Փարսման Մանդակունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարսման Մանդակունի
Նախարար Մարզպանական Հայաստանում
 
Դինաստիա Մանդակունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն

Փարսման Մանդակունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ - 5-րդ դար), հայ նախարար Մարզպանական Հայաստանում, Մանդակունիների իշխանական տոհմից, Սահակ Մանդակունու եղբայրը։ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի կողմնակիցը և զինակիցը Վարդանանց պատերազմում։ 451 թվականի մայիսի 26-ին, Փարսման Մանդակունին մասնակցել է Վարդան Մամիկոնյանի գլխավորած Ավարայրի ճակատամարտին հայ նախարարների և սեպուհների հետ միասին։ Ճակատամարտից հետ, այլ նախարարների հետ 12 տարի բանտարկվել է Պարսկաստանում և 463 թվականին ազատ արձակվելով ետ է վերադարձել Հայաստան։

Ավարայրի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Մուշկան Նյուսալավուրտի գլխավորած պարսկական բանակն առաջանում է դեպի Հեր և Զարևանդ գավառները, Վարդան Մամիկոնյանը լուր է ստանում այդ մասին և արագորեն իր նիզակակիրներին հրամայում իրենց գնդերով իջնեն Արտազի դաշտ, եկող բանակի դեմը առնելու համար։ Վարդան Մամիկոնյանը առաջանում է և իր հետևից հետզհետե հասնում ու խմբվում են Ներշապուհ Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Վահան Ամատունին, Թաթուլ Դիմաքսյանը, Արշավիր Արշարունին, Շմավոն Անձևացին, Տաճատ Գնթունին, Ատոմ Գնունին, Խոսրով Գաբեղյանը, Կարեն Սահառունին, Հմայակ Դիմաքսյանը, Գազրիկ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Փարսման Մանդակունին, Արսեն Ընծայենին, Այրուկ Սլկունին, Վրեն Տաշրացին, Ապրսամ Արծրունին, Խուրս Սրվանձտյանը և Շահ ախոռապետը։ Այս իշխաններից բացի գալիս են նաև Վահևունյաց, Ռշտունյաց, Տրպատունյաց, Քողյաց և Ակեացիների գնդերը, որոնց գլխավորների անունները չի հիշվում։

Ավարայրի ճակատամարտից հետո, 452 թվականին՝ Պարսկաստանում ատյանի կանչված հայ նախարարների թվում էին Փարսման ու Սահակ Մանդակունի եղբայրները և 35 այլ ավագ նախարարներ ու սեպուհներ, որոնք բանտարկվեցին Հազկերտ Բ-ի կողմից Պարսկաստանում։ 463 թվականին Փարսման Մանդակունին ազատ արձակվելով ետ է վերադարձել Հայաստան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 196
  • «Եղիշեի Վարդանանց պատմությունը», թարգմ. և ծանոթ.՝ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1958, Գլուխ Ե, էջ 91, Գլուխ Է, էջ 171
  • «Ղազար Փարպեցու Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան», Թիֆլիս, 1907/1908, Դրվագ Բ, գլուխ Խե, էջ 185