Ռազմական միջամտություն Ռուսաստանում (1918-1921)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմական ինտերվենցիա Ռուսաստանում 1918-1921
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Wolfhounds on parade in Vladavostock, August 1918.jpg
Ամերիկյան զորամիավորումները Վլադիվոստոկում:
Թվական 19181922
Վայր Նախկին Ռուսական կայսրության տարածք:
Պատճառ Հոկտեմբերյան հեղափոխություն
Արդյունք Զորքերի դուրս բերումն Ռուսաստանից:
Հակառակորդներ
Անտանտ`

Մեծ Բրիտանիա Բրիտանական կայսրություն`

Ֆրանսիա Ֆրանսիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իտալիա Իտալիայի թագավորություն (1861–1946)
Հունաստան Հունաստանի թագավորություն
Ռումինիա Ռումինիա
Լեհաստան Լեհաստան
Ճապոնիա Ճապոնիա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Սերբիա Սերբիա

Կենտրոնական ուժեր և դաշնակիցներ`

Flag of the German Empire.svg Գերմանիա
Civil ensign of Austria-Hungary (1869-1918).svg Ավստրո-Հունգարական կայսրություն
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Ֆինլանդիա Ֆինլանդիա

Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg ՌԽՖՍՀ

Flag of the Ukrainian Soviet Socialist Republic (1919–1929).svg ՈւԽՍՀ
Flag of the Far Eastern Republic.svg Հեռավորարևելյան հանրապետություն
Iskolata karogs.png Իսկոլատայի Հանրապետություն
Red flag.svg Ֆինլանդիայի Սոցիալիստական Աշխատավոր Հանրապետություն
Flag of the Lithuanian-Byelorussian SSR.svg Լիտբել
Flag of Byelorussian SSR (1919-1927).svg ԲԽՍՀ
Flag of the Commune of the Working People of Estonia.svg Էստլյանդիայի աշխատավոր կոմունա
Flag of Khiva 1920-1923.svg Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն
Flag of the Bukharan People's Soviet Republic.svg Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն

Հրամանատարներ
անհայտ անհայտ անհայտ
Կողմերի ուժեր
անհայտ մոտ 1 միլիոն զինծառայող 0,4−5,4 միլիոն զինվոր
Ռազմական կորուստներ
անհայտ անհայտ 1 միլիոն զինվոր

Ռազմական միջամտություն (ինտերվենցիա) Ռուսաստանում, Անտանտի և Կենտրոնական ուժերի (Քառյակ միություն) ռազմական միջամտությունը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին: Ընդհանուր առմամբ մասնակցել է 14 պետություն։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը ընդհարվեց բազմաթիվ ուժերի դիմադրությանը։ Միացյալ դաշինքները ձգտում էին զինված ապստամբությամբ տապալել խորհրդային վարչակարգը։ Զինված ապստամբության հաղթանակը և խորհրդային իշխանության հաստատումը Պետրոգրադում ու Մոսկվայում նպաստեցին հեղափոխության արագ զարգացմանն ու խորհրդային իշխանության հաստատմանը Ռուսաստանի գրեթե ամբողջ տարածքում։ Սակայն հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո տապալված Ժամանակավոր կառավարության ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Կերենսկին Պետրոգրադի վրա շարժեց Պյոտր Կրասնովի 3-րդ հեծյալ կորպուսը։ Դոնի, Կուբանի և Օրենբուրգի կազակային