Լև Կամենև (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Կամենև
ռուս.՝ Лев Каменев
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1883(1883-07-18)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2][3] (53 տարեկան)
Մահվան վայրՊետական անվտանգության մարմինների շենք Լուբյանկայում, Կրասնոսելսկի շրջան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՊուշկինի տուն և Academia?
ԱմուսինՕլգա Կամենևա
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, Member of the Politburo of the CPSU Central Committee? և Member of the Politburo of the CPSU Central Committee?
ԿուսակցությունԽՄԿԿ, Բոլշևիկներ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
ԵրեխաներAleksandr Kamenev?
 Lev Kamenev Վիքիպահեստում

Լև Բորիսովիչ Կամենև (ի ծնե՝ Լեո Ռոզենդֆելդ կամ Լև Բորիսովիչ Ռոզենֆելդ, հուլիսի 18, 1883(1883-07-18)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2][3], Պետական անվտանգության մարմինների շենք Լուբյանկայում, Կրասնոսելսկի շրջան), բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ։ Նա առաջին Քաղբյուրոյի (հիմնադրված 1917 թվականին՝ Բոլշևիկյան հեղափոխությունը իրականացնելու նպատակով), յոթ անդամներից մեկն էր՝ Լենին, Զինովև, Կամենև, Տրոցկի, Ստալին, Սոկոլնիկով և Բուբնով[4]։

Կամենևը Լև տրոցկու փեսան էր։ 1917 թվականին՝ կարճ ժամանակով, Խորհրդային Ռուսաստանի առաջնորդն էր, իսկ Վ. Լենինի կյանքի վերջին տարիներին՝ 1923-1924 թվականներին, փաստացի՝ երկրի երկրորդ դեմքը։ Նա Ստալինի դժգոհությունների աղբյուրն էր, քանի որ Ստալինը վերջինիս ընկալում էր որպես իր իշխանության դեմ կանգնած հիմնական խոչընդոտի։ Այն բանից հետո, երբ Կամենևը իրեն սպառեց, Ստալինը վերջինիս մահապատժի ենթարկեց 1936 թվականի օգոստոսի 25-ին՝ 53 տարեկան հասակում, կարճ դատավարության արդյունքում՝ Մեծ Զտումների ժամանակ։

Մանկություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամենևը ծնունդի պահին ստացել է Լեո Ռոզենֆելդ անունը, ծնվել է Մոսկվայում՝ հրեա երկաթուղագործի ընտանիքում, իսկ մայրը ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ էր[5]։ Հայրը Բաքու-Բաթումի երկաթուղու կառուցման ժամանակ ձեռք բերած հարստությունը օգտագործում է՝ Լևին պատշաճ կրթություն տալու համար։ Նա հաճախել է Թիֆլիսի (Վրաստան) տղաների գիմնազիա, ապա Մոսկվայի համալսարան։

Կամենևը դարձել է ակտիվ քաղաքական գործիչ դեռևս ուսանողական տարիներին և ձերբակալվել է 1902 թվականին՝ ստանալով իրեն անհրաժեշտ կրթությունը։ Այդ ժամանակից սկսած նա գործել է որպես մաքուր հեղափոխական և ակտիվ էր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Թիֆլիսում։ Հենց այս շրջանում էլ նա իրեն կեղծանուն է ընտրում։ Արդեն 1900-ական թվականների սկզբներին ամուսնանում է Օլգա Բրոնշտեյնի հետ, ով երիտասարդ մարքսիստ էր (Լև Տրոցկու փոքր քույրը, ով նույնպես իսկականից տարբերվող ազգանուն էր վերցրել)։ Զույգը երկու որդի ունեցավ։

Կամենևը Կոմունիստական կուսակցությանը միացել է 1901 թվականին[6]։ 1902 թվականին կարճաժամկետ ճամփորդություն է իրականացրել՝ հանդիպելով ռուս սոցիալ-դեմոկտրատական կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր արտաքսման մեջ էին, այդ թվում և Լենինին՝ դառնալով վերջինիս ամենամոտ և ամենավստահելի համակիրը։ Նա նաև այցելում է Փարիզ՝ Իսկրայի խմբագրատուն՝ ծանոթանալով թերթի խմբագիրներին։ ՌՍԴԱԿ-ի (Ռուսաստանի սոցիալ դեմոկրատական աշխատավորական կուսակցություն) 3-րդ համագումարին մասնակցելուց հետո, որը տեղի ունեցավ 1905 թվականին Լոնդոնում, Կամենևը վերադառնում է Ռուսաստան՝ մասնակցելու համար Սանկտ-Պետերբուրգում 1905 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին ծավալված հեղափոխությանը։

