Jump to content

Միջուկային սպառազինությունների մրցավազք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ և ԽՍՀՄ/Ռուսաստանի միջուկային պաշարներ

Միջուկային սպառազինությունների մրցավազք (անգլ.՝ Nuclear arms race), ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և նրանց դաշնակիցների միջև պայքար միջուկային զենքերի ասպարեզում գերակայության հասնելու համար Սառը պատերազմի տարիներին։ Այս ընթացքում ի հավելումն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի, միջուկային զենքեր ստեղծեցին նաև այլ պետություններ, բայց ոչ այն ծավալով, որքան վերոհիշյալ տերությունները։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին միջուկային զենքը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Առանցքի երկրների (անգլ.՝ Axis powers) դեմ օգտագործելու համար[1] ։ Խորհրդային Միության գիտնականները տեղյակ էին միջուկային զենքի հնարավոր գոյության մասին և ինտենսիվ փորձարկումներ էին կատարում այդ ասպարեզում[2]։ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղյակ չէր Մահեթենի նախագծի մասին։ Ծրագրի մասին ԱՄՆ նախագահ Հարի Թրումանը Իոսիֆ Ստալինին տեղեկացրեց Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ 1945 թվականի հուլիսի 24-ին՝ միջուկային զենքի առաջին հաջող փորձարկումից ութ օր հետո[3][4], ։ Չնայած պատերազմի ընթացքում դաշնակիցներ լինելուն՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան այնքան չէին վստահում ԽՍՀՄ-ին, որ տեղեկացնեին «Մանհեթենի նախագծի» մասին․ կար նաև մտահոգություն, որ որպես դաշնակից Խորհրդային միությունը կակնկալեր և կպահանջեր նոր զենքի տեխնիկական մանրամասները։ Երբ Թրումանը տեղեկացրեց Ստալինին զենքի մասին, զարմացավ, թե վերջինս ինչքան հանգիստ արձագանքեց նորությանը[5]։ Թրումանը անգամ մտածեց, որ Ստալինը չի հասկացել հարցի լրջությունը։ ԱՄՆ-ի և Բրիտանիայի պատվիրակությունների մյուս անդամները ևս նույն տպավորությունը ստացան։ Իրականում Ստալինը տեղյակ էր ծրագրի մասին, չնայած Մանհեթենյան նախագիծը հույժ գաղտնի էր պահվում[6]։ Անգամ Թրումանը, երբ փոխնախագահ էր, տեղյակ չէր ծրագրի մասին և տեղեկացվեց միայն նախագահ դառնալուց հետո[6]։ Մանհեթենի ծրագրի շրջանակներում գործում էր լրտեսների օղակ (ներառյալ՝ Կլաուս Ֆուչը և Թեոդոր Հոլը)[7], որը Ստալինին տեղյակ էր պահել ամերիկյան ծրագրի մասին[8]։ Նրանք տրամադրել էին խորհրդային գիտնականներին պայթուցիկ ռումբի և ջրածնային ռումբի կառուցվածքի մանրամասներ։ 1950 թվականին Ֆուչի ձերբակալմանը հաջորդեց ռուսական այլ լրտեսների ձերբակալությունը[9]։ 1945 թվականի օգոստոսին նախագահ Թրումանի հրամանով երկու ատոմային ռոմբեր գցեվին Ճապոնական քաղաքների վրա։ Առաջին ռումբը գցվեց Հիրոսիմա, իսկ երկրորդը Նագասակի քաղաքների վրա Բ-29 ռմբակոծիչի կողմից, որոնք համապատասխանաբար անվանվում էին Ենոլա Գեյ և Բոքսքար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավատից հետո 1945 թվականին հիմվեց Միավորված ազգերի կազմակերպությունը։ 1946 թվականին Լոնդոնում հրավիրված Գլխավոր ասամբլեայի առաջին նիստի ժամանակ քննարկվեց միջուկային զենքերի հետագա ճակատագիրը և ստեղծվեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի հանձնաժողովը։ Այս ասամբլեայի նպատակն էր դադարեցնել միջուկային զենքերի օգտագործումը։ ԱՄՆ-ը ներկայացրեց իր լուծումը, որը կոչվեց «Բարուչի պլան[10]»։ Համաձայն նախագծի ստեղծվելու էր միջազգային հանձնաժողով, որը պետք է վերահսկեր միջուկային վտանգավոր գործողությունները։ ԽՍՀՄ-ը մերժեց նախագիծը։ Խնդրի լուծման խորհրդային տարբերակը ներառում էր միջուկային զինաթափում։ ԵՎ՛ ԱՄՆ-ի, և՛ ԽՍՀՄ-ի նախագծերը մերժվեցին ՄԱԿ-ի կողմից։