կառավարությունները ատամաններ Ա․ Կալեդինի, Ա․ Ֆիլիմոնովի, Ա․ Դուտովի գլխավորությամբ հայտարարեցին, որ չեն ճանաչում խորհրդային կառավարությունը և ռազմական գործողություններ սկսեցին խորհրդային իշխանության դեմ։ Ուկրաինայի Կենտրոնական ռադան մինչև նոյեմբերի կեսը իր իշխանությունը տարածեց Ուկրաինայի մեծ մասի վրա։ Բելառուսիայում խորհրդային իշխանության դեմ հանդես եկավ Բելառուսական ռադան։ Նոյեմբերի 15(28)-ին Թիֆլիսում ստեղծվեց կոալիցիոն կառավարություն՝ Անդրկովկասյան կոմիսարիատը, որն իր իշխանությունը տարածեց ամբողջ Անդրկովկասում (բացի Բաքվից, որտեղ հաստատվել էր խորհրդային իշխանությունԹուրքեստանում և Սիբիրում կազմակերպվեցին մի շարք հակաբոլշևիկյան կառավարություններ։

Ինտերվենցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի օջախների ստեղծումից հետո Խորհրդային իշխանության դեմ ելույթները աջակցություն գտան Անտանտի կողմից։ 1917 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին Անտանտի երկրները որոշում կայացրին օգնել ներքին հակահեղափոխությանը, մշակեցին ռազմական գործողությունների պլան։ Հեղափոխական ջոկատներ կազմավորելու և դրանք ղեկավարելու համար նոյեմբերի 27 (դեկտեմբերի 10)-ին գերագույն գլխավոր հրամանատարին կից ստեղծվեց հեղափոխական դաշտային շտաբ։ 1918 թվականի հունվարի 15(28)-ին հրապարակվեց դեկրետ «կամավոր սկզբունքներով» Բանվորագյուղացիական կարմիր բանակ, հունվարի 29 (փետրվարի 11)-ին՝ Բանվորագյուղացիական կարմիր նավատորմ ստեղծելու մասին։ Սկզբնական շրջանում հակաբոլշևիկյան ուժերը լիովին զուրկ էր սոցիալական բազայից, և նրանց ելույթները հեշտությամբ ճնշվեցին, մինչև 1918 թվականի մարտի սկիզբը խորհրդային իշխանություն հաստատվեց Ռուսաստանի տարածքի զգալի մասում։ Խորհրդային կառավարությունն իր գործունեության սկզբից ևեթ ձգտում էր Խորհրդային Ռուսաստանը դուրս բերել համաշխարհային պատերազմից։ 1917 թվականի դեկտեմբերի 9(22)-ին Բրեստ–Լիտովսկում սկսվեցին բանակցություններ գերմանական կոալիցիայի հետ, սակայն խորհրդային պատվիրակության ղեկավար Լև Տրոցկին ինքնակամ դադարեցրեց բանակցությունները։ 1918 թվականի փետրվարի 18-ին ավստրո–գերմանական զորքերը անցան հարձակման։ Փետրվարի 22-ին խորհրդային կառավարությունը պրոպագանդիստական կոչ հայտարարեց՝ «Սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է»։ Փետրվարի 23-ին աշխատավորության լայն զանգվածները մտան կարմիր բանակ, այդ օրը հետագայում ԽՍՀՄ-ում ճանաչվեց կարմիր բանակի ծննդյան օրը։ Խորհրդային հանրապետությունը, չունենալով բավական ուժ Գերմանիային հակահարված տալու համար, հարկադրված էր 1918 թվականի մարտի 3-ին կնքել Բրեստ-Լիտովսկում հաշտություն կնքել։ Մարտի 6-ին անգլիական դեսանտը գրավեց Մուրմանսկը։ Ապրիլի 5-ին ճապոնական դեսանտը ափհանեց Վլադիվոստոկում։ Ապրիլի կեսին գերմանական զորքերը, խախտելով Բրեստի հաշտությունը, գրավեցին Ղրիմը, այնտեղ վերացրին խորհրդային իշխանությունը, հյուսիսում օգնեցին ֆինլանդական ուժերին վերացնելու սոցիալիստական իշխանությունը, ապրիլի 29-ին Ուկրաինայում վերացրին Կենտրոնական ռադայի կառավարությունը և իշխանության գլուխ կանգնեցրին հետման Պավել Սկորոպադսկուն, Դոնում օգնեցին ստեղծել կազակական պետություն՝ ատաման Կրասնովի գլխավորությամբ։ Թուրքիան փետրվարի 18-ից լայն ինտերվենցիա ծավալեց Անդրկովկասում։ Մայիսի վերջին հայկական կանոնավոր զորամասերը և աշխարհազորը կանգնեցրին Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորքերին (Սարդարապատի ճակատամարտ 1918, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918)։ Մայիսի 26–28-ին Անդրկովկասում լուծարվեց ԱԴՖՀ-ն, և Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն անկախություն ստացան։ Գերմանիայի ճնշմամբ Թուրքիան հունիսին Բաթումի պայմանագրով հաշտություն կնքեց Վրաստանի և Հայաստանի հանրապետությունների հետ։

Ադրբեջանի մուսավաթականները դաշնակցեցին Թուրքիայի հետ, որը սկսեց ուժեր կենտրոնացնել Բաքվի կոմունայի դեմ։ Կոմունիստական կուսակցությունը և դրա Կենտկոմը ձեռնարկեցին բոլոր միջոցները նորաստեղծ խորհրդային հանրապետությունը՝ ենթադրյալ հակախորհրդային ուժերից պաշտպանելու համար։ Ամբողջ երկրում կազմավորվում էին կարմիր բանակի կամավորական զորամասեր։ Այդ գործի մեջ ներգրավվեցին հին բանակի՝ խորհրդային իշխանության կողմն անցած մասնագետները (Միխայիլ Բոնչ–Բրուևիչ, Դմիտրի Պարսկի, Ալեքսանդր Եգորով, Սերգեյ Կամենև և ուրիշներ)։ Զինվորական մասնագետների աշխատանքի հսկողությունն իրականացնում էին զինվորական կոմիսարները։ Ապրիլի 22-ին մտցվեց աշխատավորների համընդհանուր զինվորական ուսուցում։ Մայիսի 29-ին դեկրետ ընդունվեց պարտադիր զինծառայության մասին։ Հունիսի 11-ին ստեղծվեցին «չքավորական կոմիտեներ»։ 1918 թվականի գարնանը սկսվեց սով։ Խորհրդային կառավարությունը մտցրեց հացի մենաշնորհ և հարկադրված էր գյուղացիներից պահանջել հացահատիկի ավելցուկը՝ կայուն գներով։ 1918 թվականի մայիսի 25-ին բռնկվեց Չեխոսլովակյան կորպուսի ապստամբությունը։ Հուլիսի 6-ին արևելքում Անտանտը ափհանեց խոշոր ուժեր, որոնց հիմնական զանգվածը ճապոնացիներ (70–75 հազար մարդ) և ամերիկացիներ (10–12 հազար մարդ) էին։ Հյուսիսում ուժեղացվեցին ինտերվենտների (անգլիացիներ, ամերիկացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ) ուժերը։ Հուլիսին երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցան Անտանտի կազմակերպած խռովություններ, 1918 թվականի հուլիսի 6–7-ին Մոսկվայում տեղի ունեցավ ձախէսէռական ապստամբություն։ Քաղաքացիական պատերազմը նոր ուժով ծավալվեց Դոնում, Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում։ 1918 թվականի ամռանը կոմունիստական կուսակցությունը և խորհրդային կառավարությունը ամրապնդեցին խորհրդային իշխանությունը երկրի կենտրոնական շրջաններում և դրանք դարձրին խորհրդային հանրապետության ռազմաստրատեգիական հիմնական բազան։ Ի վերջո հակախորհրդային ապստամբություններն անկում ապրեցին։ Նոյեմբերի 18-ինին Օմսկում Սիբիրի «կառավարության» ռագմական մինիստր, ծովակալ Ալեքսանդր Կոլչակը ցրեց