Լիմբիական համակարգ
Լիմբիական համակարգ, ծայրային, միջանկյալ և միջին ուղեղի մի քանի գոյացություններից կազմված ֆունկցիոնալ համակարգ, որը տեղադրված է տեսաթմբի երկու կողմերում` կիսագնդերի տակ[1]։ Լիմբիական համակարգը տեղեկատվություն է ստանում ներքին օրգաններից, այդ պատճառով ստացել է նաև «ընդերային ուղեղ» անվանումը։ Լիմբիական համակարգը հնագույն կառույց է, այդ պատճառով կոչվում է նաև պալեոմամալ ուղեղ (հնագույն-կաթնասունային ուղեղ)[2]։
Այս համակարգը մասնակցում է նպատակաուղղված վարքի ձևավորմանը, շարժառիթների (մոտիվացիաների) և հույզերի առաջացմանը, բնազդների իրականացմանը, ուսուցման և հիշողության գործընթացներին, քնի և արթունության պահպանմանը, ապահովում է ներքին միջավայրի հաստատունությունը[3]։ Մարդու հուզական վիճակը մեծապես պայմանավորված է լիմբիական համակարգով[4][5]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիմբիական համակարգը առանձին կառույց չէ, այլ կազմված է տարբեր մասերից. հոտառական կոճղեզից, հոտառական թմբիկից, հիպոկամպից (ծովաձիու գալար), ատամնավոր և հարծովաձիու գալարներից, գոտկագալարներից և այլն[6]։ Լիմբիական համակարգի մեջ են ընդգրկվում նաև նոր կեղևի ճակատային բլթերը, նշաձև կորիզը, ենթատեսաթմբի պտկաձև մարմինները, միջին ուղեղի ցանցանման գոյացությունը, տեսաթմբի առաջային կորիզը[7][8][9][10]։ Լիմբիական համակարգի գոյացությունների միջև առկա են բազմաթիվ փակ նեյրոնային օղակներ։
Հիմնական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիմբիական համակարգը զգացող ազդակներ է ստանում գլխուղեղի տարբեր շրջաններից, հատկապես` ցանցանման գոյացությունից։ Միջին ուղեղի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ լիմբիական համակարգը մասնակցում է վեգետատիվ և շարժողական ռեակցիաների կարգավորմանը։ Կեղևի կապակցական այն գոտիները, որոնք կապված են լիմբիական համակարգի հետ, կոչվում են լիմբիական կեղև։ Սրանց միջոցով լիմբիական համակարգն ընդգրկվում է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների կարգավորման գործընթացում, մասնավորապես` վարքի շարժառիթային և հուզական բաղադրիչների ձևավորմանը, երկարատև հիշողության ձևավորմանն ու ուսուցմանը։
Լիմբիական համակարգի տարբեր կենտրոնների միջև եղած օղակաձև կապերն ապահովում են դրդման երկարատև շրջապտույտն այս համակարգի ներսում, որը կարևոր գործոն է սինապսային հեշտացման և հիշողության ձևավորման մեխանիզմում։ Լիմբիական համակարգում դրդումը կարող է շրջանառվել կարճ և երկար օղակներով։
Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուզային գործունեության ժամանակ կարգավորում է վեգետատիվ և մարմնական համակարգերի գործունեությունը, ուշադրության, հուզական նշանակություն ունեցող տեղեկատվության վերարտադրման գործընթացները։ Լիմբիական համակարգը մասնակցում է օրգանիզմի հարմարողական վարքագծի, բնազդների, հոմեոստազի, բազմացման գործընթացների իրականացմանը։
Ընդերային ֆունկցիաների կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիմբիական համակարգը մասնակցում է ներքին օրգանների աշխատանքի կարգավորմանը։ Այս ֆունկցիան իրագործվում է ենթատեսաթմբի միջոցով[11]։
Նշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշահամալիրն իրականացնում է պաշտպանական, վեգետատիվ, շարժողական, հուզական ռեակցիաներ[12][13][14]։ Այն իր կորիզներով պատասխանում է տեսողական, լսողական, հոտառական, մաշկային, ներքին ընկալիչներից հաղորդվող ազդակներին։ Նշահամալիրի կորիզների գրգռումը սիրտ–անոթային և շնչառական համակարգերի վրա թողնում է պարասիմպաթիկ ազդեցություն։ Նշահամալիրի գրգռումը ճնշում է նաև շնչառությունը, առաջանում են հոտոտելու, լիզելու, ծամելու, թքազատության ռեակցիաներ[15]։
Հիպոկամպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիպոկամպը (ծովաձիու գալար) լիմբիական համակարգի հիմնական գոյացություններից է։ Այն մասնակցում է կողմնորոշման, ուշադրության, ուսուցման ռեակցիաներին։ Հիպոկամպի նեյրոնները պատասխանում են լուսային, ձայնային և այլ գրգիռներին։ Այն մասնակցում է հիշողության ձևավորմանը, քանի որ նրանում կան բազմաթիվ փոքր ցանցեր, որոնցում ուսուցման գործընթացում շրջանառում է տեղեկատվությունը։
Հույզերի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հույզերի առաջացմամբ լիմբիական համակարգը հեշտացնում է օրգանիզմի հարմարումը միջավայրի փոփոխվող պայմաններին։ Հույզերի ձևավորմանը մասնակցում են ենթատեսաթումբը, գոտկագալարն ու նշահամալիրը, ինչպես նաև ճակատային կեղևը[1]։
Նշահամալիրն ազդում է սեռական վարքագծի վրա։ Դրա հեռացումից հետո կապիկների մոտ զարգանում է գերսեռազգայունություն, հուզական առեակտիվություն, վախի և զայրույթի բացակայություն։ Նման կենդանիները դառնում են շուտ ենթարկվող և հեշտությամբ ընտելանում են։ Հիպոկամպի վնասումը նվազեցնում է հուզականությունը, մեծացնում հուզական ռեակցիաներ առաջացնող գրգռիչների շեմքը։
Հույզերի ձևավորմանը լիմբիական համակարգը մասնակցում է նաև հորմոնային տեղաշարժերով։ Նշահամալիրի երկարատև գրգռման դեպքում արյան մեջ ավելանում է կորտիկոստերոիդների քանակը[16]։
Հիշողության և ուսուցման ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ֆունկցիաներն իրականանում են լիմբիական համակարգում առկա նեյրնային փակ օղակներով, որոնցով շրջանառվող տեղեկատվությունը հիմք է հանդիսանում հիշողության առաջացման համար[17][18]։ Էպիլեպսիայի և շիզոֆրենիայի առաջացումը կարող է կապված լինել լիմբիական համակարգի ախտահարման հետ[19]։
Նշահամալիրը նպաստում է ժամանակավոր կապերի առաջացմանը, որոնք կարևոր են հիշողության ձևավորման համար[15]։ Հիպոկամպը նպաստում է կարճատև հիշողության անցմանը երկարատևին[20][21]։ Հիպոկամպի երկարատև խթանման դեպքում միջնորդանյութի արտազատման ուժեղացման միջոցով հեշտանում է սինապսային հաղորդումը, որին նպաստում է նաև հիպոկամպի նեյրոնների դենդրիտների փշիկների շատացումը։ Հիպոկամպի վնասման դեպքում մարդկանց մոտ վերանում է նոր կատարվող իրադարձությունների մտապահումը, սակայն չի խախտվում նախկինում եղած հիշողությունը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիմբիական համակարգի ֆունկցիաներ Archived 2010-12-02 at the Wayback Machine.
- Լիմբիական համակարգ և հույզեր
- Limbic system Archived 2007-11-05 at the Wayback Machine.
