Ճառագայթաակտիվ թափոններ
Ճառագայթաակտիվ թափոններ, գործող նորմատիվներով և կանոններով հաստատված չափաքանակները գերազանցող քանակություններով ճառագայթաակտիվ տարրեր պարունակող նյութեր և կենսաբանական օբյեկտներ, որոնք ենթակա չեն հետագա օգտագործման։ Դրանք այն բոլոր ճառագայթաակտիվ և վարակված վնասակար նյութերն են, որոնք առաջանում են մարդու կողմից ճառագայթաակտիվ նյութերի օգտագործման ընթացում։
Ճառագայթաակտիվ թափոններն առաջանում են ամենուր, որտեղ օգտագործվում են ճառագայթաակտիվ նյութեր՝ գիտահետազոտական լաբորատորիաներում, բժշկական հիմնարկներում, արդյունաբերության մեջ (հատկապես միջուկային ռազմ) և էներգետիկայում։ Այդ բնագավառներում ճառագայթաակտիվ թափոններ են և՛ աղտոտված արտահագուստը, և՛ ԱԷԿ-ում օգտագործված ջերմարձակող տարրերը և այլն։
Ճառագայթաակտիվ թափոնների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճառագայթաակտիվ թափոնները դասակարգվում են՝ ըստ ագրեգատային վիճակի, ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության, տեսակարար ակտիվության, ճառագայթման բաղադրության և այլն։
Պլուտոնիում արտադրող գործարաններ և ԱԷԿ-ներ ունեցող 29 երկրում (410 ԱԷԿ) կուտակվել են զգալի քանակությամբ ճառագայթաակտիվ թափոններ։
Հատկապես մեծ քանակությամբ թափոններ են առաջանում օգտագործված միջուկային վառելիքը վերամշակելիս. 1 տ ճառագայթաակտիվ թափոններից առաջանում են 4,5 տ բարձրակտիվ, 150 տ հեղուկ միջին ակտիվության և ավելի քան 2000 տ ցածրակտիվ թափոններ։
Ճառագայթաակտիվ թափոնների պահպանման հիմնախնդիրը դեռևս հիմնավորապես լուծված չէ, և չկան դրանց օգտագործման հուսալի եղանակներ։ Առավել տարածված է ճառագայթաակտիվ թափոնների թաղումը այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ճառագայթաակտիվ թափոնները թաղում են լքված աղային հանքահորերում և ժայռային ապարներում, Շվեդիայում՝ ստորգետնյա գրանիտե պահեստարաններում, Չինաստանում՝ Գոբի անապատում և այլն։
Հայկական ԱԷԿ-ում օգտագործված միջուկային վառելիքի թափոնները պահվում են տեղում սարքավորված պահեստարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |