Իոսիպ Տիտո
Իոսիպ Տիտո (մայիսի 7, 1892[1][2], Կումրովեց, Kingdom of Croatia-Slavonia, Ավստրո-Հունգարիա - մայիսի 4, 1980[1][3][2], Լյուբլյանա, Socialist Republic of Slovenia, ՀՍՖՀ[4]), հարավսլավական և միջազգային բանվորական շարժման գործիչ, ՀՍՖՀ պետական և քաղաքական գործիչ, մարշալ (1943), Հարավսլավիայի ժողովրդական կրկնակի հերոս (1944, 1972), սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1910 թվականին մտել է Հորվաթիայի և Սլավոնիայի կուսակցության մեջ, մասնակցել է բանվորական և արհմիութենական շարժմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հակապատերազմական պրոպագանդայի համար ձերբակալվել և ուղարկվել է ռազմաճակատ։ 1915 թ. վիրավորվել և գերի է ընկել Ռուսաստանում։ 1917 թ. մասնակցել է ժամանակավոր կառավարության դեմ Պետրոգրադի հուլիսյան ցույցին, ձերբակալվել և աքսորվել է Ուրալ։ 1917 թ. հոկտեմբերին Օմսկում մտել է Կարմիր գվարդիայի մեջ։ 1920 թվականի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք, մտել Հարավսլավիայի կոմկուսի (ՀԿԿ) մեջ, վարել անլեգալ կուսակցական աշխատանք, 1928 թ. փետրվարից՝ ՀԿԿ Զագրեբի կոմիտեի քարտուղար։ Նույն թվականին ձերբակալվել և դատապարտվել է 5-ամյա բանտային տաժանակրության։ Իոսիպը 1934 թ. ազատվել է բանտից և շարունակել անլեգալ գործունեությունը, եղել է ՀԿԿ Հորվաթիայի երկրկոմի անդամ։ 1934 թ. ընտրվել է ՀԿԿ ԿԿ և ՀԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ 1935—1936 թթ. ապրել է Մոսկվայում, աշխատել՝ Կոմինտերնում, եղել ՀԿԿ պատվիրակության անդամ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935)։ 1936 թ. գաղտնի վերադարձել է հայրենիք։ 1937 թ. դեկտեմբերին գլխավորել է ՀԿԿ։ ՀԿԿ V կոնֆերանսում (1940 թվականի հոկտեմբեր) ընտրվել է ՀԿԿ ԿԿ գլխ․ քարտուղար։ Հարավսլավիայի ժողովրդա-ազատագրական պատերազմի ժամանակ (1941—1945) եղել է Հարավսլավիայի ժողովրդաազատագրական բանակի և պարտիզանական ջոկատների գերագույն գլխավոր հրամանատար։ 1943 թ. նոյեմբերի 30-ին ընտրվել է Հարավսլավիայի ազատագրության ազգային կոմիտեի նախագահ։ 1945 թ. մարտին նշանակվել է Դեմոկրատական Ֆեդերատիվ Հարավսլավիայի Մինիստրների խորհրդի նախագահ, պաշտպանության մինիստր և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Տիտոն 1945 թվականին ընտրվել է ժողովրդական ճակատի նախագահ (1953—1954 թթ.՝ Հարավսլավիայի աշխատավոր ժողովրդի սոցիալիստ, միության նախագահ)։ 1945 թ. նոյեմբերին գլխավորել է ՀՖԺՀ-ի կառավարությունը, 1953—1963 թթ.՝ ՀՖԺՀ Միութենական Գործադիր վեչան (կառավարությունը)։ ՀԿԿ VI համագումարում (1952) ընտրվել է կուսակցության գլխ․ քարտուղար (1966 թ.՝ նախագահ)։ Հարավսլավիայի կոմունիստների միության (ՀԿՄ՝ ՀԿԿ-ի անվանումը 1952 թվականից) X համագումարում (1974) ընտրվել է ՀԿՄ նախագահ՝ առանց մանդատի ժամկետի սահմանափակման։ 1953 թվականից՝ երկրի պրեզիդենտ (1974-ից՝ ցմահ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118622935 // Gemeinsame Normdatei — 2012—2016.