Հետո նորից վերադառնում է Լոնդոն՝ մասնակցելու ՌՍԴԱԿ-ի 5-րդ համագումարին, որտեղ 1907 թվականի մայիսին ընտրվում է Բոլշևիկյան կենտրոնի և Կենտրոնական կոմիտեի անդամ, բայց Ռուսաստան վերադառնալուց շատ չանցած՝ նրան ձերբակալում են։ Մինչև 1908 թվականը Կամենևը անցկացնում է բանտում, որից հետո ընտանիքի հետ միասին հեռանում է արտասահման և հետագա տարիներին օգնում է Լենինին՝ Պրոլետարիատ թերթի խմբագրման հարցում։

Այն բանից հետո, երբ Լենինի և բոլշևիկյան մյուս առաջնորդ Ալեքսանդր Բոգդանովի մեջ պառակտում եղավ՝ 1908 թվականի կեսերին, Կամենևը և Զինովևը դառնում են Լենինի հիմնական խորհրդականները արտասահմանում։ Նրանք օգնում են Բոգդանովին և նրա Օտզովիստ հետևորդներին մինչև 1909 թվականը՝ կուսակցությունից հեռացնելու հարցում։

1910 թվականի հունվարին Լենինի կողմնակիցները, Բոգդանովի գաղափարակիրները և մի քանի մենշևիկներ Փարիզում կուսակցության գլխավոր կոմիտեի նիստ անցկացրին՝ փորձելով կուսակցությունը վերամիավորել։ Կամենևը և Զինովևը այս գաղափարին այդքան էլ կողմնակից չէին, բայց ստիպված էին հավանություն տալ այս ծրագրին «հաշտարար» բոլշևիկների՝ մասնավորապես Վիկտոր Նոգինի ճնշման տակ։ Լենինը կտրականապես դեմ էր վերամիավորմանը, բայց այս շրջանում նա դուրս էր եկել բոլշևիկների կառավարման համակարգից։ Ամեն դեպքում, հանդիպման ժամանակ նախնական պայմնավորվածություն է ձեռք բերվում։ Որպես պայմանանվորվածության արդյունք՝ Տրոցկու ղեկավարած և Վիեննայում գտնվող Պրավդա թերթը դառնում է կուսակցության գլխավոր օրգանը։ Կամենևը՝ Տրոցկու փեսան, նույնպես միանում է Պրավդա-ի խմբագրական աշխատանքներին՝ մտնելով բոլշևիկյան գործընթացների մեջ։ Վերամիավորման փորձերը ձախողվեցին 1910 թվականին, երբ Կամենևը դուրս եկավ խմբագրությունից՝ փոխադարձ վիարավորանքներից հետո։

Վերամիավորման ձախողումից հետո Կամենևը շարունակում է իր աշխատանքը Պրոլետարիատում և սկսում է դասավանդել Փարիզի մոտ գտնվող Լոնժյումոյի բոլշևիկյան դպրոցում[7]։ Այն ստեղծվել էր Լենինի կողմնակիցների կողմից՝ որպես Բոգդանովի Կապրիում գտնվող դպրոցի այլընտրանքային տարբերակ։ 1912 թվականի հունվարին Կամենևը օգնում է Լենինին և Զինովևին՝ համոզելու Պրահայի բոլշևիկյան պատվիրակությանը, մենշևիկներից և օտզովիստներից պառակտվելու հարցում։

1914 թվականի հունվարին նա ուղարկվում է Սանկտ Պետերբուրգ՝ ուղղորդելու «Պրավդա»-ի բոլշևիկյան տարբերակի տպագրումը, ինչպես նաև Պետական Դումայում բոլշևիկյան ուղղության գործունեությունը։ Նոյեմբերին Կամենևին ձերբակալում և դատապարտում են. այս ժամանակ է, որ նա հեռանում է Լենինի հակապատերազմական դիրքորոշումից։ 1915 թվականի սկզբին Կամենևը աքսորվում է Սիբիր, որտեղ անցկացնում է երկու տարի՝ մինչև Փերվարյան հեղափոխության ժամանակ՝ 1917 թվականին, ազատ է արձակվում։

Մինչև աքսորավայր ուղարկվելը՝ Կամենևը Ցարի եղբորը՝ Միխայիլին, շնորհակալական նամակ էր ուղղել՝ կապված այն բանի հետ, որ վերջինս հրաժարվել էր գահից։ Հետագայում նա այնքան վատ էր զգում իր այդ արարքի համար, որ նույնիսկ հերքում էր, որ երբևէ ուղարկել է նման նամակ[8]։

