Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 Ռուսաստանի պատմություն
Coat of Arms of the Russian Federation.svg
Հին սլավոններ, ռուսեր (մինչև 9-րդ դարը)
Հին ռուսական պետություն (9-13 դդ.)
Նովգորոդյան Ռուսիա (862-882)
Կիևյան Ռուսիա (882-1240)
Կայսերապատկան Ռուսիա (12-16 դդ.)
Նովգորոդի Հանրա (1136-1478)
Վլադիմիրի իշխանություն (1157-1389)
Լիտվական և Ռուսական իշխանություն (1236-1795)
Մոսկվայի իշխանություն (1263-1547)
Ռուսիայի միավորում
Ռուսական ցարություն (1547-1721)
Ռուսական կայսրություն (1721-1917)
Ռուսաստանի հանրապետություն (1917)
Խորհրդային Ռուսաստան (1917-1922)
Այլ կազմավորումներ
Խորհրդային Միություն (1922-1991)
Ռուսաստանի Դաշնություն (1991-ից)

Ղեկավարներ | Ժամանակագրություն
Ռուսաստան Ռուսաստանի պորտալ

Ստոլիպինյան Գյուղատնտեսական Ռեֆորմ, գյուղացիական հողաբաժինների (հողատիրության) բուրժուական ռեֆորմ Ռուսաստանում։ Սկսել է իրականացվել 1906 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով, դադարեցվել 1917 թվականի հունիսի 28–ին։ Նախաձեռնողը և ղեկավարը Ստոլիպինն էր։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի գլխավոր բովանդակությունը համայնքի վերացումն ու գյուղացիական մասնավոր հողային սեփականության արմատավորումն էր։ Հողաբաժինների առուծախի թույլտվությունը հեշտացնում էր չքավորության դուրս մղումը գյուղից և հողի կենտրոնացումը կուլակների ձեռքին։ Ռեֆորմի ընթացքում իրականացվող հողաշինարարության նպատակը, առաջին հերթին, խուտորների (хутор, առանձնացած տնատեղ, տնտեսություն) և օտրուբների (отруб, համայնքի հողից գյուղացուն իբրև մասնավոր սեփականություն տրված հողատարածություն) ստեղծումն էր գյուղացիական հողաբաժիններում։ Ոտնահարելով համայնքում մնացած գյուղացիների շահերը, խուտորների և օտրուբների տերերին տրվում էին լավագույն հողերը։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի իրականացման գործում զգալի դեր է կատարել գյուղացիական բանկը, որի փոխատվությունների մեծ մասը տրամադրվում էր առանձին տնատերերի, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով՝ խուտորների և օտրուբների տերերին։ Ռեֆորմի տարիներին լայն ծավալ ստացավ գյուղացիության վերաբնակությունը։ Կառավարությունը ակտիվորեն նպաստեց գյուղական չքավորության վերաբնակությանը Ռուսաստանի կենտրոն, շրջաններից դեպի ծայրամասերը, առանձնապես՝ Սիբիր։ Սակայն նոր հողերի յուրացումը սնանկ գյուղացիության ուժերից վեր էր (վերաբնակիչների 18,3% վերադարձել է նախկին վայրերը)։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի հետևանքները վկայում են ռեֆորմի տապալման մասին։ Չնայած կառավարության ճնշմանը, մինչև 1916 թվականի հունվարի 1-ը համայնքներից դուրս էր եկել ընդամենը 2478 հազար տնատեր (համայնքային ծխերի 26%–ը՝ 16919 հազար դեսյատին հողից (համայնքային հողերի 15%-ը)։ Սպոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմն արագացրեց և հեշտացրեց գյուղացիական հողաբաժինների ներառումը առևտրական շրջանառության մեջ։ Դրա հետեանքով խորացավ գյուղացիության շերտավորումը։ Հողը վաճառած գյուղացիների զգալի մասը սնանկացավ, ուժեղացավ հողի կենտրոնացումը կուլակության ձեռքին։ Չարդարացան բազմաթիվ խուտորներ ու օտրուբներ (իբրև «ամուր» գյուղացիության հենարան) ստեղծելու ցարիզմի հույսերը։ Խուտորներում և օտրուբներում տնտեսության կազմակերպումը պահանջում էր զգալի միջոցներ և սնանկացուցիչ էր գյուղացիության հիմնական զանգվածի համար։ Ունևոր խուտորների և օտրուբների թիվը սակավ էր։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմի տապալման ամենավառ ցուցանիշը 1911 թվականի սովն էր, որն ընդգրկեց Ռուսաստանի հիմնական երկրագործական շրջանները (տուժեց ավելի քան 30 միլիոն մարդ)։ Ստոլիպինյան գյուղատնտեսական ռեֆորմը սոցիալ-տնտեսական արմատական տեղաշարժ առաջ չբերեց և չկարողացավ կանխել նոր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հասունացումը։ Ռեֆորմի տարիներին երկրում ծավալվեց զանգվածային գյուղացիական շարժում։ Ուժեղացավ գյուղական չքավորության պայքարը կուլակության դեմ։ Գյուղացիների զգալի մասը սնանկացավ, ուժեղացավ հողի կենտրոնացումը կուլակության ձեռքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 142 CC-BY-SA-icon-80x15.png