Համասեռականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միասեռականությունից)
Jump to navigation Jump to search
Սեռական կողմնորոշում
Տղամարդու և կնոջ խորհրդանիշերի խառնվածք
Սեռական կողմնորոշումներ
Ոչ-բինարային խմբեր
Հետազոտություններ
Ոչ մարդկային, կենդանական
Նույնասեռական զույգ
Նույնասեռականության պաշտպանների կողմնակիցների գործածվող նշանաբան դրոշը
Նույնասեռականության իրավական կարգավիճակն աշխարհի պետություններում.
օրինական      նույնասեռ ամուսնությունը օրինական է      համակեցության կամ այլ կարգավիճակի ճանաչում      նույնասեռ զույգեր առանց քաղաքացիական կացության գրանցման      օտարերկրացիների նույնասեռ ամուսնությունների ճանաչում անօրինական      ոչ մի պատիժ      բանտարկություն      ցմահ բանտարկություն      մահապատիժ

Համասեռականություն, նույնասեռականություն, ռոմանտիկ ձգտում, սեռական ձգտում կամ սեռական վարք նույն սեռի կամ գենդերի անձանց միջև։ Որպես սեռական կողմնորոշում, նույնասեռականությունը «հուզական, ռոմանտիկ և/կամ սեռական հարատև ձգտումներն» են նույն սեռի անձանց հանդեպ։ Այն նաև «վերաբերում է անձի նույնականացման զգացումին՝ հիմնված այդ ձգտումների և համայնքի անդամ լինելու վրա»[1][2]։

Երկսեռականության և տարասեռականության հետ միասին նույնասեռականությունը հանդիսանում է սեռական կողմնորոշման երեք հիմնական տեսակներից մեկը՝ տարասեռական-նույնասեռական կոնտինուումի ներսում[1]։ Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչպես է ձևավորվում անձի սեռական կողմնորոշումը, սակայն նրանք ենթադրում են, որ այն ժառանգական, հորմոնային և միջավայրի գործոնների փոխազդեցության արդյունք է[3][4][5], այն չի համարվում անձի ընտրություն[3][4][6]։ Չնայած դեռ ոչ մի տեսություն չի ստացել համընդհանուր համաձայնություն, սակայն գիտնականները կողմնակից են կենսաբանական գործոնների հիմքի վրա առկա տեսությունների հետ[3]։ Նշանակալիորեն ավելի շատ ապացույցներ կան, որոնք փաստում են անձի, հատկապես տղամարդկանց, սեռական կողմնորոշման ձևավորման վրա ոչ սոցիալական, կենսաբանական գործոնների դերի կարևորությունը[7][8][9]։ Չկան հիմնավոր ապացույցներ, որ դաստիարակությունը կամ վաղ մանկության շրջանի իրադարձությունները կարող են սեռական կողմնորոշման ձևավորման մեջ դեր ունենալ[10]։ Չնայած նրան, որ որոշ մարդիկ նույնասեռականությունը համարում են անբնական[11], գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն նորմալ է և մարդու սեռականության բնական տարբերակ է, և ինքն իրենով չի հանդիսանում բացասական հոգեբանական հետևանքների աղբյուր[1][12]։ Չկան բավարար ապացույցներ, որոնք կհիմնավորեն սեռական կողմնորոշման փոխելուն ուղղված հոգեբանական միջամտությունների կիրառությունը[13][14]։

Նույնասեռական անձանց անվանելու համար օգտագործվում է լեսբուհի եզրույթը՝ կանանց դեպքում, և գեյ՝ տղամարդկանց։ Գեյ եզրույթը հաճախ կիրառվում է նույնասեռական և՛ կանանց, և՛ տղամարդկանց պարագայում։ Բնակչության մեջ գեյ և լեսբուհի մարդկանց, ինչպես նաև նույնասեռ ռոմանտիկ հարաբերությունների տոկոսային հարաբերությունը դժվար է վստահորեն գնահատել՝ տարբեր պատճառներից ելնելով։ Պատճառներից է այն, որ շատ գեյ և լեսբուհի անձինք բաց կերպով չեն ներկայանում հասարակությանը՝ նախախնամության կամ խտրականության (օրինակ՝ հոմոֆոբիա և հետերոսեքսիզմ) պատճառով[15]։ Նույնասեռականությունը տարածված է նաև շատ կենդանատեսակների մոտ[21]։

