Ներշապուհ Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներշապուհ Արծրունի
Արծրունիների զինանշանը
Վասպուրականի իշխան
5-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր անհայտ
Դինաստիա Արծրունիներ
Հայր Շավասպ Արծրունի

Ներշապուհ Արծրունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 5-րդ դար), Վասպուրականի իշխան, Արծրունիների նախարարական տոհմից։ Ներշապուհ Արծրունին մասնակցել է 449 թվականի Արտաշատի ժողովին, որը միաձայն մերժել է պարսից Սասանյան արքա Հազկերտ II-ի հրովարտակը, ըստ որի հայ, վրաց և աղվանից կառավարիչներին պարտադրել է ուրանալ քրիստոնեությունը և դավանել զրադաշտական կրոն։ Եղել է այն նախարարների մեջ, որոնք Հազկերտ Բ-ի հրամանով կանչվել էին Տիզբոն։ Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը։

Հազկերտ Բ-ն, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգերի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ։ Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով։ Վարդան Մամիկոնյանը, Ներշապուհ Արծրունին և մյուսները վերադառնալով հայրենիք, գլխավորել են կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը։

Ավարայրի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարայրի ճակատամարտը (դրվագ 5-րդ դարի նկարիչների կողմից, նկարն այժմ գտնվում է Մատենադարանում)

Ներշապուհ Արծրունին մասնակցել է 450-451 թվականների Վարդանանց պատերազմին։ 451 թվականի մայիսի 26-ին, Ավարայրի ճակատամարտում գլխավորել է Հայոց բանակի կենտրոնական զորախումբը։ Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն։ Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում։ Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը։ Պարսիկներին ծանր հարված հասցրին նաև հոները։

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը, որոնց մեջ էր նաև Ներշապուհ Արծրունին։ Ավելի ուշ, 462 թվականին նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից։ Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 2112
  • Եղիշե «Վարդանի և հայոց պատերազմի մասին», 32, 77, 150
  • Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն», իգ (ձեռագրերում՝ Մերշապուհ), իե, խբ, խէ
  • Յասմավուրք, օգոստոսի 7