Սառը պատերազմի սկզբնական փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարահին պատերազմից անմիջապես հետո ԱՄՆ-ը ուներ միջուկային զենքին անհրաժեշտ հումքի մենաշնորհ։ Նախապես կարծում էին, որ ուրանը հազվագյուտ հանքահումք է աշխարհում, բայց պարզվեց, որ դա իրականությանը չէր համապատասխանում։ Ամերիկյան ղեկավարները հույս ունեին, որ միջուկային զենքին տիրապետելը կդառնար ԽՍՀՄ-ից զիջումներ կորզելու գործիք։ Բայց այդպես չստացվեց։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայից ուղիղ վեց ամիս անց ԱՄՆ-ը իրականցրեց իր առաջին հետպատերազմյան միջուկային փորձարկումները[11]։ Նպատակն էր փորձարկել նավերի վրա միջուկային զենք տեղակայելու արդյունավետությունը։ Փորձարկումը կատարվեց Խաղաղ օվկիանոսում տեղակայված 95 նավերի վրա։ Ռումբերից մեկը պայթեցվեց օդում, մյուսները պայթեցվեցին ջրի տակ։ Այս ընթացքում խորհրդային գիտնականները փորձում էին ստեղծեկլ իրենց միջուկային զենքը։ Պատերազմի ընթացքում փորձարկումները սահմանափակ էին, քանի որ չկար ուրանի անհրաժեշտ քանակ։ Բայց Արևելյան Եվրոպայում հայտանբերված ուրանի պաշարները նոր թափ հաղորդեցին փորձարկումներին։ Չնայած ամերկյան մասնագետները կանխատեսում էին, որ ԽՍՀՄ-ը միջուկային զենք կստեղծի ոչ շուտ քան 1950-ական թվականների կեսերը, խորհրդային ռումբի պայթեցումը 1949 թվականի օգոստոսի 29-ին զարմանքի մատնեց ամբողջ աշխարհը։ Արևմտուքի կողմից «Առաջին ճառագում» (անգլ.՝ First Lightning) անունը ստացած ռումբը գրեթե նույն էր, ինչ 1945 թվականին Ճապոնիա գցված ամերիկյան «Չաղլիկ» (անգլ.՝ Fat Man) ռումբը։ Երկու կառավարություններն էլ ծախսում էին ահռելի միջոցներ միջուկային զենքի քանակի և որակի ավելացման համար։ Սկսեցին նաև ջրածնային զենքի ինտենսիվ փորձարկումներ։ Առաջին ջրածնային ռումբը ԱՄՆ-ը պայթեցրեց 1952 թվականի նոյեմբերի 1-ին[12]։ Այն առաջացրեց 100 մղոն լայնությամբ և 25 մղոն բարձրությամբ ամպ՝ ոչնչացնելով հարակից կղզիների կենդանիներին[13]։ ԽՍՀՄ-ը աշխարհին կրկին զարմացրեց 1953 թվականին ջերմամիջուկային զենքի փորձարկմամբ։ Այս զենքերը ստեղծվեցին, իհարկե, խորհրդային լրտեսների հաղորդած տեղեկությունների շնորհիվ։ ԽՍՀՄ-ը իր առաջին «իսկական» ջրածնային ռումբը փորձարկեց 1955 թվականի նոյեմբերի 22-ին, որը կշռում էր 1․6 մեգատոննա.[14]։ Արդեն 1961 թվականի օգոստոսի 30-ին փորձակվեց 58 մեգատոննա կշռող ռումբը։ Հետագա զարգացումը պայմանավորված էր ռումբերի տեղ հասնցող միջոցմների զարգացման հետ։ 1950-ական թվականներին ստեղծվեցին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ 1957 թվականի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը Սպուտնիկ արբանյակի՝ Երկրի ուղեծիր ուղարկելուց հետո ցույց տվեց աշխարհին, որ կարող է հրթիռներ հասցնել աշխարհի ցանկացած կետ։ ԱՄՆ-ը առաջին արբանյակը տիեզերք ուղարկեց արդեն 1958 թվականի հունվարի 31-ին։ Սրանով սկզբնավորվեց «Տիեզերական մրցավազքը»։

