Ազնվականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազնվականություն, տիրապետող արտոնյալ դաս ֆեոդալական դարաշրջանում։ Ներառել է խոշոր հողատեր արիստոկրատիային և մանր ու միջին կալվածատերերին։ Ազնվականության տնտեսական ն քաղաքական հիմքը հողատիրությունն էր։

Հայաստանում աշխարհիկ ազնվականության վերնախավը վաղ ֆեոդալական ժամանակաշրջանում կազմել են բդեշխները, նախարարները կամ ավագ սեպուհները, որոնց հիմնական հատկանիշներն են եղել նրանց տերիտորիալ հզորությունը՝ հիմնված հողի ավատատիրական սեփականության վրա, «ազնվազարմությունը»՝ օժտված ժառանգական արտոնություններով, և տոհմի հնությունը։ Շնորհվել է նաև արքայից՝ հավատարիմ ծառայության համար։ Ազնվական ընտանիքի անդամները ստացել են հատուկ դաստիարակություն (հիմնականում՝ ռազմական) և կրթություն, ապրել շքեղության ու վայելքների մեջ։

Արշակունիների թագավորության շրջանում ազնվականությանը բնորոշ է եղել դասային աստիճանակարգը և կրտսերի կախվածությունն ավագից։ Արքայից հետո Ազնվականության վերնախավը կազմել են բդեշխները, նախարարներն ու հոգևորական բարձր պաշտոնյաները, որոնք իրենց հզորությանն ու դիրքին համապատասխանող «գահերը» կամ բարձերն են ունեցել արքունիքում (հոգևորականները՝ վեհարանում)։ Կրտսեր կամ մանր ազնվականները կոչվել են ազատներ, սեպուհներ, ոստանիկներ։ Ազնվականության վասալական կախվածությունը Հայաստանում անվանվել է «ծառայություն», իսկ սյուզերենը՝ «տեր»։ Աշխարհիկ բարձր ազնվականությունը տիրոջ՝ արքայի հանդեպ կատարել է զինվորական և քաղաքացիական ծառայություն, պատերազմների ժամանակ նրան տրամադրել է իր զինվորական ուժերն ու ամրությունները, իսկ խաղաղ պայմաններում վարել որոշակի պետական պաշտոն՝ գործակալություն: Հայ աշխարհիկ ազնվականությունը գերազանցապես զինվորական դաս էր, և նրանից էր կազմվում ազատազորքը։ Բարձր ազնվականությունն իր տիրույթների սահմաններում եղել է անձնիշխան, ունեցել է սեփական զորք, դրոշ, վարչական նորմեր ևն։ Նա միաժամանակ կենտրոնախույս ուժ էր պետության մեջ, ձգտում էր հավերժացնել ավատատիրական մասնատվածությունը։ Արշակունիների անկումից (428) հետո Մարզպանական Հայաստանի ազնվականությունը պահպանում էր իր իշխանական գրեթե բոլոր իրավունքները և նույն վասալական ծառայությունը կատարում Սասանյան արքաների հանդեպ։ Պարսից արքաներ Հազկերտ II (իշխել է 438–457) և Պերոզի (իշխել է 457–484)՝ հայ Ազնվականության ինքնավարությունն ու արտոնությունները փոփոխության ենթարկելու փորձերը, վճռական դիմադրության հանդիպելով, խափանվեցին։ Վաղարշ թագավորը հարկադրված եղավ Նվարսակի պայմանագրով (484) հրաժարվել իր նախորդների քաղաքականությունից և ճանաչել հայ ազնվականության տոհմիկ իրավունքները։

