Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
აჭარის ავტონომიური საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა
Դրոշ Զինանշան
Flag of Adjarian ASSR.svg
Emblem of the Adjar ASSR.svg
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կարգավիճակ Ինքնավար հանրապետություն
Մտնում է Վրացական ԽՍՀ
Ներառում է Քեդայի, Քոբուլեթի, Խելվաչաուրի, Խուլոյի և Շուխայի մունիցիպալիտետներ
Վարչկենտրոն Բաթում
Խոշորագույն քաղաք Բաթում
Հիմնական լեզու վրացերեն, ռուսերեն
Բնակչություն (1989)
392 707
(7,2 %)
Խտություն 131
Ազգային կազմ վրացիներ, ռուսներ, հայեր
Տարածք 3 000 կմ²
(4,3 %)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 2812 մ
 0 մ
Аджария на административной карте Грузии.png
Adjar ASSR Map hy.png
Պատմական շրջան(ներ) Իմերեթ
Ժամային գոտի + 4
Հապավում Աջարական ԻԽՍՀ
Կոորդինատներ: 41°39′ հս․ լ. 42°0′ ավ. ե. / 41.650° հս․. լ. 42.000° ավ. ե. / 41.650; 42.000

Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (վրաց.՝ აჭარის ავტონომიური საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა՝ Աջարիս Ավտոնոմիուրի Սաբճոթա Սոցիալիստուրի Ռեսպուբլիկա), ինքնավար հանրապետություն Վրացական ԽՍՀ կազմում։ Կազմավորվել է 1921 թվականի հուլիսի 16-ին, լուծարվել 1990 թվականին՝ վերածվելով Աջարական Ինքնավար Հանրապետության։

Ի սկզբանե Աջարական ԻԽՍՀ-ն կազմավորվել էր որպես մուսուլման վրացիների ինքնավար հանրապետություն, և կոչվում էր Աջարիստանի ԻԽՍՀ։ Վերանվանվել է 1936 թվականին։ Մինչ կազմավորվելը մտնում էր Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921), ավելի վաղ՝ Ռուսական կայսրության Բաթումի մարզի մեջ։

Բնակչությունը կազմել է 392 707 մարդ (1989 թվականի համամիութենական մարդահամար), մեծամասնությունը՝ իսլամադավան վրացիներ[1]։ Բնակչության 46,3 %-ը կամ 181 768 մարդ, բնակվել է քաղաքներում, գերազանցապես՝ մայրաքաղաք Բաթումում։

Տարածքը կազմել է 3 000 կմ2 կամ Վրացական ԽՍՀ տարածքի 4,3 %-ը։ Կազմված էր 5 շրջաններից կամ մունիցիպալիտետներից՝ Քեդայի, Քոբուլեթի, Խելվաչաուրի, Խուլոյի և Շուխայի։ Ուներ 2 քաղաք և 6 քտա։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարական ԻԽՍՀ-ն սոցիալիստական պետություն է Խորհրդային Վրաստանի կազմում։ Գործող սահմանադրությունն ընդունվել էր 1937 թվականի հոկտեմբերի 25-ին։

1921 թվականի նոյեմբերի 15-ին Աջարիստանի Հեղկոմի առաջին քարտուղար է ընտրվում Թենգիզ Ժգենտին, ով պաշտոնավարում է մինչև 1922 թվականի հունվարի 10-ը։

Պետական իշխանության բարձրագույն մարմիններն են՝ Գերագույն խորհուրդը (ընտրվում է 4 տարին մեկ) և նրա նախագահությունը։ Գերագույն խորհուրդը կազմում է կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ։

Պետական իշխանության տեղական մարմինները՝ աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային, գյուղական խորհուրդներն ընտրում էր բնակչությունը 2 տարի ժամանակով։

Աջարական ԻԽՍՀ Գերագույն խորհուրդը 5 տարով ընտրում է գերագույն դատարան։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարական ԻԽՍՀ-ն գտնվում էր Անդրկովկասի հարավ-արևմուտքում, Սև ծովի ափին։ Տարածքի մեծ մասով ձգվում են Փոքր Կովկասի լեռներն ու նախալեռները։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արլևելք ձգվում են Մեսխեթի (Սաղորնիա լ., 2755 մ), հարրավում՝ Շավշեթի (Խեվա լ., 2812 մ), հարավ-արևելքում՝ Արսիանի (Գոդերձի լեռնանցք, 2025 մ) լեռնաշղթաները։ Ծովափնյա նեղ շերտը Կոլխիդայի դաշտավայրի շարունակությունն է։

