Երկաթե վարագույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկաթե վարագույրը պատկերված է սև գույնով: Վարշավյան դաշինքի երկրները նշված են կարմիր գույնով, ՆԱՏՕ-ի երկրները՝ կապույտով, ռազմականապես չեզոք երկրները՝ մոխրագույնով: Սև կետը խորհրդանշում է Բեռլինը: Հարավսլավիան, լինելով կոմունիստական երկիր, երկու դաշինքներից էլ համեմատաբար անկախ էր, դրա համար ներկված է կանաչով:

Երկաթե վարագույր (անգլ.՝ Iron Curtain), քաղաքական կլիշե, որը ակտիվ գործածության մեջ է մտցրել Ուինսթոն Չերչիլը՝ 1946 թվականի մարտի 5-ի իր Ֆուլտոնյան ելույթում, որը խորհրդանշում է Սառը պատերազմի սկիզբը[1][2]։ Երկաթե վարագույր ասելով՝ նկատի է առնվել տեղեկատվական, քաղաքական և սահմանային այն արգելքը, որը ԽՍՀՄ-ն և այլ սոցիալիստական պետությունները մեկուսացրել է կապիտալիստական պետություններից[2]։

Մեկուսացման քաղաքականությունը ունեցել է փոխադարձ բնույթ։ Ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի և արևմտյան մամուլի՝ վարագույրը ստեղծել է Խորհրդային Միությունը, իր ինքնամեկուսացման քաղաքականության շրջանակներում[2]։ Ըստ Խորհրդային մամուլի՝ երկաթե վարագույրը ԽՍՀՄ-ը մեկուսացնելու արևմտյան քաղաքականության արդյունքն է[3]։

Երկաթե վարագույրը իր քարոզչական իմաստով օգտագործվել է դեռ Չերչիլից առաջ՝ Ժորժ Կլեմանսոյի (1919) և Յոզեֆ Գեբելսի (1945) կողմից։ Ինչ վերաբերում է Խորհրդային Միության մեկուսացմանը, ապա այն սկսել էր դեռ 1917-1920 թվականներին։ 1917 թվականին այս արտահայտությունն առաջին անգամ օգտագործեց ռուս փիլիսոփա Վասիլի Ռոզանովը, որը Հոկտեմբերյան հեղափոխության դեպքերը համեմատեց թատերական ներկայացման հետ, որից հետո «ճռռալով» ռուսական պատմության վրա իջավ երկաթե հսկայական վարագույրը։ Խորհրդային Միության ինքնամեկուսացումն ուժգնացել է 1934-1939 թվականներին[4].

Երկաթե վարագույրն սկսեց քանդվել 1980-ականների վերջում ԽՍՀՄ-ի և արևմտաեվրոպական երկրների հրապարակայնության և բացության քաղաքականության արդյունքում։ Երկաթե վարագույրի վերջնական անկման խորհրդանիշն է համարվում Բեռլինի պատի անկումը։ Այս շրջանի պաշտոնական ավարտն է համարվում 1991 թվականի մայիսի 20-ը, երբ ԽՍՀՄ-ում ընդունվեց «ԽՍՀՄ-ից մեկնելու կարգի մասին» օրենքը։

Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի երկրների միջև նոր երկաթե վարագույրի առաջացումը և փոխադարձ մեկուսացումը սկսեց կրկին ուժգնանալ 2014 թվականին՝ Ուկրանիայում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ եվրոպական երկրների սանկցիաների արդյունքում Ռուսաստանը որոշեց ստեղծել նոր «երկաթե վարագույր»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]