Կլիմենտ Վորոշիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլիմենտ Վորոշիլով
Климент Ворошилов
Kliment Voroshilov.jpg
1937 թ․ փոստային բացիկ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ ԽՍՀՄ զինանշան
1953 թ․ մարտի 15 - 1960 թ․ մայիսի 7
(Առաջին կարմիր սպա անվան տակ)
Նախորդող Շվերնիկ Նիկոլայ Միխայլովիչ
Հաջորդող Բրեժնև Լեոնիդ Իլյիչ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Պաշտպանության Ժողկոմ
1934 թ․ հունիսի 20 - 1940 թ․ մայիսի 7
Նախորդող Նոր պաշտոն
Հաջորդող Տիմաշենկո Սեմյոն Կոնստանտինովիչ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Ռազմածովային գործերի Ժողկոմ Hammer and sickle.svg
1925 թ․ նոյեմբերի 6 - 1934 թ․ հունիսի 20
Նախորդող Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզե
Հաջորդող Պաշտոնը լուծարվել է ԽՍՀՄ Պաշտպանության Ժողկոմ
 
Քաղաքացիություն՝ Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կուսակցություն՝ ՌՍԴ(բ)Կ (1903 թ․), ՀԱՄԿ(բ)Կ, ԽՄԿԿ (1905 թ․)
Կրթություն՝ ՈւկրաինաՎասիլևկա գյուղի (այժմ Ալչևսկ քաղաքի մաս) տարրական դպրոց (1893-1895 թթ․)։
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա և հեղափոխական
Գործունեություն՝ Պրոֆեսիոնալ հեղափոխական
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի (Նախագահության) անդամ (1926-1960 թթ․)
Ստալինյան բռնաճնշումների կազմակերպիչ
Ազգություն ռուս
Դավանանք աթեիստ
Ծննդյան օր հունվարի 23 (փետրվարի 4), 1881[1]
Ծննդավայր Q4108354?, Q12118007?, Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 2, 1969(1969-12-02)[1][2][3][4][5] (88 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Թաղված Ռուսաստան Ռուսաստան Կրեմլյան պատի պանթեոն
Հայր Վորոշիլով Եֆրեմ Անդրեևիչ (1844-1907)
Մայր Վորոշիլով (Ագաֆոնովա) Մարիա Վասիլևնա (1857-1919)
Ամուսին Եկատերինա Դավիդովնա Գորբման (1887-1959)
 
Կայք՝ hrono.ru/biograf/bio_we/voroshilov.php
 
Ռազմական ծառայություն
Ծառայության տարիներ՝ Ռուսաստան 1903-1917 թթ․
Կարմիր բանակ1918-1953 թթ․
Պատկանելություն՝ Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՌուսաստանՌԽՖՍՀ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ՈւկրաինաՈՒԽՍՀ
Զորքի տեսակ՝ Կարմիր բանակԲԳԿԲ, Կարմիր բանակ, հեծելազոր
Կոչում՝ Խորհրդային միության Մարշալ (1935 թ․ նոյեմբերի 20) Խորհրդային Միության մարշալ
հրամանատար էր՝ Կարմիր բանակԱռաջին հեծելազորային ԲԳԿԲ (1918-1920)
Հյուսիս-Կովկասյան զինվորական օկրուգ (1921-1924 թթ․)
Մոսկվայի զինվորական օկրուգ (1924-1925 թթ․)
Լենինգրադի ռազմաճակատ
Հյուսիսարևմտյան ռազմաճակատ (1941-1945)
Ճակատամարտեր՝ Քաղաքացիական պատերազմ
Խորհրդա-լեհական պատերազմ
Խորհրդա-ֆինլանդական պատերազմ
Հայրենական մեծ պատերազմ
 
Ինքնագիր Автограф К.Е. Ворошилова
 
Պարգևներ

Խորհրդային Միության հերոս 1956 թ․ փետրվարի 3 Խորհրդային Միության հերոս 1968 թ․ փետրվարի 22 Սոցիալիստական աշխատանքի հերոս 1960 թ․ մայիսի 7
Լենինի շքանշան (1935 թ․ փետրվարի 23) Լենինի շքանշան (1938 թ․ փետրվարի 22) Լենինի շքանշան (1941 թ․ փետրվարի 3) Լենինի շքանշան (1945 թ․ փետրվարի 21) Լենինի շքանշան (1951 թ․ փետրվարի 3) Լենինի շքանշան (1956 թ․ փետրվարի 3) Լենինի շքանշան (1961 թ․ փետրվարի 3) Լենինի շքանշան (1968 թ․ փետրվարի 22) ‎Կարմիր դրոշի շքանշան(1920 թ․ հունիս) ‎Կարմիր դրոշի շքանշան (1921) ‎Կարմիր դրոշի շքանշան(1925 թ․ դեկտեմբերի 2) ‎Կարմիր դրոշի շքանշան(1930 թ․ փետրվարի 22) ‎Կարմիր դրոշի շքանշան (1944 թ․ նոյեմբերի 3) ‎Կարմիր դրոշի շքանշան(1948 թ․ հունիսի 4) Սուվորովի առաջին աստիճանի շքանշան (1944 թ․ փետրվարի 22) ‎«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» հոբելյանական մեդալ Юбилейная медаль «1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազում հաղթանակի քսանամյակ» հոբելյանական մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական արծաթե մեդալ «Խորհրդային բանակի և Նավատորմի 30-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակ» հոբելյանական մեդալ «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին» հոբելյանական մեդալ

Պատվավոր հեղափոխական զենք

  1. Անվանական սուր Կարմիր դրոշի շքանշանով (1920 թ․)
  2. Պատվավոր անվանական սուր ԽՍՀՄ ոսկե զինանշանով (1968 թ․)

ԽՍՀՄ հանրապետությունների պարգևներ
Ուզբեկստանի Կարմիր դրոշի շքանշան 1930
Տաջիկստանի Կարմիր դրոշի շքանշան 1933
Անդրկովկասի Կարմիր դրոշի շքանշան 1933 Տուվայի Հանրապետության շքանշան (ընդհանուր առմամբ 19 շքանշան և 12 մեդալ)

Այլ երկրների պարգևներ
Սուխբաաթարի շքանշան Սուխբաաթարի շքանշան Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշան «Մարտական Կարմիր դրոշի շքանշան (Մոնղոլիա)» Մոնղոլիայի ժողովրդական հանրապետության հերոս (1957 թ․ մայիսի 29)

Մոնղոլիայի, Կամբոջայի, Ֆինլանդիայի, Եթովպիայի բարձրագույն շքանշաններ և այլ պարգևներ (ընդհանուր հաշվով 10)

Կլիմենտ Եֆրեմովիչ Վորոշիլով (ռուս.՝ Климент Ефремович Ворошилов, հունվարի 23 (փետրվարի 4), 1881[1], Q4108354?, Q12118007?, Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1969(1969-12-02)[1][2][3][4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս պրոֆեսիոնալ հեղափոխական, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ։ 1903 թվականից[6] ՌՍԴ(բ)Կ անդամ, բոլշևիկ, մի քանի բանակի և ռազմաճակատի ՌՀԽ հրամանատար և անդամ (1918), ԽՍՀՄ Ռազմածովային գործերի Ժողկոմի և ՌՀԽ նախագահ (1925 թ․), ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրոյի անդամ (1924-1926 թթ․), Պաշտպանության Ժողկոմ (1934-1940 թթ․), 1940 թվականից ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ և ԽՍՀՄ ԺԿԽ-ին առընթեր Պաշտպանության Կոմտեի նախագահ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ՊՊԿ անդամ (1941-1945 թթ․), որից հետո ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (1946 թ․)[7], ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ (1953-1960 թթ․), Խորհրդային Միության մարշալ (1935 թ․), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1956, 1968), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960), ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1921-1961 թթ․ և 1966-1969 թթ․)[8]։ Էական դերակատարում է ունեցել Կարմիր բանակի «զտման» գործում (1936-1938 թթ․)։

