Ցնորք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցնորք, առանց իրական առարկայի ընկալման խանգարումներ, որով տառապող հիվանդը իր զգայախաբությունը ընդունում է իրական, այլ ոչ թե երևակայական։ Հիվանդը լսում է, տեսնում է, համ ու հոտ է զգում, համոզված լինելով դրանց իրական լինելու մեջ` այն համարելով ռեալ իրականություն[1]։ Տարբերում են պարզ և բարդ ցնորքներ։

Պարզ ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ ցնորքը պայմանավորված է մեկ զգայարանով։ Պարզ ցնորքները կարող են ունենալ տարրական բնույթ։ Տարրական տեսողական ցնորքը կոչվում է ֆոտօպսիա (հիվանդը տեսնում է կրակ, ծուխ, բոց, կայծ և այլն), տարրական լսողական ցնորքը` ակոազմ հիվանդը լսում է պայթյուն, կանչ, արձագանք, ճիչ և այլն։

Բարդ ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդ ցնորքի դեպքում ցնորապատկերները կապված են մի քանի զգայարանների հետ։ Ցնորքները կարող են լինել նաև իսկական և կեղծ։

Իսկական ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական ցնորքների ցնորային պատկերները գտնվում են հիվանդին շրջապատող աշխարհում։ Նրանք լսում են արտաքին ձայներ, տեսնում են սարսափ հարուցող տեսարաններ, ձևեր, առարկաներ, էակներ, ուրվականներ, զգում են տհաճ հոտեր՝ այդ բոլորը համարելով իրականություն։ Իսկական ցնորքներն ուղղված են հիվանդի ես-ին, որն առաջացնում է վարքի փոփոխություն` ցնորքների բովանդակությանը համապատասխան։ Օրինակ` սարսափազդու պատկերների դեպքում հիվանդը վախ է ապրում, փախչում է, պաշտպանվում է և այլն։ Իսկական ցնորքներն ուժեղանում են երեկոյան ժամերին։

Կեղծ ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծ ցնորքների դեպքում ցնորային պատկերները տեղակայված են ոչ թե իրականության մեջ ու իրական ձևով, այլ հիվանդի մարմնի ներսում, ուղղված են հիվանդի հոգեկան ես-ին, միահյուսվում են նրա ինքնագիտակցության հետ։ Օրինակ՝ հիվանդը ձայներ է լսում իր գլխի միջից, որովայնի խոռոչից։ Իսկական ցնորքներին հակառակ` կեղծ ցնորքների դեպքում հիվանդն զգում է, որ այդ ցնորքները շինծու են, առաջացվել են հատուկ նպատակով, արտաքին ինչ-որ ուժերի կողմից։ Չնայած հիվանդները նշում են, որ այդ բոլորը ստիպողական բնույթ է կրում, իրենց կամքից անկախ է առաջանում, սակայն հիվանդագին այդ ապրումների նկատմամբ քննադատական վերաբերմունք չեն ցուցաբերում։ Կեղծ ցնորքները կապ չունեն օրվա ժամերի հետ։ Սեգլայի կողմից նկարագրվել են վերբալ կինէսթետիկ կեղծ ցնորքներ, երբ հիվանդները նշում են, որ արտաքին ուժերի ազդեցությամբ, իրենց կամքից անկախ, լեզուն շարժվում և խոսքեր է արտասանում։ Կեղծ ցնորքները բնորոշ են հոգեկան ավտոմատիզմի կամ Կանդինսկու-Կլերամբոյի հոգեախտաբանական համախտանիշին[2]։

Գոյություն ունեն ցնորքների նաև հետևյալ տեսակները*

Խոսքային վերբալ ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդը զանազան ձայներ ու խոսակցություններ է լսում, որոնք երբեմն հաճելի, իսկ ավելի հաճախ տհաճ ու սպառնալի բնույթ ունեն, հաճախ ուղեկցվում են զառանցական մտքերով։

Հրամայողական կամ իմպերատիվ ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

բնորոշվում են հրամայող ձայների առկայությամբ, որոնք կարգադրում, հաճախ ստիպում են կատարել շրջապատի համար վտանգավոր այս կամ այն գործողությունը։ Նման դեպքերում հիվանդը կարող է ցուցաբերել ագրեսիվ վարքագիծ, քանի որ «շրջապատի» ձայներին ենթարկվում է ինքնաքննադատության բացակայության պայմաններում։