Բյուզանդական մասի Հայաստանի Ազնվականության արտոնյալ վիճակը շարունակվեց պահպանվել մինչև Զենոն կայսրը (իշխել է 474–491)։ Վերջինս վերացրեց նախարարների ժառանգական իրավունքը։ 529 թվականին Հուստինիանոս I կայսրը հատուկ հրովարտակով Արևմտյան Հայաստանում բյուզանդական զորակայան ստեղծեց և հայ Ազնվականությանը զրկեց զորք պահելու ավանդական իրավունքից։ Հուստինիանոսը 536 թվականին նոր հրովարտակով հայ նախարարների տան բոլոր անդամներին (թե՜ սեպուհներին, թե՜ կանանց) հայրական կալվածների ժառանգման իրավունքներ տվեց, որի նպատակն էր մանրատել խոշոր Ազնվականության կալվածատիրական ամբողջությունը, նրա հզորության տնտեսական հիմքը։ Այս իրավիճակը գոյատևեց մինչև արաբական նվաճումները։ Օգտվելով արաբ նվաճողների VII դ. երկրորդ կեսին հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականությունից՝ հայ ազնվականությունը վերականգնեց իր հին իրավունքները։ Սակայն VIII դ. սկզբից արաբները իրենց տիրապետությունը Հայաստանում ամրապնդելու համար վարում էին ընդդիմադիր հայ ազնվականության և նրա զինվորական ուժերի ոչնչացման քաղաքականություն։ 705 թվականին շուրջ 800 մեծատոհմիկ ազնվականների իրենց զորքերով հանդերձ խաբեությամբ հրավիրում են Նախճավան` իբրև ռոճիկ վճարելու և բոլորին կոտորում։ 725-ի արաբական «աշխարհագրից» հետո հայ Ազնվականության նախկին արտոնությունները լուծարվեցին, նրանք ևս հարկահանվում էին իրենց ունեցած անասունների և հողատարածությունների համեմատ։ Հայ ազնվականությունը հետզհետե նվազում, քայքայվում է։ Շատ ազնվականներ VIII դարում գաղթում են Բյուզանդիա` համալրելով կայսերական բանակի և իշխող քաղաքական դասի շարքերը։ Հայտնի են բյուզանդական շուրջ 30 կայսրերի, հարյուրավոր բարձրաստիճան զորահրամանատարների, քաղաքական գործիչների, գիտնականների ու արվեստագետների անուններ, որոնք սերված էին հայազգի ազնվականությունից։ Հայրենի տիրույթներին կառչած հայ ազնվականների որոշ մասն էլ աշխատում էր հարմարվել արաբ տիրապետողներին։ Համակերպվողներից ոմանք կրոնափոխվում էին, ոմանք` ընդունում արաբական անուններ (Աբուլ–Աբաս, Աբու–Մրվան, Աբու–Սահակ, Աբու–Մուսե և այլն), ոմանք՝ խնամիանում արաբ իշխանավորների հետ ևն։ Սնանկացած և մանր ազնվականները այնուհետև ձգտում էին իրենց գոյությունը ապահովել նվաճողների հետ լեզու գտած և իրենց հզորությունը պահպանած մի քանի իշխանական տների հովանու ներքո։ Հին ազնվական տներից իրենց հզորությունը համեմատաբար պահպանել էին Բագրատունիները, Արծրունիները և Սյունիները: IX դ. առաջին կեսին նրանք համատեղ ուժերով փորձում էին վերականգնել ոչ միայն իրենց վաղեմի իրավունքներն ու արտոնությունները, այլև երկրի պետական անկախությունը։ Առավել ակնառու էր Բագրատունիների հզորացումը, որոնք իրենց ձեռքն էին գցել Հայաստանի կառավարման բարձրագույն պաշտոնները (Հայոց իշխանի և սպարապետի)։ Նրանց իշխանությունը տարածվում էր Շիրակի, Արշարունիքի, Աշոցքի, Տայքի, Տարոնի և այլ շրջանների վրա։ Իրենց շուրջը համախմբելով բոլոր ազնվականներին, ստեղծելով 40–հազարանոց հզոր բանակ՝ Բագրատունիները Աշոտ Ա–ի գլխավորությամբ IX դարի երկրորդ կեսին վերստեղծեցին հայկական պետականությունը։ Նոր թագավորությունում վերականգնվեցին Ազնվականության՝ Արշակունիների ժամանակաշրջանում գոյություն ունեցող գրեթե բոլոր իրավունքներն ու «գործակալությունները», գահերեցության կարգն ու վասալական կախվածությունը՝ կրտսերը ավագից; Աշխարհիկ խոշոր ազնվականներն այս շրջանում կոչվում էին գահերեց իշխաններ։ Նրանց ներսում նախկին սեպուհներից շատերն անջատվել էին և դարձել առանձին ավատատերեր։ Սրանք կոչվում էին գահակալ իշխաններ և գահերեց իշխաններից հետո կազմում էին Ազնվականության երկրորդ շերտը։ Ազնվականության ստորին դասը խոստակդարներն էին։ Վերջիններս հետամտել են առևտրի ծավալմանը, արհեստների ու քաղաքային արտադրության զարգացմանը, ձգտել են թոթափել խոշոր ավատատերերի կապանքները և ընդլայնել իրենց իրավունքները։ Այդ պատճառով նրանք երբեմն հարել են թոնդրակյան շարժմանը։ X դ. տնտեսական և ռազմա–քաղաքական զգալի հզորության հասած ազնվական տներից մի քանիսը մասնատում են Բագրատունիների պետությունը և անջատ թագավորություններ հիմնում Վասպուրականում (908), Վանանդում (962), Սյունիքում (973), Գուգարքում (988)։ Սակայն նրանք ճանաչում էին Անիի Բագրատունիների ավագությունը և արտաքին վտանգի ժամանակ համախմբվում նրանց շուրջը։

