Մանդակունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանդակունիից)

Մանդակունիներ՝ նախարարական տոհմ Հին Հայաստանում։ Ըստ ավանդության Մանդակունի անունն առաջացել է տոհմի հիմնադիր նախնի Միանդակի անունից, որին Վաղարշակ թագավորը շնորհել էր նախարարի աստիճան և կարգել արքունի որսերի գործակալ։

3-րդ դարի 2-րդ կեսին Սասանյանների հրամանով Մանդակունիները սրատվում են, որովհետև Հայոց թագավոր Խոսրով Ա Մեծի սպանությունից հետո արքայազն Տրդատ մանկան դայակը՝ Արտավազդ Մանդակունին նրան փախցրել էր հռոմեական արքունիք։ Տրդատ Գ Մեծի գահակալումից հետո Հայոց զորքերի սպարապետությունը հանձնարարվեց Արտավազդ Մանդակունուն, որը շուտով զոհվեց կովկասյան ցեղերի դեմ մղած մարտերից մեկի ժամանակ։ 5-րդ դարից Մանդակունիները տիրում էին ասպարեզից հեռացած Արշամունիների տոհմական Արշամունիք գավառը։

Ըստ Սահակյան Գահնամակի, Մանդակունիներն արքունիքում զբաղեցրել են 47-րդ բարձը։ Իսկ ըստ Զորանամակի, Հայոց բանակը համալրել են 300 մարտիկով։ Վարդանանց պատերազմի ժամանակ Պարսկաստանում ատյանի կանչված հայ նախարարների թվում էին Մանդակունի Սահակ և Փարսաման եղբայրները։ Նույն դարի հայտնի դեմքերից էր Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 217