Կուլակ
Կուլակ (ռուս.՝ кулак - բռունցք բառից, սկզբնապես՝ թալանչիական շահագործումով, վաշխառությամբ, չարաշահությամբ հարստացած մարդ-կուլակ), Ռուսական կայսրության գոյության վերջնահատվածում՝ մինչև Հոկտեմբերյան բոլշևիկյան հեղափոխությունը, ավելի քան 3,2 հա հող ունեցող և վարձու աշխատանք օգտագործող ունևոր գյուղացիական խավի (գյուղական բուրժուազիա) ներկայացուցիչներին բնութագրելու համար օգտագործվող եզրույթ։ Այլ կերպ ասած անձ, որն իր համագյուղացիներին կախման մեջ էր գցում իրենից և պահում «բռունցքի» («кулак») մեջ[1]՝ հատկապես նկատի ունենալով Ստոլիպինյան ագրարային ռեֆորմից հետո հարստացած կալվածատերերին։
Հեղափոխությունից հետո (1917) «կուլակություն» եզրույթը ստացել է քաղաքական բնույթ` նշանակելով հետկապիտալիստական անցումային շրջանի գյուղացիական միջին դաս, գյուղական վերնախավ և լայն իմաստով` այլոց վարձու աշխատանքը շահագործողների դաս[1]։ 1920-ականների ավարտին, առաջին Հնգամյա պլանի ժամանակաշրջանում, ԽՍՀՄ-ում կուլակությունը լայն հանրությանը սկսեց ներկայացվել որպես «դասակարգ» ՝ ձեռք բերելով խորհրդային գաղափարախոսության և խորհրդային կարգերի դեմ հանդես եկող զանգվածի հեղինակություն[1]։
1928 թվականին խորհրդային իշխանությունը լայնածավալ հակակուլակային քարոզչություն սկսեց։ 1929 թվականին, «Պրավդա» թերթի նոյեմբերի 7-ի № 259 համարում Իոսիֆ Ստալինը հայտարարեց, որ անհրաժեշտ էր «վերացնել կուլակությունը որպես դասակարգ»[1][2], ինչը նախևառաջ ենթադրում էր կուլակներին զրկել արտադրական բոլոր միջոցներից` հողի վարձակալության իրավունքից, գործիքներից, աշխատուժի վարձակալության իրավունքից[1]։ Երկրում սկիզբ առավ համատարած կուլակաթափություն։
1930–1931 թվականներին արտաքսվեց ավելի քան 1,8 միլիոն գյուղացի։ Հակակուլակային քարոզարշավը նպատակաուղղված էր պայքարելու հակահեղափոխության և գյուղի սոցիալիստական շինարարությանը խոչընդոտողների դեմ։ Գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացմանը զուգընթաց իրականացվող այս քաղաքականությունը փաստորեն պետական վերահսկողության տակ մտցրեց գյուղատնտեսության ոլորտը և բանվորների աշխատանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Կուլակ, կուլակություն». armeniatotalitaris.am. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ Robert Conquest (1986) The Harvest of Sorrow: Soviet Collectivization and the Terror-Famine. Oxford University Press. 0-19-505180-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 715)։ |
|