Իշխան (տիտղոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխան (այլ կիրառումներ)

Իշխան, ավանդական տոհմական ժառանգական տիտղոս, որը փոխանցվում է սերնդեսերունդ նույն տոհմի անդամների միջև։ Իշխանի կինը կրում է իշխանուհի, իսկ չամուսնացած որդին և դուստրը կրում են համապատասխանաբար իշխանազն և «իշխանադուստր» տիտղոսները։ Այլ տոհմական տիտղոսների պես, իշխան տիտղոսը շնորհում (կամ՝ բնածին տոհմերի պարագայում ճանաչում) են միապետները (կայսրեր, արքաներ կամ թագավորներ), կամ էլ վերջիններիս կողմից տիտղոսադրման իրավունք ստացած բարձրաստիճան անձիք։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտկանանների մեծ մասը համամիտ են առ այն, որ հայկական իշխան տիտղոսը ունի հին արիական (հնդեվրոպական) ծագում և համապատասխանում է արիական xshatriya տիտղիսին, որը հնում նշանակել է ռազմիկ, ռազմական առաջնորդ[1]։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնացված պետության առաջացմամբ իշխանները ընդգրկվել են նրա մեջ՝ կազմելով արտոնյալ, ժառանգական ավագանին՝ տիտղոսավորված ազնվականությունը։ Եվրոպայում հայկական իշխանին համապատասխանում են պրինց, լորդ, ժուպան և այլ համարժեք տիտղոսները։

Մեծ Հայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքում իշխաները առաջանում էին երկու եղանակով։ Նախ, իշխան էին դառնում հնագույն հայկական ցեղախմբերի առաջնորդները (բնական իշխաններ)։ Նրանց մեծ մասը իրենց ծագումնաբանությունը համարում էին Հայկ Նահապետի սերունդներից։ Այդպիսիք էին Հայկազունի, Խորխոռունի, Մանավազյան, Բզնունի, Սլկունի, Վահևունի, Ռշտունի, Զարեհավանյան, Բագրատունի, Արծրունի, Առանշահիկ և այլ տոհմերը։ Ըստ Մովսես Խորենացու վկայության, վերոհիշյալ բնական իշխանական տոհմերին առաջին անգամ գրանցեց արքայական Գահնամակում Վաղարշակ Արշակունի արքան։

Առաջացման երկրորդ եղանակը տիտղոսադրումն է, ըստ որի ռազմական կամ այլ պետական բնագավառներում մեծագույն ծառայություններ մատուցած բազմավաստակ անձիք ստանում են իշխանի տիտղոսը հայոց արքայից կամ թագավորից։ Օրինակ, այդպիս էին առաջացել Մամիկոնյանների կամ Դիմաքսյանների իշխանական տոհմերը։

Մեծ Հայքում, բոլոր հին իշխանները համարվում էին նախարարներ (ըստ որոշ հետազոտողների մեկնաբանության՝ «նախա» և «արար» իմաստով, համապատասխանում է իրանական լեզուներում naharar-ին)։ Բոլոր հայ իշխանները ունեին իրենց գավառները կամ աշխարհները, որտեղ իրենք համարվում էին «տեր» (հնում օգտագործվում էր բացառապես իշխանի իմաստով)։ Օրինակ, Տուրուբերանի Բզնունիք գավառը ժառանգաբար պատկանում էր Բզնունի իշխանական-նախարարական տոհմին։ Իսկ Սյունիք աշխարհը ամբողջությամբ պատկանում էր Սյունի իշխանական-նախարարական տոհմին։ Իշխանական ոստանում գտնվում էր իշխանանիստ բերդը կամ դղյակը։ Տարբեր դարերում, Բզնունիների իշխանանիստ ավաներն էին Խլաթը և Դատվանը, իսկ Սյունիներինը՝ Շաղատը, Երնջակը և Կապանը։

Բացի այդ, հայ իշխան-նախարարներից շատերը ավանդաբար զբաղեցնում էին գործակալություններ Հայոց Արքունիքում. այդ գործակալությունները նույնպես ժառանգաբար փոխանցվում էին տոհմի անդամների միջև։ Օրինակ, հայոց քրմապետությունը պատկանում էր Սլկունի իշխանական տոհմին, հայոց սպարապետության գործակալությունը պատկանում էր Մանդակունի տոհմին, իսկ այնուհետև անցավ Մամիկոնյաններին, իսկ որսապետության գործակալությունը Բզնունի տոհմի ժառանգական գործակալությունն էր։