Օգտակար հանածոներից Աջարիայում հայտնի են պղնձի, բազմամետաղների (Մերիսի) և հրակայուն կավերի (Ցեցխլաուրի) հանքավայրերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ծովափնյա մասում և նախալեռներում խոնավ մերձարևադարձային է, լեռներում՝ խոնավ, չափավոր տաքից մինչև ցուրտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափնյա մասում 4 °C-ից 6 °C է, լեռներում՝ 2 °C-ից մինչև -2 °C, հուլիսինը՝ 20 °C, 23 °C (լեռներում՝ 20 °C, 16 °C)։ Տարեկան տեղումները ծովափնյա մասում 2400-2800 մմ է, լեռներում՝ 1400-1800 մմ։ Անսառնամանիք օրերի թիվը մերձծովյան գոտում՝ 300-350։ Սառնամանիքները հազվադեպ են և չեն գերազանցում -4 °C, -6 °C-ից։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը պատկանում են Սև ծովի ավազանին։ Ամենամեծ գետը Ճորոխն է (ստորին հոսանքը)՝ Աջարիսծղալի վտակով։ Ծովափնյա շրջանում գերիշխում են ալյուվիալ ու ճահճային հողերը, մերձծովյան նախալեռներում՝ կարմրահողերը, լեռներում ու ներքին հովիտներում՝ գորշանտառային, ճմային, ճմատորֆային հողերը։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի կեսից ավելին անտառածածկ է։ Հյուսիս-արևմուտքում տարածված են ենթանտառով ու լիանաներով հարուստ, լայնատերև ծառատեսակներով կոլխիդյան տիպի մշտադալար, ավելի բարձր՝ հաճարենու անտառները։ 1800 մետրից բարձր թփուտներ են։ Վայրի կենդանիներից անտառներում հանդիպում են արջ, լուսան, շնագայլ, վայրի խոզ։ Գետերում կան ծածան, սաղմոն, կարմրախայտ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարական ԻԽՍՀ-ի ծովափնյա մասով անցնում են Սամտրեդիա-Բաթում էլեկտրիֆիկացված երկաթուղին, Նովոռոսիյսկ-Բաթում, Բաթում-Ախալցխա խճուղիները։ Բաթումը ներքին ու միջազգային փոխադրումների (հիմնականում՝ նավթամթերքներ) խոշոր նավահանգիստ է։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-69 ուսումնական տարում Աջարական ԻԽՍՀ-ում գործում էին տարրական 200, ութամյա 111 և միջնակարգ 105 (այդ թվում հայկական՝ 3), բաներիտ և գյուղերիտ 24 դպրոց (71 800 աշակերտ, 1971), արտադպրոցական 16 հիմնարկ, պրոֆտեխնիկական 3 ուսումնարան, միջին մասնագիտական ուսումնական 7 հաստատություն, մանկավարժական ինստիտուտ, գիտահետազոտական 11 հիմնարկ, այդ թվում Վրացական ԽՍՀ ԳԱ Բաթումի ԳՀԻ-ը, Ֆիտոպաթոլոգիայի (Քոբուլեթ), թեյի և մերձարևադարձային բույսերի (Չաքվա) համամիութենական ինստիտուտների մասնաճյուղերը, 175 ակումբ, 222 գրադարան, 156 կինո, ժողովրդական թատրոն, 2 թանգարան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարական գրականությունը վրաց գրականության մի մասն է։ Զարգացել է խորհրդային իշխանության տարիներին։ Հայտնի են Պ. Լորիայի վեպերը։ Աջարիայի գրականությունը հարստացրել են նաև Պ. Ռուրուան, Ն. Գվարիշվիլին, Ս. Վարշանիձեն, Ն. Սալազոնիան, Ի. Պագավան, Շ. Ռոքվան, Գ. Սսւլուկվաձեն և ուրիշներ։

