Ուինսթոն Չերչիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուինսթոն Չերչիլ
Sir Winston Leonard Spencer Churchill
Churchill portrait NYP 45063.jpg
Մեծ Բրիտանիայի 61-րդ և 63-րդ վարչապետ
1940-1945 և 1951-1955 թթ
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն և Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Հերոու դպրոց, Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա, Թագավորական ռազմական ուսումնարան, Q7588167? և Q7618444?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պատմաբան
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Դավանանք անգլիկանություն
Ծննդյան օր Նոյեմբեր 30, 1874
Ծննդավայր Վուդսթոք, Օքսֆորդշիր
Վախճանի օր Հունվար 24 1965
Վախճանի վայր Լոնդոն
Թաղված Բլեյդոն և Սուրբ Մարտինի եկեղեցի
Հայր Ռենդոլֆ Հենրի Սպենսեր Չերչիլ
Մայր Ջենի Չերչիլ
Ամուսին Կլեմենտին Չերչիլ
Զավակներ Ռենդոլֆ Չերչիլ, Դիանա Չերչիլ, Սարա Չերշիլ, Մերի Սոումս և Մերիգոլդ Ֆրենսիս Չերչիլ
 
Ինքնագիր Winston Churchill signature.svg
 
Պարգևներ

Նոբելյան մրցանակ
գրականությունից (1953)

Սըր Ուինսթոն Չերչիլ (անգլ.՝ Sir Winston Leonard Spencer Churchill, նոյեմբերի 30, 1874[1][2], Բլենհելմյան ամրոց - հունվարի 24, 1965[1][2], Հայդ Փարկ Գեյթ), Միավորված Թագավորության վարչապետ 1940-1945 և 1951-1955 թվականներին, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականությունից Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլենհեյմ պալատը՝ Չերչիլների ընտանիքի տունը:
Ջենի Ջերոմը, (Լեդի Րենդոլֆ Չերչիլ),Ուինսթոն Չերչիլի մայրը:

Ուինսթոն Չերչիլը ծնվել է Մարլբորո հերցոգների Բլենհեյմ պալատում: Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր, նա պառլամենտի Համայնքների պալատի պատգամավոր էր: Ինչպես և հետագայում՝ Ուինսթոնը, նրա հայրը նույնպես Պահպանողական կուսակցության անդամ էր:

Ուիսթոնի մայրը՝ Ջենի Ջերոմը (անգլ.՝ Jennie Jerome), ամերիկյան հարուստ ձեռնարկատիրոջ դուստր էր: Ինչպես ընդունված է շատ արիստոկրատ ընտանիքներում, դեռ մեկ տարեկանից արդեն փոքրիկ Ուինսթոնի մասին հոգ էր տանում նրա դայակը՝ Էլիզաբեթ էն Էվերեսթը (անգլերեն Elizabeth Anne Everest), ում նա սովորաբար «պառավ» էր ասում: Ութ տարեկանում Ուինսթոնը դառնում է Սենտ Ջորջ նախակրթական դպրոցի սան, որտեղ նա հաճախ խախտելով կարգը ենթարկվում էր պատժի, իսկ քանի որ դպրոցում ընդունված էր պատժել ծեծի միջոցով, Էլիզաբեթը նկատում է պատանու կապտուկները, որից հետո նրան տեղափոխում են Բրայտոն՝ Թոմսոն քույրերի դպրոց: Տեղափոխվելուց հետո նա սկսում է բավական լավ սովորել, սակայն նրա առաջադիմությունն այնքան էլ փայլուն չի եղել համեմատած համադասարանցիների հետ:

Երբ 1886 թվականին նա հիվանդանում է թոքաբորբով, նրա թույլ առողջությունը և ոչինչ չխոստացող առաջադիմությունը պատճառ են դառնում, որ ծնողները նրան ուղարկեն ոչ թե Իթոնի թագավորական քոլեջ, որտեղ սերնդեսերունդ սովորել են Մարլբորո տոհմի պատանիները, այլ ոչ պակաս անվանի Հարոու դպրոց: Հարոու դպրոցում սովորելիս 1889 թ. Ուինսթոնին փոխադրում են հատուկ զինվորական թեքումով դասարան: Պատանի Ուինսթոնը դպրոցում այն տասներկու աշակերտներից մեկն էր, որոնք կարողանում են հանձնել ավարտական քննությունները բոլոր առարկաներից, հատկապես նրա մոտ դիտվում է բարձր հետաքրքրություն պատմության հանդեպ, իսկ 1892 թ. նա սուսերամարտից դառնում է դպրոցի չեմպիոն:

1893 թ Ուիսթոն Չերչիլն ընդունվում է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա՝ ամենաանվանի ռազմական ուսումնական հաստատություններից մեկը: Մոտ մեկ տարի ակադեմիայում ուսանելուց հետո, 1895 թ. փետրվարի 2-ին ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն այդ տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը:

Ուինսթոն Չերչիլն համազգեստով, 1895 թ.

Երիտասարդ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումն ստանալուց հետո Ուինսթոն Չերչիլն անցնում է ծառայության թագուհու անձնական 4-րդ հուսարական գնդում: Մի քանի ամիս հետո, մոր միջամտությամբ, Չերչիլը ուղարկվում է Կուբա, որպես «Դեյլի գրեֆիք» (անգլ.՝ Daily Graphic) թերթի զինվորական թղթակից, նա պետք է հանգամանորեն ներկայացներ իսպանացի գաղութարարների դեմ տեղացիների ապստամբությունը:

Իսպանական բանակում գործուղման մեջ գտնվելու ժամանակ, նա առաջին անգամ հայտնվում է կրակի գոտում, և նրա հոդվածներից հինգը տպագրվում են թերթում, որոնցից մի քանիսը «Նյու Յորք Թայմսում»: Իսպանական կառավարության կողմից «Կարմիր խաչ» մեդալով պարգևատրվելը Չերչիլի սկանդալային բնավորությանն ավելի մեծ ճանաչողություն է բերում, դրանից հետո բրիտանական մամուլը հայտնում է իր կասկածները նրա, որպես թղթակցի, միջանկյալ դիրքի մասին:

Կուբայում իր ծառայությունն ավարտելուց հետո, դեպի Անգլիա ետդարձի ճանապարհին Չերչիլն առաջին անգամ լինում է ԱՄՆում:

Հետո երբ 1896 թվականի հոկտեմբերին նրա զորամասը ուղարկվում է Հնդկաստան՝ Բանգալոր քաղաք, Չերչիլը շատ է զբաղվում ընթերցանությամբ, փորձելով լրացնել համալսարանական կրթության պակասը և դառնում է հմուտ պոլո խաղացող՝ զորամասային թիմում:

Մոտ մեկ տարի Բանգալորում ծառայելուց հետո, նա ցանկություն է հայտնում միանալ Հնդկաստանի հյուսիս արևմուտքում, Մալականդ լեռնային շրջանում, փուշթունական ցեղերի դեմ պայքարող բրիտանական զինվորական արշավախմբային կորպուսին, այս հարցում նույնպես նրան օգնության է հասնում նրա մոր՝ լեդի Ռենդոլֆի կապերը բարձրաշխարհիկ շրջապատում:[3] Այս ռազմական գործողությունների ընթացքում, որ ավելի վտանգավոր ու դաժան էր քան Կուբայում, Չերչիլն աչքի է ընկնում խիզախությամբ, նա այդ մասին գրում է մորը, - «Այս աշխարհում, ավելի շատ ես ձգտում եմ ձեռք բերել քաջի համբավ, քան որևէ այլ բանի»: Իսկ իր տատիկին՝ հերցոգուհի Մարլբորոին ուղղված նամակում, նա քննադատում է այս գործողությունների անիմաստությունն ու երկկողմանի դաժանությունը, -