Բոլոր հայ իշխանները ունեին իրենց իշխանական զինված գնդերը, որոնք համարվում էին հայոց բանակի մասը։ Պատերազմի ժամանակ, բոլոր հայ իշխանական տները պարտավոր էին ներկայանալ Հայոց Արքայի կողմից սահմանված բանակատեղի՝ ամեն իշխանական տոհմը իր իշխանագնդով։ Իշխանական-նախարարական տոհմերի ներկայանալի իշխանական հեծյալ գնդերի քանակությունը սահմանված էր արքունի Զորանամակով։ Ռազմական առումով, Մեծ Հայքի ամենահզոր իշխանական տոհմը Սյունիներն էին. նրանք պարտավոր բանակումներին ներկայանում էին 19000-ից ավելին հեծյալ իշխանագնդով։ Հատկաշնական է, որ պատերազմի ժամանակ իշխանական տների բոլոր հասուն արու զավակները (բացառությամբ հոգևորականների) պարտավոր էին մասնակցել ռազմական գործողություններին։ Իշխաններն ու իշխանազնները միշտ մարտնչում էին հեծյալ։

Հայոց իշխանական դասը իր առաջին ծանրագույն հարվածը կրեց արաբ զավթիչների օրոք։ Արաբները՝ հասկանալով որ իրենք երբեք չեն կարողանա լիովին տիրապետել Մեծ Հայքին քանի դեռ գոյություն ունի երկրի իշխանական տների խավը, արաբները սկսեցին հատուկ դաժանությամբ պայքարել հայ իշխանների դեմ։ 705 թվին Նախիջևանում հաստատված արաբ ոստիկանը խաբեությամբ հրավիրեց իր մոտ հայ իշխաններին՝ իբր թե խաղաղ բանակցության համար. սակայն երբ իշխանները ժամանեցին, նա փակեց նրանց մի մասին Նախիջևանի, իսկ մյուսներին Խրամի եկեղեցիներում և հրկիզեց դրանք։ Պատմիչները հիշատակում են այդ արաբների կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը որպես Կրակի Տարի։ Չնայած զգալի կորուսների, հայոց իշխանական դասը գոյատևեց և շարունակեց իր պայքարը արաբ զավթիչների դեմ՝ ընդհուպ մինչև Բագրատունի իշխանատոհմի ներկայացուցիչ Աշոտի նախ Իշխանաց-իշխան, իսկ հետո Հայոց Արքա հռչակումը։

Միջնադարյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում (12-13 դարեր) առաջացան մի շարք նոր իշխանական տոհմեր, որոնք բոլորն էլ սերում էին ավելի հին իշխանատներից։ Դրանցից հզորագույնը՝ Զաքարյանները ազատագրված Հայաստանում վարչական բաժանումներ կատարեցին և ավանդական հայկական իշխանությունների օրինակով ստեղծեցին միջնադարյան իշխանություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ և դրանց գլուխ նշանակեցին կամ իշխանական հին տոհմերի ներկայացուցիչների, կամ իրենց զորավարների։ Վերջիններս իրենց ենթակա կողմնակալությունում առանձնաշնորհ տարբերակվեցին իրենց տոհմակից և այլ տոհմերի իշխաններից։ Նորանշանակ կողմնակալ-հրամանատարները սկզբում ունեին զինվորական-վարչական պաշտոն, սակայն շատ արագ ստացած պաշտոնն ու կոչումը վերածեցին ժառանգական մենաշնորհի։

Հայ միջնադարյան իշխանությունները կրեցին երկրորդ հարվածը մոնղոլ-թաթարական հորդաներից։ Հայ իշխանությունների զգալի մասը կորցրեցին իրենց տիրույթները. միայն մի քանի իշխանական տներին հաջողվեց պահպանել իրենց իշխանությունները. մասնավորապես՝ Զաքարյան-Երկայնաբազուկներին(Արղությաններ), Խաչենի Հասան-Ջալալյաններին, Սյունիքի Օրբելյաններին։ Հայ իշխանական տոհմերից ոմանք փրկվեցին Վրաց Թագավորությունում և ընդրկվեցին վրաց իշխանական դասի մեջ վերահաստատելով իշխանական տիտղոսը (այդ թվում Թումանյանները, Ամատունիները, Արղությանները և այլք)։

