Իսկրա (պարբերաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկրա թերթ

«Իսկրա» («ռուս.՝ Искра», «Կայծ»), Ռուսաստանի վտարանդի սոցիալիստների քաղաքական թերթ, որը ստեղծվել էր որպես Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) պաշտոնական օրգան։ Համարվել է ռուսական առաջին մարքսիստական ընդհատակյա պարբերաթերթը։ Լույս է տեսել 1900—1905 թվականներին։

խմբագրավայրը՝ Մյունխեն (1900-1902), Լոնդոն (1902), ժնև (1903—1905)։ Տպագրվել է Լայպցիգում։ Սկզբում եղել է ամսաթերթ, 1902 թվականից՝ երկշաբաթաթերթ։

Խմբագրության կազմում էին Վլադիմիր Լենինը, Գեորգի Պլեխանովը, Յուլի Մարտովը, Պավել Աքսելրոդը, Վերա Զասուլիչը և Ալեքսանդր Պոտրեսովը։ Սկզբնապես թերթի մշակումը կատարում էր Լենինը։ «Իսկրա»-ի հրատարակմանն աջակցել են Կլարա Ցետկինը, Ա. Բրաունը, Յուրի Մարխլեսկին, Կ. Կվելչը։ խմբագրությունը հրատարակել է նաև «Զարյա» ամսագիրը, ագիտացիոն գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ։ Որպես բնաբան վերցված էր դեկաբրիստների «Կայծից բոց կբռնկվի» (ռուս.՝ Из искры восгорится пламя) ասույթը։ 1903 թվականի նոյեմբերի 1-ին Լենինը դուրս եկավ «Իսկրայի» խմբագրությունից, թերթը անցավ Պլեխանովի և նրա գործընկերների ղեկավարությանը։ Թերթն անցավ մենշևիկների վերահսկողության տակ և մինչև 1905 թվականը տպագրվում էր Պլեխանովի կողմից։ Միջին տպաքանակը կազմում էր 8000։

1902-ին Սամարայում հիմնադրվում է «Իսկրայի» ռուսական կազմակերպության բյուրոն՝ ռուս, մարքսիստների գաղափարական և կազմակերպչական կենտրոնը, ստեղծվում են թերթի գործակալական ցանց և իսկրայական խմբեր, որոնք հետագայում դարձան բոլշևիկյան կուսակցության միջուկը։ Թերթի հրատարակումը դադարեց 1905-ին, 112-րդ համարից։

Լենինյան «Իսկրան» խորհրդային գաղափարախոսությամբ լայնորեն լուսաբանել է Անդրկովկասի (մասնավորապես Հաղպատի) հեղափոխական իրադարձությունները, մեծ տեղ հատկացրել ծավալվող բանվորական շարժումներին։ Լենինը «Իսկրայի» 33-րդ համարում անդրադարձել է «Պրոլետար» թերթում տպագրված «Հայ սոցիալդեմոկրատների միության» մանիֆեստին։

Լենինյան «Իսկրայի» գործունեությանն ակտիվ մասնակցել են Բոգդան Կնունյանցը և Ստեփան Շահումյանը։