Կրեմլի պատի գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերեզմանատուն
Կրեմլի պատի գերեզմանատուն
Некрополь у Кремлёвской стены
Russia-Moscow-Graves near and in Kremlin Wall.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրման թվական1917 թվական
Վիճակպահպանվում է պետության կողմից
Կոորդինատներ: 55°45′13″ հս․ լ. 37°37′11″ ավ. ե. / 55.75361° հս․. լ. 37.61972° ավ. ե. / 55.75361; 37.61972
Կրեմլի պատի գերեզմանատունը Վիքիպահեստում

Կրեմլի պատի գերեզմանատուն (ռուս.՝ Некрополь у Кремлёвской стены), գերեզմանոց Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ, որը ծառայում է որպես կոլումբարիում աճյունասափորների համար։ Այստեղ թաղվել են Խորհրդային Միության պետական, կուսակցական ու ռազմական գործիչներ, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության մասնակիցներ[1]։ 1920-1930-ական թվականներին թաղվել են նաև օտարերկրացի կոմունիստ-հեղափոխականներ, օրինակ՝ գրող և լրագրող Ջոն Ռիդը, Ճապոնիայի Կոմունիստական կուսակցության հիմնադիր Սեն Կատայաման, հեղափոխական Կլարա Ցետկինը, գերմանացի քաղաքական գործիչ Ֆրից Հեկերտը և այլք[2]։

1974 թվականից Կրեմլի պատի գերեզմանատունը պետության կողմից պահպանվում է որպես մշակութային հուշարձան[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմլի գերեզմանատուն, 2015 թվական
Չարլզ Էմիլ Ռուտենբերգ, 2015 թվական
Սամանտա Քրիստոֆորետին ծաղիկներ է դնում Կրեմլյան պատի մոտ
Ֆելիքս Ձերժինսկու (1877-1926) շիրիմը, 2015 թվական

Պատի մոտ՝ Նիկոլսկայա ու Սպասկայա աշտարակների միջև տեղակայված տարածքը, որ գտնվում է Կարմիր հրապարակի հյուսիսային կողմում, օգտագործվում է թաղումների համար և ծառայում է որպես կոլումբարիում[4]։ Ժողովրդի շրջանում այն կոչվում է «Կոմունարների պատ» (ռուս.՝ «Стена коммунаров»)[5]։ Գրանիտե տախտակների հետևում գտնվող որմնախորշերում գտնվում են 114 սափորներ հեղափոխական-ընդհատակայինների, առաջին ժողկոմների, Կոմինտերնի անդամների, ռազմական գործիչների, տիեզերագնացների և ականավոր գիտնականների աճյուններով։ Գրանիտե առաջին տախտակը տեղադրվել է 1925 թվականի ապրիլի 5-ին. պատի մեջ որմնաշարել են հեղափոխության վետերան, Ժողովրդական տնտեսության գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Միրոն Վլադիմիրովի աճյունով սափորը։ Տախտակի վրա գրված է. «Բանվոր դասակարգի ազատագրման պայքարի մարտիկ, սոցիալիստական շինարարության նվիրյալ Միրոն Կոնստանտինովիչ Վլադիմիրով (ընկեր Լևա)» (ռուս.՝ «Борец за освобождение рабочего класса, подвижник социалистическаго строительства Мирон Константинович Владимиров (товарищ Лева)»[6]։