Փոխադարձ երաշխավորված ոչնչացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանական միջոցնեից ոչ մեկը ապահով չէր, և 1950-ական թվականներին և՛ ԱՄՆ-ը, և՛ ԽՍՀՄ-ը ունեին բավարար քանակի միջուկային զենքեր միմյանց ոչնչացնելու համար։ Երկուսն էլ ի վիճակի էին պատասխան հարված հասնցելու, եթե հակառակորդը կիրառեր միջուկային զենք։ Սա կոչվում էր «երկրորդ հարվածի» քաղաքականություն[15]։ Այս քաղաքականությունը մաս էր կազմում «Փոխադարձ երաշխավորված ոչնչացման» քաղաքականության մի մասը։ Երկու կողմներն էլ գիտակցում էին, որ հակառակորդին ուղղված հարվածը կործանանար կլինի նաև իրենց համար․ սա զսպում էր նրանց հարձակում սկսելուց։ Ե՛վ խորհրդային, և՛ ամերիկյան գիտնականները հույս ունեին միջուկային զենքի սպառնալիքն օգտագործել հակառակ կողմից կամ այլ պետություններից զիջումներ կորզելու համար, բայց այն կիրառելու ռիսկն այքնան մեծ էր, որ նրանք ձեռնպահ մնացին այն օգտագործելուց` հիմնվելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Ֆոսթեր Դալլասի առաջ քաշած բալանսավորման քաղաքականության վրա։ Չնայած, որ որոշ զինվորականներ կոչ էին անում կիրառել միջուկային զենք, ինչպես օրինակ գեներալ Դուգլաս Մակարթուրը Կորեական պատերազմի ժամանակ, և՛ Թրումանը, և Էյզենհաուերը չգնացին այդ քայլին։ Երկու կողմերն էլ քաջատեղյակ էին մյուսի միջուկային զինանոցին։ Մասնավորապես ԱՄՆ-ը մտահոգիչ տեղեկություններ էր ստացել ինքնաթիռից կատարված լուսանկարների վերլուծության արդյունքում, և ԽՍՀՄ նման առաջընթացը շահարկվեց նաև 1960 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Ընդհակառակը ԽՍՀՄ ղեկավարությունը չափազանցնում էր երկրի միջուկային կարողությունները՝ փորձելով փաստի առաջ կանգնեցնել ԱՄՆ-ին և բարձրացնել սեփական ժողովրդի ոգին։ Լրացուցիչ հակադրություն ձևավորվեց ԱՄՆ-ում 1960-ական թվականների սկզբին կապված այն հարցի հետ, թե անհրաժեշտության դեպքում օգտագործել միջուկային զենք, թե՝ ոչ։ Զենքի բոլոր բաղադրատարրերը փորձարկվել էին առանձին-առանձին (մարտագլխիկներ, նավիգացիոն համակարգ, հրթիռներ), սակայն համալիր փորձարկումներ տեղի չէին ունեցել։ Քննադատները մատնանշում էին, որ մարտագլխիկները ճնշման, ջերմաստիճանի տատանման դեպքում կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ, և նախագահ Քենեդին զերծ մնաց մարտագլխիկների համալիր փորձարկումներ իրականացնելուց։ Իրականին ամենամոտ փորձարկումը՝ «Ֆրեգատ»(անգլ.՝ Frigate Bird) գործողությունը, տեղի ունեցավ 1962 թվականին, երբ սուզանավից արձակված հրթիռն անցավ 1000 մղոն ճանապարհ և հասավ նպատակակետին։

Միջուկային զենքի տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հավելումն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի՝ Միացյալ Թագավորութունը[16], Չինաստանի ժողովրդական հանրապետությունը[17] և Ֆրանսիան[18] ևս ստեղծեցին ոչ մեծ ուժգնության միջուկային զենքեր։ 1952 թվականին Միացյալ Թագավորությունը դարձավ երրորդ միջուկային տերությունը։ Պետության փոքր տարածքի պատճառով որոշվեց փորձարկումը իրականացնել Ավստրալիայի Մոնտե Բելլո կղզում։ Հաջողված փորձարկումից հետո Չերչիլը հանձնարարեց զարգացնել և փորձարկել