«Փուշթունները կտտանքի են ենթարկում վիրավորներին և խոշտանգում սպանվածներին: Զինվորները չեն խնայում իրենց ձեռքն ընկած ոչ մի հակառակորդի, վիրավոր լինեն, թե ոչ: Զինվորական հիվանդանոցներն ու պահակախմբերը թշնամու համար հանդիսանում են հատուկ թիրախ, իսկ մենք ոչնչացնում ենք նրանց խմելու ջրի ջրամբարները, որոնք նրանց համար ամռանը ջուր ստանալու միակ միջոցն են, և օգտագործում ենք նրանց դեմ նոր «Դում-դում» փամփուշտները՝ որոնց ազդեցությունը սարսափելի է:

Այս ամենը ֆինանսական առումով սնանկացուցիչ է, բարոյական առումով՝ անընդունելի, ռազմական առումով՝ անիմաստ և սխալմունք՝ քաղաքական առումով:»

Նամակները տպագրվել են «Դեյլի թելեգրաֆ» թերթում, իսկ հետո հրատարակվում է նրա «Մալականդի դաշտային կորպուսի պատմություն» գիրքը (անգլ.՝ «The Story of the Malakand Field Force»):[4].

Մալականդից վերադառնալուց հետո, Չերչիլը նորից դիմում է հրամանատարությանը, որպես զիվորական թղթակից Հյուսիսային Աֆրիկա գործուղվելու համար, սակայն դա չի արժանանում հրամանատարության հավանությանը, դրա համար նա դիմում է անձամբ վարչապետին՝ լորդ Ռոբերտ Սոլսբերիին:

Արդյունքում Չերչիլը նշանակվում է լեյտենանտի արտահաստիքային պաշտոնի, բայց հրամանատարը հատուկ նշում է, որ վիրավորվելու կամ զոհվելու դեպքում նա ռազմական ֆոնդից հատուցում չի ստանալու:[4] 1898 թ. թվականին Չերչիլն ուղարկվում է Եգիպտոս, որտեղից էլ Սուդան՝ ճնշելու Մահդիականների ապստամբությունը: Այնտեղ նա նաև թղթակցում է Լոնդոնի «Մորնինգ փոսթ» օրաթերթին: Սուդանում ապստամբներն ունեին բավական թվական գերակշռություն, մինչդեռ անգլա-եգիպտական բանակն առավել էր սպառազինությամբ, որի թվում կային հրետանի, նոր տիպի հրազեն, հրետանավակներ ու նաև Մաքսիմ գնդացիրներ:

1898 թ. սեպտեմբերի 2-ին, Օմդուրմանի մոտի գլխավոր ճակատամարտին, մասնակցում է նաև Չերչիլը՝ կավալերիայի կազմում:[5]

Սուդանի գործողությունների մասին նա գրում է իր «Գետի պատերազմը» (անգլ.՝ «The River War») գիրքը:

Սուդանից Չերչիլը վերադառնում է Հնդկաստան, համազգային մականախաղի մրցումներին մասնակցելու համար, որտեղից հաղթանակած վերադառնալուց հետո, 1899 թվականի մայիսի 5-ին, թողնում է ծառայությունը՝ անցնելով պահեստազոր:

1899 թվականի հուլիսին, պառլամենտի անդամ Ռոբերտ Ասքրոֆթն առաջարկում է Չերչիլին ներկայացնել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններին, որպես Պահպանողական կուսակցության թեկնածու՝ Օլդհեմի շրջանից: Չերչիլի առաջին քաղաքական փորձը հաջողությամբ չի պսակվում, ընտրություններում հաղթում է Լիբերալ կուսակցությունը:

Նույն թվականի աշնանը հարավային Աֆրիկայի մի քանի հանրապետությունների հետ բրիտանական կառավարության հարաբերությունների սրումը հանգեցնում է Անգլա-բուրական երկրորդ պատերազմին: Սեպտեմբերի 18-ին նա «Դեյլի մեյլ» թերթից առաջարկություն է ստանում՝ որպես զինվորական թղթակից մեկնել հարավային Աֆրիկա, սակայն Չերչիլը, դեռ չպատասխանած նրանց առաջարկին, դիմում է «Մորնինգ փոսթ» օրաթերթին, որը և շտապում է Չերչիլին այն ժամանակներում չլսված, մեծ գումար վճարել:[4] Ընդունելով «Մորնինգ փոսթ» թերթի առաջարկը՝ Չերչիլը, հոկտեմբերի 18-ին, պատերազմն սկսվելուց երկու օր հետո, մեկնում է Աֆրիկա:

Արդեն Աֆրիկայում, նոյեմբերի 15-ին, Չերչիլը զրահապատ գնացքով մեկնում է տեղազննության, որը ղեկավարում էր կապիտան Հոլդեյնը՝ (անգլ.՝ Haldane), ում արդեն նա ծանոթ էր Մալականդից: Գնացքը բուրերի (հոլ.՝ boeren - գյուղացիներ, անգլ.՝ boer) կողմից հայտնաբերվում և ենթարկվում է հրետակոծության, հիսունին մոտ զինվոր գերի են ընկնում, այդ թվում նաև կապիտան Հոլդեյնը և Չերչիլը: Գերությունից նրա անհաջող փախուստի փորձից հետո նրան ուղարկում են ռազմագերիների ճամբար, որը տեղակայված էր Պրետորիայի Պետական բարձրագույն դպրոցում: Դեռ մեկ ամիս չանցած՝ դեկտեմբերի 12-ին Չերչիլը, կապիտան Հոլդեյնը և սերժանտ-մայոր Բրուկին դիմում են փախուստի, բայց միայն նրան է հաջողվում ժամապահներից աննկատ անցնել, որի համար, Չերչիլին հետո անհիմն մեղադրում են ընկերներին լքելու մեջ, սակայն հետո, 1912 թ, նա դատավարություն է սկսում ընդդեմ «Բլեքվուդս Մեգըզին» ամսագրի՝ մեղադրելով զրպարտության մեջ: Ամսագիրն ստիպված է լինում տպագրել հատուկ հոդված և ներողություն խնդրել[4]:

Փախչելով ճամբարից՝ Չերչիլը ապրանքատար գնացքով աննկատ հասնում է Ուիթբանկ, որտեղից անգլիացի ինժեներ Դենիել Դյուսնափի (անգլ.՝ Daniel Dewsnap) օգնությամբ գաղտնի անցնում է սահմանը: Փախուստը Չերչիլին դարձնում է հայտնի, նա ստանում է պառլամենտում իր թեկնածությունն առաջադրելու մի քանի առաջարկ, նաև՝ Օլդհեմի ընտրազանգվածի խոստումը, որ նրան կընտրեն անկախ քաղաքական հայացքներից[4], բայց Չերչիլը նախընտրում է մնալ բանակում, ստանում է թեթև կավալերիայի լեյտենանտի պաշտոն՝ նաև շարունակելով աշխատել, որպես «Մորնինգ փոսթ»-ի հատուկ թղթակից:

Չերչիլն այդ պատերազմում շատ մարտերի է մասնակցում, մարտերում դրսևորած արիության համար գեներալ Համիլտոնն նրան ներկայացնում է Վիկտորիայի Խաչով պարգևատրման, բայց քանի որ Չերչիլն արդեն պաշտոնից հրաժարվել էր՝ չի պարգևատրվում[6]: 1900 թվականին Չերչիլն «Դանոթար Քասլ» փոստատարային նավով վերադառնում է Անգլիա, այն նույն նավով, որով ութ ամիս առաջ մեկնել էր հարավային Աֆրիկա[7]:

Քաղաքական կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Չերչիլն ԱՄՆ-ում, 1900 թ

Աֆրիկայից վերադարնալուց հետո, Անգլիայում Չերչիլն ավարտին է հասցնում իր Յան Համիլտոնի մարշ գիրքը, որում նկարագրվում էր Անգլա-բուրական երկրորդ պատերազմի իրադարձությունները, ու նաև վերադառնալով, երկրորդ անգամ առաջադրում իր թեկնածությունը 1900 թ. պառլամենտական ընտրություններին, այս անգամ նույնպես՝ Օլդհեմի շրջանից և Պահպանողական կուսակցությունից: Այս ընտրություններում, բացի հերոսի համբավը և Օլդհեմի ընտրողների աջակցությունը նրան օգնում է նաև այն հանգամանքը, որ իրեն փրկող ինժեներ Դյուսնափը ծնունդով հենց Օլդհեմից էր, ինչը և Չերչիլը չէր մոռացել նշել իր ընտրարշավի ժամանակ:[8][9][10] Ընտրություններում նա իր հակառակորդ լիբերալ թեկնածուից առաջ է ընկնում 222 ձայնով և հաղթում, այսպիսով նա արդեն 26 տարեկանում դառնում է Հանրային պալատի պատգամավոր[11]:

Նույն թվականին նա հրատարակում է «Սավրոլա» վեպը, իր միակ խոշոր գեղարվեստական ստեղծագործությունը: Որոշ գրականագետներ համարում են, որ «Սավրոլայի» գլխավոր հերոսի դերում հեղինակն իրեն է նկարագրել:

1901 թվականի փետրվարին նա Հանրային պալատում հանդես է գալիս իր առաջին ճառով՝ Հարավային Աֆրիկայի ետպատերազմյան կարգավորման մասին: Նա կոչ է անում բարեգութ վերաբերվել պարտված բուրերի նկատմամբ:

Նույն թվականի մայիսին Չերչիլն անսպասելի խստությամբ քննադատում է ռազմական նախարար ռազմական բյուջեի ավելացման մասին Բրոդրիքի (անգլ.՝ William Brodrick) առաջարկած ծրագիրը: Անսպասելին միայն այն չէր, որ Բրոդրիքն ու Չերչիլն նույն կուսակցության ներկայացուցիչներ էին, այլ նաև այն, որ նախքան ելույթ ունենալը նա արդեն իր ելույթի տեքստն ուղարկել էր «Մորնինգ փոստ» Լոնդոնյան օրաթերթին:

Միայն սրանով Չերչիլի և իր կուսակիցների միջև տարաձայնություններն չեն ավարտվում, 1902 - 1903 թթ. նա շատ անգամներ դեմ է հանդես գալիս գաղութարար քաղաքականության և ազատ առևտրին վերաբերող հարցերին, մասնավորապես, նա դեմ էր հացահատիկի ներմուծման հարկին:

Բանակից զորացրվելուց հետո Չերչիլը 1902 թ. հունվարի 4-ին անցնում է ծառայության Թագավորական Տարածքային հեծելազորում (անգլ.՝ Royal Yeomanry), Թագուհու անձնական հուսարական Օքսֆորդշիրի գնդում կապիտանի կոչումով:[12] 1905 թ ապրիլին նա ստանում է մայորի կոչում և գլխավորում է նույն գնդի Հենլի էսկադրոնը,[13] իսկ 1916 թ սեպտեմբերին տեղափոխվում է Բրիտանական բանակի սպայական Տարածքային բանակ, որտեղ մնում է մինչև իր 50 ամյակը լրանալը՝ 1924 թ.:[13]

Կուսակցության ներսում մի շարք տարաձայնությունների արդյունքում 1904 թ. մայիսի 31-ին Չերչիլը հեռանում է Պահպանողական կուսակցությունից և անցնում է Լիբերալ կուսակցության շարքերը:

1905 թ դեկտեմբերի 12-ին Չերչիլը նշանակվում է բրիտանական գաղութների գործերով նախարարի տեղակալ, նախարարն այդ ժամանակ լորդ Էլջինն էր, իսկ կառավարության վարչապետը՝ Հենրի Քեմփբել-Բաներմանը: Այդ պաշտոնում Չերչիլն զբաղվում է բուրական պետությունների սահմանադրությունների մշակմամբ:

Մի քանի տարի անց 1908 թ. ապրիլի սկզբին, Հենրի Քեմփբել-Բաներմանը հիվանդության պատճառով դժվարանում է կատարել վարչապետի իր պարտականությունները, որի հետևանքով Ֆինանսների և էկոնոմիկայի կանցլեր(նախարար) Հերբերտ Ասքուիթը նշանակվում է վարչապետ, իսկ Առևտրի և արդյունաբերության նախարար Դեյվիդ Լլոյդ Ջորջը նշանակվում է Ֆինանսների և էկոնոմիկայի կանցլեր, արդյունքում Չերչիլը նշանակվում է նոր պաշտոնի՝ Առևտրի և արդյունաբերության նախարար: Դեյվիդ Լլոյդ Ջորջը, ինչպես և Չերչիլը, նույնպես դեմ էր կառավարության ռազմական ծախսերի ավելացման բանաձևին, սակայն նրա և Չերչիլի ջանքերը միշտ չէ, որ հաջողություն էին ունենում: Չերչիլն այսպես է նկարագրում ռազմանավերի շինարարության մի պատվեր.

«Ելքը բնորոշ էր և միևնույն ժամանակ՝ զվարճալի: Ծովակալությունը պահանջում էր վեց գծանավ, իսկ տնտեսագետները առաջարկում էին միայն չորսը, ի վերջո մենք որոշեցինք արտադրել ութ նավ»:

Չերչիլն Ասքուիթի կառավարության կողմից կատարվող սոցիալական բարեփոխումների աջակից էր, 1908 թ. նա նախաձեռնում է նվազագույն աշխատավարձի մասին օրենքը, որն ընդունվում է մեծամասնության քվեարկությամբ, այն առաջին անգամ Անգլիայում սահմանում էր աշխատանքային օրվա տևողությանը և աշխատավարձին վերաբերվող հստակ նորմեր:

Ներքին գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թ. փետրվարի 14-ին Չերչիլը 35 տարեկանում նշանակվում է Ներքին գործերի նախարարի պաշտոնի, որից հետո մինչև 1923 թ. թողնում է գրական գործունեությունը: Այս տարիներին նա ենթարկվում է փորձությունների, մի կողմից աշխատավոր ցուցարարների և սաֆրջեթուհիների կազմակերպած անկարգությունները, մյուս կողմից քաղաքական բոլոր խմբավորումների խիստ քննադատությունը նրա նկատմամբ, և բացի դա, նա, որպես նախարար կատարվող ամեն ինչի համար պատասխանատվություն էր կրում: Նույն տարվա նոյեմբեր ամսին Ռոնդա Քինոն Թաֆ (Հարավային Ուելսում) հանքափորների քաղաք Թոնիփենդիում հայտարարված գործադուլը վերաճում է զանգվածային անկարգությունների, այն բանից հետո երբ գործադուլին չմասնակցող հանքափորները վերկսում են աշխատանքը: Տեղական ոստիկանության պահանջով Չերչիլը դիմում է զորքի միջամտությանը, և չնայած այն բանին, որ նա զորքին հրամայել էր ոչ մի ընդհարում չունենալ ցուցարարների հետ, և ցուցարարների վրա կրակելու մասին կեղծ լուրերը բազմակի անգամներ հերքվել էին, այդ իրադարձությունը բացասական անդրադարձ ունեցավ հանրության մեջ և լեյբորիստները քննադատեցին նրան չափազանց կոշտ միջոցներ կիրառելու համար, իսկ պահպանողականները անվստահ գործելու համար:[11]

