Կամո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը հայ հեղափոխական գործչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կամո (այլ կիրառումներ)։
Կամո
Սիմոն Տեր-Պետրոսյան
Kamo(Ter-Petrossian).jpg
Ծնվել է 27 մայիսի, 1882
Ծննդավայր Գորի
Մահացել է 1922(1922)
Մահվան վայր Թբիլիսի
Քաղաքացիություն Վրաստան
Ռուսական կայսրություն
Ազգություն հայ
Աշխատանք բոլշևիկ հեղափոխական
Kamo Վիքիպահեստում

Կամո (իսկական անունը՝ Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյան, 1882 թ. մայիսի 27, Գորի - 1922 թ. հուլիսի 14, Թիֆլիս), հայ բոլշևիկ հեղափոխական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ։ Վլադիմիր Լենինը բնութագրել է նրան որպես «բացառիկ նվիրվածության, խիզախության և եռանդի տեր մարդ»[1]։

Սովորել է Գորիի հայկական ծխական, ապա՝ հայկական քաղաքային դպրոցներում: 1901 թվականից Թիֆլիսում, Բաքվում, Բաթումում , Քութայիսում, Գորիում և այլուր տարածել է արգելված, հակացարական գրականություն, կազմակերպել ընդհատակյա բոլշևիկյան տպարաններ: 1903 թ. նոյեմբերին բանտարկվել է: 1904 թ. սեպտեմբերին փախել է բանտից: 1905 թ. Թիֆլիսում մասնակցել է բանվորական մարտական դրուժինաների կազմակերպմանը, գլխավորել բոլշևիկյան բանվոր-մարտիկների ջոկատը: Զինված ընդհարումների ժամանակ վիրավոր ձերբակալվել է: Նետվել Մետեխի բանտը: 1906 թ. փախչելով բանտից՝ մեկնել է Սանկտ-Պետերբուրգ: Այստեղ հանդիպել է Վ. Ի. Լենինին և նրա առաջադրանքով անցել է արտասահման՝ զեք գնելու և այն Ռուսաստան տեղափոխելու գործը կազմակերպելու համար: Կոմունիստական կուսակցության համար դրամ հայթայթելու նպատակով 1905-1907 թթ. կազմակերպել է ցարական գանձարանից դրամի մի շարք բռնագրավումներ: 1907 թ. նոյեմբերին գերմանական ոստիկանությունը Կամոյին ձերբակալում է Բեռլինում: Հետաքննությունից խուսափելու նպատակով ձևացել է խելագար: Սակայն, 1909 թ. գերմանական իշխանությունները Կամոյին հանձնել են ցարական ոստիկանությանը: 1911 թ. Օգոստոսի 15-ին փախել է Մետեխի բանտային հիվանդանոցից և մեկնել Փարիզ: 1912 թ. վերադարձել է Ռուսաստան, բայց, ձերբակալվելով տեղական իշխանությունների կողմից, դատապարտվել է մահվան: 1913 թ. Ռուսաստանում Ռոմանովների 300-ամյա գահակալության առթիվ սահմանված համաներմամբ Կամոյի մահապատիժը փոխարինվել է 20 տարվա տաժանակրության: Բանտից ազատվել է 1917 թ. մարտին փետրվարյան հեղափոխության հետևանքով: 1918 թ. հունվարին Կամոն Մոսկվայից Թիֆլիս է բերել Վլադիմիր Լենինի նամակները և ՌԽՖՍՀ Ժողկոմխորհրդի որոշումը՝ Ստեփան Շահումյանին Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար նշանակելու մասին: 1919 թ. ամռանը Վ. Ի. Լենինի հանձնարարությամբ կազմակերպել է պարտիզանական ջոկատ և կռվել Դենիկինի գլխավորած սպիտակ գվարդիական զորքերի թիկունքում: 1920 թ. ապրիլին մասնակցել է Բաքվում զինված ապստամբության նախապատրաստմանը:

1920 թ. ուսանել է Մոսկվայի ռազմական ակադեմիայում: Այնուհետև աշխատել է արտաքին առևտրի բնագավառում /1921 թ./ և Վրաստանի ֆինանսների ժողկոմատում /1922 թ./: Զոհվել է Թիֆլիսում 1922 թ. հուլիսի 14-ին ավտովթարից: Վարկածներից մեկի համաձայն ավտովթարը կազմակերպված է եղել ԽՍՀՄ ազգությունների ժողկոմ Իոսիֆ Ջուղաշվիլու /Ստալին/ կողմից:

Կամոյի կերպարը ոգեշնչել է հայ կինոռեժիսորներին և գրողներին: Նրա կյանքին և հեղափոխական գործունեությանն են նվիրված ,,Հայֆիլմ՛՛ կինոստուդիայի թողարկած ,,Անձամբ ճանաչում եմ՛՛ /ռեժ. Ս. Կևորկով և Է. Քարամյան/, ,,Արտակարգ հանձնարարություն՛՛ /ռեժ. Ս. Կևորկով և Է. Քարամյան/, ,,Կամոյի վերջին սխրանքը՛՛ /ռեժ. Ս. Կևորկով և Գ. Մելիք-Ավագյան/ գեղարվեստական ֆիլմերը: Կամոյի կյանքի և հեղափոխական գործունեության մասին գրվել են նաև գեղարվեստական գրքեր, որոնցից առավել հիշարժան են Մաքսիմ Գորկու ,,Կամո՛՛ /Երկերի ժողովածու, հատոր 17, Մոսկվա, 1952, ռուսերեն/, Մկրտիչ Կորյունի ,,Կամո՛՛ /Երևան, 1955, լրացված հրատ.՝ 1958/, վրաց գրող Իլյա Դուբինսկի-Մուխաձեի ,,Կամո՛՛ /ռուսերեն՝ Երևան, 1974, հայերեն՝ Երևան, 1979/, Վանիկ Սանթրյանի ,,Լեգենդը կոչվում է Կամո՛՛ /Երևան, 1982/ վիպակները: Նշենք նաև, որ Խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ-ում Կամոյի անունով են կոչվել նախկին Նոր Բայազետ /այժմ՝ Գավառ/ քաղաքն ու համանուն շրջանը, Ախուրյանի շրջանի նախկին Հաջի-Նազար գյուղը, ինչպես նաև՝ դպրոցներ և փողոցներ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում և գյուղերում:

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան, 1979, էջ 206:
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 2, Երևան, 1995, էջ 583:
  • Ով ով է /Հայեր: Կենսագրական հանրագիտարան/, հատոր 1, Երևան, 2007:
  • Կամո - Սիմոն Տեր-Պետրոսյան /Մատենագիտություն/, Երևան, 1964:
  • Հարությունյան Ա. Բ., Կամո, Երևան, 1957:
  • Շահումյան Լևոն, Կամո, Երևան, 1962:
  • Տալանով Ա. Վ., Մշտարթուն ժամապահը, Երևան, 1972:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տե՛ս Լենին Վ.Ի., Երկերի լիակատար ժողովածու, 5 հրատարակություն, հատոր 51. էջ 42 (ռուսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]