ջրածնային ռումբը, որի փորձարկումը 1957 թվականի նեյեմբերի 8-ին ավարտվեց հաջողությամբ[19]։ Ֆրանսիան դարձավ չորրորդ միջուկային տերությունը 1960 թվականի փետրվարի 3-ին՝ Ալժիրում կատարված հաջող փորձարկումից հետո[20]։ Ֆրանսիան միջուկային փորձարկումներ ծրագրել էր դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, բայց օբյեկտիվ պատճառներով դրանք սկսվեցին միայն 1950-ական թվականներին[21]։ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը 1964 թվականի հոկտեմեբրի 16-ին 25 կիլոտոննա կշռող ռումբի պայթեցումից հետո դարձավ հինգերորդ միջուկային տերությունը[22]։ Փորձարկումները սկսվել էին 1950-ական թվականների սկզբից։ Խորհրդայի միությունը օժանդակում էր Չիաստանին` փոխարենը ուրան ձեռք բերելու համար[23]։ Բայց 1950-ական թվականների վերջին խորհրդա-չինական գաղափարական տարաձայնությունների արդյունքում ԽՍՀՄ-ը դադարեցրեց օգնությունը։ Հարթ չէին նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները․ Չինաստանը միջուկային պատերազմի դեպքում զենքը կարող էր օգտագործել և՛ ԱՄՆ-ի, և՛ ԽՍՀՄ-ի դեմ[24]։ 1967 թվականի հունիսի 14-ին Չինաստանը պայթեցրեց իր առաջին ջրածնային ռումբը։

Հնդկաստան և Պակիստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ասիայում Հնդկաստանը և Պակիստանը 1970-ական թվականներից սկսած նույնպես ներառված էին միջուկային սպառազինությունների մրցավազքում։ Մրցավազքը սկսվել էր 1974 թվականին, երբ Հնդկաստանն իրականացրեց հաջող միջուկային փորձարկում։ Հնդկական կառավարությունը սա մեկնաբանեց որպես «խաղարար միջուկային պայթյուն», բայց համաձայն այլ տեղեկությունների այն երկար ժամանակ պլանավորված միջուկային ծրագրի արդյունքն էր[25]։ Փորձարկումը Պակիստանին խիստ անհանգստություն պատճառեց։ Այն նոր թափ հաղորդեց դեռևս 1972 թվականից սկսված միջուկային փորձարկման ծրագրին, որն ի վերջո ավարտվեց հաջողությամբ։ Դարավերջին կողմերը ստեղծեցին նաև համապատասխան հրթիռային համակարգեր։ 1998 թվականին Հնդկաստան փորձարկեց 5 նոր ռումբեր։ Չնայած կոշտ միջազգային արձագանքին՝ Պակիստանի ղեկավարությունն ի պատասախան պայթեցրեց 6 միջուկային ռումբեր։

Կուբայի ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ֆուլգենչիո Բատիստան Կուբայի կառավարումը կենտրոնացրեց իր ձեռքում և դարձավ դիկտատոր, սկսվեց հեղափոխական շարժում։ Սակայն այն մեծ չափեր ընդունեց միայն 1956 թվականի դեկտեմբերի 2-ից սկսած, երբ Ֆիդել Կաստրոն ստանձնեց հեղափոխության առաջնորդությունը։ ԽՍՀՄ-ը խրախուսում և աջակցում էր Կաստրոյին։ 1959 թվականի հունվարի 1-ին Կաստրոն եկավ իշխանության գլուխ, և հունվարի 10-ին ճանաչվեց խորհրդային իշխանության կողմից։ ԱՄՆ-ի՝ Կուբայի հանդեպ կիրառած աննպաստ տնտեսական քաղաքականությունը մեղմացնելու համար ԽՍՀՄ-ը ցուցաբերում էր տնտեսական աջակցություն։ Տնտեսական աջակցությունից բացի տրամարդվեց նաև ռազմական օգնություն․ Կուբայի տարածքում տեղակայվեցին հրթիռներ, որոնք կարող էին հարվածել ԱՄՆ-ին։ 1962 թվականի հոկտեմբերի 14-ին ամերիկյան լրտեսկան ինքնաթիռներից մեկը հայտնաբերեց հրթիռների տեղակայման վայրերը[26]։ Նախագահ Քենեդին անմիջապես հրավիրեց բարձրաստիճան պաշտոնյաների ժողով հարցը քննարկելու համար։ Խումբը տատանվում էր ռազմական և դիվանագիտական լուծումների միջև։ Քենեդին հրամայեց Կուբան ծովային շրջափակման ենթարկել։ Լարվածության աճի պատճառով ԱՄՆ ուժերը բերվեցին մարտական պատրաստականության բարձրագույն աստիճանի։ Սա միջուկայի պատերազմ սկսելու ամենաիրական դեպքն էր։ Փոխադարձ երաշխավորված ոչնչացման տեսությունը թվում էր, թե պետք է նվազենցներ միջուկային պատերազմի հավանականությունը, սակայն Կուբայի ճգնաժամը հակառակն ապացուցեց։ 1962 թվականի հոկտեմբերի 26-ին Նիկիտա Խրուշչովը Քենեդիին ուղղված հեռագրում գրում է․

Հետևաբար, եթե չկա թնջուկն ամրացնելու և աշխարհը ջերմամիջուկային զենքով կործանելու մտադրություն, թույլ տվե՛ք միջոցներ ձեռք առնել թնջուկը հանգուցալուծելու համար[27]։

Երկու ղեկավարներն էլ ցանկանում էին համաշխարհային հանրությանը ներկայանալ խաղաղասիրական տրամադրվածությամբ, և հետևյալ հեռագիրը դրա դրսևորումն էր։ Իհարկե, տերությունները խուսափում էին միջուկային պատերազմից փոխադարձ երաշխավորված ոչնչացման քաղաքականության շնորհիվ, սակայն ճգնաժամը ցույց տվեց, որ աշխարհը մոտ էր պատերազմին։ Հոկտեմբերի 28-ին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունների արդյունքում Խրուշչովը հաղորդեց, որ ԱՄՆ-ը գաղտնի կերպով դուրս կհանի միջուկային հրթիռները Թուրքիայից, որոնք սպառնում էին Խորհրդային Միության անվտանգությանը։ Յուպիտեր հրթիռների դուրսբերումը Թուրքիայից տասնամյակներ շարունակ գաղտնի էր պահվում՝ դրանով կանխորոշելով ԱՄՆ-ի թվացալ դիվանագիտական հաղթանակը։ Սա հարված էր նաև Խրուչովի հեղինակությանը և նպաստեց նրա հեռացմանը։ Պայմանավորվածության համաձայն ԽՍՀՄ-ը ապամոնտաժեց Կուբայում տեղակայված հրթիռները։

Սպառազինությունների մրցավազքի պատճառով ծախսվող հսկայական նյութական միջոցները վատ էին անդրադառնում երկու տերությունների տնտեսության վրա։ Կապված նաև Չիանաստանի աճող դերի հետ մեծացավ սպառազինությունների վերահսկողության կարևորությունը։ 1970-ական թվականները ընդունված է անվանել «մեղմացման» շրջան։ Ստրատեգիական զենքերի սահամանփակման առաջին բանակցութունները (անգլ.՝ SALT I ) և Ստրատեգիական զենքերի սահամանփակման երկրորդ բանակցութունները (անգլ.՝ SALT II) սահմանափակեցին կողմերի միջուկային զինանոցը։ Միջուկային զենքերի, հակահրթիռային համակարգերի, տիեզերքում կատարվող փորձարկումների արգելումները միջուկային հզորության սահմանափակմանն ուղղված միջոցառումներ էին։ Դրա արդյունք էր նաև Փորձարկումները մասնակիորեն արգելող պայամանգիրը (անգլ.՝ Partial Test Ban Treaty)։ 1958 թվականին ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը ոչ պաշտոնապես համաձայնվեցին դադարեցնել միջուկայի փորձարկումները։ Բայց սա ձախողվեց, երբ Խորհրդային Միությունը 1961 թվականին նոր փորձարկումներ սկսեց։ Նաև սա պատճառ հանդիսացավ Կուբայական ճգնաժամի համար։ Պետք էր լուրջ քայլեր ձեռնարկել միջուկային ընդհարումից խուսափելու համար։ Եվ արդյունքում 1963 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրվեց Փորձարկումների արգելման և սահմանափակաման պայմանագիրը (անգլ.