Շատ գեյ և լեսբուհի անձինք հարատև նույնասեռ հարաբերության մեջ են։ ԱՄՆ-ում գեյ և լեսբուհի անձանց մարդահամարը առաջին անգամ իրականացվեց 2010-ականներին, երբ կար դրա համար նախատեսված հարցաթերթիկ, կային քաղաքական պայմաններ և մեծացել էր այդ անձանց տեսանելիությունը հասարակության մեջ[22]։ Հոգեբանական առումներով այդ հարաբերությունները համարժեք են տարասեռ հարաբերությունններին[2]։ Մարդկության պատմության ընթացքում նույնասեռ հարաբերությունները և գործողությունները հանդիսացել են ինչպես հիացմունքի, այնպես էլ դատապարտման առարկա՝ կախված տվյալ մշակույթից և նրանից, թե ինչ կերպ են դրանք արտահայտվել[23]։ 19-րդ դարից ի վեր գոյություն ունի համաշխարհային շարժում, որի նպատակն է գեյ մարդկանց ազատությունը և հավասարությունը, ներառյալ բռնության դեմ ուղղված օրենսդրությունը՝ պաշտպանելու գեյ երեխաներին դպրոցում, խտրականության դեմ օրենսդրությունը, բանակում ծառայելու հավասար հնարավորությունը, առողջապահության հասանելիությունը, և ամուսնական հավասարության հաստատումը։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց լեզվում գործածական էր «արվամոլություն» տերմինը, այժմ այդ տերմինը համարվում է վիրավորական և խտրական (քանի որ պարունակում է «մոլ» բացասական իմաստ արտահայտող վերջածանցը, ինչպես՝ գինեմոլ, կնամոլ, մանկամոլ, խաղամոլ, կրոնամոլ, նաև, արդեն ոչ որպես վերջածանց՝ մոլեռանդ, մոլի, մոլագար և այլն), որի փոխարեն առաջադրվում են տարբեր նոր տերմիններ. միասեռականություն, միասեռահակություն, նույնասեռականություն, նույնասեռահակություն, և այլն։ Առկա են նաև այլ տերմիններ և գործածվող բառեր, որոնցից ոմանք առավել տարածված են, քան մյուսները. երկնագույն, այրասեր, արվագետ, իգացող (նույնասեռական կանանց նկատմամբ գործածվող տերմին), նաև միջազգային նոր և հնացած տերմիններ՝ գեյ, լեսբուհի կամ լեսբուհի, ուրանիստ։ Որոշ դեպքերում գործածվում են այլ տերմիններ, հաճախ՝ օտարալեզու. «գալուբոյ» (ռուսերեն голубой - երկնագույն բառից), լեսբուհի (գալիս է Լեսբոս կղզու անունից, ուր ապրել է անտիկ բանաստեղծուհի Սափոն, որ գովերգում էր սերը կանանց միջև), նաև վիրավորական բառեր, օրինակ ***թ (թուրքական ծագումնաբանությամբ այս բառը բառացի նշանակում է «հետույք»), և այլն։ Որոշ դեպքերում ոմանք գործածում են այլ տերմիններ՝ կախված իրենց անձնական հայացքներից և վերաբերմունքից (դրական կամ բացասական) նույնասեռականության երևույթի և նման անհատների նկատմամբ. համասեռամոլ, նույնասեռամոլ, նույնիսկ՝ համասեռամոլական, նույնասեռամոլական։ Այսօր առավել տարածված է «նույնասեռական» տերմինը, ինչպես և «միասեռական»ը։ Սակայն կարելի է վիճարկել վերջինի գործածման նպատակահարմարությունը. միասեռական (բառացի՝ (միայն) մի սեռի նկատմամբ հակում ունեցող) ըստ էության կարող են համարվել և՛ տարասեռական կանայք ու տղամարդիկ, և՛ նույնասեռական կանայք ու տղամարդիկ, որովհետև երկու դեպքում էլ անհատները գերադասում են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ բացարձակապես մեկ սեռի հետ (կին կամ տղամարդ): Նույն ձևով կիրառելի է նաև «այրասեր» տերմինը, քանզի «այրասեր» (բառացի՝ այր (տղամարդ) սիրող) կարող է անվանվել ինչպես տղամարդ նախընտրող տղամարդը, այնպես էլ տղամարդ նախընտրող կինը։ Այս առումով միասեռական են և՛ նույնասեռական, և՛ տարասեռական անհատների մեծամասնությունը, իսկ միասեռական չեն երկսեռականները, որոնք կարող են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց (ասել է թե՝ ավելի, քան մեկ սեռի) հետ։ Լայն գործածում ունի հոմոսեքսուալ բառը, որի հնացած և առավել «կլինիկական» տարբերակը հոմոսեքսուալիստ բառն է։ Ժամանակակից ռուսերենում այլևս հոմոսեքսուալիստ բառը չի կիրառվում որպես համընդհանուր ընդունված պիտակ նույնասեռականների նկատմամբ, այլ՝ հոմոսեքսուալ. նշվում է, որ տարասեռականներին, օրինակ, չեն անվանում հետերոսեքսուալիստ, այլ հետերոսեքսուալ, ուստի նույնասեռականներին էլ պետք է անվանել ոչ թե հոմոսեքսուալիստ (ինչպես ընդունված էր ԽՍՀՄ ցենզուրայում, նաև արևմուտքում երկար տարիներ), այլ՝ հոմոսեքսուալ, նույն կերպ և երկսեռականների դեպքում։