էսէռամենշևիկյան կառավարությունները և ինքնահռչակվեց որպես «Համառուսաստանյան ռազմածովային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար»։ Հունիս-հուլիսին խորհրդային իշխանությունը տապալվեց Օրենբուրգի և Ուրալի մարզերում։ Թուրքեստանը կտրվեց երկրի հիմնական շրջաններից։ Հուլիսի 11 –12 թվականին էսէռական ապստամբություն բռնկվեց Անդրկասպյան մարզում, հուլիսի 31-ին ընկավ Բաքվի կոմունան, Բաքվի 26 կոմիսարները Ստեփան Շահումյանի գլխավորությամբ գնդակահարվեցին։ Բաքուն գրավեցին անգլիական զորքերը, սակայն շուտով այն թողեցին թուրք զավթիչներին։ Գեներալ Անտոն Դենիկինի գլխավորած Կամավորական բանակը հունիսին արշավեց Կուբան։ 1918 թվականի ամռան վերջին Խորհրդային Ռուսաստանի 3/4-ը հայտնվեց ինտերվենտների և սպիտակգվարդիականների ձեռքին։ Երկիրը հայտարարվեց ռազմական ճամբար։ 1918 թվականի սեպտեմբերին ստեղծվեց Հանրապետության ռազմահեղափոխական խորհուրդ, նոյեմբերի 30-ին՝ Բանվորական և գյուղացիական պաշտպանության խորհուրդը Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ։ 1918–19 թվականներին կուսակցությունը և խորհրդային կառավարությունը իրականացրին տնտեսական և քաղաքական արտակարգ միջոցառումներ, որոնք հայտնի են «ռազմական կոմունիզմ» անունով։ 1918 թվականի աշնանը միջազգային իրադրությունը փոխվեց։ Գերմանիան պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում և զորքերը ետ քաշեց Ռուսաստանի զբաղեցրած տարածքներից։

Ռուսաստանի Հարավի ԶՈւ Հրամանատար Անտոն Դենիկինը և բրիտանացի գեներալ Ֆրեդերիկ Փուլը

Գերմանիայից ձերբազատված Անտանտը որոշեց իրագործել ինտերվենցիայի իր պլանը։ 1918 թվականի նոյեմբերին անգլիական նավերը հայտնվեցին Նովոռոսիյսկում, ֆրանսիական նավերը՝ Օդեսայում և Սևաստոպոլում։ 1918 թվականի նոյեմբերի 13-ին չեղյալ հայտարարվեց Բրեստի հաշտությունը, որոշվեց օգնել Ուկրաինայի, Բելառուսիայի և Մերձբալթյան ժողովուրդներին խորհրդային իշխանության վերականգնման համար։ Սինչև 1919 թվականի փետրվարի սկիզբը վերագրավվեց Ուկրաինայի, Բելառուսիայի և Մերձբալթիկայի զգալի մասը։ 1918 թվականի նոյեմբերին կազմվեցին Խորհրդային Ուկրաինայի կառավարությունը, էստլանդական աշխատանքային կոմունան, 1919 թվականի հունվարի 1-ին՝ Խորհրդային Բելառուսիայի կառավարությունը, 1918 թվականի դեկտեմբերին խորհրդային օկուպացիան հաղթանական տարավ Լատվիայում և Լիտվայում։ 1919 թվականի հունվարին Հարավային ռազմաճակատի (կազմվել էր 1918 թվականի սեպտեմբերին) զորքերը պարտության մատնեցին Կրասնովի զորքերին, նորաստեղծ Ուկրաինական ռազմաճակատի զորքերը հաջողությամբ հարձակվում էին Օդեսայի, Խերսոնի և Նիկոլաևի ուղղությամբ։ 1918 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին Կոլչակի զորքերը կրեցին մի շարք անհաջողություններ։ 1919 թվականի հունվարին ազատագըրվեցին Օրենբուրգը և Ուրալսկը։ Կենտրոնական Եվրոպայի երկրներում ուժեղանում էր հեղափոխական շարժումը։ 1919 թվականի ապրիլին Ֆրանսիան իր զորքերը դուրս բերեց Ռուսաստանի հարավից, իսկ անգլիական