XI դ. առաջին կեսին Բյուզանդիան, այնուհետև սելջուկ–թուրքերի հորդաները նվաճում են Հայաստանը, կործանում նրա պետականությունը։ Հայաստանում առաջացած սելջուկ–թուրքական ամիրայությունները վարում են հայ Ազնվականության ոչնչացման և նրա կալվածների բռնագրավման քաղաքականություն։ Երկրում ստեղծված անտանելի կացության հետևանքով հայ ազնվականությունը մատնվում է զանգվածային արտագաղթերի։ Շատ արքայական և իշխանական տոհմեր իրենց վասալների հետ միասին տեղափոխվում են Փոքր Ասիայի արևելյան շրջանները, հատկապես Կիլիկիա։ Այդ շրջանները նրանք մաքրում են բյուզանդացիներից և հիմնում հայկական իշխանություններ։ Նրանցից մեկը՝ Ռուբինյանների հիմնած իշխանությունը, գոյատևեց շուրջ 300 տարի (1080–1385)՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով նաև հայ Ազնվականության բարգավաճման համար։ Կիլիկյան Հայաստանում Ազնվականության ավագանին կազմել են ավելի քան 70 խոշոր ավատատերեր, որոնք ընդարձակ ժառանգական կալվածների, վասալական մանր իշխանությունների, զորքերի, ամրությունների տերեր են հանդիսացել և կրել են «իշխան», «տեր», «պարոն», «բերդատեր» բարձր ազնվականական տիտղոսները («պարոն» տիտղոսը կրել են նաև ազնվազարմ կանայք)։ Սրանք իրենց տիրույթների լիիրավ գերիշխաններն են եղել և վասալական ծառայություն կատարել թագավորի (մինչև 1198-ը՝ Ռուբինյան իշխանների) հանդեպ։ Առանձին հզոր իշխանական տոհմեր երբեմն անհնազանդություն են ցուցաբերել՝ խանգարելով պետության կենտրոնացումը։ Մանր ազնվականները՝ ձիավորները կամ հեծվորները, կազմել են թագավորի կամ բերդատեր պարոնների զորքերի հիմնական կորիզը և նրանց հանդեպ կատարել զանազան ծառայություններ։ Զգեստավորվել ու զրահավորվել են եվրոպական խաչակիր–ասպետների նման և ստացել զինվորական հատուկ կրթություն։ Կիլիկիայում ազնվականությունը(աշխարհիկ թե հոգևոր) ապահարկ է եղել։ XIV դ. վերջին, Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո, Ա., հետզհետե քայքայվելով, դուրս է մղվում քաղաքական կյանքից։ Նվաճողներին անհնազանդ իշխանական տներից շատերը հաստատվում են Տավրոսի լեռնային շրջաններում (Զեյթունում, Հաճընում ևն), որոնց շառավիղները իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին մինչև XIX դ. վերջերը։