Թաղումների ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առանց դիակիզման ու դագաղներով թաղումները կատարվել են Լենինի դամբարանից աջ։ Այդպես թաղված են՝
Գործիչ Զբաղեցրած պաշտոն[7] Թաղման ամսաթիվ Շիրիմ
Յակով Միխայլովիչ Սվերդլով Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ 18 մարտի, 1919
Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզե ԽՍՀՄ հեղափոխական ռազմական խորհրդի նախագահ 3 նոյեմբերի, 1925
Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկի ԽՍՀՄ Ժողկոմխորհին կից ԽՍՀՄ ՄՊՔԿ նախագահ 22 հուլիսի, 1926 Дзержинский Ф.Э.jpg
Ժողտնտեսության գերագույն խորհրդի նախագահ
Միխայիլ Իվանովիչ Կալինին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ 6 հունիսի, 1946 Kremlin Wall Necropolis 24.JPG
Անդրեյ Ալեքսանդրովիչ Ժդանով ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար 5 սեպտեմբերի, 1948 Kremlin Wall Necropolis 05.JPG
ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ
Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ 1 նոյեմբերի, 1961 Сталин И.В.jpg
Կլիմենտ Եֆրեմովիչ Վորոշիլով ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահ 6 դեկտեմբերի, 1969
ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսար
Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննի Խորհրդային Միության մարշալ 30 հոկտեմբերի, 1973
Միխայիլ Անդրեևիչ Սուսլով ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ 29 հունվարի, 1982
ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար
Լեոնիդ Իլյիչ Բրեժնև ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար 15 նոյեմբերի, 1982
ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահ
Յուրի Վլադիմիրովիչ Անդրոպով 14 փոտրվարի, 1984
ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար
Կոնստանտին Ուստինովիչ Չերնենկո 13 մարտի, 1985
ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահ
ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ
  • Աճյունասափորների որմնաշարում Կրեմլի պատում – թաղման ձև, որ սկիզբ է առել 1925 թվականին։ Սկզբում դժվարություններ են եղել աճյունասափորները Կրեմլի պատի մոտ հասցնելու արարողության հետ կապված։ Օրինակ՝ ԽՍՀՄ ժողտնտեսության գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Միրոն Վլադիմիրովի աճյունը պատի մոտ է տարվել դագաղով։ Հետագայում թաղման արարողությունը կարգավորվել է[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցարական ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցարական ժամանակներում Կրեմլի պատի երկայնքով՝ միայն Սպասկիե ու Նիկոլսկիե դարպասների միջև ընկած տարածքում գտնվել են տասնհինգ ոչ մեծ հանգստարաններ[2]. այդ ժամանակ պատի մոտ թաղում էին հասարակ մարդկանց[9]։ 1552 թվականին Իվան Ահեղը ներկա է գտնվել խենթ Վասիլի Երանելու թաղմանը Սուրբ Երրորդության եկեղեցու հանգստարանում՝ Կրեմլի խրամի մոտ։ 1554 թվականից այդ վայրում գտնվում է նրա անունը կրող եկեղեցին[2]։ Գերեզմանոցներում կառուցված այլ եկեղեցիներ գոյություն են ունեցել մինչև 17-րդ դարի կեսերը[10]։

Եղբայրական գերեզմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տեսքն ունեցող գերեզմանատունը հիմնադրվել է 1917 թվականի նոյեմբերին[10]. 1917 թվականի նոյեմբերի 5-8-ին «Социал-демократ» տպագրվել է դիմում կազմակերպություններին ու մասնավոր անձանց՝ տալ վկայություններ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ բոլշևիկների շարքերում պայքարած ու զոհված մարտիկների մասին։ Նոյեմբերի 7-ին Մոսկվայի ռազմահեղափոխական կոմիտեն որոշել է ստեղծել եղբայրական գերեզման Կարմիր հրապարակում և զոհվածների թաղումը նշանակել նոյեմբերի 10-ին[11]։ Եկեղեցու ներկայացուցիչները դեմ են հանդես եկել առանց հուղարկավորման արարողության քաղաքացիական անձանց «ռուս մեծ սրբերի» կողքին թաղելուն[12]։

Նոյեմբերի 8-ին Կրեմլի պատի ու նրան զուգահեռ ձգվող տրամվայի գծերի միջև փորվել են 75 մետր երկարություն ունեցող երկու եղբայրական գերեզմաններ[13][14]։ Դրանցից մեկը ձգվում էր Նիկոլսկի դարպասներից մինչև Սենատի աշտարակ, երկրորդը՝ Սենատի աշտարակից մինչև Սպասկիե դարպասներ։ Նոյեմբերի 9-ին թերթերում տպագրվել է սգո երթերի մանրամասն երթուղին 11 քաղաքային շրջաններում և Կարմիր հրապարակ դրանց հասնելու ժամերը։ Քաղաքացիների դժգոհության պատճառով Մոսկվայի ռազմահեղափոխական կոմիտեն հրամայել է թաղումներին մասնակցող զինվորներին տրամադրել հրացաններ։ Նոյեմբերի 10-ին եղբայրական գերեզմաններ են իջեցվել 238 դագաղներ[15][16]։

