Ժողովրդի թշնամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովրդի թշնամի (լատ.՝ hostis publicus, բառացիորեն՝ «հասարակության թշնամի» և լատ.՝ hostis populi Romani՝ «հռոմեական ժողովրդի թշնամի»), քաղաքական կամ դասակարգային հակառակորդների նկատմամբ օգտագործվող տերմին։ Հռոմեական իրավունքում այս պիտակը ստանալով անձն օրենքից դուրս էր հայտարարվում և ենթակա էր անհապաղ ոչնչացման։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ռեժիմի հակառակորդներին անվանում էին ժողովրդի թշնամի և գիլիոտինի ենթարկում։ ԽՍՀՄ-ում այն անձն էր, ով դեմ էր կոմունիստական կուսակցության ուղուն, ով կասկածվում կամ մեղադրվում էր հակախորհրդային գործունեության մեջ, որի հիման վրա ենթակա էր ֆիզիկական ոչնչացման՝ գնդակահարման: Նման պիտակավորում ստացած անձի նկատմամբ ահաբեկչությունը արդարացված էր համարվում։ Ճակատագրի հեգնանքով, կոմունիստական կուսակցության և խորհրդային ժողովրդի վերջին թշնամին եղել է Լավրենտի Բերիան (1953):

Բառակապակցությունը որպես տերմին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովրդի թշնամի» տերմինը թվագրվում է Հին Հռոմի ժամանակներից, որպես հռոմեական ժողովրդի թշնամի։ Ըստ հռոմեական իրավունքի այն անձը, ով հավասարազոր էր հանրապետության դեմ զենքը ձեռքին կռվող թշնամուն հայտարարվում էր «հռոնեական ժողովրդի թշնամի», հետևաբար՝ օրենքից դուրս էր և ենթակա էր անհապաղ ոչնչացման։ Հռոմեական սենատը մ․ թ․ 68 թվականին հռոմեական ժողովրդի թշնամի է հայտարարել Ներոնին[1][2]:

Նոր ժամանակներում «ժողովրդի թշնամի» արտահայտությունը «ժողովրդի բարեկամ»՝ ճիշտ հակառակ իմաստ ունեցող արտահայտության հետ միասին լայնորեն կիրառվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ (1789 թ․)[3]: Այն լայնորեն օգտագործվել է Դանտոնի, Ռոբեսպիեռի և այլ հեղափոխական առաջնորդների քաղաքական հռետորաբանության մեջ զանգվածային տեռորին արդարացիություն հաղորդելու համար։

«Ժողովրդի թշնամի» տերմինը կիրառել է նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենը «Ժողովրդի թշնամին» պիեսում (նորվեգերեն՝ En folkefiende, 1882 թ․)։

Ռուսաստանում այս բառակապակցությունը լայնորեն կիրառվել է 1917 թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո, իսկ նրան հաջորդող Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո տեղի ունեցած Քաղաքացիական պատերազմում հավասարապես կիրառվել է և՛ «կարմիրների» և՛ «սպիտակների» կողմից[3]: Ֆրանսիական հեղափոխության մյուս տերմինների նման (օրինակ՝ դեկրետ) այն փոխառվել է բոլշևիկների կողմից և լայն տարածում է ստացել հատկապես ստալինյան բռնաճնշումների ժամանակ։ Կիրառվում է 1930-ական թթ․ իրադարձությունները և ոգին ներկայացնելու համար, երբ ստալինյան ԽՍՀՄ-ում «ժողովրդի թշնամի» պիտակավորում ստանում էին քաղաքական ռեպրեսիաների զոհերը, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառով կասկածվում էին անհուսալիության մեջ։ Այն կիրառվել է Խորհրդային միության պաշտոնական պրոպագանդայի և անձամբ Իոսիֆ Ստալինի կողմից[4]:

Ֆրանսիական մեծ հեղափոխությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովրդի թշնամի» արտահայտությունը Ֆրանսիական մեծ հեղափոխության[5] ժամանակ հեղափոխականների հռետորաբանության մեջ է կիրառվել (ֆրանսերեն ennemi du peuple), որպես «հեղափոխության թշնամի» հասկացության հոմանիշ։ Այսպես, Փարիզի կոմունայի քաղաքապետ Պետիոնը (ժիրոնդիստ, որը «տեռորի ժամանակաշրջանում» ինքնասպան եղավ) ռոյալիստներին նկատի ունենալով ասել է․