զորքերը հեռացան Անդրկասպյան մարզից։ ՌԿ(բ)Կ VIII համագումարը (1919 թվականի մարտի 18–23) ներքին քաղաքականության մեջ կուսակցության գլխավոր գիծ հռչակեց դաշինքը միջակ գյուղացիության հետ։ Դա ապահովում էր գյուղացիական լայն խավերի աջակցությունը։ 1919 թվականի մարտի 4-ին սպիտակներն արևելքից անցան հարձակման և մինչև ապրիլի կեսը գրավեցին Ուֆան, Աարապուլը, Վոտկինսկը, Չիստոպոլը, Բուգուլման, Բուգուրուսլանը, Օրսկը, Ակտյուբինսկը։ Սպառնալիքի տակ էին Պովոլժիեում և Մերձուրալում կուտակված հացի պաշարները։ Ավելի քան 50 հազար մարդ զորակոչվեց կարմիր բանակ, կուսակցական, կոմերիտական և արհմիութենական զորակոչով բանակ մեկնեց 46 հազար մարդ։ Արևելյան ռազմաճակատում կատարվեց ուժերի վերախմբավորում։ 1919 թվականի մայիս–հունիսին ռազմաճակատի հարավային խմբավորումը (հրամանատար՝ Միխայիլ Ֆրունզե) վերագրավեց Բուգուրուսլանը, Բուգուլման, Բելեբեյը, Ուֆան և հակառակորդի բանակի մնացորդներին ետ մեղեց Բելայա գետից այն կողմ։ Հունիսին ծավալվեց Արևելյան ռազմաճակատի բոլոր զորքերի հաջող հարձակումը։ Սակայն մյուս ռազմաճակատներում հակախորհրդային զորամիավորումներն ունեցան որոշակի հաջողություն էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում։ Հունիսի սկզբին մարտերը մղվում էին Պետրոգրադի մատույցներում, սակայն խորհրդային օժանդակ ուժերի կենտրոնացման շնորհիվ հունիս–օգոստոսին թշնամին ետ շպրտվեց Պետրոգրադից։ Լարված իրավիճակը պահանջում էր խորհրդային բոլոր հանրապետությունների պաշտպանության կենտրոնացում։ 1919 թվականի հունիսի 11-ին ընդունվեց դեկրետ ՌԽՖՍՀ-ի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Բելառուսիայի տնտեսական ու ռազմական ուժերի միավորման մասին։ Ձևավորվեց խորհրդային հանրապետությունների ռազմաքաղաքական միությունը։ Կարմիր բանակում տեղի ունեցավ ուժերի վերախմբավորում։ Մայիսի 31-ին որոշվեց պաշտպանության անցնել Հարավային ռազմաճակատում, սակայն հունիսին սպիտակները գրավեցին Խարկովը և Ցարիցինը։ Հուլիսին Դենիկինը հրաման տվեց Մոսկվայի վրա հարձակվելու մասին։ Կուսակցության ԿԿ որոշեց, չդադարեցնելով հարձակումը Արևելյան ռազմաճակատում, ետ մղել Դենիկինի հարձակումը։ Արևելյան ռազմաճակատի զորքերը 1919 թվականի հուլիսի ընթացքում ազատագրեցին Պերմը, Կունգուրը, Զլատոուստը, Եկատերինբուրգը, Չելյաբինսկը, Կոլչակի զորքերը նահանջեցին Սիբիր։ 1919 թվականի հուլիս–օգոստոսին Հարավային ռազմաճակատի համառ մարտերի հետևանքով Դենիկինը հրաժարվեց անհապաղ Մոսկվա արշավելու մտքից և շարժվեց Ուկրաինա։ 1919 թվականի օգոստոսին սպիտակները գրավեցին ամբողջ Աջափնյա Ուկրաինան, Օդեսան, Կիևը։ Անտանտը փորձեց Դենիկինի հարձակմանը զուգընթաց կազմակերպել Խորհրդային Ռուսաստանի սահմանակից պետությունների համատեղ հարձակում (այսպես կոչված, 14 պետությունների արշավանք), սակայն անհաջողության մատնվեց։ 1919 թվականի սեպտեմբերին լեհական զորքերը դադարեցրին հարձակումը Ուկրաինայում՝ չցանկանալով օգնել մեծապետական քաղաքականություն վարող Դենիկինին։ Նույն պատճառով