- Limbic system movie
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Schacter, Daniel L. 2012. Psychology.sec. 3.20
- ↑ https://www.quora.com/What-is-the-current-scientific-status-of-the-triune-brain-theory-proposed-by-McLean
- ↑ Blessing WW (1997)։ «Inadequate frameworks for understanding bodily homeostasis»։ Trends in Neuroscience 20 (6): 235–239։ PMID 9185301։ doi:10.1016/S0166-2236(96)01029-6
- ↑ Medline Plus Medical Encyclopedia
- ↑ Ledoux, J., (2003). Synaptic Self. New York: Penguin Books. 0142001783
- ↑ Princeton Review (հուլիսի 29, 2003)։ Anatomy Coloring Workbook, Second Edition։ The Princeton Review։ էջեր 120–։ ISBN 978-0-375-76342-7։ Վերցված է հունվարի 10, 2013
- ↑ Broca, P (1878)։ «Anatomie comparee des circonvolutions cerebrales: Le grand lobe limbique et la scissure limbique dans la serie des mammifères.»։ Revue d'Anthropologie 1: 385–498
- ↑ «A review of systems and networks of the limbic forebrain/limbic midbrain»։ Progress in Neurobiology 75 (2): 143–60։ 2005։ PMID 15784304։ doi:10.1016/j.pneurobio.2005.01.001
- ↑ Swenson, Rand։ «Chapter 9 - Limbic System»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-27-ին։ Վերցված է հունվարի 9, 2015:
- ↑ «The limbic system»։ Indian Journal of Psychiatry 49 (2): 132–139։ 2007։ PMC 2917081։ PMID 20711399։ doi:10.4103/0019-5545.33264
- ↑ Olds J., Milner P. (1954)։ «Positive reinforcement produced by electrical stimulation of septal area and other regions of rat brain»։ J.Comp. Physiolo. Psycholo 47 (6): 419–427։ PMID 13233369։ doi:10.1037/h0058775
- ↑ Todorov A., Engell, A. D. (2008)։ «). The role of the amygdala in implicit evaluation of emotionally neutral faces»։ Social Cognitive and Affective Neuroscience 3 (4): 303–312։ PMC 2607057։ PMID 19015082։ doi:10.1093/scan/nsn033
- ↑ Markowitsch H.J., Staniloiu, A (2011)։ «Amygdala in action: Relaying biological and social significance to autobiographical memory»։ Neuropsychologia 49 (4): 718–733։ PMID 20933525։ doi:10.1016/j.neuropsychologia.2010.10.007
- ↑ Pessoa L. (2010)։ «Emotion and cognition and the amygdale: From "what is it?" to "what's to be done?"»։ Neuropsychologia 48 (12): 3416–3429։ PMC 2949460։ PMID 20619280։ doi:10.1016/j.neuropsychologia.2010.06.038
- ↑ 15,0 15,1 Kheirbeck M.A., Hen, R. (2011)։ «Dorsal vs ventral hippocampal neurogenensis: Implications for cognition and mood»։ Neuropsychopharmacology 36 (1): 373–374։ PMC 3055508։ PMID 21116266։ doi:10.1038/npp.2010.148
- ↑ Sapolsky Robert M. (2003)։ «Stress and Plasticity in the Limbic System»։ Neurochemical Research 28 (11): 1735–1742։ ISSN 0364-3190։ doi:10.1023/A:1026021307833
- ↑ CurlikShors D., Shors T.J. (2012)։ «Training your brain: Do mental and physical (map) training enhance cognition through the process of neurogenesis in the hippocampus?»։ Neuropharmacology 64 (1): 506–14։ PMC 3445739։ PMID 22898496։ doi:10.1016/j.neuropharm.2012.07.027
- ↑ Adams, R.D. and Victor, M., Principles of Neurology, 3rd edn., MacGraw-Hill, New York, 1985.
- ↑ lversen, S.D., Recent advances in the anatomy and chemistry of the limbic system. In M.R. Trimble and E. Zarifian (Eds.), Psychophannacology of the Lhnbic System, Oxford University Press, Oxford, 1984, pp. 1-16.
- ↑ Eichenbaum H. (2007)։ «Comparative cognition, hippocampal function, and recollection»։ Comparative Cognition & Behavior Reviews 2 (1): 47–66։ doi:10.3819/ccbr.2008.20003
- ↑ Spreng R.N., Mar, R. A. (2012)։ «I remember you: A role for memory in social cognition and the functional neuroanatomy of their interaction»։ Brain Research 1428: 43–50։ PMC 3085056։ PMID 21172325։ doi:10.1016/j.brainres.2010.12.024
|