Դիմաքսյաններ
Դիմաքսյաններ | |
---|---|
Տեսակ | նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | |
Տիրույթներ | Շիրակ գավառի մի մասը, Վանանդ (Այրարատ), Բուխա (Տայք) |
Հիմնադիր | Գիսակ |
Մեծագույն ներկայացուցիչ | Դեմոնաքս |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | ![]() |
Կրտսեր ճյուղեր | Բոխա Դիմաքսյաններ, ևս 2 ճյուղ |
Դիմաքսյաններ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Մովսես Խորենացու, նախարարական աստիճանի է բարձրացրել Արտաշես Ա-ի օրոք, երբ վերջինիս դայակորդի Գիսակը փրկելով նրան՝ զոհվել է դեմքը սրով երկատվելուց, այստեղից էլ ըստ պատմիչի՝ նախարարության Դիմաքսյան անվանումը։ Մ.թ.ա. I դ. 40-ական թթ. Դեմոնաքս իշխանի գլխավորությամբ հայ ավագանին դիմագրավել է Հայաստան ներխուժած հռոմեա-իբերական զորքին։ Ըստ Գահնամակի, Դիմաքսյանները ունեցել են չորս ճյուղ, Հայոց արքունիքում գրավել 34, 35, 37 և 67-րդ գահերը, բանակին տվել 600 հեծյալ։ Նրանք ժառանգական տիրույթներ են ունեցել Շիրակում, Տայք նահանգի Բուխա գավառում՝ նստոց ունենալով Բողբերդ ամրոցը։ Դիմաքսյանների մի ճյուղը կալվածներ է ունեցել Վանանդում, ուստի Եղիշեի Պատմության մեջ հիշատակվող զորապետ Թաթուլ Դիմաքսյանը Ղազար Փարպեցու մոտ ունի «Վանանդեցի» վերադիրը։ 380-ական թվականներին Դիմաքսյաններից Աշխադարը, ուրիշ ազատների հետ, Արշակ Գ թագավորի գանձերը Հայաստանի բյուզանդական հատվածից գաղտնի տեղափոխել է երկրի մյուս մասում թագավորող Խոսրով Դ Արշակունու մոտ, փոխարենը ստանալով գյուղեր և ագարակներ։ V դ. կեսի ազատագրական պատերազմում Վարդան Մամիկոնյանին զինակցել է Հմայակը։ Նույն ժամանակ Խաղխաղի ճակատամարտին մասնակցել է Դիմաքսյանների զորագունդը՝ Գազրիկի և Մուշի գլխավորությամբ։ Դիմաքսյաններից Վարդանի կուսակիցների թվում էին նաև Թաթուլը, Սատը և երկու ուրիշ ազատներ։ VII դ. սկզբին Վրկանից մարզպան Սմբատ Բագրատունու զինակիցներից են Դիմաքսյաններ Միհրուն և Սարգիսը։ 653 թվականի հայ-արաբական պայմանագրի կնքումից հետո զորքով Հայաստան ներխուժած բյուզանդական կայսր Կոստանդինին դիմավորող հայ նախարարների թվում հիշվում են նաև Դիմաքսյաններ, որոնք այնուհետև չեն երևում պատմաբեմում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 391)։ ![]() |