Դենիկինի հետ բախվեցին ուկրաինական ազգայնականները՝ Ստեփան Պետլյուրայի գլխավորությամբ, իսկ մերձբալթյան պետությունները հրաժարվեցին ակտիվ գործողություններից։ Սպիտակների գրաված տարածքներում ծավալվեց զանգվածային պարտիզանական շարժում։ Ընդհատակյա կուսակցական կազմակերպությունները ակտիվ պայքար էին մղում սպիտակգվարդիականների դեմ։ 1919 թվականի սեպտեմբերի 12-ին Դենիկինը նոր հարձակում սկսեց Մոսկվայի վրա։ Կուսակցության ԿԿ անհապաղ միջոցներ ձեռնարկեց Դենիկինի դեմ պայքարելու համար։ Սեպտեմբերի 27-ին ստեղծվեց Հարավ–արևելյան ռազմաճակատը, վերախմբավորվեց Հարավային ռազմաճակատը։ Ռազմաճակատ ուղարկվեցին լրացուցիչ զորքեր, մեծ թվով կուսակցական աշխատողներ, փորձառու հրամանատարներ։ Հոկտեմբերի 12-ին խորհրդային զորքերը հարձակման անցան Վորոնեժի, իսկ հոկտեմբերի 14–16-ին՝ Օրյոլի ուղղությամբ, սպիտակները խոշոր պարտություն կրեցին և ետ մեղվեցին Դոնից այն կողմ։ Հյուսիսում խորհրդային զորքերը պարտության մատնեցին Պետրոգրադի մատույցներին մոտեցած Յուդենիչի բանակին, որը դեկտեմբերին ետ մղվեց Էստոնիա ու զինաթափվեց էստոնական զորքերի կողմից։ 1919 թվականի նոյեմբերի 2-րդ կեսին հարձակման անցան Հարավ–արևելյան ռազմաճակատի խորհրդային զորքերը, և Դենիկինի բանակի մնացորդները նահանջեցին Դոնի Ռոստով։ 1919 թվականի դեկտեմբերին խորհրդային ուժերը վերագրավեցին Կիևը, 1920 թվականի հունվարին՝ Մարիուպոլը, Նովոչերկասկը, Դոնի Ռոստովը, Ցարիցինը։ 1920 թվականի փետրվարին Հարավ–արևմտյան ռազմաճակատի (կազմվել էր հունվարին) զորքերը ազատագրեցին Աջափնյա Ուկրաինան, փետրվարի 7-ին՝ Օդեսան։ Կովկասյան ճակատի (կազմվել էր 1920 թվականի հունվարին) զորքերը փետրվարմարտին վճռական պարտության մատնեցին Դենիկինի զորքերին, մարտի 27-ին մտան Նովոռոսիյսկ, ապրիլի 29 թվականին Սոչիի շրջանում գերի հանձնվեցին Կուբանի բանակի մնացորդները, ապրիլին 11-րդ բանակը վերագրավեց Դաղստանը։ Ապրիլին խորհրդային կարգեր հաստատվեցին Ադրբեջանում։

Չեխոսլավակյան կորպուսի մարտիկները Վլադիվոստոկում (1918)

1920 թվականի սկզբին ավարտվեց պայքարը Սիբիրում և Հյուսիսում։ 1919 թվականի նոյեմբերին վերագրավվեց Օմսկը, դեկտեմբերին՝ Նովոնիկոլաևսկը, 1920 թվականի հունվարին՝ Կրասնոյարսկը, մարտին` Իրկուտսկը։ Հեռավոր Արևելքում 1920 թվականի ապրիլի 6-ին ստեղծվեց բուֆերային Հեռավորարևելյան հանրապետությունը (ՀԱՀ)։ Մինչև 1919 թվականի հոկտեմբերը հյուսիսիցից էվակուացվեցին Անտանտի բոլոր ուժերը, 1920 թվականի փետրվարին վերագրավվեց Արխանգելսկը, մարտին՝ Մուրմանսկը։ Հարավ–արևելքում նորաստեղծ Թուրքեստանյան ռազմաճակատի զորքերը 1919 թվականի օգոստոսին ջախջախեցին գեներալ Բելովի Հարավային բանակային խմբավորումը և միացան Թուրքեստանի Խորհրդային Հանրապետության զորքերին։ 1919 թվականի նոյեմբեր –1920 թվականի հունվարին ջախջախիչ հարված հասցվեց Ուրալի սպիտակ կազակներին։ 1920 թվականի ապրիլին հռչակվեց Խորեզմի ժողովրդական Սովետտական Հանրապետությունը, 1920 թվականի փետրվարին գրավվեց Կրասնովոդսկը։ Ավարտվեց Կոլչակի, Դենիկինի