի կաթողիկոսության վրայից նզովքը վերացնելու խնդրի հետ։ Այդօրինակ տեսիլք է Թովմա Մեծոփեցու նկարագրածը, որտեղ ակնարկվում է Սսից կաթողիկոսական աթոռի վերադարձը Ս. Էջմիածին։ Ըստ այդ տեսիլքի և դրա մեկնաբանության՝ երկնքից կախված կանթեղը, որ պայծառ լույս է տարածում շուրջբոլորը, Ս. Էջմիածինն է, որ շատ վաղուց խավարել էր և հիմա Աստված ողորմություն արեց, և ուզում է լուսավորել և հայկազյան աշխարհի հավանությամբ, աղոթքով, բոլոր սրբերի բարեխոսությամբ հայրապետ և կաթողիկոս հաստատեցինք Թադեոսի, Բարդուղիմեոսի և մեր Լուսավորչի Առաքելական աթոռի վրա։

Վարք հարանց, Հայսմավուրք ժողովածուներում բազմիցս նկարագրված Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի երևումները ճգնակյաց անապատականներին ու սրբերին։ Երկրորդ կարգին են պատկանում (վախճանաբանական-եկեղեցաքաղաքական տեսիլքներ) Գրիգոր Ա Լուսավորչի տեսիլք, որում նկարագրվում է Միածնի էջքը (Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց), Գրիգոր Ա Լուսավորչի հանդիպումը և զրույցը հրեշտակի հետ («Պատմութիւն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, զոր եհարց հրեշտակն Տեառն մինչ էր յայրին՝ վասն հոգւոց մարդկան։», Մատենադարան, ձեռագիր 715), ինչպես նաև՝ Վաղարշապատում նրա տեսած տեսիլք (Մատենադարան, ձեռագիր 952, ձեռագիր 8029, ձեռագիր 4505,)։ Հայ միջնադարում լայն տարածում են ունեցել Ներսես Ա Մեծ և Սահակ Ա Պարթև հայրապետների տեսիլքները, որոնք Մեթոդիոս Պատարացու (մահ. 311, Տեսիլք սրբոյն Մեթոդի եպիսկոպոսի Պատարայ և վկայի՝ «յաղագս անցեալ, ներկայիս և ապառնեացն...», Մատենադարան, ձեռ. դ 1487), Հիպպողիտոս Բոստրացու (մահ. 236, «Երանելւոյն Հիպպողիտեայ եպիսկոպոսի ասացեալ վասն կատարածի աշխարհիս և վասն Նեռինն եւ յերկրորդ գալուստ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ասացեալ բան մարգարութեան», Մատենադարան, ձեռագիր 944), Ագաթոնի կամ Ագադրոնի (Ագաթոնի անյաղթ փիլիսոփայի ասացեալ վասն ժամանակին, որ յայտնելոց է սուրբ թագավորին Կոստանդիանոսի, Մատենադարան, ձեռագիր 3839, ձեռագիր 4669, 1913, էջ 396–400 և շար.) անուններով քրիստեսիլք իրականության մեջ շրջանառված տեսիլքների վերապատումներն ու տեղայնացված վերաիմաստավորումներն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png