Պահպանողական կրոնական ինստիտուտներն օգտագործում են «սոդոմական» տերմինը՝ խոսելով նույնասեռականների մասին։ Սա գալիս է բիբլիական Սոդոմ քաղաքի անունից (Սոդոմ և Գոմորա), որի բնակիչները հայտնի էին իրենց մեղսալից կենսակերպով։

Նոր տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան նաև անհատներ և հետազոտողներ, որոնք համամիտ չեն տվյալ տերմինների կիրառման հետ և իրենց չեն դասակարգում վերոնշյալ կատեգորիաներում ու առաջարկում են այլընտրանքային տերմինաբանություն(նույնասեռական, տարասեռական, երկսեռական տերմինների փոխարեն). պանսեքսուալիստ (pansexualist) կամ ամենասեռական, պոլիսեքսուալիստ (polysexualist) կամ բազմասեռական, գենդեր-նեյտրալ կամ գենդեր-կույր (gender neutral կամ gender blind)։ Պանսեքսուալիստները նրանք են, ովքեր կարող են սեռական և էմոցիոնալ հակումներ ու զգացմունքներ ունենալ կամ տածել անհատի նկատմամբ՝ անկախ իր սեռական կողմնորոշվածությունից և դրա արտահայտման ձևից։ Պոլիսեքսուալիստները կարող են սիրել և հարաբերվել մի քանի սեռական կողմնորոշվածության տեր մարդկանց հետ, բայց ոչ բոլորի. նրանք կարող են հարաբերվել տարասեռականների, նույնասեռականների, երկսեռականների հետ, սակայն կարող են մերժել տրանսվեստիտներին կամ փոխսեռականներին, տրանսսեքսուալներին կամ միջսեռականներին, տրանսգենդերներին կամ փոխգենդերներին։ Գենդեր-նեյտրալ կամ գենդեր-կույր են այն անհատները, որոնք կարող են հարաբերվել անհատի հետ՝ անկախ իր կենսաբանական սեռից, սեռական կողմնորոշվածությունից և դրա արտահայտման ձևից (ձևերից), ինչպես նաև հաշվի չառնելով անհատի գենդերը՝ նրա հասարակական սեռը։