Aquote1.png Ժողովրդի թշնամիները պաշտպանվում են դիմելով ժողովրդին, իսկ Լյուդովիկոս 16-րդը պաշտպանում է դավադրություններ կազմակերպելու նրանց իրավունքը[6]:
- Փարիզի քաղաքապետ Պետիոնի ելույթից, 1792 թ․ օգոստոսի 3
Aquote2.png


Մեծ տեռոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխական տրիբունալը Ֆրանսիայում

Իրավունքի պրակտիկայում հասկացությունը ներդրվել է 18-րդ դարում Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, երբ Յակոբինյան ակումբը Ֆրանսիայի իշխանության գլուխ անցավ և հաստատեց Յակոբինյան դիկտատուրա։ Տերմինի իմաստը մանրամասնվել է 22 պրերիալի II տարվա (1794 թ․ հունիսի 10) դեկրետով, որով էլ սկսվել է այսպես կոչված «Մեծ տեռորի» ժամանակաշրջանը Ֆրանսիայում (1794 թ․ հունիս-հուլիս): Դեկրետը ժողովրդի թշնամի որակում էր այն անձանց, ովքեր խորամանկությամբ կամ ուժով ձգտում էին խոչընդոտել հասարակության ազատությունները։ Ժողովրդի թշնամի էին թագավորական իշխանության կողմնակիցները, վնասարարները, որոնք խոչընդոտում էին Փարիզ սննդամթերք մատակարարելուն, բանսարկուներին և ազնվականներին պատսպարողները, հեղափոխության օրենքները չարաշահելով հայրենասերներին հետապնդողներն ու զրպարտողները, խաբեբաները, որոնք նպաստում էին հեղափոխական ոգու ընկճմանը, շփոթություն առաջացնելու մտադրությամբ կեղծ տեղեկատվություն տարածողները, որոնք ճիշտ ուղուց շեղում էին ժողովրդին՝ խանգարելով լուսաբանել այն[7]:

Ժողովրդի թշնամիներ դառնում էին անանուն մատնություններով, ձերբակալվում էին և այս դեկրետով մահապատժի ենթարկվում։ Դատական գործընթացը պարզեցված էր․ ո՛չ դատապաշտպան կար, ո՛չ կողմերի մտքերի փոխանակություն։ Մեղավորությունը որոշվում էր պայմանական չափանիշներով։ Սեն-Ժյուստը պնդում էր․

Aquote1.png Մենք պետք է պատժենք ոչ միայն թշնամիներին, այլև անտարբերներին, բոլորին, ով պասիվ է հանրապետության նկատմամբ և ոչինչ չի անում նրա համար։ Aquote2.png

Մարատը, որը ճանաչված էր որպես «ժողովրդի բարեկամ», 100 հազար մարդ գլխատելու անհրաժեշտություն էր տեսնում։

Յակոբինյանների հեղափոխական տրիբունալը օրական 50 մահվան դատավճիռ է կայացրել։ Յակոբինյան տեռորի զոհ են դարձել ոչ միայն ազնվականները, այլև՝ բնակչության բոլոր շերտերը։

Մասնատման և հեղաշրջման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբինյանները վերացրեցին հեղափոխության քաղաքական հակառակորդներին, թուլացավ վտանգը, թուլացավ նաև նրանց միասնության իմաստի նշանակությունը։ Հազիվ իշխանության գլուխ անցած սկսվեցին ներքին հակամարտություններ[8]: 1794 թ. գարնանը և ամռանը սրվեց վեճը Հասարակական անվտանգության կոմիտեի (որտեղ գերակշռում Էին հեղափոխության հակառակորդների նկատմամբ ծայրահեղ, տեռորիստական միջոցներ կիրառելու կողմնակիցները) և ավելի չափավոր քաղաքականության ձգտող Հասարակական փրկության կոմիտեի միջև։ Յակոբինյաններից Դանտոնը, հանդես գալով Հասարակական փրկության կոմիտեի ղեկավար Ռոբեսպիեռի հեղափոխական կառավարության դեմ՝ պահանջեց մեղմացնել հեղափոխական տեռորը և իր համախոհների հետ (Կամիլ Դեմուլեն, Պիեռ Ֆիլիպո, Ժան-Ֆրանսուա Դելակռուա) դավաճանության մեղադրանքով հանձնվեց հեղափոխական տրիբունալի դատին, և 1794 թ․ ապրիլի 5-ին գլխատվեց որպես անգլիական լրտես։ Տերմիդորի 8-ին Ազգային կոնվենտում իր վերջին ելույթում Ռոբեսպիեռն իր զինակիցներին մեղադրեց բանսարկությունների մեջ, սակայն դատարանում հրաժարվեց անուններ տալ։