1903 թվականից Կոմունիստական կուսակցության անդամ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ (1926-1952 թթ․), ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ (1952-1960 թթ․), Կուսակցության 10-23-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Կլիմենտ Վորոշիլովը ռեկորդային տևողությամբ՝ 34,5 տարի (1926-1960 թթ․) եղել է ԽՄԿԿ ԿԿ անդամ։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմենտ Վորոշիլովը ծնվել է 1881 թվականի հունվարի 23-ին (փետրվարի 4), Բախմուտսկի գավառի (այժմ՝ Լուգանսկի մարզի Լիսիչանսկ) Վերխնեյե գյուղում, երկաթուղային բանվոր Վորոշիլով Եֆրեմ Անդրեևիչի (1844-1907) և օրավարձու աշխատող (подёнщица) Մարիա Վասիլևնա Վորոշիլովայի (օրիորդական ազգանունը՝ Ագաֆոնովա) (1857-1919) ընտանիքում։ Ընտանիքը աղքատ էր, և անդամներից ոչ մեկը գրաճանաչ չէր։ Վորոշիլովը 7 տարեկանից աշխատել է որպես հովիվ, հետագայում Լուգանսկից ոչ հեռու՝ հանքափոր։ 1893-1895 թվականներին հաճախել է Վասիլևկա գյուղի (տարածքն այժմ ընդգրկված է Ալչևսկ քաղաքի կազմում) տարրական դպրոց։ 1896 թվականից աշխատել է Յուրևի (Ալչևսկ (քաղաք, Ուկրաինա)) մետալուրգիական գործարանում նախ որպես սուրհանդակ, ապա՝ ջրամղման մեքենավարի օգնական, էլեկտրատեխնիկական արտադրամասում՝ փականագործ, չուգունաձուլման արտադրամասում՝ կռունկավար։

Կուսակցական և հեղափոխական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

17-ամյա Վորոշիլովն Ալչևսկում անդամագրվել է սոցիալ-դեմոկրատական խմբակին։ Այդ տարիքում նա ծանոթացել է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» բովանդակությանը, մասնակցել է առաջին գործադուլներին, ձերբակալվել և հեռացվել է աշխատանքից։ Վորոշիլովը երեք տարի դեգերել է Ռուսաստանի հյուսիսային գավառներում՝ գոյատևելով պատահական վարձու աշխատանքներով[9]։

1903 թվականին վերադառնալով Դոնբաս՝ աշխատել է Լուգանսկի Գարտմանի շոգեքարշաշինական գործարաններում, որտեղ անդամակցել է քաղաքային նորաստեղծ սոցիալ-դեմոկրատական կազմակերպությանը և բոլշևիկյան թևին հարելով՝ 1904 թվականին դարձել է Լուգանսկի բոլշևիկյան կոմիտեի անդամ, իսկ 1905 թվականին՝ Լուգանսկի խորհրդի նախագահ, ՌՍԴԲԿ 4-րդ (1906 թ․ Ստոկհոլմ) և 5-րդ (1907 թ․ Լոնդոն) համագումարների պատգամավոր։ ՌՍԴԲԿ 4-րդ համագումարում առաջին անգամ հանդիպել է Լենինին, նաև մտերմացել է Ստալինի հետ (այդ ժամանակ՝ Կոբա կամ Իվանովիչ կեղծանուններով)։ Համագումարի աշխատանքների ընթացքում Վորոշիլովը Վոլոդին կամ Վոլոդիա կեղծանվամբ կատարել է Լուգանսկի բանվորների մարտական խմբերի համար զենք-զինամթերք գնելու աշխատանք՝ կազմակերպելով մի քանի փոխադրումներ Ֆինլանդիայից։ Նաև Լուգանսկում ստեղծել է ռումբ պատրաստելու լաբորատորիա[8]։ Վորոշիլովը հետագայում գրել է․

Aquote1.png Երջանիկ եմ, որ իմ առաջին քայլերն արել եմ դոնբասյան պրոլետարիատի միջավայրում, երեք հեղափոխությունների մասնակից եմ եղել, տեսել և լսել եմ մեծն Լենինին, անձամբ ծանոթ եմ եղել նրան և կատարել եմ նրա հանձնարարությունները․․․ Aquote2.png

1907 թվականին Լոնդոնում, ՌՍԴԲԿ 5-րդ համագումարում բազմաթիվ հայտնի բոլշևիկների թվում ծանոթացել և մտերմացել է Մ․ Վ․ Ֆրունզեի և Մ․ Ի․ Կալինինի հետ։ Այդ թվականին նա հանդիպել է Եկատերինա Դավիդովնա Գորբմանի հետ, որը շուտով դարձել է Վորոշիլովի կինը։

1905-1907 թվականների հեղափոխության պարտությունից, Լուգանսկի բոլշևիկյան կազմակերպության ցրվելուց հետո Վորոշիլովը ձերբակալվել և աքսորվել է Արխանգելսկի գավառ։ 1908 թվականին նա փախել է Բաքու, որտեղ Ստալինի և Կամոյի հետ աշխատել է բոլշևիկյան կոմիտեում։ 1908-1917 թվականներին Վորոշիլովն ընդհատակյա կուսակցական աշխատանքներ է կատարել Բաքվում, Պետերբուրգում, Ցարիցինում։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է (1908-1912 թթ․)։ 1913 թվականին Ռոմանովների տան 300-ամյակի կապակցությամբ համաներմամբ ազատ է արձակվել։

Դոնբասում ձերբակալումից պաշտպանվելով Վորոշիլովն աշխատանքի է անցել Ցարիցինի զենքի գործարանում։ Սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես, զորագրումից խուսափելով, ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Պետրոգրադ։ Այստեղ կապեր է հաստատել քաղաքի բոլշևիկյան անլեգալ կազմակերպության հետ[8][9]։

Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ․) հետո Վորոշիլովն ընտրվել է Պետրոգրադի խորհրդի անդամ, ՌՍԴԲ(բ)Կ 7-րդ (ապրիլյան) համառուսաստանյան կոնֆերանսի և 6-րդ համագումարի պատգամավոր[10], 1917 թվականի մարտից՝ Լուգանսկի խորհրդի և քաղաքային դումայի նախագահ, 1917 թվականի նոյեմբերին՝ Պետրոգրադի ՌՀԿ-ի կոմիսար։ Ֆ․ Է․ Ձերժինսկու հետ միասին աշխատանքներ է կատարել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ) կազմակերպման համար։

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի ամռանը Ռուսաստանում վերջնականապես ձևավորվել է միակուսակցական կառավարություն։ Քաղաքացիական պատերազմն ակտիվ փուլ է թևակոխել և սկսվել է օտարերկրյա ինտերվենցիան Ռուսաստանի դեմ։

1918-1920 թվականներին Վորոշիլովը ջոկատի, բանակի, ռազմաճակատի հրամանատար է եղել։ 1918 թվականի մարտին ստեղծել է Լուգանսկի առաջին սոցիալիստական ջոկատը, որը մասնակցել է գերմանա-ավստրական զորքերի հարձակումից Խարկովի պաշտպանությանը։ Քաղաքացիական կռիվներին ղեկավարելով ցարիցինյան զորախմբավորումները, Լուգանսկից մինչև Ցարիցին («Վորոշիլովյան արշավ») 700-կիլոմետրանոց արշավ է կատարել, ծանր մարտեր մղելով գեներալ Պ․ Ն․ Կրասնովի սպիտակ կազակական զորքերի դեմ։ Այդ կռիվներում Վորոշիլովն աչքի է ընկել անձնական համարձակությամբ, բայց ոչ ռազմական տաղանդով։ Կազակական ամսագիրը գրել է․

Aquote1.png ․․․նա ռազմավար չէ բառի լայն իմաստով, բայց ընդունակ է համառ դիմադրության։
- «Դոնսկայա վալնա», 1919 թ․ փետրվար
Aquote2.png