Պատմությանը հայտնի նույնասեռականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բնագավառում, ինչպես և թեմային առնչվող շատ (եթե ոչ բոլոր) բնագավառներում, առկա է և երբեմն մեծ դեր է կատարում սուբյեկտիվ մոտեցումը։ Կողմնակիցները երբեմն փորձում են ծայրահեղացնել հօգուտ իրենց, իսկ հակառակ կարծիք ունեցողները՝ հակառակը։ Այսպես, սեփական նույնասեռականությունը կյանքի ընթացքում ցուցադրած անհատն իր հարազատների կողմից (հատկապես մահվանից հետո՝ վերջինիս «բարի համբավը» փրկելու համար) կարող է ներկայացվել որպես բացարձակապես տարասեռական, և հակառակը՝ երկսեռական անհատի հիմնականում նույնասեռական հակումները նկարագրելով՝ նրան կարող են ներկայացնել որպես բացարձակապես նույնասեռական (կամ էլ տարասեռական՝ ըստ ներկայացնողի սուբյեկտիվ կարծիքի)։ Նման օրինակ կարելի է համարել աստվածաշնչյան «Դավիթ և Հովնաթան» թագավորների պատմությունը. պատմականորեն նրանք ներկայացվել են որպես միմյանց նկատմամբ զուտ պլատոնական սեր տածած, «մաքուր» տղամարդկային ընկերության վառ օրինակներ։ Այսօր առկա է մեկ այլ կարծիք, ըստ որի՝ դա խիստ ընդգծված նույնասեռական սիրո պատմություն է, ընդ որում՝ առկա է ոչ միայն էմոցիոնալ կապը երկու հերոսների միջև, այլև՝ ֆիզիկականը (Երբ Հովնաթանն առաջին անգամ է տեսնում Դավթին, նա մերկանում է, հանում իր գոտին, և «հաջորդ պահին նրա հոգին հայտնվում է Դավթի հոգում», ինչպես նաև մեկ այլ դեպքում իրարից բաժանվելիս նրանք լալիս էին և համբուրվում)։

Մարդկությանը հայտնի ամենանշանավոր ու ամենահին նույնասեռական անհատները եգիպտական Նիանքքնումն ու Քնումհոթեփն են։ Այսօր առկա է և վերականգնված է վերջիններիս դամբարանը։

Անտիկ մշակույթի ամենահայտնի կերպարները, որ ունեին նույնասեռական (ընդգծված, սակայն ոչ միայն նույնասեռական) փոխհարաբերություններ, Աքիլլեսն ու Պատրոկլուսն են. ըստ առասպելների՝ Պատրոկլուսը սպանվեց Տրոյայի գրավման համար մղվող պատերազմներից մեկի ճակատամարտերից մեկի ժամանակ, ինչը խիստ կերպով ազդեց Աքիլլեսի վրա. իր ողբի մեջ նա ասում էր, որ Պատրոկլուսի սերն առավել էր իր համար ցանկացած կնոջ սիրուց, ինչպես նաև օգտագործում է սպեցիֆիկ հին հունարեն բառ, որ օգտագործվում էր նույնասեռական սիրեկանների նկատմամբ։ Ասվում է նաև, որ հենց նրա մահն էր, որ արագացրեց ու անխուսափելի դարձրեց Տրոյայի անկումը, և որ «Աստվածներն իրենք էին միջամտում՝ մեղմացնելու համար Աքիլլեսի զայրույթը, որպեսզի նա հանկարծ Տրոյան որոշված ժամանակից շուտ չավիրի»։ Սակայն, հենց Տրոյայի պաշարման ժամանակ էր, ըստ առասպելներից մեկի, որ Աքիլլեսին խիստ դուր էր եկել մի հարճ, որի նկատմամբ իր պահանջները ներկայացնելով նա վիճեց արքաներից մեկի հետ։ Այսպիսով, վերջին դեպքում, հավանաբար, խոսք է գնում հունական հասարակության մեջ այդ ժամանակ ընդունված պեդերաստիայի մասին, և ոչ սոսկ նույնասեռական սիրո պատմության մասին։

