Տերմիդորյան հեղաշրջում (1794)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Յակոբի - «Իններորդ Տերմիդորը»

Տերմիդորյան հեղաշրջում, պետական հեղաշրջում ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում, 1794 թվականի հուլիսի 27-ին, որն ուղղված էր Հասարակական փրկության կոմիտեում գերակշռող յակոբինյանների վարչակարգի դեմ։

Տերմիդորյան հեղաշրջումը հետևանք էր յակոբինյան վարչակարգի ներքին հակասություններից առաջացած ճգնաժամի։ Յակոբինյանները կարճ ժամանակամիջոցում լուծեցին բուրժուական հեղափոխության գլխավոր խնդիրները՝ վերացրին ֆեոդալական միապետական կարգերը, ապահովեցին հանրապետական Ֆրանսիայի ազգային միասնությունը։ Սակայն, իրականացնելով բաշխման խիստ կարգավորման սկզբունքը (մաքսիմում, ռեկվիզիցիա), յակոբինյանները ձեռք չտվեցին մասնավոր սեփականության վրա հիմնված բուն արտադրամիջոցներին, ինչի հետեանքով չկարողացան կասեցնել խոշոր բուրժուազիայի, մասնավորապես՝ սպեկուլյացիայով հարստացած նոր բուրժուազիայի տնտեսական հզորության արագ աճը։

Ֆեոդալական կարգերի վերականգնման վտանգը հարկադրեց բուրժուազիային, ինչպես նաև հարուստ գյուղացիությանը ժամանակավորապես համակերպվեց հեղափոխ-դեմոկրատական դիկտատուրայի հետ, իսկ երբ ռազմաճակատներում ձեռք բերած հաղթանակներով վերացավ այդ վտանգը, նրանք (նաև՝ միջակ գյուղացիությունը) հանդես եկան յակոբինյան վարչակարգի դեմ։ Միաժամանակ, յակոբինյանների քաղաքականության հակասականությունները (մաքսիմումի հաստատումը ոչ միայն սննդամթերքի, այլև՝ բանվորների աշխատավարձի վրա, հակաբանվորական Լը Շաւցեչքւեի օրենքի պահպանումը և ալնն) առաջացրին նաև հեղափոխական կառավարության հենարանի քաղաքային ու գյուղական չքավորության մի մասի դժգոհությունը։

Մ․ Ռոբեացիեռի կառավարության դեմ դավադրությունը ղեկավարող ժ․ Ֆուշեն, ժ․ Լ․ Տալյենը, Պ․ Բարրասը համախմբեցին յակոբինյանների կողմից ջախջախված դանտոնականներին ու էբերականներին, ապահովեցին «ճահճի» աջակցությունը, կապեր հաստատեցին ժիրոնդիաոների հետ, ներգրավվեցին նաև ժ․ Կոլլոդրբուան, ժ․ Բիյովարենը (այսպես կոչված ձախ տերմիդորականները), հասարակական փրկության կոմիտեի անդամների մի մասը։ Հակահեղափոխական այդ խմբավորման մեջ ղեկավար դերը պատկանում էր նոր, հեղափոխության ընթացքում հարստացած բուրժուազիային՝ աջ տերմիղորականներին։

Տերմիդորի 9-ին Կոնվենտի նիստում դավադիրները տապալեցին Լ․ Սեն-ժյուստի ելույթը, որը փորձում էր բացահայտել պատրաստվող հակահեղափոխական խռովությունը, և որոշում անցկացրին հեղափոխական կառավարության ղեկավարների ձերբակալման մասին։ Դավադիրների դեմ ելան զինված սանկյաչառները։ Սակայն ուժերի գերակշռությունը տերմիդորականների կողմն էր, իսկ ռոբեսպիեռականները ցուցաբերեցին աններելի անվճռականություն։ Մեծամասնություն ունենալով Կոնվենտում՝ տերմիդորականները Ռոբեսպիեռին ու նրա համախոհներին հայտարարեցին օրենքից դուրս, ձերբակալեցին և տերմիդորի 10-ի առավոտյան, առանց դատի, գիլյոտինի ենթարկեցին։

Տերմիդորյան հեղաշրջումը, որը քողարկված էր «հեղափոխություն բռնապետության դեմ» լոզունգով, ոչնչացրեց յակոբինյան դիկտատուրայի դեմոկրատական սոցիալական նվաճումները, վերացրեց մաքսիմումը, ջախջախեց Յակոբինյան ակումբը և արյունալի հալածանքներ սկսեց յակոբինյանների ու նրանց կողմնակիցների դեմ։ Տերմիդորյան հեղաշրջումով ավարտվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 675