Տերմիդորի 9-ին (հուլիսի 27) Կոնվենտի որոշմամբ հեղափոխական կառավարության ղեկավարները ձերբակալվեցին։ Իրականացվեց հեղաշրջում, որը պատմության մեջ մտել է Տերմիդորյան հեղաշրջում անվամբ, տերմիդորի 10-ին (1794 թ․ հուլիսի 28) Ռոբեսպիեռը, Սեն-Ժյուստը, Կուտոնը և նրանց 19 համախոհները գիլիոտինի ենթարկվեցին առանց դատի և դատաստանի։ Հաջորդ օրը գլխատվեցին ապստամբած Փարիզի կոմունայի 71 անդամներ։ Սա մասսայական ամենախոշոր ոչնչացումն էր Ֆրանսիական հեղափոխության ողջ ընթացքում[9]:

Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովրդի թշնամի» բառակապակցությունը ռուսական հեղափոխական պրակտիկայի ընթացքում առաջին անգամ օգտագործվել է 1917 թվակսնի օգոստոսին հակահեղափոխականների դեմ պայքարի ժողովրդական կոմիտեի թռուցիկներում, որտեղ ժողովրդի թշնամի պիտակավորվել էր ապստամբություն բարձրացրած գեներալ Լ․ Գ․ Կորնիլովը։

Սկզբնական շրջանում «ժողովրդի թշնամի» անվանում էին այն կուսակցական և պետական գործիչներին, որոնց հայացքներում և գործողություններում տվյալ ժամանակահատվածում միակ ճշմարիտ համարվող «կուսակցության ուղու» և քաղաքական ուղղվածության հետ անհամաձայնություն էին նկատում Լենինը, Ստալինն ու նրա զինակիցները։

1917 թվականի նոյեմբերի 9 (22)-ին Ռուսական բանակի Գերագույն հրամանատար Ն․ Ն․ Դուխոնինը հայտարարվեց ժողովրդի թշնամի, քանի որ հրաժարվեց կատարել Գերմանիայի Արևելյան ճակատում հաշտեցման անհապաղ բանակցություններ սկսելու Լենինի ցուցումը[10]:

Հետագայում «ժողովրդի թշնամի» պիտակավորմամբ բռնաճնշումները կիրառվեցին կուլակաթափման համար (սկսած 1918 թվականից), կրոնի և եկեղեցու դեմ պայքարելու, կուսակցության շարքերը «մաքրելու» համար։ Կիրովի սպանության (1934 թ․) պատրվակով նոր թափ ստացան բռնաճնշումները, հետո սկսվեց այսպես կոչված «եժովշչինան» կամ կուսակցության խոշոր մաքրումը (1936-1938 թթ․)․․․ Այսպես կարմիր թելի նման ժողովրդի թշնամի տերմինը ամենուրեք անցավ Հայրենական մեծ պատերազմի միջով, խաղաղ շինարարության տարիներով մինչև Ստալինի մահը։

Ֆրանսիական պատմությունից Ստալինի քաղած դասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Վրաստանի բոլշևիկյան ղեկավարներից Լենինի զինակից և Ստալինի թշնամի Բուդու Մդիվանիին, որպես «տրոցկիստական լրտեսա-վնասարարական կենտրոնի» մասնակից, գնդակահարության էին տանում (1937 թ․ հուլիսի 10), նա Մետեխի բանտով մեկ բղավել է․

Aquote1.png Թող Ստալինը չմոռանա, որ Դանտոնից հետո եկավ Ռոբեսպիեռի հերթը[11]: Aquote2.png

Հետագայում Ստալինն ամեն ինչ արեց, որ վրացի «Դանտոնի» խոսքերը մարգարեական չլինեին։ Մինչև Հայրենական մեծ պատերազմը, Ստալինը հաշվի էր առնում Ռոբեսպիեռի պատմության դասերը․ Ռոբեսպիեռը կառափնարան ուղարկում էր միայն Կոնվենտի առանձին խմբերին, մեծահոգաբար խնայելով հենց Կոնվենտը, բայց Կոնվենտը նրան չխնայեց և ուղարկեց կառափնարան։ Ստալինը, որպես բռնապետ, բոլշևիկյան Կոնվենտի միջոցով հաշվեհարդար տեսնելով իր ուլտրահեղափոխական գեբերտիստների (տրոցկիստների) և աջ օպորտունիստական դանտոնիստների (բուխարինականների) հետ, կառափնարան ուղարկեց նաև իրեն կուրորեն նվիրված «Կոնվենտը»՝ 1934 թվականի Կենտրոնական կոմիտեն։ Ստալինը, եթե խոսքն իր անձի անվտանգության մասին էր, թշնամիներ չէր փնտրում, այլ ոչնչացնում էր պոտենցիալ թշնամիներին (խմբերով, դասակարգերով և նույնիսկ ազգովի), համարելով, որ երբ թշնամի դառնան, նրանց վերացնելը դժվար, գուցե անհնար կլինի[11]:

Կարմիր տեռոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխության, Հոկտեմբերյան հեղաշրջման և Քաղաքացիական պատերազմի ընթացքում իրավունքը հենվում էր կարմիր տեռորի վրա, դիկտատուրայի և հեղափոխական բռնապետության նմանությամբ։ Նպատակն արդարացնում էր միջոցները, և օրինական էր համարվում այն ամենը ինչը օգուտ էր հեղափոխությանը։ 1918 թվականի սեպտեմբերի 5ՌԽՖՍՀ ԺԿԽ Որոշումով «Կարմիր տեռորի մասին»[12] տեռորը հայտարարվեց խիստ անհրաժեշտություն՝ ի պատասխան «սպիտակ տեռորի»։ Որոշվեց դասակարգային պայքարը կոշտացնել, դասակարգային թշնամիներին մեկուսացնել համակենտրոնացման ճամբարներում և հակահեղափոխականության համար մահապատժի ենթարկել։ Պատժի չափը համեմատականության մեջ էր դրվում դասակարգային պատկանելության հետ[13]: Այսպես, ՎՉԿ ղեկավարներից Մ․ Լացիսը Կարմիր տեռորի փիլիսոփայությունն այսպես էր մեկնաբանում․

Aquote1.png Առաջինը պետք է հարցնեք ձերբակալվածին, թե ո՞ր դասակարգին է պատկանում, որտեղից է սերված, ի՞նչ դաստիարակություն է ունեցել և ինչ մասնագիտություն ունի։ Այս հարցերը լուծում են ձերբակալվածի ճակատագիրը։ Սա է կվինտէսենցիան կարմիր տեռորի։ Aquote2.png

Հետաքրքրական է ՌԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոյի անդամների համար Վ․ Ի Լենինի գաղտնի նամակը Վ․ Մ․ Մոլոտովին

Aquote1.png Այդ խորհրդակցությանը[14] գաղտնի որոշում կայացնել, որպեսզի ամենահարուստների, եկեղեցիների և կուսանոցների հարստությունների բռնագրավումը հնարավորինս անխնա հաստատակամությամբ իրականացվի, ոչնչի առաջ կանգ չառնելով և ամենակարճ ժամկետներում։ Ինչքան մեծ թվով ռեակցիոն բուրժուազիայի և ռեակցիոն հոգևորականության ներկայացուցիչների հաջողվի մեզ այդ կապակցությամբ գնդակահարել, այնքան՝ լավ։ Անհրաժեշտ է հենց հիմա այդ հասարակությանը դաս տալ այնպես, որ մի քանի տասնյակ տարի էլ ոչ մի դիմադրության մասին չհամարձակվեն իսկ մտածել[15]: Aquote2.png


58-րդ հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում ժողովրդի թշնամի կարող էր հայտարարվել ցանկացած մարդ, եթե կասկածվեր Խորհրդային իշխանության նկատմամբ անձնվիրություն (лояльность) չցուցաբելելու, լրտեսության կամ այսպես կոչված վնասարարության մեջ, այսինքն երկրի տնտեսությանը գիտակցաբար վնաս պատճառելու մեջ։ Նման հանցագործության համար հաճախ առանց հիմնավորման դատապարտում էին ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի («Հակահեղափոխական հանցագործություն») համաձայն։

Aquote1.png Հակահեղափոխական էր համարվում․ բանվորագյուղացիական խորհուրդների և նրանց կողմից ընտրված իշխանության տապալման, խարխլման կամ թուլացման ամեն մի գործողություն, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության և միութենական հանրապետությունների, ԽՍՀՄ բանվորագյուղացիական իշխանությունների, միութենական և ինքնավար հանրապետությունների սահմանադրությունների կամ ԽՍՀՄ արտաքին անվտանգության դեմ և պրոլետարական հեղափոխության հիմնական տնտեսական, քաղաքական և ազգային ձեռքբերումների խարխլմանը կամ թուլացմանն ուղղված ամեն մի գործողություն»[4]: Aquote2.png

