Միրոն Մերժանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրոն Մերժանով
MerjanovMir.jpg
Ծնվել էսեպտեմբերի 11 (23), 1895[1]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 13, 1975(1975-12-13) (80 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ոճ(եր)Կոնստրուկտիվիզմ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներԿունցևոյի ամառանոց

Միրոն Իվանովիչ Մերժանով (ռուս.՝ Мирон Иванович Мержанов, իրական անունը` Միհրան Հովհաննեսի Մերժանյանց, սեպտեմբերի 11 (23), 1895[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1975(1975-12-13), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարապետ։ 1934-1941 թվականներին եղել է Իոսիֆ Ստալինի անձնական ճարտարապետը և հանդիսացել վերջինիս, ինչպես նաև ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության Կունցևոյում, Մացեստայում և Բոչարով Ռուչեյում գտնվող ամառանոցների ճարտարապետը։

1943-1954 թվականներին ենթարկվել է բռնաճնշումների, աշխատել Սոչիից մինչև Ամուրի Կոմսոմոլսկ գտնվող բանտային տիպի գիտահետազոտական ինստիտուտներում և կոնստրուկտորային բյուրոներում։ 1938-1939 թվականներին, նրա նախագծերով ստեղծվել են Խորհրդային Միության հերոսի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի «Ոսկե Աստղ»-երը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրոն Մերժանովը ծնվել է Նոր Նախիջևանում (ներկայիս Դոնի Ռոստով)` ունևոր հայկական ընտանիքում։ Հայրը, առևտրական Հունանյանի` Սլովյանսկում գտնվող գործարանի կառավարիչն էր և Հովհաննես Այվազովսկու հեռավոր ազգականը։ Միրոնի կրտսեր եղբայրը, հայտնի մարզական լրագրող Մարտին Մերժանովն էր, ով 1960 թվականին հիմնադրել էր «Ֆուտբոլ» շաբաթաթերթը, իսկ ամենակրտսեր եղբայրը Յակով Մերժանովն էր, ով Մոսկվայում թատրոնի բեմանկարիչ էր և մահացել է վաղ տարիքում։

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը, Միրոնն ավարտել է դասական գիմնազիան և ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը (ներկայումս` Սանկտ Պետերբուրգի ճարտարապետաշինարարական պետական համալսարան)։ Որպես գծագրող, աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, իսկ հետո զորակոչվել է ծառայության։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, սովյալ Պետերբուրգից մեկնել է իր հայրենի քաղաքը և որպես կամավորական, ընդգրկվել սպիտակգվարդիական բանակի ինժեներական գումարտակ։ Սպիտակների պարտությունից հետո բնակություն է հաստատել Կրասնոդարում։ 1920-1923 թվականներին ուսումը շարունակել է Կուբանի ճարտարագիտական ինստիտուտում։

Միրոն Մերժանովի առաջին ինքնուրույն գործը` իր սեփական տունն էր Կիսլովոդսկում, որը նա կառուցել էր 1925 թվականին։ Այնուհետև դրան հաջորդել են Եսենտուկիի ծածկած շուկան, Պյատիգորսկի Պետբանկի շենքը[3] և Կիսլովոդսկի «Կովկասի մարգարիտ» առողջարանի մասնաշենքերից մեկը։ Ձևականորեն կոնստրուկտիվիզմին պատկանող այս շինություններում ի հայտ է եկել Միրոն Մերժանովի ձեռագիրը, որը պահպանվել է մինչև նրա կյանքի վերջը։

1929 թվականին Միրոն Մերժանովը բաց մրցույթում շահել է Սոչիում կառուցվող Կարմիր բանակի առողջարանի նախագծման աշխատանքը, որի բացումը կայացել է 1934 թվականի հունիսի 1-ին։ Այդ աշխատանքները անձամբ ղեկավարում էր Կլիմենտ Վորոշիլովը, ով հետագայում դարձավ Մերժանովի մտերիմ ընկերը։ Առողջարանը կառուցվել էր կոնստրուկտիվիզմի ոճով, որի կոշտ տարրերը ներդաշնակորեն միաձուլվել էին պարզ երկրաչափական ձևերի և ծովափնյա լեռնային ռելիեֆի հետ։ Առողջարանի կառուցումը նպաստեց, որպեսզի Մերժանովը դառնար խորհրդային առավել պահանջված ճարտարապետներից մեկը։

1931 թվականին նրան կանչել են Մոսկվա և նշանակել ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի տնտեսական վարչության գլխավոր ճարտարապետ։ Այդ տարիներին նրա նախագծով կառուցվել է «Բոչարով Ռուչեյ» պետական ամառանոցների համալիրը, Ամուրի Կոմսոմոլսկ նոր քաղաքի շինությունները և այլն։ Անդրեյ Բուրովի հետ միասին կառուցել է Մոսկվայի ճարտարապետների տունը։ 1930-ական թվականների կեսերին Մերժանովը կառուցել է Կիսլովոդսկի երկու խոշորագույն առողջարանները («Կիսլովոդսկ» և «Կարմիր քարեր»)։ Դրանք արդեն անվիճելիորեն ստալինյան ճարտարապետությանն էին պատկանում և պահպանում էին Մերժանովին հատուկ «հարավային» ռոմանտիզմը։