՝ Limited Test Ban Treaty)[28]։ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Միացալ Թագավորության միջև, որն արգելում էր փորձարկումները օդում, ջրում և ցամաքում, բայց թույլատրվում էր փորձարկումներ կատարել Երկրի ընդերքում։ 1963 թվականից սկսած այս պայամանգիրը ստորագրել են 113 երկրներ։ 1969 թվականի նոյեմբերին «Ստրատեգիական զենքերի սահամանփակման բանակցություները» սկսվեցին։ «Ստրատեգիական զենքերի սահամանփակման բանակցություների» առաջին պայմանագիրը ստորագրվեց 1972 թվականի մայիսին։ Պայամանգիրը ներառում էր երկու կարևոր փաստաթղթեր․ Հակահրթիռային պայամանգիր և «Հարձակողական զենքերի սահամնափակման ժամանակավոր համաձայանագիր»[29]։ Առաջին պայմանագիրը սահամանում էր, որ կողմերը կարող էին ունենալ հակահրթիռային պաշտպանության երկուական համալիրներ։ Երկրորդ պայմանագիրը սահմանում էր բալիստիկ հրթիռների և սուզանավերից արձակվող հրթիռների առավելագույն քանակը։ Այս պայմանագիրը նվազեցրեց միջուկային զենքի փորձարկումերի վրա ծախսվող միջոցերը և մեղմացրեց միջուկային պատերազմի սպառնալիքը։ Բայց այն չէր նախատեսում, թե առավելագույնը քանի մարտագլխիկ կարող է տեղակայվել հրթիռի վրա։ Այսինքն կողմերը կարող էին մարտագլխիկերի քանակն ավելացնելով մեծացնել զենքի հզորությունը։ 1970-ական թվականների ընթացքում ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը հին հրթիռները և մարտագլխիկները փոխարինեցին ավելի հզոր, ավելի նոր և ավելի արդյունավետ հրթիռներով և մարտագլխիկներով։ Սա հանգեցրեց երկկողմ հարաբերություների վատթարացման։ Հետագա բացասական երևույթները կանխելու համար 1979 թվականի հունիսի 18-ին Վիեննայում ստորագրվեց «Ստրատեգիական զենքերի սահմանափակման բանակցություների» երկրորդ պայմանագիրը։ Սա սահմանափակեց կողմերի և՛ միջուկային զինանոցը, և՛ տեխնոլոգիաները։ Չնայած պայմանագրին՝ «մեղմացման» (ֆր.՝ Détente) շրջանը ավարտվեց 1980 թվականի հունվարին ԽՍՀՄ-ի ԱՖղանստան ներխուժումով[30]։ Ի պատասխան ԱՄՆ-ը կրկին մեծացրեց սպառազինությանը ուղղված ռազմական ծախսերը, որին, սակայն, համապատասխան ձևով ԽՍՀՄ-ը արձագանքել չէր կարող տնտեսական դժվարությունների պատճառով և ստիպված էր կրկին վերադառնալ «մեղմացման» քաղաքականությանը։ Վերոհիշյալ պայմանագրերը ունեցան միայն մասնակի հաջողություններ։ Երկու տերությունները շարունակեցին զարգացնել միջուկային տեխնոլոգիաները և մեծացնել հզորությունը։ Նրանք ստեղծել էին զենքերի այնքան մեծ քանակ, որ կարող էին մի քանի անգամ միմյանց ոչնչացնել։

Ռեյգանի ստրատեգիական պաշտպանության նախաձեռնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդ Ռեյգանը, ԱՄՆ նախագահի պաշտոնում փոխարինելով Ջիմի Կարտերին, սկսեց վարել մի քաղաքականություն, որի նպատակը ոչ թե զինաթափումն էր, այլ սպառազինությունների մրցավազքի վերսկսումը՝ նոր զենքեր և պաշտպանական միջոցներ արտադրելով։ Քաղաքականության առանցքը «Ստրատեգիական պաշտպանության նախաձեռնությունն» էր, որը ստացել է նաև «Աստղային պատերազմներ» անվանումը։ Վերջինիս էությունը ԱՄՆ-ի տարածքը հրթիռներից անխոցելի դարձնելն էր։ Բայց սա պահանջում էր նոր տեխնոլոգիաներ, որը դեռ գոյություն չուներ, և որի ստեղծման համար պահանջվելու էին ահռելի միջոցներ։ Դրա համար տիեզերքում և Երկրի վրա անհրաժեշտ էր ունենալ լազերային կայաններ, ռադարների, սենսորների բարդ համալիրներ[31]։ 1980-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ-ը չէր կարող ԱՄՆ-ին հավասարազոր մեծացնել ռազմական ծախսերը, որի արդյունքում սկսեց տեխնիկապես զիջել։ Միխայիլ Գորբաչովը փորձեց համաձայնության հասնել Ռեյգանի հետ հատկապես վերոհիշյալ կատարյալ պաշտպանության համակարգի շուրջ։ Չնայած բանակցություններում հասած որոշակի ձեռքբերումներին՝ Ռեյգանի վարչակազմը մերժեց առաջարկվող հիմնական դրույթները։ Բայց նման համակարգեր ստեղծելը վեր էր նաև ԱՄՆ-ի ուժերից, և ծրագիրը չեղարկվեց։