Քաղաքացիական պատերազմի ընթացքում Վորոշիլովը եղել է Հարավային ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, Ռազմական խորհրդի անդամ, 10-րդ բանակի հրամանատար, Ուկրաինայի ներքին գործերի ժողկոմ, Խարկովի զինվորական օկրուգի, 14-րդ բանակի և ներքին Ուկրաինայի ռազմաճակատի հրամանատար։ Առաջին հեծյալ բանակի կազմակերպիչներից մեկն է եղել, այդ բանակի ՌՀԽ անդամ, որի դրոշի ներքո էլ մասնակցել է գեներալ Ա․ Ի․ Դենիկինի, հեթման[11] Ս․ Վ․ Պետլյուրայի, լեհ մարշալ Յու․ Պիլսուդսկիի, բարոն Պ․ Ն․ Վրանգելի դեմ մղված պայքարին։ ՌԿ(բ)Կ 8-րդ համագումարում (1919 թվականի մարտ) Վորոշիլովը ներկայացրել է «զինվորական ընդդիմությունը»։ 1921 թվականին մասնակցել է Կրոնշտադտի հակախորհրդային խռովության ճնշմանը։ 1921-1924 թվականներին Վորոշիլովը եղել է ՌԿ(բ)Կ ԿԿ Հարավարևելյան բյուրոյի անդամ, Հյուսիսային Կովկասի զինվորական օկրուգի, 1924-1925 թվականներին՝ Մոսկվայի զինվորական օկրուգի զորքերի հրամանատար, ԽՍՀՄ ՌՀԽ անդամ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վորոշիլոնվը եղել է Հյուսիսարևմտյան ուղղության զորքերի գլխավոր հրամանատար, Լենինգրադյան ռազմաճակատի զորքերի հրամանատար, պարտիզանական շարժման գլխավոր հրամանատար։

Պետական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականից Վորոշիլովը եղել է ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմ, ԽՍՀՄ ՌՀԽ նախագահ, 1934 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմ, 1940 թվականից՝ ԽՍՀՄ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ և ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Պաշտպանության կոմիտեի նախագահ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վորոշիլոնվը եղել է ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ։ 1943 թվականին Վորոշիլովը մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի աշխատանքներին։

1945-1947 թվականներին Վորոշիլովը եղել է Հունգարիայում Դաշնակցային վերահսկող հանձնաժողովի նախագահ, 1946 թվականից ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1953 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ, 1960 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։

1921-1961 թվականներին և 1966 թվականից Վորոշիլովը եղել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, 1926-1952 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1952-1960 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ։ Վորոշիլովը եղել է կուսակցության 10-23-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Վորոշիլովը մահացել է 1969 թվականի դեկտեմբերի 2-ին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակի Կրեմլյան պատի պանթեոնում:

Զինվորական ընդդիմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմահեղափոխական խորհրդի նախագահ Լ․ Դ․ Տրոցկին և Վորոշիլովը Կարմիր բանակի ձևավորման ընթացքում սուր հակասություններ են ունեցել, քանի որ Վորոշիլովը հրաժարվում էր հին բանակի զինվորական մասնագետների սպայական կազմից։ Վորոշիլովի թիկունքում Ստալինն էր, որին արդեն այդ ժամանակ գրեթե անվիճելիորեն ենթարկվում էր Վորոշիլովը։ Ցարիցինից Ստալինի հեռանալուն պես, Տրոցկին Վորոշիլովին ազատել է 10-րդ բանակի հրամանատարությունից։ Ուկրաինան այդ ժամանակ ազատագրվում էր գերմանական օկուպացիայից, և Վորոշիլովը նշանակվել է Ուկրաինայի խորհրդային հանրապետության ներքին գործերի ժողկոմ։ ՌԿ(բ)Կ 8-րդ համագումարում (1919 թվականի մարտ) շատերի կողմից քննադատված «զինվորական ընդդիմության» առաջնորդներից մեկը Վորոշիլովն է եղել[9]։ Այդ համագումարում Լենինն ասել է․

Aquote1.png Հին պարտիզանությունն է ապրում մեր մեջ և դա հնչում է Վորոշիլովի և Գոլոշչոկինի բոլոր ելույթներում։ ․․․Ընկեր Վորոշիլովն ասում է մենք չունեինք որևէ զինվորական մասնագետ և մենք ունեցանք 60 000 կորուստ։ ․․․Ցարիցինյան բանակի հերոսությունը գնահատելի է, բայց ասել՝ մենք հաղթահարեցինք առանց զինվորական մասնագետների, մի՞ թե սա կուսակցության ուղու պաշտպանություն է․․․ Մեղավոր է ընկեր Վորոշիլովը, քանի որ չի ուզում հրաժարվել այդ հին պարտիզանությունից։ ․․․Գուցե չլինեին այդ 60 000 զոհերը, եթե այնտեղ մասնագետներ լինեին, եթե լիներ կանոնավոր բանակ․․․
- Լենինի ժողովածու, հատոր 37, էջ 138, 139 (ռուս.)
Aquote2.png

Առաջին հեծյալ բանակի հրամանատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը հատուկ դաժանությամբ և դժվարությամբ է առանձնացել։ Այդ ընթացքում Վորոշիլովը մասնակցել է ատաման Գրիգորևի, Մախնոյի դեմ կռիվներին, հետո գլխավարել է 14-րդ բանակը Եկատերինոսլավի պաշտպանության ժամանակ, Ուկրաինայի ներքին ճակատի հրամանատարն է եղել։

Առաջին հեծյալ բանակի ձևավորումից հետո, 1919 թվականի աշնանից մինչև 1921 թվականի մարտը Վորոշիլովը եղել է այդ բանակի ՌՀԽ անդամ։ Վորոշիլովը, Բուդյոնին և Շադենկոն գլխավորել են Կենտրոնական Ռուսաստանում սպիտակգվարդիական հեծելազորային ստորաբաժանումների դեմ Առաջին հեծյալ բանակի կռիվները, հետո հետապնդել են նահանջող Դենիկինին։ Հեծյալ բանակը կռիվներ է մղել Հյուսիսային Կովկասում, Տավրիդայում և Ղրիմում, պայքարել է գեներալ Վրանգելի դեմ, Մախնոյի ու Պետլյուրայի ջոկատների դեմ, որով էլ ավարտվում է Առաջին Հեծյալ բանակի ուղին։ Կուսակցության X համագումարում Վորոշիլովը հանդես է եկել Առաջին հեծյալ բանակի կուսակցական կազմակերպության անունից։ Նա ընտրվել է համագումարի նախագահության անդամ և մի քանի նիստ նախագահել է։ 1921 թ․ գարնանը համագումարի մի քանի պատվիրակների հետ մասնակցել է Կրոնշտադտի խռովությունների ճնշմանը[9]։ Բանակի հրամանատար Ս․ Մ․ Բուդյոնին ասել է․

Aquote1.png Իմ հեծելազորն անվանում են Բուդյոնովյան, իսկ ես ինքս Վորոշիլովական եմ։
- Վ․ Ա․ Եգորշին, «Ֆելդմարշալներ և մարշալներ», Մ․ 2000 թ․ (ռուս.)
Aquote2.png

Որպես Առաջին հեծյալ բանակի ՌՀԽ անդամ, Վորոշիլովը երկրում բռնաճնշումների իրականացման կողմնակից է եղել դեռևս քաղաքացիական պատերազմի տարիներից։ Նա աչքի է ընկել ոչ միայն որպես զինհրամանատար, այլև՝ քաղաշխատող։ Նա Շադենկոյի և Բուդյոնու հետ միասին մասնակցել է ժամանակին ճանաչում վայելող քաղաքացիական պատերազմի հերոս, Կարմիր բանակի առաջին հեծելազորի կազմակերպիչներից, «հանրապետության առաջին սուր» (первая шашка) Բ․ Մ․ Դումենկոյի ձերբակալմանը, դատին և գնդակահարությանը։ «Դումենկոյի գործի» վերաբերյալ Օրջոնիկիձեի և Տուխաչևսկու խնդրանքներին չանսալով (կանչել Հեղափոխական տրիբունալ, չշտապել ձերբակալել և դաժան վճիռն իրականացնել)՝ դատավճռի հնչեցումից անմիջապես հետո գնդակահարման վճիռն ի կատար է ածվել (1920 թ․ մայիսի 11)[12][13]։

Զինվորական օկրուգների հրամանատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմն ավարտվելուց հետո, Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության (ԽՍՀՄ) ձևավորման սկզբում, չլինելով պրոֆեսիոնալ զինվորական, Վորոշիլովը ղեկավարել է Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգը (1921-1924 թթ․)։ Այդ տարիների ընթացքում էլ Վորոշիլովը մտերմացել է Հյուսիսային Կովկասի կուսակցական ղեկավար Անաստաս Միկոյանի հետ։