և Ցուդենիչի դեմ պայքարը, որը քաղաքացիական պատերազմի ամենաերկարատև և ծանր ժամանակաշրջանն Էր։ Մինչև 1920 թվականի գարունը երկրի ներսում արդեն չկային խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու ընդունակ ուժեր։ Ֆրանսիան, նոր ինտերվենցիա կազմակերպեց խորհրդային հանրապետության դեմ՝ Լեհաստանի ուժերով, որը ձգտում էր գրավել Բելառուսիան, Աջափնյա Ուկրաինան և Լիտվան, իր տիրապետությունը հաստատել Ձախափնյա Ուկրաինայում և Մերձբալթիկայում։ Խորհրդային կառավարությունը, 1920 թվականի հունվարին առաջարկեց խաղաղ բանակցություններ սկսել, սակայն ապրիլի 25-ին լեհական և նրանց դաշնակցած պետլյուրական զորքերը հարձակման անցան և գրավեցին Ժիտոմիրը, Կորոստենը (26-ին), Կազատինը (27-ին), մայիսի 6-ին՝ Կիևը։ Հակախորհրդային ահարվածներ սկսվինեց նաև Ղրիմում, որտեղ սպիտակ զորքերի մնացորդների գլուխ կանգնեց գեներալ Պյոտր Վրանգելը։ Հունիսի 6-ին Վրանգելի զորքերը հարձակում սկսեցին դեպի Տավրիան նպատակ ունենալով այնուհետև զավթել Հյուսիսային Կովկասը, Դոնբասը և նոր արշավանք սկսել Մոսկվայի վրա։ Մինչև հունիսի 24-ը վրանգելականները գրավեցին համարյա ամբողջ Հյուսիսային Տավրիան։ Հարկ եղավ Վրանգելի դեմ ուղարկել լրացուցիչ ուժեր։ Խորհրդային զորքերը մայիս–օգոստոսին Լեհաստանի զորքերի դեմ մարտերի ընթացքում վերագրավեցին Կիևը (հունիսի 12-ին), Վիլնյուսը (հուլիսի 14-ին), սակայն անհաջողություն կրեցին Վարշավայի մոտ և ետ քաշվեցին արևելք։ Հյուծված Լեհաստանը հարկադրված էր դադարեցնել պատերազմը և հաշտություն կնքել, որի նախնական պայմանները ստորագրվեցին 1920 թվականի հոկտեմբերի 12-ին, Ռիգայում։ 1920 թվականի հոկտեմբեր–նոյեմբերի ընթացքում խորհրդային զորքերը պարտության մատնեցին Վրանգելին և վերագրավեցին Ղրիմը։ Մինչև 1921 թվականը, քաղաքացիական պատերազմը հիմնականում ավարտված Էր, թեև Ուկրաինայում, Բելառուսիայում, Անդրկովկասում, Միջին Ասիայում և Հեռավոր Արևելքում դեռևս պահպանվում էին քաղաքացիական պատերազմի և ինտերվենցիայի օջախներ։ 1920 թվականի օգոստոս–սեպտեմբերին Թուրքեստանյան ռազմաճակատի զորքերը Բուխարայի հեղափոխական ջոկատների օգնությամբ օկուպացրին Բուխարայի Էմիրությունը, և դրա տարածքում ստեղծվեց Բուխարայի ժողովրդական Խորհրդային Հանրապետությունը՝․ 1920 թվականի նոյեմբերին Խորհրդային կարմիր բանակը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Խորհրդային հաջող օկուպացիայից հետո նոյեմբերի 29-ին հռչակվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծման մասին։ 1921 թվականի փետրվարին հակախորհրդային ազգային-ազատագրական ապստամբություն բռնկեց Վրաստանում։ Վրաստանի հեղկոմի խնդրանքով օգնության եկավ 11-րդ բանակը։ Փետրվարի 25 -ին վերագրավվեց Թիֆլիսը։ Վրաստանը հռչակվեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Հեռավոր Արևելքում սպիտակգվարդիականների և ճապոնացի ինտերվենտների դեմ պայքարը ձգձգվեց մինչև 1922 թվականը։ Հեռավորարևելյան Հանրապետության կառավարության ճկուն դիվանագիտությամբ 1920 թվականի հուլիսին