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թ. հուլիսի 28-ին՝ Սերբիային Ավստրո-Հունգարիայի պատերազմ հայտարարելու օրը Չերչիլը հրամայեց նավատորմին ընդունել մարտական դիրք, իսկ օգոստոսի 3-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

Հոկտեմբերի 5-ին Չերչիլը ժամանեց Անտվերպեն՝ անձամբ քաղաքի պաշտպանությունը գլխավորելու համար, հոկտեմբերի 10-ին գերմանացիներն այն գրավեցին, զոհվեց 2500 զինվոր: Չնայած չափազանց մեծ մարդկային և նյութական կորուստներին, շատերը նշում էին, որ Անտվերպենի պաշտպանությունը նպաստեց նրան, որ դիմանան Կալե և Դյունկերկ քաղաքները:

Պատերազմի ընթացքում Չերչիլն ունեցավ իր մասնակցությունը՝ առաջին տանկերը մշակելու և տանկային զորքեր ստեղծելու գործում:

1915 թ. նա դարձավ Դարդանելի գործողության նախաձեռնողներից մեկը, որն ավարտվեց դաշնակից զորքերի պարտությամբ և առաջացրեց կառավարական ճգնաժամ: Ձախողման պատասխանատվությունը Չերչիլն զգալի չափով վերցրեց իր վրա և հրաժարվեց Ծովակալության առաջին լորդի պաշտոնից:

Նոյեմբերի 15-ին մեկնեց Արևմտյան ճակատ և գնդապետի կոչումով գլխավորում էր Շոտլանդիայի թագավորական ֆուսիլիերների 6-րդ վաշտը: 1917 թ. նշանակվեց սպառազինությունների նախարար, իսկ 1919 թ. հունվարին՝ ռազմական և ավիացիայի նախարար: Այդ ժամանակ նա նախաձեռնեց «Տասը տարվա ծրագիր» (անգլ.՝ Ten Year Rule) դոկտրինը, ըստ որի ռազմական ծախսերը պետք է նախատեսվեին ելնելով այն դրույթից, որ Անգլիան պատերազմից հետո տասը տարիների ընթացքում չի ներքաշվելու խոշոր կոնֆլիկտների մեջ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Record #118520776 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Sir Winston S. Churchill։ «The Story Of The Malakand Field Force – An Episode of Frontier War»։ arthursclassicnovels.com։ Արխիվացված օրիգինալից-ից հուլիսի 14, 2007-ին։ Վերցված է մարտի 17, 2007 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 R. Holmes, In the Footsteps of Churchill.' The Bubble Reputation 1895-1901. Basic Books, NY, 2005, ISBN 0-465-03082-3
  5. R. Churchill, Winston S. Churchill, Volume I
  6. Lt Churchill: 4th Queen's Own Hussars, The Churchill Centre. Retrieved 28 August 2009.
  7. «FinestHour» (PDF)։ Journal of the Churchill Center and Societies, Summer 2005։ Վերցված է օգոստոսի 28, 2009 (չաշխատող հղում)
  8. Jenkins, pp. 45–50
  9. Gilbert, Martin (2001). Churchill: A Study in Greatness (one volume edition). London: Pimlico. ISBN 978-0-7126-6725-8. 
  10. Jenkins, p. 69
  11. 11,0 11,1 Н. Роуз, Черчилль. Бурная жизнь. пер. Е. Ф. Левиной, М. «Издательство Аст», 2004, ISBN 5-17-014478-4
  12. «Churchill's Commissions and Military Attachments, The Churchill Centre»։ Winstonchurchill.org։ Վերցված է ապրիլի 12, 2010 
  13. 13,0 13,1 «Sir Winston Churchill: Biography: Chronological Summary, Churchill College»։ Chu.cam.ac.uk։ մարտի 6, 2009։ Վերցված է օգոստոսի 9, 2009 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են