Լև Կամենևը կարդում է «Պրավդա»-ն, 1921 թվական

1917 թվականի մարտի 25-ին Կամենևը սիբիրյան աքսորից վերադառնում է Սանկտ Պետերբուրգ (որը 1914 թվականից կոչվում էր Պետրոգրադ)։ Կամենևը, Կենտրոնական կոմիտեի անդամ Իոսիֆ Ստալինը, Մատվեյ Մուրանովը իրենց իշխանության տակ են վերցնում բոլշևիկյան Պրավդա թերթը և այն դարձնում աջական թերթ։ Կամենևը վերաձևակերպում է իրենց վերաբերմունքը Ժամանակավոր կառավարության նկատմամբ, ինչպես նաև մենշևիկների հետ հաշտեցման հարցում։ 1917 թվականի ապրիլի 3-ին՝ Լենինի Ռուսաստան վերադառանլուց հետո, Կամենևը մի կարճ ժամանակ հանդես է գալիս Լենինի ապրիլյան թեզիսների դեմ, բայց շուտով փոխում է իր կարծիքը և մինչև սեպտեմբեր աջակցում Լենինին։

Կամենևը և Զինովևը դեմ էին 1917 թվականի հոկտեմբերին Լենինի՝ իշխանությունը բռնագրավելու մտքին[9]։ 1917 թվականի հոկտեմբերի 10-ին (հին տոմարով) Կամենևը և Զինովևը Կնետրոնական կոմիտեի միակ անդամներն էին, որ դեմ քվեարկեցին զինված ապստամբության որոշմանը։ Նրանք բաց նամակ ուղղեցին Լենինին, որպեղ հայտնում էին կուսակցությունից իրենց դուրս գալու մասին[10]։ Ամեն դեպքում, երբ բոլշևիկների կողմից առաջնորդվող Ռազմական հեղափոխության կոմիտեն՝ Ադոլֆ Իոֆֆեի գլխավորությամբ, Պետրոգրադի խորհուրդը՝ Տրոցկու գլխավորությամբ, սկսեցին ապստամբությունը, Կամենևը և Զինովևը միացան նրանց։ Համառուսաստանյան խորհուրդների երկրորդ համագումարի ժամանակ Կամենևը ընտրվում է համագումարի, ինչպես նաև Համառուսաստանյան կենտրոնական արտակարգ կոմիտեի ղեկավար։ Այս երկրորդ պաշտոնը համահավասար էր Խորհրդային համակարգի պայմաններում՝ երկրի ղեկավարի պաշտոնին։

Կամենևը և Լենինը Գորկիում, 1922 թվական

1917 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության իրականացումից և իշխանության գրավումից 3 օր անց (նոր տոմարով), Ազգային երկաթգծերի աշխատավորների միության արտակարգ կոմիտեն՝ Վիկզելը՝ ազգային ցույցեր բարձրացրեց սոցիալիստական կուսակցությունների հետ համագործակցելու և արդեն գոյություն ունեցող առաջնորդներ Լենինի և Տրոցկու հրաժարականի պահանջներով։ Զինովևը և Կամենևը, ինչպես նաև նրանց մի շարք կողմնակիցներ, Բոլշևիկյան կենտրոնական կոմիտեում հայտարարեցին, որ բոլշևիկները այլ ճանապարհ չունեն, քան բանակցություններ սկսելն է այդ ուժերի հետ, քանի որ երկաթուղայինների ապստամբությունը կխաթարեր նրանց իշխանությանը, և, բացի այդ, այն միակ լեգիտիմ կառույցն էր Ժամանակավոր կառավարությունում[11]։ Չնայած այն բանին, որ Զինովևը և Կամենևը մի որոշ ժամանակ աջակցում էին Կենտրոնական կոմիտեի մեծամասնություն կազմողներին և կողմ էին բանակցությունների սկսմանը, հակաբոլշևիկյան զորքերի արագ պարտությունը Պետրոգրադի մատույցներում թույլ տվեց Լենինին և Տրոցկուն համոզել Կենտրոնական կոմիտեին՝ դադարեցնելու բանակցային գործընթացը, ինչին ի պատասխան՝ Զինովևը, Կամենևը Ալեքսեյ Ռիկովը, Վլադիմիր Միլյուտինը և Վիկտոր Նոգինը 1917 թվականի նոյեմբերի 4-ին (հին տոմարով) դուրս եկան Կենտրոնական կոմիտեից, իսկ Կամենևը դուրս եկավ նաև Կենտրոնական արտակարգ կոմիտեի իր պաշտոնից։ Հետևյալ օրը Լենինը Զինովևին և Կամենևին մեղադրանքներով լի նամակ ուղղեց, որում այս երկուսին անվանեց «դասալիքներ»[12]։ Նա, այնուամենայնիվ, երբեք չմոռացավ այս միջադեպը՝ այդ մասին հիշատակելով նույնիսկ իր հայտնի «Կտակ»-ում՝ այն անվանելով Հոկտեմբերյան միջադեպ:

Ընդդիմություն՝ Տրոցկու դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Կամենևը դարձավ Մոսկվայի խորհրդի ղեկավարը, ապա Ժողովրդական կոմիսարների խորհրդի և Աշխատավորների և պաշտպանության խորհրդի երկրորդ դեմքը՝ Լենինից հետո։ 1919 թվականի մարտին Կամենևը ընտրվեց առաջին Քաղբյուրոյի լիիրավ անդամ։ Տրոցկու հետ խնամիական լավ հարաբերությունները շարունակվեցին 1917 թվականի հեղափոխութունից հետո մինչև Ռուսական քաղաքացիական պատերազմ և սկսեցին վատանալ 1920 թվականին։ Հաջորդ 15 տարիներին Կամենևը ավելի մոտ էր Զինովևին, ով գերազանցեց նրան իր փառասիրությամբ։

Լենինի հիվանդության շրջանում Կամենևը Ժողկոմխորհի ղեկավար էր նշանակվել։ Ստալինի և Զինովևի հետ միասին նրանք Կումունիստական կուսակցությունում կազմեցին ղեկավարող եռյակ՝ եռիշխանություն «տրոյկա», և Տրոցկու դեմ տարվող պայքարում հիմնական դերը իրենք էին տանում։ Եռամիությունը 1923 թվականին կուսակցության XIII համագումարի ժամանակ գործուն քայլեր ձեռնարկեց՝ ներկուսակցական պայքարը դեպի իրենց կողմը թեքելու ուղղությամբ։ 1924 թվականի հունվարին՝ Լենինի մահից առաջ տեղի ունեցած համագումարը, դատապարտեց «Տրոցկիզմը» և Տրոցկուն։

1924 թվականի գարնանը, երբ եռիշխանությունը դատապարտում էր Տրոցկուն և ձախական գործիչներին՝ նրանց որակելով հակալենինիստներ, մի կողմից՝ Զինովևի և Կամենևի, մյուս կողմից՝ Ստալինի միջև հարաբերությունները տվեցին իրենց առաջին ճաքերը, և թվում էր՝ մոտ է այս «փխրուն դաշինքի» ավարտը։ Այնուամենայնիվ, Զինովևը և Կամենևը օգնեցին Ստալինին՝ մնալու Կոնտկեմի գլխավոր քարտուղարի պաշտոնին՝ 1924 թվականի մայիս-հունիսին՝ կուսակցության XIII համագումարի ժամանակ, երբ հրապարակվեց Լենինի առաջին կտակը, որում երևում էր, որ եռիշխանությունը ավելի շատ քաղաքական առավելություն է ձեռք բերել, քան Տրոցկին։

Լև Կամենևը՝ Կենտկոմի Լենինի ինստիտուտի տնօրեն, 1923 թվական

1924 թվականի հոկտեմբերին Ստալինը առաջ քաշեց իր նոր տեսությունը՝ Սոցիալիզմ մեկ երկրում, որը Տրոցկու՝ Հավերժ հեղափոխության տեսության հակադրությունն էր, այս ժամանակ Տրոցկին հրատարակեց «Հոկտեմբերյան դասեր»[13] գործը, որը 1917 թվականի իրադարձությունների համագումարն էր։ Հոդվածում Տրոցկին Զինովևին և Կամենևին նկարագրում է որպես 1917 թվականի բոլշևիկյան իշխանազավթման հակառակորդներ. մի բան, որ այս երկուսը կցանկանային մոռացության տալ։ Սա ներկուսակցական պայքարի նոր շրջափուլ առաջ բերեց, Զինովևը և Կամենևը նորից միացան Ստալինին՝ Տրոցկու դեմ պայքարում։ Նրանք՝ իրենց կողմնակիցների հետ միասին, մեղադրում էին Տրոցկուն՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ թույլ տված սխալների համար։ Տրոցկին հիվանդ էր և մեծ մասամբ չէր կարողանում պատասխան տալ նրանց քննադատությանը, ինչի արդյունքում եռիշխանությանը հաջողվեց բավականին գցել Տրոցկու ռազմական հեղինակությունն այն աստիճան, որ վերջինս ստիպված էր հրաժարվել Բանակի և նավատորմի ժողկոմի իր պաշտոնից՝ 1925 թվականի հունվարին։ Զինովևը նույնիսկ պահանջեց, որ Ստալինը հեռացնի Տրոցկուն կոմունիստական կուսակցության շարքերից, բայց վերջինս չգնաց նման կտրուկ քայլերի։