1924 թվականին Վորոշիլովը նշանակվել է ԽՍՀՄ ՌՀԽ անդամ (Օրջոնիկիձեի հետ), շատ չանցած՝ ՌՀԽ Նախագահության անդամ։ 1924 թ․ մայիսին Կլիմենտ Վորոշիլովը նշանակվել է Մոսկվայի զինվորական օկրուգի հրամանատար՝ քաղաքացիական պատերազմի հերոս, Արևելյան ռազմաճակատում Կոլչակի դեմ կռիվներում աչքի ընկած Ն․ Ի․ Մուրալովի փոխարեն։ Իսկ Մուրալովը նշանակվել է Վորոշիլովի տեղը՝ Հյուսիսկովկասյան օկրուգի հրամանատար։ (Այս նշանակումները միտված էին Տրոցկու և նրա մտերիմ զինակիցների ՌՀԽ լիազորությունները սահմանափակելուն և Մոսկվայի կայազորից հեռացնելուն։)

1925 թվականի հունվարին կուսակցության ԿԿ-ն ընդունել է Տրոցկու հրաժարականը և Ռազմածովային գործերի ժողկոմ և ԽՍՀՄ ՌՀԽ նախագահ է նշանակվել Մ․ Վ․ Ֆրունզեն, իսկ Վորոշիլովը նրա տեղակալ՝ համատեղեով Մոսկվայի օկրուգի հրամանատարության պաշտոնի հետ[9]։

Պաշտպանության ժողովրդական կոմիսար[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի ավարտին, Կարմիր բանակի հրամանատար Միխայիլ Ֆրունզեի մահից հետո Ռազմածովային գործերի ժողկոմի պաշտոնի թեկնածու է առաջադրվել Վորոշիլովը։ Չնայած նա շատերին զիջում էր իր ռազմական փորձով և ընդունակություններով, սակայն կուսակցական ապարատում նշանակալից դերակատարում ուներ և նա այդ պաշտոնը ստացել է գրեթե առանց Քաղբյուրոյի անդամների առարկությունների։

Աթաթուրք և Վորոշիլով, 1933 թ․ հոկտեմբերի 29

Վորոշիլովն այդ պաշտոնում գլխավորապես ներկայացուցչական և քաղաքական դերակատարում է ունեցել։ Նա քիչ է զբաղվել ռազմագիտությամբ և ռազմավարական խնդիրների ուսումնասիրությամբ՝ ի տարբերություն Բ․ Մ․ Շապոշնիկովի, որը բանակի շտաբների գործունեության խնդիրներն է ուսումնասիրել[14], Մ․ Ն․ Տուխաչևսկիի, որը ռազմավարության գիտակ է եղել[15], Կ․ Բ․ Կալինովսկիի, որը տանկային միավորումների դերն է ուսումնասիրել[16] և այլն։ Վորոշիովին պակասել է ընդհանուր և հատուկ ռազմական կրթությունը պրոֆեսիոնալ զինվորական դառնալու համար։ Նա ասել է․

Aquote1.png Գուցե իմ աշխատանքում ինձ ավելի հեշտ լիներ իրականացնել իմ կուսակցական պարտականությունները, եթե ես օժտված լինեի Ֆրունզեի ունակություններով[17]։
- Չիստյակով Բ․
Aquote2.png

Սակայն միաժամանակ 1927 թվականի նոյեմբերին ֆրանսիական պատվիրակության հետ զրուցելիս հպարտությամբ ասել է․

Aquote1.png Ես բանվոր եմ, փականագործ և չունեմ հատուկ զինվորական պատրաստություն։ Ես չեմ ծառայել հին, ցարական բանակում։ Իմ ռազմական ուղին սկսվել է նրանից, որ 1906-1907 թթ․ անլեգալ զենք եմ տեղափոխել Ֆինլանդիայից Դոնեցկի ավազան և այնտեղ մեր կազմակերպության հետ ստեղծել եմ բոլշևիկյան բանվորների զինվորական դրուժինաներ։ Աշխատել եմ գործարաններում, հետո նստել եմ բանտերում, ինչպես պատիվ է յուրաքանչյուր հարգարժան բոլշևիկի․․․[18]
- Վորոշիլով Կ․ Ե․ Հոդվածներ և ելույթներ, Մ․, 1937 թ․ էջ 174-175 (ռուս.)
Aquote2.png

Կոմկուսի XVII համագումարի ելույթում Վորոշիլովը վստահեցրել է, որ 1934 թվականի սկզբին Կարմիր բանակը տեխնիկապես ավելի լավ էր զինված, քան ֆրանսիական և ամերիկյան բանակները և նույնիսկ ավելի մեքենայացված էր, քան այդ ժամանակներում տեխնիկապես հագեցածությամբ աշխարհում լավագույնը համարվող անգլիական բանակը։

Սակայն միաժամանակ 1930-ական թվականներին ՌՀԽ-ում հաճախ տարաձայնություններ էին լինում` կապված Կարմիր բանակի ղեկավարման ու տեխնիկապես վերազինման հետ, քանի որ Վորոշիլովն ու Բուդյոնին շարունակում էին չափազանցացնել հեծյալ միավորումների դերը սպասվող պատերազմում, խոչընդոտելով բանակի մոտոմեքենայացման գործընթացը։ Փոփոխությունների անհրաժեշտությունից ելնելով 1934 թվականին Ռազմածովային ժողկոմիսարիատը դարձավ Պաշտպանության ժողկոմիսարիատ։ Վորոշիլովի տեղակալներից մեկը նշանակվեց Մ․ Ն․ Տուխաչևսկին։

Aquote1.png ․․․Պետք է ասել, որ Վորոշիլովը շատ բթամիտ է, բայց ունի մի դրական հատկանիշ, որ գիտունիկ չի ձևանում և բոլորի հետ հաճույքով համաձայնվում է[19]։ Aquote2.png

Սակայն Կարնիր բանակի մեքենայացումը երկար է տևել։ Նույնիսկ 1938 թվականին Վորոշիլովը պնդել է․

Aquote1.png Հեծելազորը աշխարհի բոլոր բանակներում ճգնաժամ է ապրում, շատ բանակներում գրեթե չի գործում… Մենք այլ տեսակետ ունենք… Մենք վստահ ենք, որ մեր անվեհեր հեծելազորը բազմիցս կստիպի իր մասին խոսել որպես հզոր և հաղթական Կարմիր հեծելազոր… Կարմիր հեծելազորը շարունակում է մնալ հաղթական և կործանիչ ուժ և կարող է ու կլուծի մեծագույն խնդիրներ բոլոր մարտական ճակատներում[20]։ Aquote2.png

Նման համառ դիմակայությունը ընդդեմ վաղուց հասունացած փոփոխությունների հակասում է Վորոշիլովի մեկ այլ տեսակետին․

Aquote1.png Հրաձգային կրակով ծայրագույնս հագեցած ժամանակակից ռազմաճակատը հազիվ թե հնարավոր լինի առանց տանկի հաղթահարել[21]։ Aquote2.png

Հեծելազորի մարտական նշանակության մասին Վորոշիլովի վերաբերմունքը արժանացել է բոլոր նրանց քննադատությանը, ովքեր հասկանում էին գալիք պատերազմի բնույթը և չէին կարող համակերպվել պաշտպանության ժողկոմի տեսակետի հետ։ Այդ շարքում էր Տուխաչևսկին, որն իր ձերբակալության նախորդ օրը գրել է․

Aquote1.png Կարմիր բանակը հենվում է Քաղաքացիական պատերազմի դասերի վրա, այլ ոչ թե նոր զինատեսակները հաշվի առնելու և ուսումնասիրելու վրա… Որոշները նույնիսկ պնդում են, որ Կարմիր բանակի մարտիկին հարձակմանը նախապատրաստելու համար ավելի քիչ հրանոթային արկեր կպահանջվի, քան կապիտալիստական բանակի զինվորին, բացատրելով կարմիր բանակայինի մարտական ոգու առավելությամբ։ Իրականում մարտի դաշտում նման ինքնասիրահարվածությունը կարող է հանգեցնել անտեղի արյունոտ կորուստների և մեծ անհաջողությունների[22]։ Aquote2.png

ԽՍՀՄ Պաշտպանության ժողկոմի տեսակետի հետ, հետևաբար նաև Ստալինի տեսակետի հետ չհամաձայնվողների ճակատագիրը կանխորոշված էր…[9]