Սառը պատերազմի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների կեսերին ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունները նշանակալիորեն բարելավվեցին․ Միխայիլ Գորբաչովը ստանձնեց պետության ղեկավարությունը և հիմք դրեց վերակառուցման քաղաքականությանը։ Նա 1986 թվականի հոկտեմբերին Ռեյկյավիկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջարկեց 50 %-ով կրճատել ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցը։ Սակայն առաջարկությունը մերժվեց Ռեյգանի առաջ քաշած համալիր պաշտպանության ծրագրի շուրջ համաձայության բացակայության պատճառով։ Փոխարենը 1987 թվականի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց «Միջանկյալ միջուկային ուժերի» (անգլ.՝ Intermediate Nuclear Forces (INF) Treaty ) մասին պայմանագիրը[32]։ 1980-ական թվականների վերջին սոցիալ տնտեսական խնդիրների պատճառով սկսվեց Խորհրդային Միության փլուզմանգործընթացը։ Արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի երկրները սկսեցին ինքնուրույն քաղաքականություն վարել և դադարեցին ԽՍՀՄ-ի արբանյակ պետություններ լինելուց։ Մինչև 1991 թվականի դեկտեմբերի 16-ը նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունները հայտարարեցին իրենց անկախության մասին։ Դեկտեմբերի 25-ի հեռուսատեսային ելույթում Գորբաչովը հայտարարեց իր լիազորությունները վայր դնելու մասին․ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ։

Հետսառըպատերազմյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը պատերազմի ավարտով ԱՄՆ-ը և Ռուսաստանը կրճատեցին ռազմական ծախսերը։ Կրճատվեցին միջուկային զինանոցները, սակայն պետությունները պահպանեցին անհարժեշտ քանակությամբ միջուկային հրթիռներ և համալիրներ[33]։ Որոշ ենթակառուցվածքներ պահպանվեցին, որոշները սկսեցին օգտագործվել այլ նպատակներով։ Արդյունքում, կրճատված ռազմական ծախսերի մնացորդները Ռուսաստանը ուղղեց քայքայված տնտեսության վերականգնմանը։ ԱՄՆ-ի հետսառըպատերազմյան քաղաքականությունը դրսևորվեց «Հետսառըպատերազմյան զսպվածության էություններ» (անգլ.՝ "Essentials of Post–Cold War Deterrence") փաստաթղթում, որը կազմվել էր Միացյալ Նահանգների ստրատեգիական հրամանատարության կողմից։ 2010 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրեցին «Ստրատեգիական զենքերի կրճատման նոր պայմանագիր»[34] (անգլ.՝ New START Treaty), որը կոչված էր միջուկային զենքերի արձակման կայանները և մարտագլխիկները 50 %-ով նվազեցնելուն։ 2010 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի Սենատը երեք քառորդ մեծամասնությամբ վավերացրեց պայմանագիրը։ Իսկ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթթերյան էջում հրապարակեց, որ «ԱՄՆ-ը պետք է մեծացնի և ուժեղացնի իր միջուկային կարողությունը»[35]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Key Issues: Nuclear Weapons: History: Pre Cold War: Manhattan Project». nuclearfiles.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  2. «The Soviet Nuclear Weapons Program». nuclearweaponarchive.org.