Գերեզմանոցի բացման ժամանակ Վլադիմիր Լենինի ելույթից հետո երգչախումբը կատարել է Սերգեյ Եսենինի «Спите, любимые братья, в свете нетленных гробниц» բանաստեղծության հիման վրա գրված կանտատան[13]։ 1917 թվականին Կրեմլի պատի մոտ թաղվել է ընդհանուր առմամբ 240 զոհված[17], որոնցից ստույգ հայտնի են 57 մարդկանց անունները[18]։

Հետագայում Կրեմլի պատի մոտ հայտնվել են «հեղափոխության մարտիկների» ևս 15 եղբայրական գերեզմաններ, որտեղ թաղվել են իրենց մահով մեռած կամ աղետի զոհ դարձած անձինք։ Օրինակ՝ Ֆեոդոր Սերգեևն ու մի շարք այլ բոլշևիկներ, որ զոհվել են աերովագոնի վթարի արդյունքում[18][16]։ Սակայն 1928 թվականից այդ պրակտիկան դադարեցվել է[19]։

Խորհրդային իշխանության առաջին տարիներին նոյեմբերի 7-ին ու մայիսի 1-ին եղբայրական գերեզմանների մոտ կանգնում էր պատվո պահակախումբ, իսկ գնդերը երդում էին տալիս։ Կրեմլի պատի մոտ գտնվող եղբայրական գերեզմաններում թաղվել է ընդհանուր առմամբ ավելի քան 300 մարդ, որոնցից ստույգ հայտնի է 110 մարդու և ենթադրաբար՝ ևս 122 մարդու անուն[18]։

1966 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ նշվել է Մոսկվայի մոտ գերմանական զորքերի ջախջախման 25-ամյակը, Կրեմլի պատի մոտ հայտնվել է առաջին հավերժական կրակը։ Այն դարձել է կենտրոնական հուշարձան Ռուսատսանում։ Այդ տեղում թաղվել է անհայտ զինվորի աճյունը, որ գտնվել էր Լենինգրադյան խճուղու 41-րդ կիլոմետրում[20]։ Անհայտ զինվորի գերեզմանի գրանիտե տախտակների վրա գրված է. «Քո անունն անհայտ է։ Քո սխրանքն անմահ է» (ռուս.՝ «Имя твоё неизвестно. Подвиг твой бессмертен»)[21]։

Անհատական թաղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Կարմիր հրապարակում առաջին անգամ առանձին գերեզմանում թաղվել է բոլշևիկ և հեղափոխական Յակով Սվերդլովը[6]։ 1926 թվականի վերջին պատի մեջ դրվել է Լոնդոնում մահացած ռուս դեսպան Լեոնիդ Կրասինի աճյունը։ Վերջինիս հրաժեշտի արարողությունից էլ սկիզբ է առել հանդիսավոր թաղման ավանդույթը[22]։

1927 թվականին Մոսկվայի առաջին դիակիզարանի բացումից հետո Կրեմլի պատի գերեզմանատանը թաղվել են մեծ մասամբ դիակիզվածներ[8]։ Աճյունասափորները դրվել են պատի մեջ Սենատի աշտարակի երկու կողմերում՝ հուշատախտակների տակ. 1925-1936 թվականներին աճյունասափորները դրվել են հիմնականում Սենատի աշտարակի աջ, 1937 թվականից հետո՝ միայն ձախ կողմում։ Բացառություն է արվել մարշալ Գեորգի Ժուկովի համար, որի աճյունը 1974 թվականին դրվել է Սենատի աշտարակի աջ կողմում՝ ռազմական հրամանատար Սերգեյ Կամենևի աճյունի կողքին[23]։