«Ժողովրդի թշնամիների» նկատմամբ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունը հիմնավորվում էր ստալինյան թեզով, որ կոմունիզմի կառուցմանը զուգընթաց դասակարգային պայքարը ոչ թե թուլանում է, այլ՝ սրվում է, ծնվում են նոր դասակարգային թշնամիներ․ հակահեղափոխականներ, վնասարարներ, լրտեսներ, դիվերսանտներ, բժիշկ-մարդասպաններ և այլն։ ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի նմանատիպ հոդվածներ կային նաև միութենական հանրապետությունների քրեական օրեսգրքերում[16][17]: Այդ հոդվածը նախատեսում էր տարբեր չափի պատիժներ, սակայն լայն տարածում ունեին դրանցից ամենախիստերը․

  1. գնդակահարություն ամբողջ ունեցվածքի բռնագրավմամբ
  2. 10 տարի ազատազրկում ամբողջ ունեցվածքի բռնագրավմամբ (ոչ պաշտոնապես կոչվում էր տասը տարի՝ առանց նամակագրության իրավունքի), որը գործնականում հաճախ նշանակում էր գնդակահարություն։

58-րդ հոդվածով դատապարտվածները պատիժը կրում էին Գուլագ-ների ուղղիչ-աշխատանքային ճամբարներում։ Չնայած Ստալինի խոսքերին՝ «որդին հոր փոխարեն պատասխանատու չէ»[3][18], պատիժ կրում էին նաև դատապարտյալի ընտանիքի անդամները։ «Ժողովրդի թշնամիների» բազմաթիվ երեխաներ ուղարկվում էին հատուկ գիշերօթիկներ, նրանց արգելված էր հարազատների հետ շփումը, երբեմն ազգանունները փոխվում էին։

Aquote1.png նրա խնամքի տակ գտնվող կամ նրա հետ բնակվող ընտանիքի մյուս չափահաս անդամները զրկվում են ընտրելու իրավունքից և ենթակա են 5 տարի աքսորի Սիբիրի հեռավոր շրջաններ։
- 58-րդ հոդված
Aquote2.png
Գուլագների տեղակայման քարտեզ, ԽՍՀՄ

Հրամանատարական կազմի ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան, որը ստեղծվել էր 1924 թ․, իրականացնում էր բանակի և նավատորմի բարձրագույն հրամանատարության դատերը։ 1935 թվականին հրամանատարական կազմից․

  • 1-ին և 2-րդ աստիճանի հրամանատարներ՝ 16-ից 15-ը գնդակահարվեց
  • կորպուսի հրամանատարներ (комкор)՝ 67-ից 60-ը գնդակահարվեց
  • դիվիզիայի հրամանատարներ (комдив)՝ 199-ից 136-ը բռնադատվեց
  • բրիգադի հրամանատարներ (комбриг)՝ 397-ից 221-ը բռնադատվեց
  • նավատորմի ֆլագմաններ՝ չորսից չորսը զոհվեց
  • 1-ին աստիճանի ֆլագմաններ՝ վեցից վեցը զոհվեց
  • 2-րդ աստիճաի ֆլագմաններ՝ 15-ից 9-ը զոհվեց
  • 1-ին и 2-րդ աստիճանի բանակի կոմիսարներ՝ բոլոր 17-ը զոհվեց
  • կորպուսի կոմիսարներ՝ 25-ից 29-ը զոհվեց
  • դիվիզիոնի կոմիսարներ՝ 97-ից 79-ը ձերբակալվեց
  • բրիգադի կոմիսարներ՝ 36-ից 34-ը ձերբակալվեց
  • զորագնդի զինկոմիսարներ՝ 1/3-ը ձերբակալվեց[19]:

Հրամանատարական կազմի ոչմչացմամբ Ստալինը թուլացրեց ԲԳԿԲ-ն և բարենպաստ պայմանները էական նշանակություն ունեցան Գերմանիայի ուխտադրժության համար և Հայրենական մեծ պատերազմի սկզբում ԽՍՀՄ-ի մեծ կորուստների գլխավոր պատճառներից մեկը հանդիսացավ։

Ստալինյան ռեպրեսիայի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաճնշումների տարիներին գործում էին ՆԿՎԴ-ի ենթակառույցներ, դատարանին հաճախ փոխարինող «եռյակներ», հատուկ եռյակներ, որոնք կազմված էին դատախազից, ՆԿՎԴ և կուսակցական մարմիններից։ «Եռյակների» նիստերն իրականացվում էին դատական կարգի խախտումով, առանց դատապաշտպանի, գործերը որպես կանոն չէին քննվում, միայն համաձայնեցվում էին պատժի ժամկետները։

