Տարրական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տարրական դպրոց, հանրակրթական ուսումնա-դաստիարակչական հաստատություն, որը երեխաներին տարրական գիտելիքներ է տալիս մայրենի լեզվի, մաթեմատիկայի, ինչպես նաև բնության ու հասարակության մասին։ Տարրական դպրոցը (դասարաններ) երկրների մեծ մասի ժողովրդական կրթության ժամանակակից համակարգի նախնական աստիճան է։ Տարրական դպրոց ընդունվող երեխաների տարիքը և դպրոցում ուսման տևողությունը տարբեր երկրներում տարբեր է։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, ընդունվում են 5 տարեկանից, սովորում 4 տարի, Ֆրանսիայում՝ համապատասխանաբար 6 և 5, ԱՄՆ-ում՝ 6 և 6 կամ 8, Լատինական Ամերիկայի երկրներում՝ 6 և 5 կամ 6, Իտալիայում 6 տարեկան երեխաների համար պարտադիր է 3-ամյա ուսուցումը, լրիվ դասընթացը՝ 4—5 տարի։ Սոցիալիստական երկրների տարրական դպրոցներում (դասարաններում) ընդունվում են 6 (Հունգարիա, Չեխոսլովակիա, ԴԴՀ) կամ 7 (ԽՍՀՄ, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա) տարեկանից, ուսման տևողությունը՝ 3—4 տարի։ ԽՍՀՄ-ում, 1984 թվականի դպրոցական ռեֆորմի համաձայն, 1986 թվականից դպրոց ընդունվելու են 6 տարեկանից, տարրական դպրոցը դառնալու է 4-ամյա։ ԽՍՀՄ այժմյան տարածքում առաջին տարրական դպրոցները հիմնվել են Հայաստանում, IV—V դդ․ (տես Նախաէսրուցյան ղպրոցներ, Մեսրոպյան դպրոցներ), այնուհետև՝ Վրաստանում (VI դ․) Ռուսաստանում նման դպրոցներ բացվել են X— XI դդ․ ։ Հնագույն շրջանում տարրական կրթություն տվող դպրոցները մեծ դեր են կատարել լուսավորությունը տարածելու գործում, դրանց հիմքի վրա հետագայում (միջին դարեր) ստեղծվել են բարձր տիպի դպրոցներ ու համալսարաններ։ Հետագայում տարրական դպրոցների պահպանությունն ու հովանավորությունն ստանձնել են պետական իշխանությունների տեղական մարմինները (Ռուսաստանում, օրինակ, ծխական դպրոցների հետ միասին լայն տարածում են ստացել գեմստվային, գավառային ու նահանգային ստորին տիպի դպրոցները)։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո դպրոցների ղեկավարությունը հանձնվել է լուսժողկոմատին։ Միասնական աշխատանքային դպրոցների կանոնադրությամբ (1918) սահմանվել է տարրական դպրոցի ուսման 5-ամյա ժամկետ, որը 1923 թվականին, 7-ամյա դպրոցի ստեղծման կապակցությամբ, դարձել է 4 տարի, իսկ 60-ական թթ․ վերջերին՝ 3 տարի։ 1930 թվականին մտցվել է համընդհանուր պարտադիր տարրական ուսուցում։ ԽՍՀՄ-ում տարրական դպրոցներ ստեղծվում են հիմնականում ոչ մեծ բնակավայրերում, որոնցում չկա 8-ամյա կամ միջնակարգ դպրոց։ Տարրական դպրոցները և ոչ լրիվ միջնակարգ ու միջնակարգ դպրոցների համապատասխան դասարանները միասնական հանրակրթական դպրոցի օրգանական մասն են։ Բոլոր փուլերի կապն ու հաջորդականությունն ապահովվում է ուսումնական պլանների ու ծրագրերի, ուսումնա-դաստիարակչական աշխատանքի կազմակերպման սկզբունքների միասնությամբ։ տարրական դպրոցում թերի միջնակարգ ու միջնակարգ դպրոցների համապատասխան դասարաններում պարտադիր պարապմունքները շաբաթական 24 ուսումնական ժամ է։ Ազգային դպրոցներում ռուսաց և օտար լեզուներ դասավանդելու կապակցությամբ թույլատրվում է ծանրաբեռնվածության ավելացում 2—3 ժամով։ Տնային աշխատանքներ հանձնարարվում են այն հաշվով, որ 1-ին դասարանում դրանց կատարմանը տրամադրվի մինչև 1, 2-րդ-ում՝ մինչև 1,5, 3-րդում՝ մինչև 2 ժամ։ ՀԽՍՀ-ում տարրական դպրոցներն ստեղծվել են 1920-ական թթ․։ Դպրոցական համակարգի հետագա ծավալմանը զուգընթաց դրանք մնացել են որպես ոչ լրիվ և լրիվ միջնակարգ դպրոցների տարրական դասարաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 621 CC-BY-SA-icon-80x15.png