Պալմիրո Տոլյատի
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Պալմիրո Տոլյատի (իտալ.՝ Palmiro Togliatti, կեղծանունները՝ էրկոլի, Ալֆրեդո, Մարիո Կոուենտի, Ռոդերիգո և այլն, մարտի 26, 1893[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4][5] - օգոստոսի 21, 1964[4][1][3][…], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]), իտալացի կոմունիստական գործիչ, Իտալիայի կոմունիստական կուսակցության ղեկավարը 1927 թվականից մինչև իր մահը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1911 թվականին լիցեյն ավարտելուց հետո ընդունվել է Թուրինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (ավարտել է 1915 թ.)։ 1914 թ. մտել է Իտալիայի սոցիալիստական կուսակցության մեջ։ 1919 թվականի սկզբին ընդգրկվել է սոցիալիստ, կուսակցության «Ավանտի» («Avantil») թերթի խմբագրության կազմում, սեպտեմբեր–հոկտեմբերին եղել է Թուրինում առաջին գործարանային խորհուրդների կազմակերպիչներից։ 1920 թ. վերջին սոցիալիստական կուսակցության մեջ կոմունիստական ֆրակցիայի ստեղծումից և «Օրդինե նուովո»-ն նրա կենտրոնական օրգան դառնալուց հետո դարձել է շաբաթաթերթի խմբագիրը։ Իտալիայի կոմունիստական կուսակցության (1921 թ.) ստեղծման համար շարժման մասնակիցներից էր։ Աջակցել է «Ժողովրդական խիզախներ» հակաֆաշիստական ջոկատների պայքարին։
1921 թ. ամռանից եղել է կոմկուսի կենտրոնական օրգանի «Իլ կոմունիստա» («II Comunista») թերթի խմբագիրը։ ԻԿԿ II համագումարում (1922 թ.) ընտրվել է ԿԿ–ի անդամ, 1923 թ. եղել է կոմկուսի ղեկավարության կազմում։ 1924 թ. մասնակցել է Կոմինտերնի V կոնգրեսին և ընտրվել Կոմինտերնի ԳԿ–ի անդամ։ 1923–1925 թթ. երկու անգամ ձերբակալվել է և մոտ 8 ամիս բանտարկվել։ 1926 թ. եղել է Կոմինտերնի ԳԿ–ին կից ԻԿԿ ներկայացուցիչը Մոսկվայում, 1928 թ. ընտրվել է Կոմինտերնի ԳԿ–ի նախագահության անդամ։ ԻԿԿ առաջնորդի՝ Գրամշիի ձերբակալությունից (1926 թ.) հետո Տոլյատին ԻԿԿ գլխավոր քարտուղարն էր։ 1927 թ. մեկնել է Մոսկվայից և ղեկավարել ԻԿԿ «արտասահմանյան կենտրոնը» Ֆրանսիայում։ 1927-1934 թթ. բազմիցս եղել է Շվեյցարիայում, Բելգիայում, կազմակերպել ԻԿԿ գործունեությունը տարագրության մեջ։ Ֆաշիզմի դեմ պայքարում ակտիվորեն հանդես է եկել ընդդեմ սպասողական քաղաքականության, ընդդեմ բանվորական շարժման մեջ աղանդավորականության և օպորտունիզմի։ 1929–1931 թթ. ղեկավարել է ԻԿԿ–ի մեջ աջ թեքման դեմ ծավալված պայքարը։ 1935–1943 թթ. եղել է Կոմինտերնի ԳԿ–ի Տոլյատի նախագահության և ․ քարտուղարության անդամ։ Գ․ Դիմիարովի հետ մասնակցել է ժողովրդական ճակատի տակտիկայի մշակմանը։
Մասնակցել է Կոմինտերնի YII կոնգրեսի (1935 թ.) նախապատրաստմանը։ 1937–1939 թթ. իսպանացի ժողովրդի հակաֆաշիստական պատերազմի (1936–1939 թթ.) շրջանում նա Կոմինտերնի ԳԿ–ի հանձնարարությամբ աշխատել է Իսպանիայում, օգնել Իսպանիայի կոմկուսին ֆաշիստական խռովարարների և իտալա–գերմանական զավթիչների դեմ պայքարը կազմակերպելու գործում։ 1939 թվականին նորից ղեկավարել է ԻԿԿ «արտասահմանյան կենտրոնը» Ֆրանսիայում։
Նույն թվին Փարիզում ձերբակալվել և մինչև 1940 թ. եղել է կալանավայրում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945 թթ.) ժամանակ ապրել է ԽՍՀՄ–ում (1940–1944 թթ.), 1944 թ. մարտին վերադարձել է Իտալիա։ 1944–1946 թթ. մասնակցել է Պ․ Բադոլյոյի, Ի․ Բոնոմիի, Ֆ․ Պարիի և Ա․ դե Գասպերիի գլխավորած կառավարություններին, որպես անպորտֆել նախարար, ապա՝ արդարադատության նախարար և վարչապետ տեղակալ։ 1944 թվականից մինչև իր մահը եղել է Իտալիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ, կոմկուսի անվանումը 1943 թվականից) տեսական օրգան «Ռինաշիտա» («Rinascita») ամսագրի տնօրենը։
1946–1947 թթ. եղել է Սահմանադիր ժողովի, 1948 թվականից՝ պառլամենտի դեպուտատ, կոմկուսի պառլամենտական խմբի նախագահ, 1949 թ.-ից՝ դեպուտատների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։ 1948 թ.-ին Տոլյատիի նկատմամբ մահափորձ է կազմակերպվում, որի հետևանքով նա ծանր վիրավորվում է։
Հեղինակ է բանվորական շարժման տեսությանը և պրակտիկային, պատմական մատերիալիզմին և գիտական կոմունիզմին, Իտալիայի պատմությանը նվիրված աշխատությունների։ Մահացել է Ղրիմում, ուր եկել էր հանգստանալու։ Թաղված է Հռոմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Тольятти Пальмиро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Andreucci F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2019. — Vol. 95.
- ↑ https://it.findagrave.com/memorial/53692434
- ↑ 7,0 7,1 Эрколи, Пальмиро (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ http://www.enciclopediadelledonne.it/biografie/rita-montagnana/
- ↑ https://www.corriere.it/sette/politica/20_novembre_06/marisa-malagoli-togliatti-zio-palmiro-che-risolveva-cruciverba-61e8d626-1f57-11eb-a173-71e667bc7224.shtml
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմիրո Տոլյատի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 43)։ |