Կունցևոյի ամառանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կունցևոյի ամառանոց կամ Մոտակա ամառանոց կամ Կանաչ ամառանոց (նախկինում Մոսկվայի մարզի Կունցևո քաղաքին մոտ Վոլին գյուղից ոչ հեռու, այժմ Մոսկվայի Ֆիլի–Դավիդկովո ծայրամաս), պետության կողմից պաշտպանված կառույց, ԽՍՀՄ Գերագույն գլխավոր հրամանատար, պետության ղեկավար Իոսիֆ Ստալինի պաշտոնական նստավայր։ Այստեղ ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստեր են եղել, բազմաթիվ պետական և համաշխարհային նշանակության որոշումներ են կայացվել։ Հայտնի է որպես Ստալինի կյանքի վերջին տարիների մշտական բնակության վայր, նաև նրա մահվան վայր[1]։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կունցևոյի ամառանոց» (ռուս.՝ ку́нцевская да́ча) է կոչվում, քանի որ կառուցվել է Կունցևո քաղաքի մոտ։ Հայտնի է որպես «Բլիժնյայա դաչա» (ռուս.՝ «бли́жняя да́ча»-«Մոտակա ամառանոց»), քանի որ Ստալինի նախորդ՝ Ուսպենսկոյե ամառանոցի համեմատ Մոսկվային ավելի մոտ էր գտնվում․ Կրեմլից Կունցևո ընդամենը 9 կիլոմետր է։ 1938 թվականի մայիսին աղյուսով վերակառուցվելուց հետո արտաքինից ներկվել է ցեմենտախառը կանաչ գույնի ներկով և երբեմն «Զելյոնայա դաչա» («Կանաչ ամառանոց») է կոչվում[2]։

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է Մոսկվայի մարզի Կունցևո քաղաքի մոտ, Վոլինսկ գյուղից ոչ հեռու վայրում, որը հետագայում (1960 թվականից) մտել է Մոսկվայի սահմանի մեջ և այժմ Մոսկվայի Ֆիլի–Դավիդկովո ծայրամասային թաղամասում է։ Գտնվում է Հաղթանակի զբոսայգուց ոչ հեռու, Պոկլոնայա սարի վրա, Ստավրոպոլսկ, Դավիդկովսկ փողոցների և Ստարոմոժայսկ մայրուղու հատման վայրում։ Հասցեն է․

Aquote1.png Ստարոմոժայսկի խճուղի, շենք 1, շինություն 5։ Aquote2.png


Ամառանոցը բոլոր կողմերից շրջապատված է 4 մետր բարձրությամբ փայտե ցանկապատով, հետագայում նաև՝ մետաղական փշալարով, իսկ շուրջը անտառներ են։ Կառույցը փողոցի կողմից չի երևում։ Ամառանոցում չկան պուրակներ և այգիներ, հատուկ ձևավորված թփեր։ Տունը շրջապատված է փշատերև և լայնատերև խիտ անտառով, որը կացին չի տեսել։ Տնից ոչ հեռու չոր ճյուղերի վրա թռչունների և սկյուռիկների համար բներ են տեղադրված։ Ստալինը գրեթե ամեն օր լինում էր այդ վայրում և կերակրում էր թռչուններին։ Ստալինը սիրում էր վայրի բնությունը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ամառանոցը կառուցելու ցանկությունը Ստալինն ունեցել է 1932 թվականին, կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի ինքնասպանությունից հետո, նրա մասին բոլոր հիշողություններից ազատվելու ցանկությամբ։

Շատ կարճ ժամանակում Կունցևոյի ամառանոցը դարձել է Ստալինի հիմնական բնակության վայրը։ Նա հազվադեպ է գիշերել Կրեմլում ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմյան տարիներին։ 1953 թվականի մարտի 5-ին Ստալինն իր մահկանացուն կնքել է հենց այս ամառանոցում։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը կառուցվել է 1933-1934 թվականներին հայ ճարտարապետ Միրան Հովհաննեսի Մերժանյանի[4][5] (կամ Միրոն Մերժանով[2][6]) նախագծով և մինչև Ստալինի կյանքի վերջը կառուցվել ու վերակառուցվել է։ Նախնական կառույցը եղել է միհարկանի։ Հետագայում այն փոփոխությունների է ենթարկվել համապատասխանեցվելով Ստալինի ճաշակին և 1934 թվականին կառուցվել է երկրորդ հարկը։ Կյանքի վերջին տարում երկրորդ հարկ տանող վերելակ է ներկառուցվել, չնայած Ստալինը գրեթե չէր լինում երկրորդ հարկում[2][7]։