Ստալինյան ռեպրեսիայի տարիներին հակահեղափոխական գրականությունը ոչնչացվում էր, իսկ մարդիկ, ովքեր կարդում էին կամ ում մոտ հայտնաբերում էին այդ գրականությունը համարվում էին ժողովրդի թշնամի։ Օրինակ, եթե գրքի հեղինակը հայտարարվում էր հակահեղափոխական, նրա գրքերի ընթերցողները ավտոմատ կերպով ազգի դավաճան էին հայտարարվում։

1931-1932 թվականներին ստալինյան բռնաճնշումները գյուղատնտեսության կոլեկտիվացման ժամանակ մասսայական սովի հանգեցրին և նորաթուխ կոլտնտեսականները, հատկապես կանայք տուն էին բերում կոլտնտեսության հասկը և ցորենը։ 1932 թվականի օգոստոսի 7-ի «Պետական հիմնարկների, կոլտնտեսությունների և կոոպերատիվների ունեցվածքի և հասարակական (սոցիալիստական) սեփականության պաշտպանության մասին» օրենքի[20] համաձայն՝ այն խախտելու դեպքում, հաշվի չառնելով հափշտակության չափի մեծությունը, սահմանվում էր գնդակահարություն։ Մեղմացուցիչ հանգամանքների դեպքում՝ տասը տարի ազատազրկում։ Իսկ քանի որ «հասկերի ետևից» հիմնականում երեխաներին էին ուղարկում, 1935 թվականի ապրիլի 7-ին «Անչափահասների շրջանում հանցագործության դեմ պայքարի մասին» օրենքի[21] համաձայն մի շարք հանցագործությունների, այդ թվում նաև գողության համար տասներկու տարեկանից պատասխանատվության էին ենթարկվում, այդ թվում մահապատժի։ Ըստ էության այս օրենքները սահմանափակում էին մարդկանց ապրելու իրավունքը[22]:

ԽՍՀՄ Սահմանադրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովրդի թշնամի» տերմինը ստալինյան ժամանակաշրջանի հռետորաբանության մեջ որպես քաղաքական պիտակ կիրառվելուց բացի ամրագրվել է պաշտոնական փաստաթղթերում, մասնավորապես 1936 թ․ ԽՍՀՄ Սահմանադրությունում

Aquote1.png Հասարակական սեփականության նկատմամբ ոտնձգություն կատարած անձիք հադիսանում են ժողովրդի թշնամիներ։
- ԽՍՀՄ Սահմանադրություն, հոդված 131, մաս 2։ Հաստատված ԽՍՀՄ խորհուրդների արտահերթ VIII համագումարում, 1936 թ․ դեկտեմբերի 5
Aquote2.png

Ժողովրդի թշնամի հասկացությունը գոյատևեց ողջ ստալինյան ժամանակաշրջանում և Խորհրդային օրենսդրությունից հանվեց 1977 թվականին՝ «բրեժնևյան Սահմանադրությամբ»:

Ռեաբիլիտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1921-1953 թվականներին հակահեղափոխական հանցանքով դատապարտվել են 3,78 միլիոն մարդ[23]: Ստալինի մահից և անհատի պաշտամունքի մերկացումից հետո ճամբարներից ազատ արձակվեցին անմեղ դատապարտվածները։

Aquote1.png Ռուսաստանը, որը նստել էր հանդիպեց Ռուսաստանին, որը նստացրել էր։ Aquote2.png

Բոլոր դատապարտվածների գործերը՝ և՛ զոհվածների, և՛ չզոհվածների, վերանայվեցին, իսկ դատվածությունը հանվեց ապացույցների բացակայության պատճառով[23]: «Ժողովրդի թշնամիների» արդարացումը մի քանի տասնամյակ տևեց։