Նոր դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաթար-մոնղոլական նվաճումից հետո պահպանված հայ իշխանական տներից ծագեցին հայոց ուշ միջնադարի և նոր ժամանակների իշխանական տոհմերը, որոնց մի մասը հայտնի է որպես հայ մելիքություններ։ Բուն մելիք բառը սեմական ծագման է և նշանակում է «թագավոր», «տեր»։ Իրենց ռազմա-քաղաքական հզորությամբ հատկապես աչքի էին ընկնում Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մելիքությունները։ Նրանք համարվում էին իրենց իշխանությունների (մելիքությունների) տերերը և ենթարկվում էին միայն Պարսկաստանի շահին (նույն սկզբունքով, ինչպես հայոց իշխանները ենթարկվում էին հայոց արքաներին)։ Միջնադարյան հայոց իշխանների պես, չնայած որ մելիքը կոչում էր և ոչ թե տիտղոս, մելիքները ունեին իրենց զինված գնդերը («մելիքաց գունդ»), համարվում էին իրենց գավառների գերագույն կառավարիչները, վարում էին դատը, ոմանք մահապատժի իրավունք ունեին (իրավունք, որը բացառապես միապետներինն է կամ բարձր իշխաններինը)։ Բացի այդ, հայ իշխան-մելիքները վարում էին հատուկ արտաքին քաղաքականություն, որի վերջնական նպատակն էր անկախ Հայոց Արքայության վերականգնումը՝ Եվրոպական տերությունների կամ Ռուսաստանի օժանդակությամբ։ Այդ նպատակով, 1699 թ. Անգեղակոթում և 1714 թ. Գանձասարում հավաքված մելիքական ժողովները նամակագրություն էին հաստատել եվրոպական և ռուսական միապետների հետ։

Հյուսիս-արևելյան Հայաստանի Ռուսաստանի կազմում ընդգրկվելուց հետո, մի շարք հայկական իշխանական տոհմեր ընդգրկեցին կամ առաջացան Ռուսական Կայսրությունում, որոշ տոհմեր ստացան անզվականություն, իսկ նրանք, ովքեր կարողացան ապացուցել իրենց ծագումը՝ իշխանի տիտղոս։ Կոմումիստական վարչակազմի տարիներին, տոհմական-ժառանգական տոտղոսների օգտագործումը խստիվ արգելվեց, իսկ հայ իշխանական տների ժառանգները ենթարկվեցին դաժանագույն ճնշումների և հալածանքների, շատերը գնդակահարվեցին կամ աքսորվեցին, ստիպված եղան փոխել կամ կրճատել իրենց ազգանունները։ Չնայած այդ ամենի, հայ իշխանական տոհմերի ժառանգները գոյատևեցին և Հայաստանի անկախությունից ի վեր միավորվեցին տարբեր պաշտոնապես գրանցված հասարակական կազմակերպություններում՝ այդ թվում Հայոց Իշխանաց Դաշինքում, Մէլիքաց Միության և Հայ Ազնվականների Միության կազմում։

Տերմինաբանական խառնաշփոթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց պատմության սկզբնաղբյուրներում հաճախ տիրում է տիտղոսների խառնաշփոթ։ Նույն հեղինակը նույն պատմական անձին հաճախ ներկայացնում է տարբեր՝ ոչ համարժեք տիտղոսներով, օրինակ՝ իշխան, մեծ իշխան, պարոն, տանուտեր, մեծամեծ, թագավոր։ Այս իրավիճակը կենտրոնացված հզոր պետության բացակայության արդյունք է։

Բացի այդ, նորագույն ժամանակներում հայոց լեզվի մեջ կատարվել է նենգափոխություն՝ «իշխան» և «իշխանություն» բառերը նույնացվել են «կառավարիչ» և «կառավարություն» բառերին (ինչը լեզվաբանական և ծագումնաբանական տեսանկյունից սխալ է)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տե՛ս [Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ Изд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987)]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 375