Ահաբեկչության տարիներ (1936-1938)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ առաջին 5 Մարշալները։ Ձախից աջ նստածները Միխայիլ Տուխաչևսկի, Կլիմենտ Վորոշիլով, Ալեքսանդր Եգորով, կանգնածները՝ Սեմյոն Բուդյոնի, Վասիլի Բլյուխեր

ԽՍՀՄ-ում մարշալի կոչումը ներդրվել է 1935 թվականին, և առաջինն այդ կոչումը շնորհվել է Վորոշիլովին, Բուդյոնիին, Բլյուխերին, Տուխաչևսկիին և Եգորովին։ Բայց 1937-1939 թվականներին Բլյուխերը, Տուխաչևսկին և Եգորովը որպես ժողովրդի թշնամի գնդակահարվել են։ Վորոշիլովն իր հավանությունն է տվել ԲԳԿԲ բարձրագույն հրամանատարական կազմի մեղադրականներին (Մ․ Ն․ Տուխաչևսկու, Ի․ Է․ Յակիրի, Ի․ Պ․ Ուբորևիչի և այլն գործերը)։

1930-ական թվականների երկրորդ կեսի «խոշոր զտումը» հատուկ դաժանությամբ է անդրադարձել Խորհրդային միության զինծառայողական կազմի վրա։ Կարմիր բանակի և Ռազմածովային նավատորմի ղեկավար կազմի լավագույն մասը 1936-1938 թթ․ անխնա ոչնչացվել է։ Այդ մարդիկ ոչ թե մահացել են պատերազմի դաշտում, այլ Լուբյանկայի և այլ բանտերի նկուղներում, նաև «աշխատանքային ճամբարներում»։ Որևէ տվյալ չկա, որ հենց Պաշտպանության ժողկոմ Վորոշիլովն է կազմել գնդակահարությունների և ձերբակալությունների այդ «ցուցակները», բայց բավարար է, որ նա հավանություն է տվել և շատերի տակ նրա ստորագրությունն է Ստալինի և Եժովի հետ միասին։ Ոչ մի զինվորական չէր կարող մարդ ձերբակալել առանց պաշտպանության ժողկոմի գիտության։

1937 թվականի օգոստոսին տեղի է ունեցել Մ․ Ն․ Տուխաչևսկու, Ի․ Է․ Յակիրի, Ի․ Պ․ Ուբորիչևի, Բ․ Մ․ Ֆելդմանի, Ա․ Ի․ Կորկի և մյուսների ռազմական դատը և գնդակահարությունը, ինչպես նաև ինքնասպան եղել Վորոշիլովի տեղակալ Յա․ Բ․ Գամարնիկը։ Այս իրադարձություններից անմիջապես հետո Պաշտպանության ժողկոմ Վորոշիլովը և Ներքին գործերի ժողկոմ Եժովը ստորագրել են ԽՍՀՄ Զինվաժ ուժերի հրամանը, ըստ որի «ԽՍՀՄ-ում և հատկապես Կարմիր բանակում ստեղծվել է տարբեր պետությունների լրտեսների ճյուղավորված ցանց։ Պահանջվում է բոլորին, ովքեր լրտեսական կապեր ունեն՝ խոստովանել, իսկ ով ինչ-որ բան գիտի կամ կասկածներ ունի լրտեսական գործունեության մասին՝ մատնել»[9]։

Aquote1.png Մենք արդեն մաքրվել ենք լրտեսական կեղտից, բայց դեռևս ունենք գեստապոյի գործակալներ[22]։
- Կ․ Ե․ Վորոշիլով, 1939 թ․ մարտի 23-ին ԽՄԿԿ XVIII համագումար
Aquote2.png

Այդ տարիների ռեպրեսիաները ծանր հարված են հասցրել Բանվորագյուղացիական Կարմիր բանակի ռազմունակությանը, արյունաքամ է եղել կադրային կազմը։ Հիտլերը պատրաստվելով ԽՍՀՄ վրա հարձակմանը բարենպաստ է համարել ԽՍՀՄ-ի զինվորական կադրերի ոչնչացման այդ փաստերը։ Ֆելդմարշալ Ֆյոդոր ֆոն Բոկը գրել է․

Aquote1.png Ռուսական բանակի՝ որպես ռազմական ուժի հետ կարելի է հաշվի չնստել, քանի որ արյունոտ ռեպրեսիաները քայքայել են նրա ոգին, վերածելով իներտ մեքենայի[23]։ Aquote2.png
Լավրենտի Բերիայի զեկույցի առաջին էջը 1940 թ․ գարնանը 15 000 լեհ սպաների և որոշ 10 000-ից ավելի մտավորականների Կատինի անտառում և Խորհրդային Միության այլ վայրերում գնդակահարելու մասին։ Առաջակը ընդունվել է Իոսիֆ Ստալինի, Կլիմենտ Վորոշիլովի, Անաստաս Միկոյանի, Վյաչեսլավ Մոլոտովի, Միխայիլ Կալինինի և Լազար Կագանովիչի ստորագրությամբ[24][25]։

Խորհրդա-ֆինլանդական պատերազմ (1939-1940)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադրությունը բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրակարգ զինվորական կադրերի նկատմամբ մասսայական բռնաճնշումները Կարմիր բանակի կարգապահության վրա ծանր անդրադարձ են ունեցել։ Բարձրաստիճան հրամանատարների նկատմամբ զինվորների ու կրտսեր հրամանատարների վստահությունը նվազելուն զուգընթաց նոր կադրերի ընտրությունը հաճախ իրականացվել է ըստ անկետայի տվյալների։ Ընդ որում՝ դասակի հրամանատարները գումարտակի, նույնիսկ գնդի հրամանատարներ են նշանակվել, գնդի և գումարտակի հրամանատարները՝ դիվիզիայի հրամանատարներ։ Զինվորական ակադեմիան երկու-երեք տարի գրեթե չի գործել, թուլացել է ռազմական-ինժեներական և նախագծային աշխատանքը։ Ռազմական փորձի պակասությունը զգալի նշանակություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, քանի որ Կարմիր բանակի նկատմամբ պահանջները ավելացել էին։

Վորոշիլովը, Բուդյոնին և ԽՍՀՄ նոր մարշալներ Ս․ Կ․ Տիմոշենկոն, Գ․ Ի․ Կուլիկը ամեն կերպ ձգտել են կարգ ու կանոն հաստատել բանակում, բայց առանձնապես արդյունավետ չի եղել նրանց ներդրումը[26]։

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո արևմուտքում ավելի բարենպաստ ռազմավարական սահման ունենալու նպատակով խորհրդա-ֆինլանդական սահմանը հեռացնելու Ստալինի որոշման արդյունքում սկսվել է Խորհրդա-ֆինլանդական պատերազմը:

Վորոշիլովի մասնակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոշիլովն անձամբ ղեկավարել է մարտական գործողությունները, հաճախ եղել է մարտի դաշտում։ 1939-1940 թվականների դաժան ձմռան պայմաններում Խորհրդային Միությունը մեծ քանակությամբ զոհեր է ունեցել։

Aquote1.png Ստալինը քննադատում էր Պաշտպանության նախարարությունը, հատկապես Վորոշիլովին… Ես համաձայն էի Ստալինի հետ, մյուսներն էլ էին համաձայն, քանի որ Վորոշիլովը երկար տարիներ եղել էր Պաշտպանության նախարար… Ես հիշում եմ Կունցևոյի ամառանոցում, երբ Ստալինը բարկացած, նյարդայնացած քննադատում էր Վորոշիլովին։ Վորոշիլովը նույնպես փրփրեց, կարմրեց, վեր կացավ տեղից և պատասխանեց Ստալինին․ «Դո՛ւ ես մեղավոր դրանում, դո՛ւ ոչնչացրեցիր ռազմական կադրերը…»[27] Aquote2.png

