Պոլ Պոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ Պոտ
կխմեր.՝ សាឡុត ស
PolPot.jpg
 
Կուսակցություն՝ Communist Party of Kampuchea?, Party of Democratic Kampuchea? և Cambodian National Unity Party?
Կրթություն՝ EFREI?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր մայիսի 19, 1925(1925-05-19)[1][2]
Ծննդավայր Prek Sbauv, Kampong Thom Province, Կամբոջա
Վախճանի օր ապրիլի 15, 1998(1998-04-15)[1][3][2] (72 տարեկանում)
Վախճանի վայր Anlong Veng District, Oddar Meanchey Province, Կամբոջա[1]
Գերեզման Anlong Veng District[4]
Թաղված Anlong Veng District[4]
Քաղաքացիություն Flag of Cambodia.svg Կամբոջա
Ի ծնե անուն վիետ․՝ Saloth Sar
Ամուսին Khieu Ponnary?[5]
 
Պարգևներ

ԿԺԴՀ հերոս և Պետական դրոշի շքանշան

Պոլ Պոտ (քմեր.՝ ប៉ុល ពត, իրական անունը` Սալոթ Սար (សាឡុត ស), մայիսի 19, 1925(1925-05-19)[1][2], Prek Sbauv, Kampong Thom Province, Կամբոջա - ապրիլի 15, 1998(1998-04-15)[1][3][2], Anlong Veng District, Oddar Meanchey Province, Կամբոջա[1]), կամբոջացի քաղաքական և պետական գործիչ, Կամպուչիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1963-1979 թթ.), Կամպուչիայի վարչապետ (1976-1979 թթ.), «Կարմիր քմերներ» շարժման առաջնորդ:

Պոտի կառավարման տարիները ուղեկցվել են զանգվածային բռնաճնշումներով և սովով, որի արդյունքում զոհ են գնացել 1-ից 3 միլիոն մարդ, այն դեպքում, երբ երկրում այդ տարիներին ապրում էր մոտ 8 միլիոն մարդ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Պոտի կենսագրությունը մշուշոտ է և շատ են մութ էջերը, քանի որ նա թաքցնում էր մանրամասնությունները: Հայտնի է, որ Սալոթ Սարը ծնվել է 1925 թվականին` Պրեկ-Սբաուվ գյուղում, քմերների գեղջկական ընտանիքում և 9 երեխաներից 8-րդն էր: Նրա քույրերից մեկը թագավորական արքունիքում թագաժառանգ արքայազն Սիսովատ Մոնիվոնգի հարճն էր, ումից ունեցել է որդի: Քույրերից մեկը թագավորական բալետի պարուհի էր և կրկին դարձել էր արքայազնի հարճը: Ավագ եղբայրներից մեկը նույնպես ծառայում էր արքունիքում: 9 տարեկանում Սալոթ Սարին ուղարկել են Պնոմպեն` հարազատների մոտ: Այնուհետև մի քանի ամիս, որպես սպասավոր, ծառայել է բուդդայական Վատ Բոտում Վադդեյ վանքում, որտեղ ուսումնասիրել է քմերերեն լեզուն և բուդդայականության հիմունքները: 1937 թվականին ընդունվել է կաթոլիկական École Miche դպրոցը, որտեղ ստացել է դասական կրթություն: Այն ավարտելուց հետո, 1942 թվականին ուսումը շարունակել է Կամպոնգտյամի քոլեջում, որից հետո, 1949 թվականին սովորել է Պնոմպենի տեխնիկական դպրոցում:

Ֆրանսիայում սովորելու տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Սալոթ Սարը ստացել է կառավարական կրթաթոշակ` Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար: Հասնելով Ֆրանսիա, նա ուղևորվել է Փարիզ, որտեղ սկսել է ուսումնասիրել ռադիոէլեկտրոնիկա: Հիշելով իր ուսանողական կյանքի առաջին տարին` Փարիզի համալսարանում, Պոլ Պոտը հետագայում նշում էր, որ շատ էր աշխատում և լավ ուսանող էր: 1950 թվականի ամռանը, այլ ուսանողների հետ միասին, նա աշխատելու է մեկնել Հարավսլավիա, որտեղ շուրջ մեկ ամիս աշխատել է Զագրեբում: Նույն թվականի վերջերին, Փարիզ է ժամանել նրա հին ընկերը` Իենգ Սարին: Վերջինս Սալոթ Սարին ծանոթացրել է հայրենասիրական տրամադրություններով տոգորված ազգայնամոլ Կենգ Վանսակի հետ: Հենց Կենգ Վանսակի բնակարանում էլ սկսեց աշխատել մարքսիստական խմբակը, որի ստեղծման մտահղացումը պատկանում էր Իենգ Սարիին և Ռատ Սամոյոնին: Խմբակի քննարկման շրջանակներում Կառլ Մարքսի «Կապիտալ. Քաղաքական տնտեսության քննադատություն» աշխատությունն էր:

1952 թվականին Սալոթ Սարը, Քմեր Դաոմ կեղծանունով ելույթ է ունենում իր առաջին քաղաքական ստեղծագործությունով: Կամբոջիական ուսանողության «Khmer Nisut» ամսագրի հատուկ համարում լույս է տեսնում նրա «Միապետություն կամ ժողովրդավարություն» հոդվածը: Հավանաբար այդ նույն թվականին Սալոթ Սարը ընդունվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերը, իսկ հետո սովորելու նկատմամբ կորցրել է հետաքրքրությունը և հեռացվել համալսարանից: 1952 թվականի դեկտեմբերի 15-ին նա լքել է Ֆրանսիան:

Վերադարձ Կամբոջա[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին Սալոթ Սարը վերադարձել է Կամբոջա և բնակություն հաստատել Պնոմպենում ապրող իր ավագ եղբոր մոտ: Մեկ ամիս անց նա փորձում էր կապ հաստատել հակաֆրանսիական պարտիզանական ջոկատների հետ, իսկ հետո ծանոթացել է Հնդկաչինի կոմունիստական կուսակցության տեղի ներկայացուցիչ Ֆամ Վան Բաի հետ: Սալոթ Սարը խնդրանքով դիմել է նրան` ընդունել իրեն կուսակցության շարքերը:

1953 թվականին Սալոթ Սարը ընդունվել է Կամբոջայի ժողովրդա-հեղափոխական կուսակցության շարքերը: Սկզբում նա աշխատում էր զանգվածային պրոպագանդայի բաժնում, իսկ հետո սկսեց այցելել կուսակցական կադրերի դպրոց:

Պոլ Պոտ կեղծանունը հանդիսանում է ֆրանսերեն «politique potentielle» («հնարավորի քաղաքականություն») արտահայտության կրճատ ձևը: Այդ կեղծանունը նա ընտրել էր դեռևս 1950-ական թվականներին, սակայն սկսեց օգտագործել 1976 թվականից:

Պարտիզանական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի փետրվարին Սալոթ Սարը դարձավ Կամպուչիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար: 1960-ական թվականների կեսերին Սալոթ Սարի խումբը կուսակցությունում, գնաց Չինաստանի հետ սերտ հարաբերություններ ստեղծելուն ընդառաջ և կուսակցության գործունեությունը մաոիստական ոճով վերակառուցելու ուղիով: Կուսակցությունում նշանակալից դեր ունեցավ այսպես կոչված «վեցի բանդան»` Սալոթ Սարը, Իենգ Սարին, Սոն Սենը և նրանց կանայք` Խիեու Պոնարին, Իենգ Թիրիթը և Յուն Յատը:

1967 թվականին, Բատամբանգ ծայրագավառում, իշխանություններին դիմակայություն ցուցաբերելու ավանդական ամրոցում, բռնկվեց գյուղացիական ապստամբություն, որը ճնշվեց կառավարական ուժերով: Այդ ապստամբությունը օգտագործվեց Կամբոջայի կոմունիստական կուսակցության կողմից, որը հայտնի էր «Կարմիր քմերներ» անունով` Սիանուկի դեմ զինված պայքար սկսելու նպատակով: Սալոթ Սարի կողմնակիցները կուսակցությունում և Կամպուչիայի հեղափոխական բանակը` դարձան «կարմիր քմերների» միջուկը:

Թագավորական բանակի դեմ պայքարին աջակցում էր Հյուսիսային Վիետնամը: Կուսակցության կազմը արագ աճում էր: Զանգվածային կերպով կուսակցության շարքերն էին ընդգրկվում կիսագրագետ և անգրագետ երիտասարդ գյուղացիները, ովքեր արդեն իսկ իրենք իրենց ցույց էին տվել զինված գործողություններում:

Լոն Նոլի վարչակարգի տապալումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին, երբ ամերիկյան Կոնգրեսը դադարեցրեց Լոն Նոլի կառավարությանը ռազմական օգնություն տրամադրել, «կարմիր քմերներ»-ը դարձան Կամբոջայի կառավարող կուսակցությունը: Երկրում կյանքի ղեկավարումը իրականացնում էր կոմունիստական կուսակցության «գերագույն կազմակերպությունը», որի գլուխ կանգնած էին Պոլ Պոտը, Իենգ Սարին, Խիեու Սամֆան, Սոն Սենը և նրանց կանայք: 1975 թվականի հունվարին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զորամասերը սկսեցին զանգվածային հարձակողական գործողություն` կառավարական ուժերի դեմ: Այդ հարձակմանը մասնակցում էր 70 հազար մարդ: Պոլ Պոտը հետագայում գրել է. «Մենք խիզախեցինք կատարել այդ հարձակումը, քանի որ ամբողջովին վերահսկում էինք և հակառակորդի, և մեր դրությունը»: 1975 թվականի ապրիլի 1-ին «կարմիր քմերներ»-ը նվաճեցին Նեակլուոնգ քաղաքը: Այդ նույն օրը Լոն Նոլը և ավելի քան 30 բարձրաստիճան պաշտոնյաներ ու գեներալներ, լքեցին մայրաքաղաքը և Թաիլանդում գտնվող Ուտապաո ամերիկյան բազա հասնելով, այնուհետև Ինդոնեզիայով անցնելով` հասան Հավայան կղզիներ:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զորամասերը մոտեցան Պնոմպենին և սկսեցին հրետանային հրթիռակոծման ենթարկել Պոչենտոնգ օդանավակայանը: Ապրիլի 17-ին «կարմիր քմերները» մտան Պնոմպեն: Հաղթանակից հետո Պոլ Պոտը գրել է. «Ամբողջ աշխարհում ոչ մի մարդ չէր հավատում մեզ: Բոլորը պնդում էին, որ Պնոմպենի վրա հարձակումը հեշտ գործ չէ, որ ամերիկյան ուժերի վրա գրոհելը բարդ խնդիր է: Մեզ չէր հերիքում զենքն ու զինամթերքը: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ մենք կարող ենք դա անել»:

Այն անզիջում դիրքորոշման շնորհիվ, որ բռնել էր Պոլ Պոտը Լոն Նոլի կառավարության նկատմամբ, իր ղեկավարության ներքո ստեղծված մարտունակ բանակի և կուսակցության շնորհիվ, աղքատ գյուղացիներին իր կողմը գրավելու և միաձուլելու ունակության, ինչպես նաև իր դերը` զինված պայքար կազմակերպելու մեջ և այլն, «կարմիր քմերներ»-ին բերեցին վերջնական հաջողության:

Պետության գլուխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պնոմպենի բնակչությունը դուրս էր եկել ողջունելու «ազատարարներին», սակայն ոչ ոք չէր կարծում, որ նոր իշխանությունը սկսելու է «մաքրել քաղաքները»: Մայրաքաղաքը վերցնելուց անմիջապես հետո, 2,5 միլիոն բնակչություն ունեցող Պնոմպենը, 72 ժամվա ընթացքում դատարկվեց իր բնակիչներից: Քաղաքից դեպի գյուղական վայրեր մարդկանց արտաքսելու հարցը բարձրացվել էր դեռևս 1971 թվականին` Կամպուչիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում, բայց այն ժամանակ դա հավանության չէր արժանացել: Սակայն 1975 թվականի փետրվարին, մայրաքաղաքը վերցնելուց մի քանի ամիս առաջ, Կամպուչիայի ազգային միացյալ ճակատի փակ նիստում, Պնոմպենի բնակչության արտաքսման ծրագիրը արժանացավ հավանության և «կարմիր քմերների» ղեկավարության կողմից չհանդիպեց ոչ մի ընդդիմության, բացի Հու Յունի անհամաձայնությունից: Այդ արարողությունը քննարկելիս, Պոլ Պոտը այն մեկնաբանում էր այսպես. «Քաղաքներից մարդկանց տարհանումը` դա մեր հաղթանակի պտուղները պահպանելու ամենակարևոր գործոններից մեկն էր: Անհրաժեշտ է չեզոքացնել քաղաքներում առկա քաղաքական և ռազմական ընդդիմությունը: Եթե մենք մարդկանց թողնենք քաղաքում, այդ դեպքում, չնայած մեր հաղթանակին, թշնամիները արագ գլուխ կբարձրացնեն և կսկսեն գործել մեր դեմ: Նրանց արտաքսումը գյուղական վայրեր, թույլ կտա վերահսկել նրանց»: Նրա կարծիքով, քաղաքների գոյությունը ստեղծում է անհավասարություն` բնակիչների միջև: Բնակչությանը բացատրում էին, որ «քաղաքը ախտի և անառակության կացարան է, կարելի է փոխել մարդկանց, բայց ոչ քաղաքները: Աշխատելով ճակատի քրտինքով, ջունգլիները արմատախիլ անելով և բրինձ աճեցնելով, մարդը վերջապես կհասկանա կյանքի իրական իմաստը: Հարկավոր է, որ նա հիշի, թե ինչ է եղել բրնձի սերմից: Բոլոր կամբոջիացիները պետք է դառնան գյուղացիներ»: Մարդկանց մեջ կային այնպիսիները, ովքեր «կարմիր քմերների» գործողությունները բացատրում էին նրանով, որ պատմության ընթացքում քմերները չորս անգամ փոխել էին իրենց մայրաքաղաքը, իսկ Պոլ Պոտը արտակարգ պայմաններից դրդված, միայն հետևում է պատմական ավանդույթներին:

Հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում ծերերի, հաշմանդամների, հղի կանանց, ստիպում էին ոտքով շարժվել առաջ և անցնել երկար ճանապարհ, չնայած այն հանգամանքին, որ տարվա ամենաշոգ արևադարձային եղանակն էր: Տասնյակ հազարավոր մարդիկ գնդակահարվեցին ճանապարհին: Շատերը մահացան ուժերի վատնումից, արևահարումներից և սովից: Մնացածը, հասնելով նախանշված վայր, մահանում էին դանդաղորեն: Հաճախ, հրմշտոցի և խառնաշփոթության պահերին, ընտանիքի անդամները կորցնում էին միմյանց: 1979 թվականին արված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 100 արտաքսված քաղաքաբնակ ընտանիքներից կենդանի է մնացել ընդամենը 41%-ը: Պնոմպենի հազարավոր բնակիչների հետ միասին, մայրաքաղաքը լքեցին նաև Պոլ Պոտի հարազատները, ովքեր նրա մասին ոչ մի տեղեկություն չունեին դեռ 1960-ական թվականների սկզբից: Նրա ավագ եղբայր Սալոթ Չհայը, ինչպես շատ ուրիշ արտաքսվածներ, մահացավ ճանապարհին, իսկ մյուս եղբայր Լոտ Սուոնգը, իր կնոջ հետ միասին, հասել են մինչև իրենց հայրենի Կոմպոնգտոմ ծայրագավառը, որտեղ ապրել են գեղջուկի կյանքով: Նրանց միակ որդին, Պոլ Պոտի զարմիկը, մահացել է սովից` ծաղրուծանակի ենթարկվելով:

Պնոմպենի մոտ 3 միլիոն բնակչությունից, քաղաքում մնացին միայն 20 հազար մարդ, հիմնականում զինվորներ, սպաներ և ղեկավար հրամկազմը: Ապրիլի 18-ին, բնակչությունը լքեց Ռիյոմ քաղաքը, ապրիլի 24-ին` Պոյպետ քաղաքը, ապրիլի 28-ին` Պայլին քաղաքը և այդպես շարունակ: Միաժամանակ երկրի արևելյան շրջանների գյուղացիներին արտաքսեցին արևմտյան շրջաններ, իսկ արևմտյան շրջանների բնակիչներին` արևելյան շրջաններ: Ապրիլի 23-ին, Պոլ Պոտը գաղտնի դուրս եկավ դատարկված մայրաքաղաք և երկաթուղային կայարանի մոտ տեղադրեց իր առաջին շտաբը, շրջապատելով այն պաշտպանական երկու օղակով:

Նոր հասարակարգի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի ապրիլի 25-ից 27-ը, Պնոմպենում տեղի ունեցավ ազգային արտակարգ կոնգրես, որում հայտարարվեց, որ նոր իշխանությունը մտադիր է Կամբոջայում կառուցել «ազգային համաձայնության համայնք, որի հիմքը պետք է լինեն հավասարությունը և ժողովրդավարությունը, պետք է բացակայեն շահագործողներն ու շահագործվողները, հարուստներն ու աղքատները, որտեղ բոլորը պետք է աշխատեն»: Գալով իշխանության, Պոլ Պոտի կառավարությունը իր առջև երեք խնդիր դրեց, որոնք անհապաղ պետք է լուծում ստանային.

  • Դադարեցնել կամպուչիական հասարակության հիմք հանդիսացող գյուղացիությանը սնանկացնելու քաղաքականությունը: Վերացնել կաշառակերությունն ու վաշխառությունը:
  • Չեզոքացնել Կամպուչիայի հավերժական կախվածությունը արտասահմանյան երկրներից:
  • Կարգուկանոն հաստատել երկրում, որն ավելի ու ավելի է խորանում անիշխանության մեջ: Դրա համար առաջին հերթին պետք է ստեղծել կոպիտ քաղաքական վարչակարգ:

Երկրի ամբողջ բնակչությունը բաժանվեց երեք հիմնական կատեգորիաների: Առաջինը` «հիմնական ժողովուրդն» էր, որի մեջ ընդգրկված էին մարզերի բնակիչները: Երկրորդը` «նոր ժողովուրդն» էր կամ «ապրիլի 17-ի մարդիկ»: Դրանք քաղաքների և գյուղերի այն բնակիչներն էին, ովքեր երկար ժամանակ գտնվել են ամերիկացիների կողմից օկուպացված տարածքներում կամ Լոն Նոլի խամաճիկական ուժերի վերահսկողության տակ: Բնակչության այդ մասը պետք է անցնի վերադաստիարակման լուրջ փուլ: Երրորդը` մտավորականությունն է, հետադիմական հոգևորականությունը, նախկին վարչակարգում պետական համակարգում աշխատած և ծառայած մարդիկ, Լոն Նոլի բանակում ծառայություն անցած սպաներ և սերժանտներ, ինչպես նաև Հանոյում վերապատրաստում անցած ռևիզիոնիստները: Այս կատեգորիայի բնակիչները պետք է ենթարկվեն լայնամասշտաբ մաքրման:

Էթնիկ փոքրամասնությունների դրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջայում բնակվում են ավելի քան 20 էթնիկ խմբեր, որոնցից ամենամեծը հանդիսանում են քմերները: Կամբոջայի ժողովուրդները ակտիվորեն մասնակցել են քաղաքացիական պատերազմին և իրենց ներդրումն են ունեցել Լոն Նոլի կառավարության դեմ հաղթանակ տանելու գործում: Էթնիկ փոքրամասնությունները կամբոջիական բնակչության ընդամենը 15%-ն են կազմել այդ տարիներին: Հատկանշական է այն փաստը, որ Պոլ Պոտի թիկնապահների մեծամասնությունը էթնիկ խմբերից էին` օրինակ ջարայներ կամ տամպուաններ: Սակայն «կարմիր քմերների» իշխանության տարիներին, էթնիկ փոքրամասնությունները ենթարկվեցին զանգվածային ոչնչացման: «Անգկի» գավառային իշխանության հրահանգում նշվում էր. «Կամպուչիական հեղափոխությունը` դա մեկ ամբողջություն է: Մեկ ամբողջություն է նաև կամպուչիական ազգը: Միակ լեզուն քմերերեն լեզուն է: Այսուհետ Կամպուչիայում գոյություն չունի այլ ազգություն... Այդ իսկ պատճառով բնակիչները պետք է փոխեն իրենց անունները քմերական անուններով: Նախկին ազգությունների լեզուները, էթնիկական առանձնահատկությունները, հագուստը, սովորույթները և կրոնը, պետք է հաստատապես արմատախիլ արվեն: Այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվի հրամանին, պետք է ամբողջովին ենթարկվեն պատասխանատվության»:

Բնական է, որ Դեմոկրատական Կամպուչիայի` 1976 թվականին ընդունված սահմանադրության մեջ ոչինչ չէր ասված էթնիկ խմբերի մասին: Պեկինում լույս տեսած պոլպոտովյան ամսագրում հաստատվում էր, որ Դեմոկրատական Կամպուչիայի ժողովուրդը 99%-ով կազմված է քմերներից և բազմաթիվ ազգային փոքրամասնությունները, ովքեր բնակվում են մեկ ընդհանուր մեծ ընտանիքում, միահամուռ են երկրի պաշտպանության և շինարարության գործում:

Զանգվածային ոչնչացման են ենթարկվել լաոները, կուլաները (բիրմացիներ) և այլ ազգություններ: Եթե թայցիները (թաիլանդցիներ) 1975 թվականի սկզբին Կամբոջայում եղել են մոտ 20 հազար, ապա 1979 թվականին մնացել էին ընդամենը 8 հազար: Առավելապես հալածվում էին վիետնամցիները, քանի որ Կամպուչիան հարևան Վիետնամի հետ սահմանային պատերազմի մեջ էր: Հազարավոր վիետնամցիներ սպանվել են, իսկ մնացածը արտաքսվել են: Կամբոջայում ապրող վիետնամցիների 37,5%-ը և չինացիների 38,4%-ը անհետ կորել են: Դաժան հալածանքների են ենթարկվել մուսուլմանները` չամերը (տյամ) և մալայացիները: 1975 թվականից սկսած, չամերը տեղահանվել են իրենց գյուղերից, իսկ նրանց գյուղերը վերանվանվել են քմերական անվանումներով: Նրանց բնակեցնում էին քմերական բնակչության շրջանում` այն հաշվարկով, որ այնտեղ լիներ 1 չմերական ընտանիք և 19 քմերական ընտանիք: Նրանց կտրականապես արգելում էին խոսել իրենց մայրենի լեզվով, ստիպում էին հրաժարվել իրենց սովորույթներից և հետևեին քմերական մշակույթին: Բացի դրանից, չամերին արգելված էր հանդիպել միմյանց և ամուսնություններ կազմակերպել իրենց համայնքում, նրանց նորածին երեխաներին խլում էին, որպես պետական սեփականություն և դաստիարակելու համար տալիս էին քմերական ընտանիքներին: Ըստ որոշ տվյալների, զոհվել է չամերի ուղիղ կեսը կամ 40,6%-ը:

Կամպուչիայի սահմանադրությունում ասվում էր. «Կտրականապես արգելվում են հետադիմական կրոնները, որոնք վնասում են Դեմոկրատական Կամպուչիային և ժողովրդին»: Հալածանքների էին ենթարկվում բուդդայական, մուսուլմանական և քրիստոնեական համայնքները: 1975 թվականի ապրիլի 18-ին, բուդդայական Պրանգ պագոդայում սպանվել է մահանիկայա աղանդի գերագույն ղեկավարը: Իշխանության ներկայացուցիչը համոզում էր գյուղացիներին. «Բուդդան Կամբոջայում չի ծնվել: Այդ դեպքում ինչու պետք է քմերները հետևեն Հնդկաստանից եկած այդ կրոնին: Այդ իսկ պատճառով մեր հեղափոխական կուսակցությունը կտրականապես հրաժարվում է բուդդայական կրոնից: Մենք բոլորս եղբայրներ ենք և պետք է հրաժարվենք այդ թշնամական գաղափարախոսությունից, որը մշակվել է իմպերիալիստների կողմից»:

Կամբոջայում ավերվել և կործանվել են բոլոր 114 մզկիթները, Ղուրանը և այլ սուրբ գրքեր այրվել են: Բոլոր մուսուլմաններին, որպես պատիժ, ստիպում էին զբաղվել խոզաբուծությամբ, չենթարկվողներին գնդակահարում էին: Քրիստոնյաների քանակը Կամբոջայում, կրճատվել էր 48,6%-ով:

Ընդդիմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարմիր քմերների» իշխանության առաջին ամիսներից սկսած, նրանք հանդիպեցին բողոքի ցույցերի, որն աստիճանաբար ստացավ ավելի մեծ և զանգվածային բնույթ: 1975 թվականի սեպտեմբերին, ապստամբեցին Սիեմռեապ գավառի բնակիչները: Նոյեմբերին Տրեա գյուղի չամերը նույնպես ապստամբեցին: Գյուղը հողին հավասարեցվեց, իսկ կենդանի մնացած չամերին մահապատժի ենթարկեցին` գլուխները բրիչով (հողուրագ) ջարդելու միջոցով:

1977 թվականին, Պնոմպենի պաշտպանության 170-րդ դիվիզիայի 600 զինվոր ապստամբեցին, որը սակայն անմիջապես ճնշվեց: Հրամանատարին գնդակահարեցին, իսկ մյուս երեք ղեկավարներին կենդանի այրեցին քաղաքային մարզադաշտում: Ապրիլին Չիկրենգեում ծագած ապստամբությունը, որը շարունակվեց մոտ մեկ շաբաթ, դաժանորեն ճնշվեց:

Ցույցերին սկսեցին մասնակցել նաև իշխանության ներկայացուցիչներ: 1977 թվականի մայիսին, զինվորական գնդերից մեկի վեց սպա, այդ թվում նաև Հուն Սենը, անցան Վիետնամի տարածք և առաջարկեցին իրենց ծառայությունը` վարչակարգը տապալելու գործում: Կոհկոնգ ծայրագավառում, կուսակցական ղեկավարներից մեկի կողմից սկիզբ առած ապստամբությունը վերածվեց պարտիզանական շարժման, որը լրջորեն խանգարում էր տրանսպորտային կապին: 1978 թվականին, երկրի զինվորական շրջաններից մեկում ծագած ապստամբական շարժումը գլխավորում էր Պետական նախագահության նախագահի առաջին տեղակալը:

Բախում Վիետնամի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1975 թվականի ապրիլի 17-ին «կարմիր քմերներ»-ը մտան Պնոմպեն, այդ ժամանակ հյուսիսվիետնամյան զորքերը զանգվածային հարձակման արդյունքում կոտորեցին հարավի ուժերին և ապրիլի 30-ին գրավեցին Սայգոնը (Հոշիմին)` միացնելով երկրի երկու մասերը և ավարտելով երկարամյա Վիետնամի պատերազմը: Վիետնամի կոմունիստների հաղթանակը ստիպեց Չինաստանին, փոխել իր քաղաքականությունը Վիետնամի նկատմամբ: Վիետնամի և Կամպուչիայի միջև ծագած զինված բախումները, ամերիկացիները դիտում էին որպես խորհրդա-չինական հարաբերությունների պառակտման արդյունք: ԱՄՆ նախագահի խորհրդական Զբիգնև Բժեզինսկին այդ բախումն անվանում էր «պատերազմ ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև` միջնորդների միջոցով»: Չինաստանը Կամպուչիայի քաղաքական գործընկերն էր այն դեպքում, երբ Վիետնամը ուներ խորհրդային կողմնորոշում: Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալի հայտարարությամբ, վիետնամա-կամբոջիական բախման հիմնական մեղավորը Չինաստանն էր: Պեկինի օգնությամբ պոլպոտյան բանակը 1977 թվականին` 50 հազարից դարձավ 70 հազար:

Մայիսի 1-ին «կարմիր քմերներ»-ը ներխուժեցին Վիետնամի տարածք` Հատիեն և Տեյնին քաղաքների միջև: Մայիսի 4-ին դեսանտ իջեցրին վիետնամական Ֆուկուոկ կղզու վրա, մայիսի 10-ին զավթեցին Թհոտյու կղզին: Նույն թվականին, երբ Պոլ Պոտը այցելել էր Վիետնամ, բանակցությունների ժամանակ բացատրում էր, որ Ֆուկուոկ կղզում կամպուչիական զինվորների հայտնվելը` հրամանատարների կողմից սահմանագծի անցման տեղանքը չիմանալու արդյունք էր:

Բացի այդ, կամբոջա-վիետնամյան հարաբերությունների սրման պատճառներից մեկը նաև «կարմիր քմերների» չափազանց ազգայնամոլությունն էր, որն արտահայտվում էր և իրենց երկրում բնակվող վիետնամցիների, և հարևան Վիետնամի նկատմամբ: Պոլ Պոտը նույնիսկ հայտարարում էր, որ Վիետնամը իրենց թիվ մեկ թշնամին է, իրենց ավանդական թշնամին և պետք է կործանվի ամեն գնով: Նա իր հրապարակային ելույթներում մշտապես հղում էր կատարում Կամբոջայի փառավոր պատմական անցյալին, Քմերական կայսրության (Կամբուջադեշա) գոյության ժամանակաշրջանին, որի տարածքների մեջ մտնում էին Կամբոջան, Վիետնամը, Թաիլանդը և Լաոսը: Պնոմպենյան ռադիոյով նա հաճախ էր կրկնում, որ դեռ իր կյանքի ընթացքում, ինքը հույս ունի, որ մի օր ազատագրելու է Սայգոնը:

1977 թվականի ապրիլից մինչև 1978 թվականի դեկտեմբեր ամիսը, կամբոջա-վիետնամյան 1100 կմ երկարություն ունեցող սահմանի երկայնքով մեկ` սկսվեց սահմանային պատերազմ: Կամբոջիական զորքերը 10 կմ խորությամբ ներխուժեցին Վիետնամի տարածք և ծայրահեղ դաժանությամբ կոտորեցին հարևան երկրի բնակիչներին: Տներից մեկում հայտնաբերվել են երեք սպանված կնոջ և երեք երեխաների դիակներ: Կանանց որովայնը բացված էր: Նրանց կողքին ընկած թղթի կտորի վրա գրված էր. «Սա մեր հողն է»: Հրկիզելով տները, սպանելով մարդկանց և ոչնչացնելով ցանքսերը, պոլպոտյան զորախմբերը անմիջապես ետ էին քաշվում, երբ գրոհի վայրին էին մոտենում վիետնամական բանակի զորամասերը: 1977 թվականի դեկտեմբերին, վիետնամական ուժերը խորանալով Կամպուչիայի տարածքում, հասան մինչև Սվայռիենգ քաղաքին: Դեկտեմբերի 31-ին պաշտոնական Պնոմպենը հայտարարեց, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները Հանոյի հետ: Դրան զուգահեռ, Կամպուչիայում սկսվեց ակտիվ հակավիետնամյան պրոպագանդա: Տարածվում էին զանազան կոչեր, օրինակ` «Վիետնամը Կամպուչիայի թիվ մեկ թշնամին է», «Պատրաստ ենք Վիետնամի դեմ կռվել 700 տարի», «Մեր թիկունքին 800 միլիոն չինացի կա», «Եթե մեկ կամպուչիացին սպանի 30 վիետնամցու, մենք կհաղթենք», «Մեզ բավական է զոհել երկու միլիոն քմեր, որպեսզի ոչնչացնենք 50 միլիոն վիետնամցու» և այլն:

1978 թվականի դեկտեմբերի 22-ին կամբոջիական բանակը տանկերով ու հրետանիով գրոհեց վիետնամական Բենշոյ քաղաքի վրա, նպատակ ունենալով խորանալ Վիետնամի տարածք: Վիետնամի կառավարությունը, Դեմոկրատական Կամպուչիայի նման վարմունքում տեսնելով վտանգ` իր ազգային անվտանգության նկատմամբ, սկսեց պատրաստվել հարևան երկրի տարածք ներխուժելուն: Դեկտեմբերի 25-ին Վիետնամի ժողովրդական բանակը անցավ քմերական սահմանը և լուրջ դիմադրության չհանդիպելով, հրետանու և օդուժի աջակցությամբ սկսեց առաջ շարժվել Կամբոջայի տարածքով: Դեկտեմբերի 29-ին արած իր հայտարարության մեջ Պոլ Պոտը նշում էր, որ անխուսափելի է վիետնամցիների պարտությունը, որ այս պատերազմում խառն է Վարշավյան դաշինքի մատը:

1979 թվականի հունվարի 1-ին Պնոմպենում արդեն լսելի էին հրետանու համազարկերը: Հունվարի 2-ին վիետնամցիները փորձեցին առևանգել Նորոդոմ Սիանուկին, սակայն հանդիպեցին նրան պահպանող զինվորների դիմադրությանը, որից հետո նախկին թագավորին քաղաքից տարհանեցին: Հունվարի 7-ի առավոտյան, վիետնամական զորքի Պնոմպեն մտնելուց առաջ, հարյուրավոր պաշտոնյաներ լքեցին մայրաքաղաքը: Պոլ Պոտը լքեց Պնոմպենը ուղղաթիռով: «Կարմիր քմերների» վարչակարգը, որը կառավարում էր երկիրը շուրջ 3,5 տարի, տապալվեց: Վիետնամի աջակցությամբ եկած նոր կոմունիստական իշխանությունը` Հենգ Սամրինի գլխավորությամբ, հայտարարեց Կամպուչիայի Ժողովրդական Հանրապետության ստեղծումը:

Ողբերգական արդյունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի հուլիսի 15-ին Պնոմպենում կազմավորվեց ժողովրդա-հեղափոխական դատական կազմ, «կարմիր քմերների» կողմից գործած հանցագործություններն ու եղեռնագործությունը քննելու նպատակով: Պոլ Պոտն ու Իենգ Սարին մեղավոր ճանաչվեցին և հեռակա դատապարտվեցին մահապատժի` գույքի ամբողջ բռնագրավմամբ: Դատարանը մեղադրեց նաև չինական կառավարությանը, քանի որ այդ երկրի կառավարող շրջանակները ոգևորում էին և մասնակից էին «կարմիր քմերների» կողմից տարվող քաղաքականությանը:

Որքան մարդ էր զոհվել երեք ու կես տարվա ընթացքում, դժվար է ասել: «Կարմիր քմերների» շատ առաջնորդներ, մինչև իրենց կյանքի վերջը հերքում էին եղեռնի փաստը կամ էլ չէին ընդունում մեծաթիվ զոհերի քանակը: Շարքային անդամները վստահեցնում էին, որ իրենք չգիտեին, թե իրականում ինչ է կատարվում երկրում: Իր վերջին ասուլիսի ժամանակ, 1979 թվականին Պոլ Պոտը պնդում էր, որ ժողովրդական բարեկեցության համար տարվող իրենց քաղաքականության արդյունքում, չէր կարող զոհվել մի քանի հազարից ավել կամբոջիացի: Տեղի ունեցածի մեջ նա մեղադրում էր վիետնամցիներին և նրանց գործակալներին, կամբոջիացու մարմնով, բայց վիետնամցու ուղեղով մարդկանց, ովքեր դավաճանել էին հեղափոխությանը: Բացի այդ, մինչ մեր օրերը հասած գրավոր նյութերի մեջ չկա որևէ պահպանված փաստաթուղթ, որի տակ լինի Պոլ Պոտի ստորագրությունը:

1995 թվականին, մի զինվորական, ով ներկա է եղել Պոլ Պոտի կողմից կազմակերպված ուսումնապատրաստական հանդիպմանը, մամլո ասուլիսի ժամանակ պատմել է. «Մի անգամ Թաիլանդում, շաբաթական պարապմունքների ժամանակ, ես հարցրի նրան 1975-1978 թվականների մասին, թե ինչու է նա այդքան շատ մարդ սպանել: Նա ասաց, որ այն ժամանակ իրավիճակը շատ խճճված էր, մենք դեռ չունեինք օրենքներ և կարգուկանոն, մենք նման էինք երեխաների, որոնք նոր էին սովորում քայլել: Ես պատասխանատու էի ամեն ինչի համար, այնպես որ մեղքը իմն է, բայց ընկեր, ցույց տուր ինձ գոնե թեկուզ մեկ փաստաթուղթ, որն ապացուցի, որ ես անձամբ պատասխանատու եմ այդ մահերի համար»:

Նախկին նախագահ Լոն Նոլը հայտնում էր, որ զոհվել է 2,5 միլիոն մարդ, իսկ Կամպուչիայի ժողովրդա-հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար Պեն Սովանը նշում էր 3.100.000 թիվը: Այլ տվյալներով, զոհերի քանակը եղել է 1.500.000 մարդ: 1983 թվականին կազմված արձանագրության մեջ նշվում է 2.746.105 մարդկային զոհերի և 568 663 անհետ կորած մարդկանց մասին, ովքեր կամ զոհվել են ջունգլիներում կամ թաղված են զանգվածային թաղման գերեզմանափոսերում: Սպանվածների քանակը գնահատվում է 3.374.768 մարդ, բացի այդ, ավելի քան 200 000 երեխա մնացել են որբ:

Չնայած Ժողովրդա-հեղափոխական դատարանը Պոլ Պոտի և Իենգ Սարիի վարչակարգի վերաբերյալ իր վճիռը կայացրել էր դեռևս 1979 թվականին, «կարմիր քմերների» ղեկավարների դատավարությունը սկսվեց միայն 21-րդ դարում: 2006 թվականին դատարանի առաջ կանգնեցին S-21 բանտի պետ Կանգ Կեկ Իեուն, նախկին արտաքին գործերի նախարար Իենգ Սարին (եղբայր համար երեք), վերջինիս կինը` նախկին սոցիալական պաշտպանության նախարար Իենգ Թիրիթը, նախկին նախագահության նախագահ Հիեու Սամֆանը (եղբայր համար հինգ) և «կարմիր քմերների» գլխավոր գաղափարախոս Նուոն Չեան (եղբայր համար երկու):

Հետագա քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պնոմպենը կորցնելուց հետո «կարմիր քմերներ»-ը նահանջեցին արևմուտք` դեպի Կամբոջայի և Թաիլանդի սահմանը: Այդ տարածքը դարձավ նրանց հիմնական խարսխակայանը` հետագա երկու տասնամյակների ընթացքում: Վեց ամսվա ընթացքում, բավականին հաջող գործողությունների արդյունքում սպանվել, բռնվել կամ կամավոր գերի են հանձնվել «կարմիր քմերների» 42 հազար զինվոր և սպա, ոչնչացվել է Ամլեանգում գտնվող գլխավոր շտաբը, ոչնչացվել են նաև Պոուսատ ծայրագավառում գտնվող նրանց խոշորագույն հենակետերը և նախկին նավատորմի մնացորդները: Թվում էր թե «կարմիր քմերներ»-ին հասցվել է լուրջ հարված, բայց ծավալվող հանգամանքների արդյունքում Պոլ Պոտին սկսեցին աջակցել ոչ միայն Չինաստանը, այլ նաև Թաիլանդն ու ԱՄՆ-ն, որոնք կիսում էին նրա թշնամանքը Վիետնամի նկատմամբ: Թաիլանդը Չինաստանի հետ պայման էր կապել, որ «կարմիր քմերներ»-ին ապաստան կտա մեկ պայմանով, եթե Չինաստանը չօգնի Թաիլանդի կոմունիստական կուսակցությանը, որը պարտիզանական պատերազմ էր սկսել Թաիլանդում: ԱՄՆ-ը, Չինաստանի և ԽՍՀՄ-ի հարաբերությունների պառակտումից օգտվելով, բարեկամական հարաբերություններ էր ստեղծել Չինաստանի հետ և չէր խառնվում չին-թաիլանդական պայմանավորվածությանը, այլ ընդհակառակը, նույնիսկ պաշտպանում էր Պոլ Պոտի պատգամավորության ներկայությունը ՄԱԿ-ում: Անձամբ Պոլ Պոտի համար գլխավոր նպատակ էր դարձել` դուրս քշել վիետնամական զորքը երկրից: Չինաստանի օգնությամբ «կարմիր քմերներ»-ը կարողացան վերազինվել և վերակազմավորել իրենց ջոկատները: 1983 թվականին արդեն, նրանք կարողացան վերականգնել 9 դիվիզիա և նույնիսկ ստեղծեցին հատուկ ջոկատ` խոր թիկունքում գործելու նպատակով:

Պոլ Պոտը դեռևս մնացել էր որպես «կարմիր քմերների» առաջնորդ: Նրա ներկայացուցիչները մտնում էին Դեմոկրատական Կամպուչիայի կոալիցիոն կառավարության կազմի մեջ, որը մինչև 1990-ական թվականների սկիզբը, ՄԱԿ-ի կողմից ճանաչվում էր որպես Կամբոջայի օրինական կառավարություն: Նրա ազդեցությունը նվազեց ՄԱԿ-ի կողմից վերահսկվող ազգային հաշտության գործընթացը սկսելուց հետո: Պոլ Պոտից հեռացան ազդեցիկ համախոհները, որոնցից մեկը Խիեու Սամֆանն էր: 1997 թվականին Պոլ Պոտի հրամանով, իր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին սպանվեց Սոն Սենը: Նրա մահը «կարմիր քմերների» ղեկավարության մեջ վրդովմունք առաջացրեց: Տա Մոկի հրամանով Պոլ Պոտը ձերբակալվեց և ենթարկվեց տնային կալանքի: Լրագրողների ներկայությամբ նրան դատեցին և մեղադրեցին դավաճանության մեջ:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Պոտն ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին կինը Խիեու Պոնարին էր, ում հետ ամուսնացել էր 1956 թվականին: Նրանք ամուսնալուծվել են 1979 թվականին: Երկրորդ անգամ ամուսնացել է 1985 թվականին: Այդ ամուսնությունից ծնվել է դուստրը` Սիտան (Սար Պատչադա, ծնվ. 1986թ.), ով ներկայումս ապրում է Կամբոջայի հյուսիս-արևմուտքում, Թաիլանդի սահմանամերձ շրջանում, վարելով բոհեմյան ապրելակերպ: 2014 թվականին հայտարարվել է նրա ամուսնության մասին:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Պոտը մահացել է 1998 թվականի ապրիլի 15-ին, Տա Մոկի բառերով` սրտի անբավարարությունից: Սակայն բուժզննումը ցույց էր տվել, որ մահը վրա է հասել թունավորման արդյունքում: Կան նաև վարկածներ, որ Պոլ Պոտը մահացել է ջունգլիներում հիվանդանալուց կամ ինքնասպան է եղել: Չնայած կառավարության պահանջներին` Պոլ Պոտի մարմինը ներկայացնելու, որպեսզի կատարվի մանրամասն հետազոտություն, այն մի քանի օր անց դիակիզվել է Անլոնգվենգում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]