Մեկնաբանական ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ձայները մեկնաբանում են հիվանդի արարքները, վարքը, նախատում են, երբեմն հիվանդի սխալներն «ուղղելու» նպատակ ունեն։

Հակադրական կամ անտագոնիստական ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

իրար հակասող խոսակցություններ է լսում տարբեր բովանդակությամբ, օրինակ` մի ականջով նա լսում է հրահանգ` վերցնել դանակը և ինքնասպանություն գործել, իսկ մյուսով չկատարել այդ, կամ մի ձայնը առաջարկում է կերակուրն ուտել, իսկ մյուսը նշում է, որ այն թունավորված է, չպետք է ուտել։

Ֆունկցիոնալ ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

առաջանում է արտաքին որևէ գրգռիչին զուգահեռ։ Այսպես` ծորակից հոսող ջրի աղմուկի առկայությամբ հիվանդը զանազան ձայներ ու խոսակցություններ է լսում։ Ֆունկցիոնալ ցնորքը լսողական պատրանքից տարբերվում է նրանով, որ պատրանքի դեպքում գրգիռը ընկալվում է որպես խոսակցություն, իսկ ֆունկցիոնալ ցնորքի դեպքում գրգռիչին համատեղ ցնորքներ են առաջանում։

Ընդերային կամ վիսցերալ ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

մարմնի խոռոչներում զանազան կենդանի էակների, օտար մարմինների առկայության զգացում։

Հիպնագոգիկ ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

առաջանում են քնելուց առաջ աչքերը փակ վիճակում։

Հիպնապոմպիկ ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

առաջանում են արթնանալիս։ հիպնագոգիկ ցնորքները հիմնականում լինում են տեսողական և լսողական բնույթի։ Ֆունկցիոնալ հիպնագոգիկ և հիպնապոմպիկ ցնորքները հոգեպես առողջ մարդկանց շրջանում ևս կարող են հանդիպել։

Էքստրակամպին կամ արտատեսադաշտային ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ցնորապատկերը տեղակայված է տեսադաշտից դուրս հիվանդը տեսնում է իր հետևում կանգնած մարդուն, որը պատրաստվում է հարվածել նրան, կամ լսում է ձայներ որևէ մոլորակից։

Շոշափողական (տակտիլ) ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

կարծես մարմնի վրա զանազան միջատներ են սողում, էլեկտրական հոսանք է անցնում։

Շարլ - Բոնեի ցնորքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայարանների վնասմամբ պայմանավորված ցնորքներ, երբ համապատասխանաբար առաջանում են նույնանուն ցնորքներ, հիմնականում լսողական կամ տեսողական։ Ցնորքները լինում են նաև ներշնչված, /հիպնոսային քնի վիճակում/: Ներշնչանքային ծագում ունեն Լիպմանի և Ռեյխարդի Աշաֆենբուրգի ախտանշանները։ Լիպմանի ախտանշան՝ հիվանդի ակնագնդերը թեթևակի սեղմելով և ներշնչելով` առաջացվում է տեսողական ցնորք։ Ռեյխարդի ախտանշան` ալկոհոլային հարբեցատենդով տառապող հիվանդի առողջացման շրջանում առաջարկվում է ուշադիր նայել ու ասել, թե ինչ է գրված նրա առջև դրված մաքուր թղթի վրա։ Նա կարդում է որոշակի բառեր և նույնիսկ ամբողջ նախադասություններ։ Աշաֆենբուրգի ախտանշան` հիվանդին տրվում է անջատված հեռախոսի լսափողը և առաջարկվում է խոսել, որը և նա կատարում է։ Այդ ճանապարհով արհեստականորեն առաջանում են լսողական ցնորքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հոգեբուժություն։ Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար /Ա.Է. Մելիք-Փաշայան; - Եր։ Երևանի Մ. Հերացու անվան պետ. բժշկ. համալս. հրատ., 330 էջ
  2. https://drive.google.com/file/d/0BxQ9EHQXM8mCMGxiN19Ec0cxNjQ/view