Aquote1.png Ստալինը մտցրեց «ժողովրդի թշնամի» հասկացությունը։ Այս տերմինը․․․ միանգամից ազատում էր գաղափարական սխալը ապացուցելու որևէ անհրաժեշտությունից․ այն հնարավորություն էր տալիս յուրաքանչյուրին, ով ինչ-որ բանում համաձայն չէր Ստալինի հետ, ով միայն կասկածվում էր թշնամական մտադրություններում, յուրաքանչյուրին, ով ուղղակի զրպարտվել էր, ենթարկել դաժան բռնաճնշումների՝ ամեն տեսակ հեղափոխական օրինականության խախտմամբ։ Այդ հասկացությունը ըստ էության հանում էր, բացառում էր այս կամ այն, նույնիսկ գործնական նշանակութուն ունեցող հարցի մասին որևէ գաղափարական պայքարի կամ սեփական կարծիքը արտահայտելու հնարավորությունը։․․․
Հարկ է նշել, որ մարդկանց, որոնք ժամանակին հանդես էին գալիս կուսակցության ուղու դեմ, հաճախ բավարար լուրջ հիմքեր չէին գտնվում նրանց ֆիզիկապես ոչնչացնելու համար։ Նման մարդկանց ֆիզիկական ոչնչացման հիմնավորման համար էլ մտցվեց «ժողովրդի թշնամի» բանաձևը[24]:
- ԽՄԿԿ 20-րդ համագումար, հատված Ն․ Ս․ Խրուշչովի «Անձի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» ելույթից
Aquote2.png

Ստալինյան ժամանակաշրջանի զանգվածային քաղաքական ռեպրեսիաները մարդկանց գիտակցության մեջ ԽՍՀՄ կուսակցական ղեկավարների և պետական գործիչների անունների հետ է կապվում։ Գլխավորապես Իոսիֆ Ստալինի, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսար (մինիստր) Լավրենտի Բերիայի և ԽՍՀՄ Գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկիի անունների հետ։

Բերիան ժողովրդի թշնամի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատագրի հեգնանքով ԽՍՀՄ վերջին ժողովրդի թշնամին եղել է Լավրենտի Բերիան։ Պաշտոնական տվյալներով նա ձերբակալվել է 1953 թվականի հունիսի 26-ին, ԽՄԿԿ ԿԿ Նախագահության նիստի ժամանակ։ ԽՄԿԿ ԿԿ արտահերթ նիստի ժամանակ Բերիան հանվեց ԽՄԿԿ ԿԿ-ից և հեռացվեց ԽՄԿԿ-ից «կոմունիստական կուսակցության և խորհրդային ժողովրդի թշնամի» ձևակերպմամբ։ Պաշտոնական տվյալներով 1953 թվականի դեկտեմբերի 23-ին, ԽՍՀՄ Գերագույն դատարանի Հատուկ դատական ներկայության կողմից դատապարտվեց պատժի առավելագույն չափով և նույն օրը գնդակահարվեց։

1953 թվականի հուլիսի 20-ին «Թայմ» («Time») ամսագիրը, ՆԿՎԴ-ի նախկին ղեկավարի ձերբակալությունը հեգնելով` կազմի վրա տեղադրեց Բերիայի լուսանկարը «Ժողովրդի թշնամի» մակագրությամբ։

Դարձվածաբանական այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատավորության թշնամի (враг трудящихся)
  • Պրոլետարիատի թշնամի (враг пролетариата)
  • Դասակարգային թշնամի (классовый враг)
  • բժիշկ-մարդասպաններ և այլն

Այս տերմինները հիմնականում Խորհրդային դարձվածաբանական տերմիններ են։ Շրջանառության մեջ եղել են նաև այնպիսի արտահայտություններ, որոնք նախկինում օգտագործվել են Ֆրանսիական հեղափոխության որակումներում․

Ներկայումս տերմինը կիրառվում է քաղաքական թեմաներով սուր վիճաբանության ժամանակ․ հնարավոր են արտահայտություններ «իսկական ժողովրդի թշնամի», «ժողովրդի նոր թշնամիներ» արտահայտությունները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակաշրջանի ողբերգական էջերին նվիրված բազմաթիվ լրագրողական աշխատանքներ և գեղարվեստական ստեղծագործություններ են գրվել ռեպրեսիայի վկաների կողմից։ Նկարահանվել են ֆիլմեր։ Ամենաճանաչվածներից են․

«Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը («Один день Ивана Денисовича», 1962 թ․)
«Կղզիախումբ Գուլագ» վեպը («Архипелаг ГУЛАГ», 1988 թ․ լույս է տեսել ԽՍՀՄ-ում)
«Առաջինների շրջանում» («В круге первом», 1990 թ․ լույս է տեսել ԽՍՀՄ-ում)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Светоний. Нерон.
  2. Восстание западных армий против Нерона. Начало гражданской войны 68-69 гг.
  3. 3,0 3,1 3,2 Հանրագիտարանային բառարան թևավոր խոսքերի և արտահայտությունների Հեղինակ և կազմող Վադիմ Սերով (ռուս.)
  4. 4,0 4,1 Т.Н. Чернявская, К.С. Милославская, Е.Г. Ростова, О.Е. Фролова, В.И. Борисенко, Ю.А. Вьюнов, В.П. Чуднов. 2007. Большой лингвострановедческий словарь. — М.: Государственный институт русского языка им. А.С. Пушкина.
  5. Враг у ворот
  6. Выступление Парижского мэра Петиона 3 августа 1792 г. перед Законодательным собранием от имени 48 секций Парижа
  7. Декрет 25 марта 1793 г. об образовании Комитета Общей безопасности и Общественного Спасения
  8. Hampson, Norman. A Social History of the French Revolution. — Routledge: University of Toronto Press, 1988. էջ 229 — ISBN 0-710-06525-6.
  9. Soboul, Albert. The French Revolution: 1787-1799. — New York: Random House, 1974. էջ 411-412 — ISBN 0-394-47392-2.
  10. Елизаров М. А. Левый экстремизм на флоте в период революции 1917 года и гражданской войны: февраль 1917 — март 1921 гг.. — СПб., 2007. — էջ 578
  11. 11,0 11,1 Ա․ Ավտորխանով Ստալինի մահվան գաղտնիքը
  12. 1918 5 Известия ВЦИК 1918 сентябрь 10, №195
  13. СУ РСФСР1919 №66 ст 590
  14. Совещание ГПУ, Наркомюста и Ревтрибунал
  15. Известия ЦК КПСС 1990 №5, с. 73
  16. ԽՍՀՄ օրենքների հավաքածու, 1927, № 12, էջ 123 (ռուս.)
  17. 1922 թվականի Ռ․Խ․Ֆ․Ս․Հ․ Քրեական օրենսգրքի լայնածավալ խմբագրությամբ գրեթե նոր օրենսգիրքը ընդունվել է 1926 թ․ նոյեմբերին և գործել է 1927 թ․ հունվարի 1-ից մինչև 1961 թ․ հունվարի 1-ը բազմաթիվ փոփոխություններով և լրացումներով։
  18. Այս խոսքերը Անատոլի Նաումովիչ Ռիբակովի (1911 — 1998) «Արբատի երեխաները» (1987 թ․) վեպից են։ Այդպես է ասում Վ․ Ի․ Ստալինը 1918 թ․ Ցարիցինում գնդակահարությունների մասին։ «Մահը լուծում է բոլոր խնդիրները։ Մարդը չկա, չկա և խնդիրը։»
  19. Рой Александрович Медведев Ближний круг Сталина. Соратники вождя. КРАСНЫЙ МАРШАЛ ВОРОШИЛОВ․ В годы террора (1936—1938)
  20. СЗ СССР 1932. №62. ст 360
  21. Известия ЦИК СССР и ВЦИК, 1935 №8 81
  22. А. В. Наумов. Российское уголовное право: курс лекций, հատոր 1, Общая часть. Волтерс Клувер, 2011. էջ 140.
  23. 23,0 23,1 Письмо Генерального прокурора СССР Р. А. Руденко, Министра внутренних дел СССР С. Н. Круглова и Министра юстиции СССР К. П. Горшенина 1-му секретарю ЦК КПСС Н. С. Хрущеву о пересмотре дел на осужденных за контрреволюционные преступления
  24. Никита Сергеевич Хрущев. О культе личности и его последствиях. Доклад XX съезду КПСС. Известия ЦК КПСС (1989)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большой лингвострановедческий словарь Т.Н. Чернявская, К.С. Милославская, Е.Г. Ростова, О.Е. Фролова, В.И. Борисенко, Ю.А. Вьюнов, В.П. Чуднов.Государственный институт русского языка им. А.С. Пушкина. АСТ-Пресс. 2007.
  • Россия. XX век. Статья 58/10. Надзорные производства прокуратуры СССР по делам об антисоветской агитации и пропаганде: аннотированный каталог. — М.: Межд. фонд «Демократия», 1999. — ISBN 5-85646-041-3.
  • Lefebvre, George. The French Revolution: from 1793 to 1799. — New York: Columbia University Press, 1963. — Т. II. — ISBN 0-231-08599-0.
  • В. З. Роговин. Партия расстрелянных
  • Авторханов А. Технология власти. М., 1991.
  • Орлов А. Тайная история сталинских преступлений. СПб., 1991.
  • Бухарин Н. И. Тюремные тетради. Т. I.
  • Անդրեյ Վիշինսկի Сталин и враги народа Ինքնակենսագրական, 2012 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png