Մայր Հայաստանում, սելջուկյան նվաճումներից հետո՝ XI–XII դդ., իրենց գոյությունը պահպանել էին Լոռու և Սյունիքի թագավորությունները, Արցախում՝ Խաչենի իշխանությունը, Սասունում՝ Թոռնիկյանները, Ռշտունիքում՝ Արծրունիների մնացորդները ևն։ Հայ Ազնվականության մի զգալի մասը XII դ. տեղափոխվեց Վրաստան։ Վրաստանի Բագրատունյաց թագավորությունում XII – XIV դդ. կարևոր դեր են խաղացել հայկական ազնվականական զորագնդերն ու զորահրամանատարները։ Սարգիս Զաքարյանը 1186 թվականին նշանակվում է զորքերի ամիրսպասալար, որի մահից հետո այդ պաշտոնն անցնում է որդուն՝ Զաքարե Բ Մեծին: Մյուս որդին՝ Իվանեն, նշանակվում է արքունի վեզիր, ապա՝ աթաբեկ: Նրանց գլխավորությամբ հայ–վրացական բանակը XII դ. վերջին և XIII դ. սկզբին ազատագրում է Հայաստանի Գուգարք, Տայք, Սյունիք, Այրարատ նահանգները, Տուրուբերանի հյուսիսային և Բարձր Հայքի արևելյան շրջանները։ Ազատագրված հայկական հողերի կառավարումը Թամար թագուհին (իշխել է 1184–1213) հանձնում է Զաքարյաններին՝ նրանց դարձնելով լիիրավ տիրակալներ։ Զաքարյանների ինքնավար իշխանություններում ոչ միայն վերակենդանանում են հայ հին Ազնվականության մնացորդները (Պահլավունիներ ևն), այլև գոյանում են նորերը (Վաչուտյաններ, Օրբելյաններ, Խաղբակյաններ, Դոփյաններ, Շահուռնյաններ, Մահնանյաններ և ուր.)։ 1236–45 թվականներին մոնղոլ–թաթարները, նվաճելով Հայաստանը, հայ ազնվականական ուժերին պարտադրում են մասնակցել իրենց արշավանքներին, վճարել բարձր հարկեր, եկվորներին զիջել լավագույն հողերը ևն։ XIV–XV դդ. հայ աշխարհիկ ազնվականությունըվերջնականապես դուրս է մղվում քաղաքական կյանքից։ XV դ. առանձին լեռնային շրջաններում (Արցախում, Սյունիքում, Համշենում, Սասունում, Զեյթունում ևն) հայ Ազնվականության հյուծված մնացորդները թեպետ պահպանում էին իրենց գոյությունը, բայց նրանք հեռու էին երկրի քաղաքական կյանքի վրա ներազդելուց։ Հայ հոգևոր ազնվականությունըհիշյալ շրջանում ունեցել է համեմատաբար զորեղ դիրքեր։ Օգտագործելով իր ունեցած արտոնությանը՝ նա ընդարձակ կալվածների տեր է դարձել։ Հոգևորականների արտոնյալ կացությունը աշխարհիկ Ազնվականությանը դրդում էր կամ իր կալվածները «հոգու փրկության» պատրվակի տակ «նվիրել» վանականությանը և Փրկել դրանք նվաճողներից, կամ էլ դառնալ հոգևորական՝ հոգևոր պաշտոնը դարձնելով իր տոհմի ժառանգական արտոնությունը (Օրբելյսւնները՝ Տաթևում, Պահլավունիները՝ Հավուց Թառում, Երկայնաբազուկ–Զաքարյանները՝ Սանահինում ևն)։ Ազնվականության որոշ մասն էլ «Բեյթ–ուլ–մալի» օրենքի հարկադրանքով իսլամ էր ընդունում և հզմալրում տիրող վերնախավի շարքերը։

XVII–XVIII դդ. Արցախում և Սյունիքում պահպանված աշխարհիկ Ազնվականության մնացորդները, որոնք կոչվում էին մելիքներ, զգալի դեր խաղացին հայ ազգային–ազատագրական շարժման մեջ։ Արևմտյան Հայաստանում՝ Սասանում, Զեյթունում, Վանում, Հեքյարում, Մուշում «իշխան», «մելիք», «քեհյա» կոչումով հայ ազնվականները էական դեր խաղացին XIX դ. 2-րդ կեսի հայ ազատագրական շարժումների ժամանակ։

XVIII–XIX դդ. հայ Ազնվականության խլյակներն ընտրում էին արդյունաբերության կամ վաճառականության ուղին։ Հայկական հողի վրա զարգացման նպաստավոր պայմաններ չգտնելով՝ նրանք սովորաբար գաղթում էին օտար երկրներ։ Երբեմն ոմանց հաջողվում էր արտասահմանյան պետություններում հավաստագրել իրենց ազնվազարմությունը և բարձր դիրքերի հասնել։