Ներքին և արտաքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառանոցը մի քանի պատշգամբներով երկհարկանի շինություն է։ Առաջին հարկը 7 սենյակ ունի։ Կահավորումը բավական համեստ է․ գրասենյակային մի քանի աթոռ, պատերին մի քանի գունավոր նկար, հատակի վրա կարմիր ուղեգորգ, առաստաղի ջահերն առանց որևէ շքեղության[5]։ Աչքի են ընկնում նախասրահի պատին փակցված երկու մեծ քարտեզները, մեկը՝ ռազմաճակատների ուղղություններով, իսկ մյուսը՝ սոցիալիզմի խոշոր կառույցների պայմանական նշանակումներով։

Ստալինը հիմնականում լինում էր իր աշխատասենյակում, որտեղ մի քանի բազմոց կար տեղադրված։ Որպես կանոն նա քնում էր այդ բազմոցների վրա նաև գիշերը։ Սենյակում տեղադրված է մեծ, լայն սեղան, որի վրա հարմար էր քարտեզները փռել։ Աշխատասենյակի հատակը պարկետապատ է, իսկ պատուհանների վարագույրները չեն ծածկում ջեռուցման մարտկոցները։ Ենթադրվում է, որ վարագույրները կարճ էին կարված Ստալինի կասկածամտության պատճառով, որ մարդ չթաքնվի վարագույրի ետևում։ Հնարավոր է նաև, որ ջեռուցումն ավելի արդյունավետ լինելու նպատակով։

Երկրորդ հարկում սենյակները երկուսն են։ 1942 թվականի օգոստոսին, երբ Ուինսթոն Չերչիլը առաջին անգամ այցելել էր Մոսկվա, հյուրընկալվել է Ստալինի Կունցևոյի ամառանոցի երկրորդ հարկի այդ սենյակներում։ Նա իր հիշողություններում ամառանոցն անվանել է № 7 պետական ամառանոց։[5]

Սամարայում Ստալինի ամառանոցի բունկերում Ստալինի աշխատասենյակը
Սամարայում Ստալինի ամառանոցի բունկերում խորհրդակցական սենյակ

Բունկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառանոցն ունի բունկեր-ապաստարան։ Բունկերն սկսել է կառուցվել 1940 թվականին, կառուցումն ավարտվել է 1942 թվականի մարտի 7-ին՝ ամառանոցի նույնատիպ կահավորմամբ։ Պատերազմի տարիներին, երբ քաղաքը ռմբակոծվում էր գերմանական ավիացիայի կողմից, Ստալինը բնակվում էր ամառանոցում։

2008 թվականին «Որոնողները․ Ստալինի յոթ բունկերները» («Искатели: семь бункеров Сталина») հաղորդման մեջ ցուցադրվել է 20 մետր խորության վրա կառուցված բունկերը, որն իր կառուցվածքով նման է Ստալինի Սամարայի բունկերին։

Տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի մահից հետո 1953 թվականի հուլիսի 16-ին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն որոշում ընդունեց Ստալինի հիշատակն անմահ պահելու համար Ստալինի Մոտակա ամառանոցը տուն-թանգարան դարձնել։ Այդ որոշումից անմիջապես հետո Ստալինի անվան հետ կապված ամեն ինչ (անգամ աննշան կապ ունեցող) սկսվեց տեղափոխվել ամառանոց։

1956 թվականի փետրվարի կեսերին 20-րդ համագումարից մի քանի օր առաջ պլանավորված էր Կրեմլի պատվիրակության այցելությունը Ստալինի տուն-թանգարան, սակայն այցելությունը չկայացավ և 20-րդ համագումարում «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» Նիկիտա Խրուշչովի զեկույցից հետո որոշվեց, որ մահացած առաջնորդի ամառանոցը թանգարան չի կարող լինել։ Սակայն ամառանոցը պատմական նշանակություն ունեցող կառույց է։ Ստալինի սենյակների ներքին հարդարանքը և կահույքը պահպանվում է բնօրինակով։ Այն առ այսօր գտնվում է Դաշնային անվտանգության ծառայության (ФСО) հաշվեկշռում և հսկողության ներքո (объект ФСО «Волынское»)[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Мир русской истории․ Энциклопедический справочник․ 1997, Մ․, էջ 521

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александр ГАМОВ Взглянув на умирающего вождя, Берия сказал: «Товарищ Сталин спит. А вы паникуете․․․
  2. 2,0 2,1 2,2 Ստալինի Մոտակա ամառանոցը Կունցևոյում
  3. М. В. Данченко. Дача Сталина․ Часть 2. Глава 18. // Наследие Кунцево. — М.: фонд «Наследие Кунцево». — էջ 186
  4. Ակուլով Ա․ Ա․, (2006). Ստալինի ճարտարապետը․ վավերագրական վեպ (ռուս.՝ Архитектор Сталина: документальная повесть). Ռյազան․ Սիտնիկով․ ISBN 5-902420-11-3. (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Կունցևո օնլայն ISBN 5-86793-496-9.
  6. VIAF Virtual International Authority File
  7. Կոնստանտին Կուդրյավցև Главдача дача СССР «Արգումենտի ի Ֆակտի» շաբաթաթերթ (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունցևո օնլայն