  3. «The Potsdam Conference between allied forces». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Atomic Bomb: Decision - Truman Tells Stalin, July 24, 1945». dannen.com.
  5. «Atomic Bomb: Decision - Truman Tells Stalin, July 24, 1945». dannen.com.
  6. 6,0 6,1 «Potsdam Note (Animation)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Klaus Fuchs: Atom Bomb Spy». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  8. Mike Fisk, Chief Information Officer, Los Alamos National Laboratory, Operated Los Alamos National Security, LLC, for the U.S. Department of Energy. «Our History». lanl.gov.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Atomic Espionage».
  10. «The Beginnings of the Cold War». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. «Operation Crossroads». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. «The Mike Test». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «The Soviet Atomic Bomb». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  14. «The Soviet Response».
  15. «404w Page Not Found (DTIC)». dtic.mil. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  16. «United Kingdom Nuclear Forces». fas.org.
  17. «China Nuclear Forces». fas.org.
  18. «France Nuclear Forces». fas.org.
  19. «Australian Institute of Criminology - page not found». aic.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  20. Chapitre II, Les premiers essais Français au Sahara : 1960-1966 Senat.fr (in French)
  21. «France Joins the Club».
  22. «China's Nuclear Weapons». nuclearweaponarchive.org.
  23. «Chinese Nuclear Weapons».
  24. «Theater Missile Systems». fas.org.
  25. «India's Nuclear Weapons Program - Smiling Buddha: 1974». nuclearweaponarchive.org.
  26. «Cuban Missile Crisis».
  27. "Document 65 - Foreign Relations of the United States, 1961–1963, Volume VI, Kennedy-Khrushchev Exchanges - Historical Documents - Office of the Historian." Document 65 - Foreign Relations of the United States, 1961–1963, Volume VI, Kennedy-Khrushchev Exchanges - Historical Documents - Office of the Historian. Accessed October 30, 2014.
  28. «Limited Test Ban Treaty».
  29. «Easing the Tensions».
  30. «The Arms Race Resumes».
  31. «Reagan's Star Wars».
  32. «The End of the Cold War».
  33. Masco, Joseph (2006). The nuclear borderlands: the Manhattan Project in post-Cold War New Mexico (paperback ed.). Princeton University Press. էջ 78. ISBN 978-0-691-12077-5.
  34. http://www.usatoday.com/story/news/politics/2016/12/23/whats-arms-race-short-history/95792412/
  35. http://www.nbcnews.com/news/us-news/trump-tweets-apparent-call-more-us-nuclear-weapons-n699221

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]