Եվրոպական երկրներում ազնվականությունը վերջնական ձևավորում ստացավ բացարձակ միապետության դարաշրջանում, երբ ավատառու բոլոր ազնվականները համախմբվեցին հատակ դասի մեջ և նրանց ժառանգական արտոնությունները (տերունական իրավունք «ցածր» խավերի նկատմամբ, որոշակի ծառայություն արքունիքում կամ բանակում, ապահարկություն ևն) իրավաբանորեն հաստատվեցին։ Օրինակ, Ռուսաստանում Պետրոս I-ի բացարձակ միապետության հաղթանակն ուղեկցվում էր Ազնվականության դասի, նրա կառուցվածքի ու իրավունքների ձևակերպումով (1714 թվականին՝ միաժառանգման մասին օրենքը, 1722 թվականին՝ աստիճանների մասին աղյուսակը)։ XVIII–XIX –դդ. հետևողականորեն ընդարձակվում էին Ռուսաստանի, երբեմն նաև որոշ ոչ ռուս ազգությունների Ազնվականության իրավունքներն ա արտոնությունները։ Ազնվականներն ունեցել են համապատասխան տիտղոսներ, օրինակ, Անգլիայում բարձրագույն տիտղոսներ էին՝ դուքս, մարքիզ, կոմս, բարոն։ Եվրոպական երկրներում նույնպես բնորոշ էր մանր ու միջին ազնվականների վասալական կախվածությունը խոշորներից, օրինակ, լեհական շլյախտիչները՝ մագնատներից, անգլիական ասպետները՝ բարոններից ևն։ Պետության կենտրոնացման ընթացքում Ազնվականության շերտերի դերը տարբեր է եղել։ Մանր ու միջին ազնվականությունը նպաստում էր պետության կենտրոնաձիգ քաղաքականությանը՝ արժանանալով թագավորական միահեծան իշխանության խրախուսանքին։ Խոշոր ազնվականությունըսովորաբար կենտրոնախույս ելույթների սնող աղբյուր էր, պահպանողական։ Ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիստական հարաբերությունների սաղմնավորման ժամանակաշրջանում Ազնվականության հասարակական կառուցվածքը ենթարկվեց փոփոխությունների։ Եթե հին, տոհմիկ ազնվականությունըկառչում էր զուտ ֆեոդալական շահագործման եղանակին և արագ սնանկանում, ապա մանր ու միջին ազնվականությունըհարմարվում էր կապիտալիստական տնտեսաեղանսւկին և սերտաճում բուրժուազիայի մեջ։ Վերջիններս եվրոպական մի շարք երկրներում մասնակցեցին բուրժուական հեղափոխություններին։ XIX դ. Ռուսաստանում ֆեոդալական հին կարգերի դեմ եռանդուն պայքար մղեցին ազնվական հեղափոխականները՝ դեկաբրիստները, հեղափոխական–դեմոկրատները, նարոդնիկները։ Մինչև 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը Ռուսաստանում պահպանվում էր Ազնվականության մեկուսի կազմակերպությունը, ինչպես նաև տիրապետող դիրքը երկրի ղեկավարման մեջ։ XX դ. սկզբին հեղափոխական շարժումների դեմ մղվող պայքարում ազնվականությունըմնում էր ցարիզմի գլխավոր հենարան։ Հոկտեմբերյան հեղափոխությունը վերջ դրեց Ազնվականության հողատիրությանն ու դասային արտոնություններին։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918–20) ազնվականությունըպայքարում էր սովետական իշխանության դեմ՝ լրացնելով հակահեղափոխական սպիտակ բանակների շարքերը։ Ազնվականության զգալի մասը վտարվեց Ռուսաստանից։

Ազնվական լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնվական լեզուն համաժողովրդական լեզվի վրա առաջացած այն ժարգոնն է, որ գործածվում էր ազնվական վերնախավի մոտ և բարձր պալատականների շրջանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Զ․ Պետրոսյան, Ս․Ա․ Գալստյան, Թ․Ա․ Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ․Բ․ Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագաթանգեդոս, Պատմութիւն «Հայոց, Տփղիս, 1909։
  • Փավստոս Բազանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։
  • Մովսես Խորենացի, Պատմություն "Հայոց, Ե., 1968։
  • Մխիթար Գոշ, Դատաստանագիրք Հայոց, Վաղատ, 1880։
  • Սմբատ Գունդստաբլ, Դատաստանագիրք, Էջմիածին, 1918։
  • Ադոնց Ն., Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948։
  • Մանանդյան Հ. Հ., Ֆեոդալիզմը "Հին Հայաստանում, Ե., 1934։
  • Մանանդյան Հ. Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 2, մաս 1-2, Ե., 1957 –1960, հ. 3, Ե., 1952։
  • Սամվելյան խ., Տին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939։
  • Джавахов И., Государственный строй древней Грузии и древней Армении т. 1 СПБ, 1905.
  • Адонц Н., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908, (արտատպ. Ե., 1971)
  • Микаелян Г., История Киликийского армянского государства, Е., 1952.