Սլկունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Սլկունիներ
Սլկունիներ
Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք
Տիրույթներ Տարոն գավառ
Ծագում Հայկ Նահապետից
Տիտղոսներ Հայոց քրմապետեր
Հիմնադիր Սլաք
Վերջին ներկայացուցիչ Այրուկ Սլկունի
Հիմնում 2-րդ դար
Ավարտ 4-րդ դար
Ազգային պատկանելիություն Հայ
Դավանանք Հայ հեթանոսություն

Սլկունիներ, նախարարական և քրմական տոհմ Մեծ Հայքում։ Մովսես Խորենացին տոհմի հիմնադիր ու անվանադիրն է համարում Սլաք նահապետին, որը Հայկ Նահապետի սերնդներից էր։

Սլկունիների տոհմական կալվածքն է եղել Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառը։ Սլկունիների տոհմական կալվածքներում էր գտնվում նաև հայ հեթանոսական հավատքի կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Աշտիշատ մեհենական ավանը, իսկ իրենք Սլկունիները ժառանգաբար հանդիսանում էին հայոց քրմապետեր։ Արշակունյաց թագավորության ժամանակ Սլկունիներին հանձնարարվել է Տավրոսի կապանների հսկողությունը և որսապետության գործը։ Ըստ Սահակյան Գահնամակի, Սլկունիները զբաղեցրել են 48-րդ «բարձը», իսկ ըստ Զորանամակի, Հայոց զորաբանակին տվել են 300 հեծյալ մարտիկ։

4-րդ դարի սկզբին Սլկունիների նահապետ Սղուկը ապստամբել է Տրդատ Բ Մեծ արքայի դեմ և ամրացրել իր Ողական բերդում։ Արքայի հրամանով Մամիկոնյանները գրավել են Ողականը և կոտորել Սլկունիներին։ Այդ ծառայության դիմաց արքունի հրովարտակով Սլկունիների կալվածները շնորհվել են Մամիկոնյաններին, իսկ Ողականը դարձել է Հայոց սպարապետի իշխանանիստն ու զորակայանը։ Սլկունիների շառավիղներից հիշատակվում են Գինդ եպիսկոպոսը (4-րդ դարի կես), որին Ներսես Ա Մեծ կաթողիկոսը կարգել էր վանահայր, և Այրուկ իշխանը (5-րդ դարի կես), որը կռվել է Վարդանանց կողմից։ Հետագա աղբյուրներում Սլկունիների մասին տեղեկություններ չեն հանդիպում, թև ներկայիս Հայաստանում ևս կան Սլկունի ազգանունը կրողներ։