1925 թվականի ապրիլին տեղի ունեցած կուսակցության XIV համագումարում Զինովևը և Կամենևը չունեցան շատ համակիրներ այն հարցի շուրջ, որ սոցիալիզմը կարող է հաղթել միայն միջազգային տարածման պայմաններում. նրանց այս տեսակետը մերժվեց, ինչն էլ շուտով հանգեցրեց եռիշխանության պառակտմանը։ Այս ընթացքում Ստալինը ավելի էր մտերմացել Նիկոլայ Բուխարինի և աջ ընդդիմադիրների հետ, Բուխարինն էլ մշակել էր Ստալինի՝ «Սոցիալիզմը մեկ երկրում» քաղաքականությունը՝ տալով դրան տեսական արդարացում։

Ստալինի հետ ընդհարում (1925)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողկոմխորհի նախագահ Լև Կամենևին՝ Խորհրդային Միության առաջնորդին, ողջունում են Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված վեցերորդ տոնակատարության ժամանակ՝ 1923 թվականի նոյեմբերի 7-ին

Տրոցկու դեմ տարած հաղթանակից շատ չանցած՝ 1925 թվականի ապրիլին, Զինովև-Տրոցկի-Ստալին եռամիությունը փուլ եկավ՝ չնայած նրան, որ հաջորդող տարիներին քաղաքական հավասարակշռությունը պահպանվում էր։ Ամեն ինչ պարզ դարձավ 1925 թվականին՝ Կումունիստական կուսակցության դեկտեմբերյան համագումարին նախորդող կուլիսային քննարկումներում։ Ստալինը դաշինքի մեջ մտավ Նիկոլայ Բուխարինի (վերջինս Պրավդա թերթի խմբագիրն էր և տեսական պատասխանատուն), և Խորհրդային միության վարչապետ Ալեքսեյ Ռիկովի հետ։ Զիովևը և Կամենևը իրենց դաշինքը ուժեղացրին՝ միանալով Լենինի այրի Նադեժդա Կռուպսկայային, Գրիգորի Սոկոլնիկովին և Ժողկողմխորհի ֆինանսական բաժնի ու Քաղբյուրոյի մի շարք անդամների։ Նրանց դաշինքը հայտնի դարձավ «Նոր ըննդիմություն» անունով։

Պայքարը ավելի թեժ բնույթ կրեց 1925 թվականի սեպտեմբերից, երբ Կենտկոմի հետ հանդիպումներ էին տեղի ունենում, և իր վերջնական տեսքը ստացավ 1925 թվականի դեկտեմբերին՝ կուսակցության XIV համագումարի ժամանակ, երբ Կամենևը հրապարակայնորեն պահանջեց Ստալինից՝ հրաժարվել Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ունենալով միայն Լենգինգրադյան պատվիրակության (Զինովևի գլխավորությամբ) աջակցությունը՝ Զինովևը և Կամենևը պարտվեցին։ Զինովևը վերընտրվեց Քաղբյուրոյում, իսկ Կամենևը դարձավ քաղբյուրոյի լիիրավ անդամ՝ առանց քվեարկելու կարողության, նույնը եղավ նաև Սոկոլնիկովի հետ։ Ստալինը կարողացավ ունենալ կողմնակիցների ավելի մեծ թիվ և հաղթեց այս պայքարում՝ ընտրվելով Քաղբյուրոյում։

Ստալինի դեմ ընդդիմություն (1926–1927)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Խորհրդային Միության ղեկավարությունը՝ Իոսիֆ Ստալինը՝ Կենտկոմի գլխավոր քարտուղար, Ալեքսեյ Ռիկովը՝ Ժողկոմխորհի ղեկավար (վարչապետ), Լև Կամենևը՝ Ժողկոմխորհի ղեկավարի տեղակալ(փոխվարչապետ), Գրիգորի Զինովևը՝ Կոմինտերնի Արտակարգ կոմիտեների ղեկավար: 1925 թվական, ապրիլ:

1926 թվականի սկզբին Զինովևը, Կամենևը և իրենց կողմնակիցները մտերմացան Տրոցկուն աջակցողների հետ, և այս երկուսի կազմած դաշինքը հայտնի դարձավ «Միացյալ ընդդիմություն» անունով։ Ներկուսակցական պայքարի այս նոր փուլում՝ 1926 թվականի հուլիսի Կենտկոմի XV կուսակցական համագումարից մինչև 1926 թվականի հոկտեմբերը, Միացյալ ընդդիմությունը պարտություն կրեց, և Կամենևը կորցրեց Պոլիտբյուրոյում իր տեղը։

Կամենևը շարունակեց ընդդիմություն լինել Ստալինի համար նաև 1926-1927 թվականների ընթացքում, ինչի արդյունքը եղավ իր հեռացումը Կենտկոմից՝ 1927 թվականի հոկտեմբերին։ 1927 թվականի նոյեմբերի 12-ին՝ Զիովևին և Տրոցկոնւ կուսակցությունից հեռացնելուց հետո, Կամենևը կուսակցության ներսում Միացյալ ընդդիմության առաջնորդն էր և ներկայացրեց իրենց տեսակետները՝ կուսակցության՝ 1927 թվականի դեկտեմբերի XV համագումարի ժամանակ։ Կամենևը, օգտվելով առիթից, առաջարկում է գնալ կողմերի միջև հաշտեցման։ Բայց նրա ելույթը 24 անգամ ընդհատվում է Բուխարիի, Ռյուտինի, Կագանովիչի կողմից, ինչն էլ պարզ է դարձնում նրա՝ այդ ցանկության անիրագործելիությունը[14]։ Համագումարը Միացյալ ընդդիմության դիրքորոշումը համարում է Կումունիստական կուսակցության դիրքորոշումից խիստ տարբերվող և որոշում է կայացնում Կամենևին և ընդդիմության տասյնակ անդամների՝ կուսակցությունից հեռացման վերաբերյալ։ Սա ճանապարհ է բացում՝ 1928 թվականին հազարավոր ընդդիմադիր գործիչների կուսակցությունից հեռացման և ամբողջ Ձախ ընդդիմության արտաքսման։

Կամենևի առաջին ամուսնությունը, որ սկսվել էր 1920 թվականին և Բրիտանացի քանդակագործ Կլարա Շեդիանի հետ կապված հայտնի գործի արդյունք էր, ավարտվեց ամուսնալուծությամբ՝ 1928 թվականին, երբ նա լքեց Օլգա Կամենևային և ամուսնացավ Տատիանա Գլեբովայի հետ[15][16]։ Նրանք միասին որդի ունեցան՝ Վլադիմիր Գլեբովը (1929–1994)[17]:

Հնազանդություն Ստալինին և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Տրոցկին կուսակցությունից հեռացվելուց հետո շարունակում էր Ստալինի նկատմամբ որպես ընդդիմություն մնալ, Զինովևը և Կամենևը շատ արագ հետ կանգնեցին իրենց նախկին դիրքերից և իրենց կողմնակիցներին էլ նույնը խորհուրդ տվեցին։ Նրանք բաց նամակներ էին հղում կուսակցության ղեկավարությանը՝ հայտրարարելով, որ ընդունում են իրենց բոլոր սխալները, և վեց ամիս անց նորից կարողացան վերականգնվել կուսակցության շարքերը։ Նրանք այլևս չկարողացան վերականգնել իրենց պաշտոնները Կենտկոմում, բայց կարողացան ստանալ միջին աստիճանի պաշտոններ՝ խորհրդային բյուրոկրատիայի շարքերում։ Կամենևը, իսկ ավելի ուշ նաև Զինովևը, սկսեցին Բուխարինի հետ ջերմ հարաբերությունների մեջ լինել, ինչը 1928 թվականի սկզբին Բուխարինը փորձեց օգտագործել Ստալինի դեմ իր կարճաժամկետ պայքարի ընթացքում։ Այս գործունեությունը շուտով հայտնի դարձավ Ստալինին, ինչը նա հետագայում օգտագործեց Բուխարինի դեմ՝ նրան մեղադրելով ֆրակցիոն գործունեության մեջ։