Հայտնի կերպարներից են Սոկրատեսը, Պլատոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հռոմեական կայսր Հադրիանոսը, Հուլիոս Կեսարը (որին անվանում էին «բոլոր կանանց տղամարդը և բոլոր տղամարդկանց կինը»)։ Սակայն երբ խոսք է գնում անտիկ մշակույթի մասին, պետք է հաշվի առնել այն փաստը, որ տվյալ մշակույթում ոչ միայն ընդունված էր, այլև ողջունելի էր պեդերաստիան. կինը հաճախ դիտվում էր որպես սերունդը շարունակելու միջոց, նա ոչ կատարյալ էակ էր՝ ոչ լիարժեք իր բնությամբ, հետևաբար՝ ոչ լիարժեք քաղաքացի՝ զրկված, օրինակ, քվեարկելու իրավունցից (Հանրապետության դարաշրջանում)։ Հաշվի է պետք առնել նաև, որ նույնասեռականությանը վերաբերող կարծիքները կարող էին լինել տարբեր ու բազմաման՝ կախված կոնկրետ պոլիսից։ Իսկ Սոկրատեսն, օրինակ, նկարագրում է՝ ինչպես նրան ստիպողաբար մի ազնվական ներառել է մի նույնասեռական ակտի մեջ, ինչը խիստ տհաճ և խորը ազգեցություն է թողել իր վրա։ Սակայն, այնուամենայնիվ, նույնասեռականությունը նույնպես, պեդերաստիայի հետ մեկտեղ, օգտագործվել է պետական ինստիտուտներում։ Դասական օրինակ է «Թեբեի Սրբագործված Խումբը»՝ մարտիկների մի խումբ, ըստ տվյալների՝ 300-500 մարտիկ (տարբեր թվեր են նշվում, հնագիտական պեղումներից հայտնաբերվել է 297 մնացորդ), որոնք բոլորն էլ զույգեր էին։ Կարծեցվում էր՝ եթե մարտիկը ռազմի դաշտում կռվում է իր սիրելիի կողքին՝ նա պիտի կռվեր առավել մեծ անձնուրացությամբ՝ սիրելիին պաշտպանելու համար։ Պատմականորեն գրանցվել է դեպք, երբ վերոնշյալ զորախումբը հաղթանակ է տարել իրենցից թվով գերակշռող և իրենց առասպելական ուժով հայտնի Սպարտացիների նկատմամբ։

Հայտնի պատմական կերպարներից են նաև Միքելանջելո Բուոնարոտին (որ հարյուրավոր սոնետներ է նվիրել իր սիրելի տղամարդկանց), Լեոնարդո դա Վինչին (որի համար տարասեռական կապը կնոջ և տղամարդու համար նողկալի էր, ինչպես ինքն է գրում իր օրագրում) Պյոտր Չայկովսկին, և այլք։ Այսօրվա ամենանշանավոր կերպարներից են Էլթոն Ջոնը, Ռիկի Մարտինը, Բորիս Մոիսեևը։

Հայոց մեջ նույնասեռականության թեմային անդրադառնալիս նշվում է Սերգեյ Փարաջանովի անունը։ Համեմատաբար նոր են հայտնաբերվել և հանրությանը քիչ հայտնի են նաև Եղիշե Չարենցի հոմոէրոտիկ բանաստեղծությունները։