1933-1934 թվականներին, Մերժանովը նախագծել է ստալինյան առաջին ամառանոցը Վոլինսկոյե գյուղում (Կունցևոյի ամառանոց)։ Նրա աշխատանքից բավարարված պատվիրատուն, անձամբ կանչել է նրան և որպես առաջադրանք, հանձնարարել` նախագծել պետական ամառանոցների համալիր Մացեստայում, իսկ 1935 թվականին` Գագրայի մոտ գտնվող Խոլոդնայա Ռեչկայում։ 1938 թվականին Մերժանովը ստեղծել է մի շարք նախագծեր` Խորհրդային Միության հերոսի «Ոսկե Աստղ»-ի համար, իսկ 1939 թվականին նա առաջարկել է «Մուրճ և մանգաղ» մեդալի երկու տարբերակ, որոնցից մեկը արժանացել է ընդունման։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես Մերժանովը նախագծել է Մոսկվայի քաղաքացիական պաշտպանության շինությունները, այդ թվում մետրոյի «Մայակովսկայա» կայարանի վերակազմավորումը։ Դեպի Շիմկենտ մոսկովյան ճարտարապետների մեծ մասի տարհանումից հետո, Մոսկվայում մնացել էին միայն Միրոն Մերժանովն ու Կարո Հալաբյանը։

1943 թվականի օգոստոսի 12-ին, Մերժանովը, նրա կինը և մերձավոր գործընկերները ձերբակալվել են։ 1944 թվականի մարտի 8-ին Մերժանովը ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի 10-րդ մասի հատկանիշներով (Ժողովրդի թշնամի), դատապարտվել է 10 տարվա ազատազրկման[4]։ Նրա կինը 1940-ական թվականներին մահացել է ճամբարում։

Գտնվելով բանտարկության մեջ, Մերժանովը կրկին զբաղվում էր նախագծումներով։ Ամուրի Կոմսոմոլսկում նրա նախագծով կառուցվել է մշակույթի քաղաքային պալատը, ինչպես նաև ավիագործարանի մշակույթի տունը։ 1948 թվականին նրան տեղափոխել են Մոսկվա, որտեղ Վիկտոր Աբակումովի առաջադրանքով նա նախագծել է Սոչիում կառուցվող ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության առողջարանը։ Դա նրա խոշորագույն և հավանաբար լավագույն ստեղծագործությունն էր։ Սակայն Աբակումովի ձերբակալությունից հետո, 1951 թվականին, Մերժանովը հեռացվել է աշխատանքներից և տեղափոխվել Իրկուտսկի բանտ։ Բանտում գտնվելու տարիներին նա ծանոթացել է Ալեքսանդր Սոլժենիցինի հետ։

1954 թվականին, ազատվելով բանտարկությունից, Մերժանովը բնակություն է հաստատել Կրասնոյարսկում, որտեղ գլխավորել է քաղաքի ճարտարապետական նախագծերով զբաղվող հիմնարկությունը։ Ի դեպ, այդ տարիներին Կրասնոյարսկի գլխավոր ճարտարապետը նույնպես աքսորի մեջ գտնվող Գևորգ Քոչարն էր։ Կրասնոյարսկում Մերժանովի նախագծով կառուցվել են Խորհուրդների տունը` Հեղափոխության հրապարակում, ԽՄԿԿ կենտրոնական շրջկոմի շենքը, Պետբանկի Կրասնոյարսկի մասնաճյուղը, բժշկական ինստիտուտի գլխավոր մասնաշենքը, «Կրասմաշ» գործարանի մշակույթի պալատը, «Սովկինո» կինոթատրոնին կից շինությունը և այլն։

Միրոն Մերժանովը արդարացվել է 1956 թվականի մայիսի 30-ին[5]։ 1960 թվականին տեղափոխվել է Մոսկվա։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Միրոն Մերժանովը ամուսնացել է Ելիզավետա Խոջաևայի հետ, ով մահացել է 1940-ական թվականների կեսերին` բանտարկության մեջ։ Նրանց որդին` Բորիս Մերժանովը, ճարտարապետության դոկտոր և պրոֆեսոր էր[6], իսկ թոռը լրագրող Սերգեյ Մերժանովն է[7]։

Միրոն Մերժանովը մահացել է 1975 թվականին, Մոսկվայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акулов, А. А. Архитектор Сталина: документальная повесть. — Рязань: Издательство «Ситников», 2006. — ISBN 5-902420-11-3
  • Хмельницкий Д. Зодчий Сталин. — М.: «Новое литературное обозрение», 2007. — ISBN 5-86793-496-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter. — doi:10.1515/AKL
  2. «По проекту политзаключённого»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-19-ին։ Վերցված է 2017-08-04 
  3. «Здания старого Пятигорска — Казённая гостиница (пр. Кирова, 25)»։ КМВ Лайн։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին։ Վերցված է 2013-05-11 
  4. Гершман М. Д. Приключения американца в России (1931–1990). — Нью-Йорк, 1995. — С. 134. — 314 с.
  5. Мержанов Мирон Иванович в биографическом справочнике сайта г. Королев М. О. геоКоролёв
  6. А. В. Слабуха Архитекторы Приенисейской Сибири. Конец 19-го — начало 21 века М.: «Прогресс-традиция» 2004
  7. Денис Шабалин. Ему всего лишь пятьдесят(չաշխատող հղում) // сайт «Спортивный некрополь»