1927 թվականին ստեղծվել է աջարական պրոլետարական գրողների ասոցիացիան, իսկ 1932 թվականին՝ ՎԽՍՀ գրողների միության աջարական բաժանմունքը։ Այն ունի իր ամսագիրը՝ «Թալգա» («Ալիք»), որը լույս է տեսնում 1958 թվականից։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարական ԻԽՍՀ ճարտարապետական հուշարձաններից են Գոնիա ամրոցը, բյուգանդական Պետրա քաղաք-ամրոցի մնացորդները (հիմնադրվել է 6-րդ դարում), Թամարիսցիխեն, Ախալթայի մեծ եկեղեցին (13-րդ դար), Սախոյի, Սախունցետիի, Դանդալոյի և Պուրտիոյի միակամար կամուրջները։

Խորհդրային իշխանության տարիներին Բաթումի և բուժավայրերի (Քոբուլեթ, Մախինջաարի, Ցիխիսձիրի և այլն) շինարարությունը լայն թափ է առել։ Բաթումում կառուցվել են՝ «Ինտուրիստ» հյուրանոցը (1939, ճարտ. Կ. Ի. Ջավախիշվիլի, Բ.Մ. Կիրակոսյան), Դրամատիկական թատրոնը (1952, ճարտ. Լ. Ս. Տեպլիցկի), Հեղափոխության թանգարանը (1955, ճարտ. Կ. Ի. Ջավախիշվիլի), «Թբիլիսի» կինոթատրոնը (1964, ճարտ. Ն. Աբսւշիձե)։

1958 թվականին հաստատվել են Բաթումի և Քոբուլեթի գլխավոր հատակագծերը։

Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կերպարվեստը Աջարական ԻԽՍՀ-ում սկզբնավորվել է 20-րդ դարում։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո երևան են գալիս պատմա-հեղափոխական թեմայով նկարներ (Շ. Գ. Խոլուաշվիլի, Ն. Ն. Ցակովենկո), բնանկարներ (Ս. Ն. Արտմելաձե, Շ. Ա. Զամթարաձե, Խ. Դ. Ինիաշվիլի)։

Զարգանում են քանդակագործությունը (Թ. Պ. Չսւնթուրիա, Մ. Ա. Բոլկվաձե), գրաֆիկան (Գ. Ա. Սեչենյան, Վ. Օ. Սեիդիշվիլի), բեմանկարչությունը (Դ. Խ. Իմնաիշվիլի, Ա. Ս. Ֆիլիպով), մոնումենտալ-դեկորատիվ արվեստը (Թ. Ս. Ջալագանիսւ), դեկորատիվ-կիրառական արվեստը (Շ. Ի. Քվեռնաձե, Օ. Չաչուա)։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարական ժողովրդական երգը բազմաձայն է, ունի քառյակային, և 3-4 մաս միավորող բարդ կառուցվածք։ Հատկապես տարածված էին «նադուրի» քառաձայն աշխատանքային երգերը, որ կատարվում են 8-12 տղամարդկանց երգչախմբով։ Աջարական երգերը գլխավորապես երկմաս և եռամաս չափի են, գործիքային երաժշտության մեջ կան նաև հնգամաս չափի մեղեդիներ։

Ժողովրդական չիբոնի (պարկապզուկ), չոնգուրի (եռալար նվագարան), դհոլի (թմբուկ), ճիանուրի, սալամուրի, սազ, քյամանչա գործիքները նվագակցելու համար են, երբեմն՝ մենակատարման։ Գործում են Մ. Կուխինիձեի անվ. երգի և պարի պետական անսամբլը և ֆիլհարմոնիան (1921 թվականից), երաժշտական ուսումնարանր (1929 թվականից)։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Բաթումում բացվեց Իլյա Ճավճավաձեի անվան դրամատիկական թատրոնը։ Լավագույն բեմադրություններից են՝ Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա»-ն (1941), Վ. Փշավելայի «Վտարանդին» (1945), Շեքսպիրի «Համլետ»-ը (1956) և «Օթելլո»-ն (1959), Սոֆոկլեսի «էդիպ արքա» 1963)։ Թատրոնի կազմում են Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ Յու. Օ. Քոբալաձեն, Ա. Դ. Մգելաձեն, Ն. Ու. Թեթրաձեն, Մ. Մ. Իփնիկաձեն և ուրիշներ։ 1923-41 թվականներին գործել է Բաթումի հայկական թատրոնը, 1942 թվականից՝ Բաթումի հայկական դրամատիկական խումբը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png