1940 թվականի հունվարից Վորոշիլովը չի մասնակցել խորհրդա-ֆինլանդական պատերազմի ռազմական գործողություններին։ Ստալինը գործող բանակի հրամանատար է նշանակել մարշալ Ս. Կ. Տիմոշենկոյին: Այս վեճի արդյունքները դարձել են 1940 թվականի ապրիլին տեղի ունեցած Գլխավոր ռազմական խորհրդի նիստի քննարկման թեմա։ Այդ խորհրդակցության ժամանակ պաշտպանության ժողկոմ Վորոշիլովի բացթողումների մասին բազմիցս և բավական կտրուկ խոսել է հատկապես Ստալինի անձնական քարտուղար Լ. Զ. Մեխլիսը: Կարմիր բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով Ստալինի ոչ պաշտոնական հրահանգներով մի շարք միջոցառումների թվում արդարացվել ու ազատ են արձակվել բռնադատված հրամանատարների մի մասը։ Միաժամանակ որոշում է ընդունվել ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի պաշտոնից Վորոշիլովին հեռացնելու մասին՝ այդ պաշտոնում նույնպես Տիմոշենկոյին նշանակելով։ Վորոշիլովի հեղինակությունը փրկելու նպատակով նրան պարգևատրել են Լենինի շքանշանով և նշանակել Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ։ 1941 թվականի փետրվարին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան Վորոշիլովի անունով է անվանակոչվել։ Սակայն այդ դեպքից հետո Վորոշիլովի ազդեցությունը նկատելիորեն թուլացել է կուսակցական և ռազմական հիերարխիայում[28]։

Վորոշիլովը Հայրենական մեծ պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի սկզբում, Կարմիր բանակի ծանր պարտություններից հետո, Արևմտյան ռազմաճակատը համախմբելու նպատակով Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմակայանը Վորոշիլովին, Շապոշնիկովին և Կուլիկին Արևմտյան ռազմաճակատ է ուղարկել, սակայն նրանց չի հաջողվել նույնիսկ զորքը կանոնավորել, որպեսզի կանգնեցնեն նահանջը։ Իրադրությունը փոխելու նպատակով Վորոշիլովն ու Շապոշնիկովն առաջարկել են ստեղծել պաշտպանության նոր ուղղություն ոչ թե Բերեզինա գետի, այլ ավելի արևելյան՝ Դնեպր գետի հոսանքի ուղղությամբ։ Այդպիսով Սմոլենսկի համար մղված կռիվներում դեպի արևելք գերմանացիների առաջխաղացումը ժամանակավորապես հաջողվել է կասեցնել։ Պատերազմում կրած պարտություններում էական է եղել Վորոշիլովի դերը, քանի որ

  • թույլ է տվել ռազմական կադրերի հալածանքը
  • ելույթներով հանդես է եկել, հավատացնելով ժողովրդին, որ Կարմիր բանակն ավելի լավ է զինված, քան որևէ այլ երկիր աշխարհում, որն իրականությունից հեռու է եղել
  • չափազանց գերագնահատելով հեծելազորի նշանակությունը սպասվող պատերազմում՝ խոչընդոտել է տանկային միավորումների և հակաօդային պաշտպանության զորքերի (ПВО) զարգացմանը։

Առաջին շրջանի անհաջողություններից ուշքի գալուց հետո Ստալինը կրկին իր ձեռքն է վերցրել երկրի և բանակի ղեկավարումը։ 1941 թվականի հուլիսի 1-ին Ստալինը Վորոշիլովին Մոսկվա կանչելով դարձրել է նորաստեղծ Պետական պաշտպանության կոմիտեի (ՊՊԿ) անդամ, որպես Գլխավոր հրամանատարության ռազմակայանի Հյուսիս-Արևմտյան ճակատի ղեկավար։ Հուլիսի 11-ին Վորոշիլովը ոչ մեծ շտաբով մեկնել է Լենինգրադ, որպեսզի ստանձնի Հյուսիս-արևմտյան նահանջող ճակատի հրամանատարությունը։ Չնայած նրա ներկայությունը բզկտված և հոգնած զորքում առանձապես ոգևորություն չի առաջացրել, այնուամենայնիվ տարբեր ձեռնարկություններում միտինգներ և ժողովներ են կազմակերպվել, երգեր ու ձոներ են ուղղվել Վորոշիլովին։ Լենինգրադի մամուլը ողջունել է նրա գալուստը.

Aquote1.png Հյուսիս-Արևմտյան ուղղության զորահրամանատար ընկեր Վորոշիլովի նշանակումը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, թե կուսակցությունը և ղեկավարությունը ինչպիսի հսկայական ուշադրություն են ընձեռում սոցիալիստական հեղափոխության օրրան Լենինի քաղաքին... Կեցցե՛ փառապանծ զորահրամանատար Կլիմ Վորոշիլովը: Կեցցե՛ մեր հաղթանակների դրոշ՝ մեծն Ստալինը[29]:
- Լենինգրադի Կիրովի գործարանի բանվորների և ծառայողների ժողովում ընդունած բանաձևից
Aquote2.png

Սակայն Վորոշիլովի նշանակումը էականորեն չի փոխել ռազմաճակատի անբարենպաստ իրավիճակը։ Մերձբալթիկայում շարունակվել է զորքերի նահանջը։

Aquote1.png Վորոշիլովը գործում էր համարձակ, բայց անվարժ: Նա համարձակորեն մեկնում էր հակառակորդի տեսադաշտում գտնվող պաշտպանության առաջին գիծ: Սակայն բավարար կոշտություն չուներ զորքը ղեկավարելու համար: Սեպտեմբերի 9-10-ը Լենինգրադը վերջնականապես շրջափակման մեջ ընկավ: Սեպտեմբերի 10-ին Վորոշիլովն անձամբ գլխավորեց ծովային հետևակի հարձակումը: Սակայն դա առավելապես հուսահատության ճիչ էր[28]:
- Ռոյ Մեդվեդև
Aquote2.png

Ստալինի որոշմամբ Վորոշիլովին փոխարինել է Ժուկովը, որը գլխավորել է Լենինգրադի պաշտպանությունն այն ժամանակ, երբ Վորոշիլովն արդեն սկսել էր քննարկել, թե ինչ անել, եթե գերմանական զորքերը գրավեն Լենինգրադը։ Բանակի հրամանատարությունից ազատելուց հետո Ստալինը Վորոշիլովին՝ որպես ՊՊԿ անդամ, նշանակել է Մոսկվայի, Պրիվոլժեյի, Միջին Ասիայի և Ուրալի զինվորական օկրուգների պահուստային զորքերի պատրաստության վերահսկիչ։ 1942 թ. սեպտեմբերին Վորոշիլովը նշանակվել է պարտիզանական շարժման գլխավոր հրամանատար։ Սակայն պարտիզանական շարժման իրական ղեկավարը եղել է Բելառուսիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Պ. Կ. Պոնոմորենկոն, իսկ Վորոշիլովի մասնակցությունը էպիզոդիկ և ձևական բնույթ է կրել։ Թիկունքում ևս Վորոշիլովի մասնակցությունը ձևական է եղել[30]։

Դեպի արևմուտք Կարմիր բանակի տեղաշարժման ընթացքում Վորոշիլովը ղեկավարել է Ռազմական ավարի կոմիտեն (Трофейный комитет)։ Նա կատարել է նաև այլ հանձնարարություններ. բանակցություններ է վարել անգլիական ռազմական պատվիրակության հետ, մասնակցել է Թեհրանի կոնֆերանսին, Ֆինլանդիայի, Հունգարիայի և Ռումինիայի հետ հաշտության հանձնաժողովի նախագահ է եղել։

Պատերազմի ընթացքում Կարմիր բանակի արևմուտք տեղաշարժվելուն զուգընթաց նվազել է Վորոշիլովի մասնակցությունը զինվորական գործերում։

1943 թվականին Վորոշիլովը եղել է ԽՍՀՄ նոր Հիմնի ստեղծման հանձնաժողովի ղեկավարներից մեկը։ Պատերազմի ընթացքում քիչ են եղել նրա պարգևները։ 1944 թ. Վորոշիլովը Սուվորովի շքանշան է ստացել, իսկ իր առաջին Խորհրդային Միության հերոսի կոչումը ստացել է պատերազմի ավարտից տասնըմեկ տարի անց, իր 75-ամյակին։ Հաղթանակի օրվա կապակցությամբ շքերթի ժամանակ Ստալինի կողքին կանգնած են եղել Ժուկովը, Վորոշիլովը և Բուդյոնին, որը զինվորական համազգեստով ներկայանալու Վորոշիլովի վերջին հնարավորություններից մեկն է եղել։