Անկախ թաղման ձևից՝ մամուլում և հեռուստատեսությամբ այդ մասին հաղորդելիս օգտագործվել է «թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ» (ռուս.՝ «похоронен на Красной площади у Кремлёвской стены») ձևակերպումը[23]։ Քաղաքական գործիչները, որոնք իրենց մահվան պահին եղել են շնորհազրկված կամ թոշակի անցած, տեղ չեն ստացել Կրեմլի պատի մոտ։ Այդ պատճառով էլ Նիկիտա Խրուշչովը և կուսակցական գործիչներ Անաստաս Միկոյանն ու Նիկոլայ Պոդգորնին թաղվել են Նովոդևիչյան գերեզմանատանը[24]։

1930 թվականին Կրամլի պատի մոտ տեղադրվել են միանման հուշարձաններ ու շիրմաքարեր։ Սպասկայա ու Նիկոլսկայա աշտարակների մոտ տեղակայված անհատական ու կոլեկտիվ գերեզմանները միացվել են եղբայրական երկու գերեզմանների հետ[6]։

Կրեմլի պատի գերեզմանատանը 1930-1940-ական թվականներին թաղվել են նաև ականավոր օդաչուներ, 1960-1970-ական թվականներին՝ զոհված տիեզերագնացներ, ակնառու գիտնականներ։ Մինչ 1976 թվականը Կրեմլի պատի մոտ թաղվել են Խորհրդային Միության մարշալների, սակայն հետագայում նրանց սկսել են թաղել Մոսկվայի այլ գերեզմանատներում[25]։

Մի շարք մարդկանց մահվան դեպքում, ինչպիսիք են Վլադիմիր Լենինը, Իոսիֆ Ստալինը, Յուրի Գագարինը, Միխայիլ Սուսլովը, Լեոնիդ Բրեժնև, Յուրի Անդրոպովը, Դմիտրի Ուստինովը, Կոստանտին Չերնենկոն, երկրում հայտարարվել են սգո օրեր։ Այդ ընթացքում չեղարկվել են ժամանցային հաղորդումները, փակվել են կինոթատրոններ, թատրոններն ու համերգասրահները։ Դպրոցականներին տրվել են ազատ օրեր, իսկ գործարաններում հինգ րոպեով դադարեցվել է աշխատանքը և տրվել համազարկ շչակով։ Կարմիր հրապարակում կատարվող առավել նշանավոր անձանց թաղումները հեռարձակվել են հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Կրեմլի պատի մեջ վերջինը տեղադվել է ռազմական հրամանատար Դմիտրի Ուստինովի աճյունը (1984)[6], իսկ գերեզմանում վերջինը թաղվել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոն (1985)[10]։ 1989 թվականին քննարկվել է դիվանագետ Անդրեյ Գրոմիկոյին Կրեմլի պատի մոտ թաղելու հարցը, սակայն իր կտակի և հարազատների խնդրանքի համաձայն նա թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[26]։

Կրեմլի պատի գերեզմանատանը թաղված են ընդհանուր առմամբ ավելի քան 400 մարդ, որոնցից հիսունն օտարերկրացիներ են՝ ավելի քան քսան ազգությունների ներկայացուցիչներ[1]։

Գերեզմանատան ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի ապրիլին Մոսսովետը հայտարարել է մրցույթ Կարմիր հրապարակում Պրոլետարական հեղափոխության և զոհված ընկերների հուշարձանի ստեղծման համար։ Նույն թվականի հունիսին հաստատվել է եղբայրական ու անհատական գերեզմանների ձևավորման նախագիծը. նախատեսվել է գերեզմանատունը վերածել սանդղավանդի՝ վեր բարձրացնելով հրապարակի ընդհանուր տարածքից։ Սենատի աշտարակի պատին տեղադրվել է հուշատախտակ, գերեզմանների վրայի հողաբլուրները հարթեցվել են, ծածկվել ճիմահողով և զարդարվել ծաղկաթմբերով[6], ինչպես նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հանձնարարությամբ շիրիմների մոտ տնկվել են երեք շարք լորենիներ և ծառուղում անցկացվել է էլեկտրական լուսավորություն[27]։