Զինովևը և Կամենևը քաղաքականապես ակտիվ մնացին մինչև 1932 թվականի հոկտեմբերը, երբ ևս մեկ անգամ հեռացվեցին կուսակցությունից՝ Ռուտի գործի առնչությամբ։ Այս միջադեպից հետո նրանք կրկին մեղայականով հանդես եկան և 1933 թվականի դեկտեմբերին նորից վերականգնվեցին կուսակցության շարքերում։ Բայց նրանք ստիպված էին կուսակցության XVII համագումարի ժամանակ հանդես գալ ինքնախարազանող ելույթներով, որը տեղի ունեցավ 1934 թվականի հունվարին. այս համագումարը հատուկ կազմակերպել էր Ստալինը՝ ցույց տալու իր քաղաքական հակառակորդների խղճուկ պարտությունը իր նկատմամբ։

Սերգեյ Կիրովի սպանությունը 1934 թվականի դեկտեմբերի 1-ին Ստալինի՝ այսպես կոչված Մեծ զտումների հիմքը դրեց, որից հետո նա սկսեց լայնամասշտաբ դատավարությունների գործընթաց՝ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Գրիգորի Զնովևը, Կամենևը և նրանց մոտ կանգնած կուսակցական գործիչները 1934 թվականի դեկտեմբերին ևս մեկ անգամ հեռացվեցին կուսակցության շարքերից։

Կամենևի կիսանդրին՝ Կլարա Շերդիանի կողմից պատրաստված

Այս ընթացքում Կամենևը նամակ է գրում՝ ուղղված Ստալինին, որում ասվում է.

Այս ընթացքում, երբ իմ սիրտը լցված է միայն, լցված է կուսակցության և նրա ղեկավարության նկատմամբ սիրով, երբ կասկածանքների ու տատանումների մեջ եմ ապրում, կարող եմ ասել, որ լցված եմ մեծագույն վստահությամբ՝ Կենտրոնական կոմիտեի, և Ձեր՝ ընկեր Ստալին, կայացրած ամեն որոշման նկատմամբ։ Ես ձերբակալվել եմ այն մարդկանց հետ կապերի համար, ովքերք ինձ հիմա ատելի ու արգահատելի են։

Ձերբակալվածները դատապարտվեցին 1935 թվականին և ստիպողաբար ընդունեցին իրենց բարոյական մասնակցությունը Կիրովի սպանությանը։ Զինովևը դատապարտվեց տասը տարվա բանտարկության, իսկ Կամենևը՝ հինգ։ Հետագայում Կամենևը առանձին մեղադրվում է նաև Կրեմլի գործի մեջ, և նա դատապարվում է տասը տարվա բանտարկության։

1936 թվականի օգոստոսին խորհրդային գաղտնի ոստիկանության բանտերում լավ «մշակվելուց» հետո, Զինովևը, Կամենևը և ևս 14 դատապարտյալներ, հիմնականում նախկին բոլշևիկներ նորից ենթարկվում են դատական գործընթացի։ Այս անգամ մեղադրանքներին ավելացավ նաև Կիրովի սպանության համար կազմակերպված ահաբեկչական կառույցի ձևավորումը, որը, ըստ մեղադրանքների, նաև ցանկացել է Ստալինի նկատմամբ մահափորձ իրականացնել։ 16-ի դատավարությունը (կամ Տրոցկիստ-Կամեևիստների ահաբեկչական կենտրոնի դեմ դատավարությունը) Մոսկովյան բեմադրված դատավարություններից մեկն էր, և այն հիմք դրեց մյուս դատավարություններին։ Նախկին բոլշևիկներին առաջադրվեցին հսկայական մեղադրանքներ, ներառյալ՝ սաբոտաժ, թունավորումներ, թշնամական գործողություններ սեփական իշխանության նկատմամբ և այլն։ Այլ դատապարտյալների նման՝ Կամենևին նույնպես մեղավոր ճանաչեցին և գնդակահարեցին 1936 թվականի օգոստոսի 25-ին։

1988 թվականի վերակառուցման տարիներին Կամենևը, Զինովևը և իրենց հետ դատապարտված մյուս քաղբանտարկյալները արդարացվեցին Խորհրդային կառավարության կողմից։