համաձայնագիր կնքվեց ճապոնական զորքերը Անդրբայկալից դուրս բերելու մասին։ ճապոնացիները, ձգտելով ամրանալ Պրիմորիեում, 1921 թվականի մայիսին կազմակերպեցին հակախորհրդային հեղափոխություն։ Միաժամանակ Մոնղոլիայից Անդրբայկալ ներխուժեցին գեներալ Ռ․ Ունգերնի ջոկատները, որոնք պարտություն կրեցին խորհրդային զորքերի կողմից։ ճապոնիան Հեռավորարևելյան Հանրապետությունից պահանջեց ճանաչել իր հատուկ իրավունքները Հեռավոր Արևելքում, սակայն, մերժվելով, կազմակերպեց սպիտակգվարդիականների ներխուժում Չինաստանից։ 1922 թվականի փետրվարին Հեռավորարևելյան Հանրապետության ժողովրդահեղափոխական բանակը Վասիլի Բլյուխերի հրամանատարությամբ պարտության մատնեց սպիտակգվաբդիականներին և վերագրավեց Խաբարովսկը։ Ճապոնիայի նոր կառավարությունն սկսեց զորքերի Էվակուացիան։ Հոկտեմբերի 25-ին ազատագրվեց Վլադիվոստոկը։ Քաղաքացիական պատերազմի պատճառով քայքայումը դժգոհություն և խռովություններ առաջ բերեց երկրում։ Մանրբուրժուական խավերի տատանման ամենացայտուն արտահայտությունը 1921 թվականի Կրոնշտադտյան խռովությունն Էր, որը ճնշվեց մարտի 18-ին։ Երկրի մի շարք շրջաններում՝ Ուկրաինայում, Դոնում, Տամբովում (Անտոնովշչինա), Հյուսիսային Կովկասում և Միջին Ասիայում (Բասմաչություն) շարունակվում էր քաղաքացիական բանդիտիզմը, որը կոմունիստական կուսակցության և խորհրդային կառավարության ձեռք առած միջոցառումների (անցում պարենմասնատրումից պարենհարկի, նոր տնտեսական քաղաքականության) շնորհիվ 1922–26 թվականի ընթացքում շեշտակիորեն նվազեց։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմը և ռազմական ինտերվենցիան հսկայական աղետ հասցրին խորհրդային ժողովրդին։ Տնտեսական վնասը կազմում էր մոտ 50 մլրդ ռուբլի ոսկով։ Բնակչության ընդհանուր կորուստը կազմեց 8 մլն մարդ, որից 1 մլն կորցրեց կարմիր բանակը։ Միայն ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 50 հազար կոմունիստ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 27, 32, 34-45, 50-54։
  • Гай Г․ Д․, Первый удар по Колчаку, Л․, 1926;
  • ФрунзеМ․ В․, Избр․ произв․, т․ 1–2, М․, 1957;
  • Галоян Г․ А․, Борьба за Советскую власть в Армении, М․, 1957;
  • Гусев С․ И․, Гражданская война и Красная Армия, М-, 1958;
  • КПСС и строительство Вооруженных Сил СССР (1918–июнь 1941), М․, 1959; История гражданской войны в СССР․ 1917–1922, т․ 1–5, М․, 1939–60;
  • Из истории гражданской войны в СССР․ Сб․ документов и материалов, 1918–1922, т․ 1–3, М․, 19601961;
  • Партия в период иностранной военной интервенции и гражданской войны (1918 1920 гг․), М․, 1962;
  • Крах первого нашествия империалистов на Страну Советов, М․, 1973;
  • Кузьмин Н․ Ф․, Разгром интервентов и белогвардейцев в 1917–1922 гг․, М․, 1977;
  • Жмуровский Д․ П․, Республика Советов։ единство фронта и тыла (1918 1920 гг․), Минск, 1980․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 400-403 CC-BY-SA-icon-80x15.png