Իրավական մոտեցումը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 - 1936 թվականներին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով նույնասեռականությունը չի պատժվում։ Սակայն 1936 թվականին Հայաստանի օրենսգրքում[փա՞ստ] ավելացվում է արվամոլությունը դատապարտող 116-րդ հոդվածը (այս հոդվածով երկու անգամ՝ 1948-ին և 1974-ին դատապարտվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը)։ Միայն 2003 թվականի ապրիլի 18-ին, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, Հայաստանի քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը ապաքրեականացվում է։ Եթե նախկինում նույնասեռական սեռական հարաբերության համար անձը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, ապա հիմա հանցագործություն է համարվում միայն՝ երբ կողմերից մեկի կամքին հակառակ է եղել տվյալ ակտը (Հայաստանի քրեական օրենսգրքի Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Sexual orientation, homosexuality and bisexuality»։ American Psychological Association։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2013 
  2. 2,0 2,1 «Case No. S147999 in the Supreme Court of the State of California, In re Marriage Cases Judicial Council Coordination Proceeding No. 4365[...] – APA California Amicus Brief — As Filed» (PDF)։ էջ 30։ Վերցված է դեկտեմբերի 21, 2010 
  3. 3,0 3,1 3,2 Frankowski BL, American Academy of Pediatrics Committee on Adolescence (June 2004)։ «Sexual orientation and adolescents»։ Pediatrics 113 (6): 1827–32։ PMID 15173519։ doi:10.1542/peds.113.6.1827 
  4. 4,0 4,1 Mary Ann Lamanna, Agnes Riedmann, Susan D Stewart (2014)։ Marriages, Families, and Relationships: Making Choices in a Diverse Society։ Cengage Learning։ էջ 82։ ISBN 1305176898։ Վերցված է փետրվարի 11, 2016։ «The reason some individuals develop a gay sexual identity has not been definitively established  – nor do we yet understand the development of heterosexuality. The American Psychological Association (APA) takes the position that a variety of factors impact a person's sexuality. The most recent literature from the APA says that sexual orientation is not a choice that can be changed at will, and that sexual orientation is most likely the result of a complex interaction of environmental, cognitive and biological factors...is shaped at an early age...[and evidence suggests] biological, including genetic or inborn hormonal factors, play a significant role in a person's sexuality (American Psychological Association 2010).» 
  5. Gail Wiscarz Stuart (2014)։ Principles and Practice of Psychiatric Nursing։ Elsevier Health Sciences։ էջ 502։ ISBN 032329412X։ Վերցված է փետրվարի 11, 2016։ «No conclusive evidence supports any one specific cause of homosexuality; however, most researchers agree that biological and social factors influence the development of sexual orientation.» 
  6. Gloria Kersey-Matusiak (2012)։ Delivering Culturally Competent Nursing Care։ Springer Publishing Company։ էջ 169։ ISBN 0826193811։ Վերցված է փետրվարի 10, 2016։ «Most health and mental health organizations do not view sexual orientation as a 'choice.'» 
  7. «Sexual Orientation, Controversy, and Science»։ Psychological Science in the Public Interest 17 (21): 45–101։ 2016։ PMID 27113562։ doi:10.1177/1529100616637616 
  8. LeVay Simon (2017)։ Gay, Straight, and the Reason Why: The Science of Sexual Orientation։ Oxford University Press։ ISBN 9780199752966 
  9. Balthazart Jacques (2012)։ The Biology of Homosexuality։ Oxford University Press։ ISBN 9780199838820 
  10. «Submission to the Church of England's Listening Exercise on Human Sexuality»։ The Royal College of Psychiatrists։ Վերցված է հունիսի 13, 2013 
  11. Robinson B. A. (2010)։ «Divergent beliefs about the nature of homosexuality»։ Religious Tolerance.org։ Վերցված է սեպտեմբերի 12, 2011 
  12. «"Therapies" to change sexual orientation lack medical justification and threaten health»։ Pan American Health Organization։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 23, 2012-ին։ Վերցված է մայիսի 26, 2012 
  13. American Psychological Association: Resolution on Appropriate Affirmative Responses to Sexual Orientation Distress and Change Efforts
  14. «Psychological practices that attempt to change sexual orientation: Position statement | APS»։ www.psychology.org.au։ Վերցված է 2020-01-28 
  15. LeVay, Simon (1996). Queer Science: The Use and Abuse of Research into Homosexuality. Cambridge: The MIT Press 0-262-12199-9
  16. «Same-sex Behavior Seen In Nearly All Animals, Review Finds»։ ScienceDaily 
  17. 1,500 animal species practice homosexuality. The Medical News, 23 October 2006 Archived 10 February 2011 at the Wayback Machine.
  18. Sommer, Volker & Paul L. Vasey (2006), Homosexual Behaviour in Animals, An Evolutionary Perspective. Cambridge University Press, Cambridge. 0-521-86446-1
  19. (Bagemihl 1999)
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Biological Exuberance: Animal անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. [16][17][18][19][20]
  22. * Census statistics show quarter of California same-sex couples raising kids
  23. Sexual Orientation Archived 26 July 2011 at the Wayback Machine.. American Psychiatric Association.