Հովհաննես Երզնկացի Ծործորեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Երզնկացի Ծործորեցի
Ծնվել էմոտ 1270-ականներ[1]
ենթդ․ Երզնկա, Հուլավյան Իլխանություն, Մոնղոլական կայսրություն[1]
Մահացել է1338[1]
Հաղպատավանք, Հաղպատ, Վրաց թագավորություն
Գերեզմանենթդ․ Հաղպատավանք[1]
Բնակության վայր(եր)Արտազ
ԴավանանքByzantine Catholic Churches?
Մասնագիտությունփիլիսոփա, գրիչ, առակագիր և լեզվաբան
Հաստատություն(ներ)Գլաձորի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և քերականություն
Ալմա մատերԳլաձորի համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն, լատիներեն, հունարեն և պարսկերեն
Գիտական ղեկավարԵսայի Նչեցի

Հովհաննես Երզնկացի Ծործորեցի (մոտ 1270-ական թվականներին, Մեծ Հայքի Եկեղյաց գավառում, հավանաբար Երզնկայում 1338 թվական, շիրիմը ենթադրվում է՝ Հաղպատի վանքում), հայ փիլիսոփա, քերական, բանասեր, մեկնիչ, թարգմանիչ, եկեղեցական-հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Եկեղյաց գավառի դպրատներում։ Գործել է Գլաձորի համալսարանում, դարձել Եսայի Նչեցու գործընկերը։ Հետագայում տեղափոխվել է Արտազ՝ Ծործորի վանք (այստեղից էլ՝ Ծործորեցի)։ Ճանաչվել է որպես գեղագիր-առակագիր-գրիչ, ընդօրինակել է մի շարք իմաստասիրական երկեր։ Նպաստել է Հայաստանում կաթոլիկության տարածմանը, մասնակցել Ադանայի 1317 թվականի միարարական ժողովին, սերտ կապեր պահպանել Բարդուղիմեոս Բոլոնիացու հետ։ 1321 թվականին թարգմանել է Թովմաս Աքվինացու «Գիրք խորհրդոց եկեղեցոյ» աշխատությունը։ Գրել է գիտափիլիսոփայական երկերի առաջաբաններ, մեկնություններ, քարոզներ, թղթեր, բանաստեղծություններ։ Որպես հայ ունիթոռության ներկայացուցիչ՝ կրել է Թովմա Աքվինացու ազդեցությունը (այս բանը մասամբ արտահայտվել է գիտության և հավատի սահմանազատման, գիտությունը հավատին ենթարկելու նրա փորձի մեջ)։ Գոյաբանական հարցերում եղել է իդեալիստ։ Սակայն շարունակելով հայ մտածողների առաջադիմական հայացքները՝ նա ամեն ինչ համարել է փոփոխելի և հասարակական ու բնական կյանքում դրսևորվող հակադրությունների («ներհակությունների») գոյության ու միասնության արդյունք։ Հովհաննես Երզնկացին աշխարհը համարում է ճանաչելի։ Ըստ նրա՝ իրականությունը ճանաչվում է երեք ձևով՝ բնազդով, փորձով և բանականությամբ։ Իմացությունն ընդհանրացման արդյունք է, որ կատարվում է մակածական և արտածական եղանակով, մասնավորից ընդհանուրը և հակառակն ընթացող գործողությամբ։ Հովհաննես Երզնկացին առանձնացնում է իմացության տեսական և գործնական մակարդակները։ Տեսական իմացության նպատակը, ըստ նրա, ճշմարտության հանգելն է, գործնականինը՝ այն ի կատար ածելը։ Քննադատելով հոգու և մարմնի փոխհարաբերության պլատոնյան ըմբըռնումը, նա հոգին համարում է բնության մաս, իսկ մարդուն՝ հոգու և մարմնի ներդաշնակ ամբողջություն։ Հովհաննես Երզնկացին քննարկել ու բնութագրել է հոգու և մարմնի էական հատկանիշները։ Գրել է «Համառօտ տեսութիւն քերականի» աշխատությունը, որ ներառում է քերականական, գրական, գրականագիտական հասկացությունների սահմանումներ (միջնադարյան ըմբռնումով)։ Իր նախորդների թարգմանությունները քննահամեմատական մեթոդով բաղդատել է հույն և լատինական բնօրինակների հետ, կատարել պատմա-բանասիրական, բնագրային ճշգրտումներ, իմաստասիրական, լեզվական ստուգաբանություններ։ Գրական ստեղծագործության ասպարեզում առանձնապես հետևել է Ներսես Շնորհալուն (քննել և շարունակել է Մատթեոսի Ավետարանի՝ նրա կատարած մեկնությունը, վերջինիս օրինակով գրել հայոց այբուբենին նվիրված բանաստեղծություն)։ Հովհաննես Երզնկացու չափածոն (գանձեր, երգեր, շարականներ, խրատական ոտանավորներ, հանելուկներ) քնարական և պատմողական ստեղծագործություն է՝ գրված ազատ չափ ու հանգով, դյուրըմբռնելի լեզվով։ Հովհաննես Երզնկացին նշանավոր մանկավարժ էր և ուսուցիչ։ Նրան աշակերտել են բազմաթիվ «բանասեր անձինք»։ Կրթական, ուսուցողական նպատակներով գրել է փիլիսոփայական աշխատություններ, խրատական ոտանավորներ, հանելուկներ։ Նրա ընտրությամբ ու պատվերով ընդօրինակվել են գիտական, փիլիսոփայական, քերականական աշխատությունների ժողովածուներ։ Հաճախ քաղվածքներ են արվել նրա իմաստասիրական, գրական գործերից, ասույթներից, ընդօրինակվել են նրա աշխատությունները։ Մեծ է Հովհաննես Երզնկացու մատենագրության ճանաչողական նշանակությունը։ Բացահայտելով տարբեր ժողովուրդների անցյալի և ժամանակի փիլիսոփաների, գիտական մտքի մակարդակը, սոցիալ-տնտեսական, եկեղեցական, դասակարգային հարաբերությունները՝ նա իր վերաբերմունքն է արտահայտել այս կամ այն երևույթի, տեսակետի կամ մտածողի նկատմամբ։ Հովհաննես Երզնկացու ձեռագրերը գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 558