Կ․ Ե․ Վորոշիլով, Ն․ Մ․ Խրուշչով, Ու․ Կ․ Կեկկոնեն, 1960 թ․

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվավոր զենք ԽՍՀՄ ոսկե զինանշանով ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակի առթիվ, 1968 թ․

Վորոշիլովը պարգևատրվել է Լենինի 8, Կարմիր դրոշի 6, Սուվորովի 1-ին աստիճանի, Ուզբեկական, Տաջիկական ԽՍՀ և ԱՍՖՍՀ Կարմիր դրոշի շքանշաններով, Տուվայի Հանրապետության շքանշանով (ընդհանուր առմամբ 19 շքանշան և 12 մեդալ)։ Պարգևատրվել է նաև արտասահմանյան երկրների մի շարք շքանշաններով՝ Մոնղոլիայի, Կամբոջայի, Ֆինլանդիայի, Եթովպիայի բարձրագույն շքանշաններով և այլ պարգևներով (ընդհանուր հաշվով 10)։

Երկու անգամ ստացել է պատվավոր հեղափոխական զենք․

  • Անվանական սուր Կարմիր դրոշի շքանշանով (1920 թվական)
  • Պատվավոր անվանական սուր ԽՍՀՄ ոսկե զինանշանով (1968 թվական)։

Անունն է կրում[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ համագումարից հետո Վորոշիլովի պաշտամունքն է՛լ ավելի աճեց։ Այդ տարիներին քաղաքներն ու գյուղերը կոչում էին «առաջնորդների» անուններով։ Լուգանսկ քաղաքը վերանվանվեց Վորոշիլովգրադ։ Հյուսիսայի Կովկասի Ստավրոպոլ խոշոր քաղաքը, որը Օրջոնիկիձեի մարզում էր, վերանվանվեց Վորոշիլովսկ (1943 թվականին կրկին հին անունով վերանվանվեց)։ Այդպես մի քանի քաղաքներ և գյուղեր, գործարաններ, կոլխոզներ, սարի գագաթներ երկրի տարբեր մասերում ստացան Վորոշիլովի անունը։

1932 թվականին ՕՍԱՎԻԱԽԻՄ[31] կենտրոնական խորհուրդը հրաձգության սահմանված չափանիշների կատարման համար սահմանեց «Վորոշիլովսկի ստրելոկ» (Ворошиловский стрелок - Վորոշիլովյան հրաձիգ) պատվավոր կոչում և կրծքանշան։ Խորհրդային ծանր տանկը ստացավ նրա անունը՝ «KB»[9]։

Ստալին և Վորոշիլով հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Ստալին և Կլիմենտ Վորոշիլով, 1935 թ․ դեկտեմբեր

1920-ական թվականներին Վորոշիլովը դեռևս պահպանում էր իր անհատի ինքնուրույնությունը։ 1928-1929 թվականների կուլակաթափման[32], կուլակներին որպես «դասակարգ լիկվիդացնելու» գործընթացի ժամանակ, երբ Ստալինը գյուղացիների նկատմամբ պահանջները մեծացնում էր, Վորոշիլովը Քաղբյուրոյի նիստերում արտահայտում էր իր տարակարծությունը նման քաղաքականության վերաբերյալ, ասելով, որ գյուղացիության դժգոհությունը կարող էր բացասաբար անդրադառնալ Կարմիր բանակի մարտունակության վրա, հաշվի առնելով, որ բանակը հիմնականում կազմված էր գյուղացի երիտասարդներից։ Վորոշիլովի և Ստալինի տարաձայնությունները այնքան ուռճացվեցին, որ աքսորավայրից Տրոցկին իր որոշ նամակներում հնարավոր էր համարում, որ գյուղացիությունը Ստալինի դեմ կընդվզի Վորոշիլովի և Բուդյոնիի գլխավորությամբ։

Վորոշիլովը փառասեր էր և Ստալինը հմտորեն օգտվում էր այդ թերությունից։ Վորոշիովի մասին լեգենդներ էին հյուսվում, ստեղծվում էր «բանվոր-հրամանատարի» հատուկ պաշտամունք։ Ռազմածովային ժողկոմ նշանակվելուց արդեն մեկ տարի անց ի հայտ եկան նրա առաջին կենսագրականները[33], պոեմներ և երգեր էին նվիրվում նրան։

Aquote1.png Մեզ հետ Վորոշիլովն է,
Առաջին կարմիր սպան։
Կկարողանանք արյուն հեղել
Հանուն Սովետ Միության։
«Ведь с нами Ворошилов,
Первый красный офицер.
Сумеем кровь пролить
За СССР.»
- 1926 թվականի պիոներական երգ։
Aquote2.png

Վորոշիլովի բազմաթիվ կենսագրականների վերաբերյալ Ստալինը ցուցադրական համեստությամբ ասել է․

Aquote1.png Դեռևս չի եկել Ստալինի կենսագրականը գրելու ժամանակը[9]։ Aquote2.png

1929 թվականի ավարտին Վորոշիլովն ի պատասխան հրատարակել է մի մեծ հոդված՝ «Ստալինը և Կարմիր բանակը» (Сталин и Красная Армия), որից էլ սկսվել է Ստալինի մասին լեգենդը՝ որպես Քաղաքացիական պատերազմի խոշոր հրամանատար և Կարմիր բանակի գլխավոր հաղթանակների ոգեշնչող, կազմակերպիչ[34]։ 1939 թվականին «Ստալինը և Կարմիր բանակի շինարարությունը» (Сталин и строительство Красной Армии) հոդվածում Վորոշիլովը գրել է․

Aquote1.png Մենք, նրա ժամանակակիցները և զինակիցները կարող ենք նրա հսկայական և արդյունավետ ռազմական աշխատանքի մասին որոշ գծանշումներ կատարել միայն[35]։
- Վորոշիլով Կ․ Ե․
Aquote2.png

1930-ական թվականներին Ստալինի ազդեցությունը և իշխանությունը Վորոշիլովի վրա ավելի ակնառու է եղել։ Այդ ժամանակ նա Ստալինի ամենամտերիմների շրջանակում էր և համարվում էր նրա անկեղծ ընկերը։ Նրանք ամենուր միասին էին, որսի, հանգստի գնում էին միասին։ Միասին էին Ստալինի Կունցևոյի ամառանոցում և Կրեմլի բնակարանում, Դամբարանի տրիբունայում։ Նրանք միասին հաճախ այցելում էին Մաքսիմ Գորկուն։ Մի անգամ Մաքսիմ Գորկին, երբ նրանց համար կարդացել է իր «Աղջիկը և մահը» հեքիաթը, Ստալինը գրքի վերջին էջում գրառում է կատարել․

«Սա ավելի ուժեղ է, քան Գյոթեի «Ֆաուստը» (սերը հաղթում է մահին) 11.Х.31»։

Հաջորդ էջում Վորոշիլովն իր գրառումն է կատարել․

«Իմ կողմից ասեմ, որ ես սիրում եմ Գորկիին ինչպես իմ և իմ դասակարգի գրող, որը հոգով հասկացել է մեր առաջընթացը»[9]։

Համեմատական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոշիլովը Ստալինի վրա ունեցած իր ազդեցությամբ էականորեն զիջում էր Ստալինին շրջապատող մյուս քաղաքական գործիչներին, բայց նույնքանով նրանց գերազանցում էր իր մասին հյուսված լեգենդներով։ Նա չուներ Միկոյանի խելքը, խորամանկությունը և գործնականությունը, չուներ Կագանովիչի կազմակերպչական ընդունակությունները, ակտիվությունն ու կոշտությունը, նաև Մոլոտովի գրագրական գործունյա կարողությունները և «քարե հետույքը»։ Ոչ էլ կարողանում էր Մալենկովի նման կողմնորոշվել համակարգում առկա խորամանկ բանսարկություններում։ Վորոշիլովին չէր բավարարում Խրուշչովի ջերմեռանդությունը, նա չէր տիրապետում Ժդանովի կամ Վոզնեսենսկու տեսական գիտեիքներին և նույնիսկ որպես հրամանատար նա ավելի շատ պարտություններ է ունեցել, քան՝ հաղթանակներ։