Հուշատախտակների մրցույթում հաղթել է Սերգեյ Կոնյոնկովի հարթաքանդակը՝ «Թևավոր Ոգին» (ռուս.՝ «Крылатый Гений»), որ մի ձեռքում բռնել է կարմիր դրոշ, մյուսում՝ դափնեպսակ։ Էպիտաֆիան հետևյալն է. «Հանուն խաղաղության և ժողովուրդների եղբայրության պայքարում ընկածներին» (ռուս.՝ «Павшим в борьбе за мир и братство народов»)։ Հուշարձանի բացումը կայացել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին, երբ տոնվել է հեղափոխության մեկամյակը[28]։

1918 թվականին Վլադիմիր Լենինի առաջարկով Ալեքսանդրովյան այգում՝ Անկյունային Արսենալնայա աշտարակի մոտ գտնվող 20 մետրանոց կոթողը, որ տեղադրվել էր Ռոմանովների տոհմի 300-ամյակի կապակցությամբ, վերափոխվել է որպես հեղափոխականների ու սոցիալիզմի գործիչների առաջին հուշարձան։ Նրա վրա փորագրվել են Կարլ Մարքսի ու Ֆրիդրիխ Էնգելսի, Գեորգի Պլեխանովի և հեղափոխական այլ գործիչների անուններ[21]։

1924 թվականին Կրեմլի պատի մոտ տնկվել են առաջին թփերն ու ծառերը։ Հետագայում՝ Նիկիտա Խրուշչովի օրոք, փորձ է արվել տնկել պտղատու այգի, բայց չի արվել, որովհետև պտղատու ծառերի մոտ արագորեն բազմանում են պտղային մժեղները[29]։ 1931 թվականի աշնանը լորենիները փոխարինվել են երկնագույն եղևնիներով[6]։

1946 թվականին գերեզմանատան ձևավորման հեղինակ է դարձել ճարտարապետ Իսիդոր Ֆրանցուզը։ Յակով Սվերդլովի, Միխայիլ Ֆրունզեի, Ֆելիքս Ձերժինսկու, Միխայիլ Կալինինի շիրիմների վրա տեղադրվել են կիսանդրիներ ու շիրմաքարեր, որ երիզված են գրանիտե եզրազարդերով՝ բրոնզե դափնետերևներով։ Եղբայրական գերեզմանների վրա տեղադրված հատուկ տախտակների վրա փորագրվել են թաղվածների անունները։ Վերականգնման աշխատանքներից հետո գերեզմանատունը բացվել է հանրության առաջ[6]։

1973-1974 թվականներին անցկացվել են գերեզմանատան վերակառուցման մեծամասշտաբ աշխատանքներ ճարտարապետներ Գրիգորի Վուլֆսոնի, Վ. Դանիլուշկինի և քանդակագործ Պավել Բոնդարենկոյի նախագծով[30]։ Եղբայրական գերեզմանների ավանդական ձևերը պահպանվել են, սակայն կոմպոզիցիայում ավելացվել են ճարտարապետաքանդակագործական նոր տարրեր՝ խոնարհված դրոշներ գրանիտից, դափնեպսակներ մարմարե տախտակների վրա, գրանիտե ծաղկամաններ։ Մինչև 1973 թվականը գերեզմանատանն աճել են արոսիներ, եղրևանիներ ու սզնիներ[30]։ Դրանք նույնպես փոխարինվել են երկնագույն եղևնիներով։ Ամեն մի կիսանդրու հետևում չորս եղևնիների փոխարեն տնկվել է մեկը[6]։ Նորացվել են նաև տրիբունաներն ու դամբարանի գրանիտը։

