Հուլիսյան օրեր (1917)
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Հուլիսյան օրեր, (ռուս.՝ Июльские дни) հուլիսյան քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում, երրորդը ապրիլյան և հունիսյան ճգնաժամերից հետո։ Առիթ ծառայեցին հունիսի վերջի-հուլիսի սկզբի դեպքերը՝ անհաջող դրությունը ռազմաճակատում, հեղափոխական զորամասերի ցրումը։
Հուլիսի 2 (15)-ին կադետները դուրս եկան բուրժուական ժամանակավոր կառավարության կազմից։ Երկրում սրվեց քաղաքական իրավիճակը։ Հուլիսի 3 (16)-ին Պետրոգրադում տեղի ունեցան տարերային ցույցեր։ Առաջինը ցույցի դուրս եկան 1-ին գնդացրային գնդի զինվորները, որոնց մոտ մեծ էր անարխիստների ազդեցությունը։ Հուլիսի 2 (15)-ին, գաղտնի խորհրդակցության ժամանակ, անարխիստները որոշել էին Պետրոգրադի բանվորներին և զինվորներին հակակառավարական զինված ցույցի կոչել։ Բոլշևիկները դեմ էին զինված ելույթին՝ քաղաքական ճգնաժամը բանակում և գավառում դեռևս չէր հասունացել, և Պետրոգրադը աջակցություն չէր ստանա։ Սակայն, հուլիսի 3 (16)-ի երեկոյան գնդացրորդների կոչին արձագանքեցին Մոսկովյան, Գրենադերական, Պավլովյան, 180-րդ, 1-ին պահեստային գնդերը և 6-րդ սակրավոր գումարտակը, որոնք զինված ցույցի դուրս եկան զենքը ձեռքներին։ Ցուցարարներին միացան Պուտիլովյան և այլ գործարանների բանվորներ։ Ցույցն ընթանում էր «Կորչեն 10 կապիտալիստ մինիստրները», «Ամբողջ իշխանությունը բանվորների և զինվորների դեպուտատների խորհրդին» լոզունգներով։ ՌԽԴԲ (բ)Կ ԿԿ կուսակցության Պետրոգրադի կոմիտեի և զինվորական կազմակերպության հետ հուլիսի 4 (17)-ի գիշերը որոշում կայացրին գլխավորել շարժումը՝ նրան տալով կազմակերպված խաղաղ բնույթ։ Կեսօրին սկսվեց բանվորների, զինվորների և նավաստիների 500 հազարանոց ցույցը։ ՌԽԴԲԿ (բ) ԿԿ շենքի (Կշեսինսկայայի առանձնատան) մոտ ցույցի մասնակիցներին ողջունեց Վլադիմիր Իլյիչ Լենինը՝ կոչ անելով ցուցաբերել ինքնատիրապետում։ 54 խոշորագույն կազմակերպությունների 90 ներկայացուցիչներ Խորհրդայինների ԿԳԿ-ի միացյալ նիստին առաջարկեցին վերցնել ամբողջ իշխանությունը, սակայն Էսէռա-մենշևիկյան ԿԳԿ ցույցը հայտարարեց «բոլշևիկյան դավադրություն» և մերժեց մասսաների պահանջը։ Զինվորական իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ զորք հանեցին։ Ընդհարումներ տեղի ունեցան Լիտեյնի կամրջի, Նևսկի պողոտայի վրա, Սադովայա փողոցում և այլուր։ Սպանվեց 56, վիրավորվեց 650 մարդ։ Հակակառավարական ցույցեր կայացան Մոսկվայում, Իվանո-Վոզնեսենսկում, Օրեխովո-Զուևոյում, Կրասնոյարսկում, Տոմսկում և այլ քաղաքներում։ ՌԽԳԲԿ (բ) ԿԿ հուլիսի 5 (18)-ին դիմում հրապարակեց ցույցը դադարեցնելու մասին։ Կառավարությունն անցավ ռեպրեսիաների։ Հուլիսի 5-6 (18-19)-ին ավերվեցին «Պրավդա»-ի խմբագրությունն ու տպարանը։ Ժամանակավոր կառավարությունը հրաման արձակեց՝ ձերբակալել Լենինին, որը հարկադրված անցավ ընդհատակ։ Ռազմաճակատից Պետրոգրադ ժամանեցին կառավարությանը հավատարիմ զորքեր։ Կառավարական ճգնաժամը խորացավ Գ. Ե. Լվովի հրաժարականով։ Պրեմիեր մինիստր դարձավ Ալեքսանդր Կերենսկին։ Էսէռա-մենշևիկյան խորհրդայինները դարձան բուրժուական կառավարության կցորդներ։ Հուլիսյան օրերով երկիշխանությունը վերջ գտավ։ Լենինի առաջարկությամբ «Ամբողջ իշխանությունը խորհրդայիններին» լոզունգը ժամանակավորապես հանվեց։ Հեղափոխության խաղաղ զարգացումն անհնարին դարձավ։ Իշխանության համար աշխատավորության զինված պայքարը օրակարգի հարց դարձավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 637)։ |