Ընտանիքի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամենևի մահապատժից հետո՝ նրա ազգակիցները ունեցան նույն ճակատագիրը։ Կամենևի երկրորդ որդին՝ Յու. Լ. Կամենևը, գնդակահարվեց 1938 թվականի հունվարի 30-ին՝ 17 տարեկան հասակում։ Նրա ավագ որդին՝ օդուժի սպա Ա. Լ. Կամենևը, սպանվեց 1939 թվականի հուլիսի 15-ին՝ 33 տարեկան հասակում։ Կինը՝ Օլգան, գնդակահարվեց 1941 թվականի սեպտեմբերի 11-ին, Օրյոլի Մեդվեդև անտառում՝ Քրիստիան Ռակովսկու, Մարիա Սպիրիդոնովայի և ևս 160 այլ քաղբանտարկյալների հետ միասին[17]։ Միայն ամենափոքր որդին՝ Վլադիմիր Գլեբովը, կարողացավ խուսափել ստալինյան բանտերից և աշխատավորական ճամբարներից՝ ապրելով մինչև 1994 թվականը[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. Dmitri Volkogonov, Lenin. A New Biography, translated and edited by Harold Shukman (New York: The Free Press, 1994), p. 185.
  5. Lindemann, Albert S. Esau's Tears: Modern Anti-Semitism and the Rise of the Jews. Cambridge University Press. էջ 430. ISBN 0-521-79538-9.
  6. For a summary of Kamenev's revolutionary activities between 1901 and 1917, see Vladimir Lenin's Collected Wêorks, Volume XX, International Publishers, 1929, 1-4179-1577-3 p.353
  7. See Adam Bruno Ulam. Stalin: The Man and His Era, Boston, Beacon Press, 1973, 0-8070-7005-X p.112
  8. Simon Sebag Montefiore, Young Stalin, p. 262
  9. David Evans and Jane Jenkins, Years of Russia and the USSR 1851-1991, Hodder Murray, 2001, p.221.
  10. V. I. Lenin, LETTER TO BOLSHEVIK PARTY MEMBERS
  11. For an account of the discussions within the Bolshevik leadership in November 1917, see Elizabeth A. Wood. The Baba and the Comrade: Gender and Politics in Revolutionary Russia, Indiana University Press, 1997, 0-253-21430-0 p. 70
  12. FROM THE CENTRAL COMMITTEE OF THE RUSSIAN SOCIAL-DEMOCRATIC LABOUR PARTY (BOLSHEVIKS) by V.I. Lenin, Written on November 5 or 6 (18 or 19), 1917, as published in From V. I. Lenin, Collected Works, 4th English Edition, Progress Publishers, Moscow, 1964 Vol. 26, pp. 303-307.
  13. "The Lessons of October" Արխիվացված 2005-12-27 Wayback Machine by Leon Trotsky
  14. Lewis H. Siegelbaum, Soviet State and Society Between Revolutions, 1918–1929, Cambridge University Press, Cambridge, 1992, p.189-190. 978-0-521-36987-9
  15. See Elisabeth Kehoe. The Titled Americans: Three American Sisters and the English Aristocratic World Into Which They Married, Atlantic Monthly Press, 2004, 0-87113-924-3, p.325.
  16. See Robert Conquest. The Great Terror: A Reassessment, New York, Oxford University Press, 1990, 0-19-505580-2 and 0-19-507132-8 (pbk), p. 76.
  17. 17,0 17,1 See Michael Parrish. The Lesser Terror: Soviet State Security, 1939-1953, Westport, CT: Praeger Publishers, 1996, 0-275-95113-8 p. 69.
  18. Geert Mak, In Europa, 2009. Episode "1933, Russia"

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blum, Oscar: Russische Köpfe. Mit 9 Porträtswiedergaben. Schneider, Berlin 1923.
  • Ulrich, Jürg: Kamenew: Der gemäßigte Bolschewik. Das kollektive Denken im Umfeld Lenins. VSA Verlag, Hamburg 2006, 3-89965-206-1.
  • "Unpersonen": Wer waren sie wirklich? Bucharin, Rykow, Trotzki, Sinowjew, Kamenew. Dietz Verlag, Berlin 1990, 3-320-01547-8.
  • Wolkogonow, Dimitri: Stalin. Triumph und Tragödie. Ein politisches Porträt. Aus dem Russischen von Vesna Jovanoska, Econ Verlag Düsseldorf, 1989, 3. Auflage 1996; 3-430-19847-X.
  • Isaac Deutscher: Stalin. Eine politische Biographie. 1949, 2. Auflage 1966, Lizenzausgabe für Bechtermünz Verlag im Weltbild Verlag, Augsburg 1997, 3-86047-172-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frederick C. Corney (ed.), Trotsky's Challenge: The "Literary Discussion" of 1924 and the Fight for the Bolshevik Revolution. [2016] Chicago: Haymarket Books, 2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Կամենև (քաղաքական գործիչ)» հոդվածին։