Բանվորագյուղացիական Կարմիր բանակի Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի անվան 1-ին սովետական միասնական ռազմական դպրոցի՝ Լենինի ժամանակավոր դամբարանի պաշտպանության պահակախումբը, 1924 թվական

Դամբարանի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականի ձմռանը կառուցվել է Լենինի փայտե ժամանակավոր դամբարանը, որը դարձել է գերեզմանատան կենտրոնը[31]։ Այդ կառույցի նախագծի ստեղծումը հանձնարարվել է ճարտարապետ Ալեքսեյ Շչուսևին, որը նախագիծը կազմել է մի քանի ժամվա ընթացքում հունվարի 22-ի գիշերը, իսկ դամբարանը կառուցվել է երկուսուկես օրվա ընթացքում[32]։ Նույն թվականի գարնանը կառուցվել է փայտե դամբարանի երկրորդ տարբերակը, որն իր տեսքով նման է եղել ժամանակակից գրանիտե կառույցին և կանգուն է մնացել հինգ տարի[33]։ Դամբարանը շրջապատել է երկաթե ցածր ցանկապատով շրջապատված պուրակ[34]։

1929 թվականին ԽՍՀՄ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունն ընդունել է որոշում «Մոսկվայի Կարմիր հրապարակում Վ. Ի. Լենինի մշտական դամբարանի կառուցման մասին»։ Համաժողովրդական մրցույթին ներկայացվել են բազմաթիվ նախագծեր[35]։ Նույն թվականի գարնանը պարզվել է, որ նոր մրցույթ անցկացնել պետք չէր, քանի որ փայտը կառույցն ամուր էր, և կարիք չկար այն շտապ փոխարինել[36]։ Քարե կառույցը, որը նույնպես կառուցվել է Շչուսևի նախագծով, կանգնեցվել է 16 ամիսների ընթացքում՝ մինչև 1930 թվականի հոկտեմբեր։ Ընդ որում՝ մեծացվել են նրա ներքին ու արտաքին ծավալները, նրա բարձրությունը մեծացվել է երեք մետրով։ Դամբարանի ընդհանուր կշիռը կազմում է մոտ 10 տոննա[13]։ Դամբարանն զբաղեցրել է Կարմիր հրապարակի ամենաբարձր կետը, այն բարձրացվել է մեկ մետրով[37]։

Հավերժական կրակի մոտ հսկող պատվո պահակախմբի փոխվելը, 2005 թվական

Պահակետ № 1[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին Ռոբերտ Ռոժդեստվենսկին գրել է «210 քայլ» (ռուս.՝ «210 шагов») պոեմը. այդքան տարածություն պետք է անցնի № 1 պահակետի պահակախումբը Կրեմլի Սպասկայա աշտարակից մինչև դամբարանի աստիճանները, որպեսզի գրավի իր տեղը։ Պահակախումբը այդ տարածությունն անցել է 2 րոպե 30 վայրկայում, իսկ նրանց համար նախատեսված կառույցը տեղակայված է եղել ներկայում ապամոնտաժված 14-րդ կորպուսում։ Երկու պահակադիրներն ու տասը ժամապահները հերթապահել է առավոտյան 8:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 8:00-ն։ Յուրաքանչյուր պահակադիր անցել է հինգ կիլոմետր, յուրաքանչյուր ժամապահ՝ երեք կիլոմետր և հինգ ժամ հերթապահություն պահակետում։ Դամբարանի մոտ տեղակայված № 1 պահակետն իր գոյությունը դադարեցրել է 1993 թվականի հոկտեմբերի 6-ին[38], իսկ 1997 թվականի դեկտեմբերի 12-ին № 1 պահակետը վերականգնվել է Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի մոտ[39]։

Գերեզմանատան տեղափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատան լիկվիդացման հարցն առաջին անգամ բարձրացվել է 1953 թվականին ԽՄԿԿ կենտկոմի և մինիստրների խորհրդի կողմից, որոնք ընդունել են համապատասխան որոշում։ Պատի մոտ թաղվածների աճյունները և Լենինի ու Ստալինի մարմինները նախատեսվում էր տեղափոխել նախագծվող Պանթեոն, բայց նախագիծը փակվել է[40]։