Վորոշիլովն օժտված էր առանձնակի համարձակությամբ, և որպես զինվորական նա բազմաթիվ անգամ հայտնվել է բարդ բանսարկությունների մեջ։ Սակայն գիտակցում էր իր համեստ մտավոր ունակությունները և փնտրում էր քաղաքական հովանավոր և ղեկավար։ Ռազմական գերատեսչությունը գլխավորելու համար Ստալինին հենց նման մարդ էր հարկավոր։ Եվ նման մարդու համար հեշտ էր պահպանել իր տեղը բոլոր հաջորդ ղեկավարների օրոք[9]։

Ժամանակակիցների տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Վորոշիլովը ֆիկցիա է։ Նրա հեղինակությունը արհեստականորեն ստեղծված է տոտալիտար քարոզչության կողմից: Գլխապտույտ բարձրության վրա նա մնաց այն, ինչ միշտ կար. սահմանափակ գավառական՝ առանց մտահորիզոնի, առանց կրթության, առանց ռազմական հմտությունների և նույնիսկ առանց կառավարիչի ընդունակությունների[8]: Aquote2.png

«Կրասնայա զվեզդա» օրաթերթում իր ձերբակալությունից մեկ օր առաջ հրատարակված հոդվածում Տուխաչևսկին գրել է․

Aquote1.png ․․․Պետք է ասել, որ Վորոշիլովը շատ բթամիտ է, բայց ունի մի դրական հատկանիշ, որ գիտունիկ չի ձևանում և բոլորի հետ հաճույքով համաձայնվում է[19]։ Aquote2.png

Վորոշիլովը հակում ուներ իրեն վերագրել կամ ավելորդ ուռճացնել իր ձեռքբերումները։ Օրինակ, Գրիգորևի ապստամբության ճնշման մասին խոսելիս նա գրել է․

Aquote1.png Իմ անձնական ղեկավարությամբ բանդաները ջախջախվեցին․․․ Մեր ստորաբաժանումները ոչ մի բանի պետք չեն, իսկ հրամանատարական կազմը արժանի է մի մարդու նման կախաղան բարձրացնելուն[36]։ Aquote2.png
Aquote1.png Նրա տեղեկությունը Ալեքսանդրիայում Գրիգորևի ոչնչացման մասին պարզվեց կեղծ էր․․․ Վորոշիլովի պնումներն իր հաջողությունների և մեր ստորաբաժանումների աշխատանքի մասին անամոթաբար ուռճացված էին։
- Ա․ Պ Ֆեսենկո, Գրիգորևականության ոչնչացման մեջ Վորոշիլովի դերը // Պատմության հարցեր, 1988. № 10, էջ 188 (ռուս.)[37]
Aquote2.png

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի գարնանը Կրոնշտադտի ապստամբության ճնշումից հետո Վորոշիլովը երկրորդ անգամ էր պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով։ Կուսակցության հերթական համագումարին, երբ նա ներկայացավ կրծքին երկու շքանշան, արժանացավ Լենինի հեգնական դիտողությանը. գործնական ժողովների և նույնիսկ համագումարների ժամանակ սեփական մրցանակները ցուցադրելը կուսակցության անդամների կողմից ընկալվում էր տգեղ վարվելաձև։ Հաջորդ օրը Վորոշիլովը ներկայացավ ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկով և առանց շքանշանների։

Արևմուտքում օրինաչափ երևույթ էր սպայի պարել իմանալը, իսկ Վորոշիլովը պարել չգիտեր։ Մի քանի անգամ արտասահմանում ընդունելությունների ժամանակ անհարմար վիճակում հայտնվելուց հետո Վորոշիլովը կազմակերպեց Կարմիր բանակի հրամանատարական կազմին եվրոպական ժամանակակից պարեր ուսուցանելու գործը, որն այդքան տհաճ էր 1920-ական թվականների երիտասարդ կոմերիտականների համար[9]։

1920-ական թվականների վերջից մինչև 1930-ական թվականների սկիզբը Վորոշիլովը ղեկավարել է Մեծ թատրոնի գործունեության ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոյի հանձնաժողովը։ Նա հայտնի էր որպես թատերասեր և բալետի հովանավոր[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118770373 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. Бюро Президиума ЦК в справочнике по истории КПСС и СССР 1898 - 1991․ Կլիմենտ Վորոշիլով
  7. Об образовании Правительства СССР - Совета Министров СССР : Закон от 19 марта 1946 г. // Ведомости Верховного Совета СССР 1946 г. № 10
  8. 8,0 8,1 8,2 8,3 Ворошилов, Климент Ефремович - Хронос
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 Ռոյ Ալեքսանդրովիչ Մեդվեդև Ближний круг Сталина. Соратники вождя. КРАСНЫЙ МАРШАЛ ВОРОШИЛОВ․ Трудное детство Տեխնիկական և մարդասիրական գրականություն (ռուս.)
  10. Խորհրդային Միության մարշալներ և նավատորմի ադմիրալներ, Վորոշիլով Կլիմենտ Եֆրեմովիչ
  11. Հին գերմաներեն hauptmann (haupt – գլխավոր, գլուխ և mann – մարդ), լեհերեն hetman նշանակել է զինված ջոկատի հրամանատար, կապիտան։ Ներկայումս գերմանալեզու պետությունների զինված ուժերում կապիտան կոչմանն է համապատասխանում։
  12. Старов Н. Первая шашка Республики // Известия. 1988. 15 авг.
  13. Устранение преемника Думенко комкора Жлобы – новое преступление Сталина, Ворошилова и Буденного // Боярчиков А. И. Воспоминания / предисл. В. В. Соловьева. – М. : АСТ, 2003. 320 էջ – (Мемуары). ISBN 5-17-015844-0
  14. «Мозг армии» գիրք
  15. книга «Вопросы современной стратегии» գիրք
  16. «Танки» գիրք
  17. Чистяков Б. Наркомвоенмор номер три // Смена (Ленинград). 1989. 19 февр.
  18. Ворошилов К. Е. Статьи и речи. М., 1937. С. 174-175
  19. 19,0 19,1 Норд Л. Маршал Тухачевский. Париж, 1978. С. 102
  20. Ненароков А. Броня и кони // Московские новости. 1988. 3 апр.
  21. Чистяков А. Наркомвоенмор номер три // Смена (Ленинград). 1989. 19 февр.)
  22. 22,0 22,1 Анфилов В. Самые тяжкие годы // Литературная газета. 1989. 22 марта.
  23. Чистяков Б. Наркомвоенмор номер три // Смена (Ленинград). 1989. 19 февр
  24. Միկոյանը ստորագրել է նաև Կատինի սպանդը իրականացնելու որոշման տակ։[1] «Առավոտ» 11 2014 – Լուրեր Հայաստանից
  25. "fulltext":["Janowiec and Others"],"languageisocode":["ENG"],"documentcollectionid2":["JUDGMENTS"],"itemid":["001-127684"]}| Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Յանովիչը և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործը
  26. Никулин Ю. Почти серьезно… М., 1982. էջ 75-76
  27. Хрущев Н. С. Воспоминания. Нью-Йорк, 1981. Кн. 2. էջ 39-40
  28. 28,0 28,1 Рой Медведев. Ближний круг Сталина. Соратники вождя, էջ 18
  29. Ленинградская правда. 1941. հուլիսի 13
  30. Новиков В. Н. Армии нужно оружие // Вопросы истории. 1985. № 12. էջ 84.
  31. ОСОАВИАХИМ – Общество содействия обороне, авиационному и химическому строительству (Պաշտպանության, ավիացիայի և քիմիական շինարարության աջակցության կազմակերպություն)
  32. И. В. Сталин «К вопросу о ликвидации кулачества как класса»
  33. Ефимов В., Гай Е. С нами Ворошилов. М.; Л., 1926; Вардин И. Ворошилов – рабочий вождь Красной Армии. М., 1926 и др.
  34. Сталин: Сборник статей к 50-летию со дня рождения. М.; Л., 1929. էջ 57.
  35. Ворошилов К. Е. Сталин и Вооруженные Силы СССР. М., 1951. С. 66.
  36. 36,0 36,1 Энциклопедия Кругосвет․ Универсальная научно-популярная онлайн-энциклопедия
  37. Фесенко А. П. К оценке роли К. Е. Ворошилова в разгроме григорьевщины // Вопросы истории. 1988. № 10. С. 188

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]