2013 թվականին Միտիշչիում բացվել է Դաշնային ռազմական գերեզմանատուն, և խոսվել է նաև Կրեմլի պատի գերեզմանատանը թաղվածների աճյունների տեղափոխման և այդ գերեզմանատանը հատուկ կոլումբարիում ստեղծելու մասին[41]։ Սակայն դաշնային օրենքն արգելում է վերաթաղել առանց հանգուցյալի հարազատների համաձայնության, իսկ Կրեմլի պատի գերեզմանատանը կան եղբայրական գերեզմաններ, որոնցում թաղվածների մեծ մասի ինքնությունն անհայտ է։ Նաև թաղվածների հարազատների մի մասը դեմ են հանդես եկել վերաթաղմանը՝ ենթադրելով, որ դա կառաջացնի հանրության դժգոհությունը[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Александр Романов (2013-06-28)։ «Власть нашла возможность убрать Сталина с глаз долой»։ km.ru։ Վերցված է 2017-09-27 
  2. 2,0 2,1 2,2 Ева Мергачева (2009-12-07)։ «Сталин и Брежнев — в хорошем состоянии»։ Московский комсомолец։ Վերցված է 2017-09-27 
  3. Алексей Абрамов (2004-02-27)։ «Правда и вымыслы о кремлёвском некрополе и Мавзолее»։ http://leninism.su։ Վերցված է 2017-10-27 
  4. Олег Ласточкин (2013-06-13)։ «Перенос некрополя от Кремля расколет общество, считают потомки героев»։ РИА-новости։ Վերցված է 2017-10-27 
  5. Валентина Оберемко (2015-07-06)։ ««Тише, товарищи, спите». Перенесут ли захоронения у Кремлёвской стены?»։ Аргументы и факты։ Վերցված է 2017-10-27 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Елена Харитонова (2013-12-24)։ ««Красный погост». История некрополя у Кремлёвской стены в фотографиях из собрания Центра хранения электронных и аудиовизуальных документов Москвы»։ Официальный сайт мэра Москвы։ Վերցված է 2017-10-27 
  7. Նշված է մահվանից առաջ զբաղեցրած պաշտոնը։
  8. 8,0 8,1 Евгений Жирнов (2015-06-26)։ ««Сидел-сидел, утром проснулись, а он умер». Как в СССР хоронили высших должностных лиц»։ Коммерсант.ru։ Վերցված է 2017-10-27 
  9. Валентина Обременко (2015-07-06)։ ««Тише, товарищи, спите». Перенесут ли захоронения у Кремлёвской стены?»։ Аргумента и факты։ Վերցված է 2017-09-27 
  10. 10,0 10,1 10,2 Вся Москва, 2011, էջ 521
  11. Абрамов, 1988, էջ 32
  12. Сердце Москвы, 2013, էջ 255
  13. 13,0 13,1 13,2 Красная площадь, 1980, էջ 188
  14. Кремль и Красная площадь, 2003, էջ 254
  15. Абрамов, 1988, էջ 34
  16. 16,0 16,1 Москва, 1980, էջ 539
  17. Абрамов, 1988, էջ 34, 52
  18. 18,0 18,1 18,2 Абрамов, 1988, էջ 52
  19. Валентина Оберемко (2015-07-06)։ «Власть нашла возможность убрать Сталина с глаз долой» (указывается только PDF/DJVU или другие, но ссылка в параметре url ставится на сайт, где прикреплён файл или на скачивание) (язык, нужно только для статей на английском (en) или других языках)։ Аргументы и факты։ Վերցված է 2017-10-27 
  20. Владимир Федоренко (2009-12-25)։ «Вечный огонь на Могиле Неизвестного солдата в Москве. Справка»։ РИА новости։ Վերցված է 2017-10-27 
  21. 21,0 21,1 Гончарова Александра Алексеевна, Хамцов Алексей Иванович (2014)։ «Стены и башни Кремля»։ litresp.ru։ Վերցված է 2017-10-27 
  22. Красная площадь, 1980, էջ 189
  23. 23,0 23,1 Язык власти, 1991, էջ 12-24
  24. Леонид Максименков (2016-09-05)։ ««К вопросу о памятнике Х.» Почему Никиту Хрущёва похоронили на Новодевичьем?»։ Коммерсант։ Վերցված է 2017-10-27 
  25. «Скончался последний маршал артиллерии СССР Владимир Михалкин»։ newsru.com։ 2017-01-02։ Վերցված է 2017-10-27 
  26. Арсений Замостьянов (2010)։ «Сталинская гвардия. Наследники Вождя»։ Яуза, Эксмо։ Վերցված է 2017-10-27 
  27. Абрамов, 1988, էջ 42
  28. Елена Харитонова (2017-06-21)։ «Красный погост»։ Московский журнал։ Վերցված է 2017-10-27 
  29. «У стен Кремля впервые за 30 лет начали высаживать новые ели»։ РИА новости։ 2007-08-15։ Վերցված է 2017-10-27 
  30. 30,0 30,1 Абрамов, 1988, էջ 50
  31. Сердце Родины, 1996, էջ 128-129
  32. Зодчие Москвы, 1988, էջ 84
  33. Красная площадь, 1980, էջ 174
  34. Красная площадь, 1980, էջ 171
  35. Алексей Богомолов (2015-01-21)։ «На проекте Мавзолея Ленина была надпись: «Кто следующий?»»։ Комсомольская правда։ Վերցված է 2017-10-27 
  36. Мавзолей Ленина, 1988, էջ 40
  37. Сердце Москвы, 2013, էջ 254
  38. Игорь Елков (2017-04-17)։ «Ходоки у Ленина»։ Российская газета։ Վերցված է 2017-10-27 
  39. Денис Гришкин (2015-05-08)։ «Могила Неизвестного солдата у Кремлёвской стены»։ РИА новости։ Վերցված է 2017-10-27 
  40. «Постановление ЦК КПСС и СМ СССР "О месте установления саркофага с телом Иосифа Виссарионовича Сталина"»։ oldgazette.ru։ 1953-03-06։ Վերցված է 2017-10-27 
  41. «Сталина и Брежнева могут перезахоронить в Мытищах»։ НТВета։ 2013-06-27։ Վերցված է 2017-10-27 
  42. «Перенос некрополя от Кремля расколет общество, считают потомки героев»։ РИА Новости։ 2013-06-28։ Վերցված է 2017-11-15 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вострышев Михаил Иванович, Шокарев Сергей Юрьевич Вся Москва от А до Я. — М.: Алгоритм, 2011. — 1064 с. — ISBN 978-5-4320-0001-9
  2. Рябчиков Е.И., Абрамов А.С., Романовский И.С. Красная площадь. — М.: Московский рабочий, 1980. — 240 с.
  3. Эрик Хан-Пира Язык власти и власть языка. — М.: Вестник АН СССР, № 4, 1991.
  4. Алексей Абрамов У Кремлёвской стены. — М.: Политиздат, 1988. — 384 с. — 200 000 экз. — ISBN 5-250-00071-1
  5. Сергей Романюк Сердце Москвы. — М.: Центрполиграф, 2013. — 909 с.
  6. Дмитрий Евдокимов Кремль и Красная площадь. — М.: ИТРК, 2003. — 272 с. — ISBN 5-88010-160-0
  7. Борис Бродский Сердце Родины - Кремль. — М.: Изобразительное искусство, 1996. — 152 с. — 10 000 экз. — ISBN 5-85200-036
  8. Зодчие Москвы. Кн.2. XX век. — М.: Московский рабочий, 1988. — 368 с. — 39 000 экз.
  9. Селим Хан-Магомедов Мавзолей Ленина. — М.: Просвещение, 1972. — 128 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Погребенные великаны. 100 лет некрополю у Кремлёвской стены. Проект ТАСС. 2017
  2. Сведения о похороненных на у Кремлёвской стены